Գլխավոր » ԵՎ ԴԱՐՁՅԱԼ ԲԱՑ ՆԱՄԱԿ՝ ՌՈՒՍԱՑ ԹԱԳԱՎՈՐԻՆ
ԵՎ ԴԱՐՁՅԱԼ ԲԱՑ ՆԱՄԱԿ՝ ՌՈՒՍԱՑ ԹԱԳԱՎՈՐԻՆ
14:35
Հայաստանի քաղաքական կյանքում հոկտեմբեր ամսի ամենամեծ իրադարձությունը երևի թե Զորի Բալայանի նամակն է՝ ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Հայկական մամուլը հեղեղված է ոչ միայն նամակի, այլև Զ. Բալայանի անձի դեմ ուղղված բազմաթիվ հրապարակումներով, որոնց ֆոնին հատուկենտ պաշտպանական նյութերը պարզապես չեն երևում:

Ի տարբերություն Զորի Բալայանի, որ Արցախի խնդիրը համարում է վլադիմիրպուտինյան Ռուսաստանի խնդիրը և Արցախի ապագան տեսնում է միայն ռուսական սապոգի տակ, Ֆեյսբուքի իմ էջում կատակով գրել եմ, որ ես էլ որոշել մի նամակ գրել Մոնղոլիայի նախագահ Ցախիագիյն Էլբեգդորժին, քանի որ, ըստ իս, մոնղոլական տիրապետության շրջանում Հայաստանը, այդ թվում՝ Արցախը, ավելի վատ պայմաններում չէր, քան ռուսական տիրապետության շուրջ 200 տարում...

Ընդամենը մի քանի փաստ. հենց մոնղոլների ժամանակ, 12-րդ դարում է կառուցվել Գանձասարի փառահեղ վանքը, Դադիվանքը վերանորոգվել է այդ տարիներին, միայն Արցախում մի քանի տասնյակ այլ եկեղեցիներ ու տարբեր համալիրներ են կառուցվել... Այդ ժամանակներում Հայկական լեռնաշխարհում թուրքի շունչ անգամ չկար: Ի դեպ, Ստեփանակետի մերձակա բարձունքներից մեկը կոչվում է Բովուրխան՝ ի պատիվ մոնղոլ մի խանի...

Մինչդեռ Զորի Բալայանի ռուսների օրոք Հայաստանն ու հայ ժողովուրդը միայն դժբախտություններ են ճաշակել: Հենց այդ նույն ռուսական տիրապետության շրջանում Հայաստանում հայկական դպրոցներ են փակվել, հազարավոր հայերի քշել են սիբիրները...
Որոշված է, վաղվանից ձեռնամուխ եմ լինում Մոնղոլիայի նախագահին ուղղված նամակիս: Թող գան տեր կանգնեն իրենց երկրին...

Կատակը՝ կատակ, բայց քանի որ ռուսաց թագավորին նամակ գրելը մեզանում ոչ միայն ավանդույթ, այլև խրոնիկական հիվանդություն դառնալու միտում ունի, ուզում եմ մի փոքրիկ խորհուրդ տալ ապագա նամակագիրներին:

Հարգելիներս, դուք կարող եք նամակներ գրել ոչ միայն ռուսաց թագավորին, այլև Չինաստանի նախագահին, Բելգիայի, Լյուքսեմբուրգի, Հոնդուրասի, Մոզամբիկի, Արաբական էմիրությունների նախագահներին, թագավորներին, խաներին: Բայց դա պետք է գրեք միայն ձե՛ր անունից: Նրանց կարող եք խնդրել, գան տեր կանգնեն ոչ թե ձեր երկրին, այլ ձեր ընտանիքին, ձեր կնոջը, ձեր երեխաներին: Իսկ թե ինչպես կընդունեն նրանք ձեր այդ նամակը, դա արդեն այլ հարց է ու կախված է նրանց հումորի զգացումից...

Իսկ ինչ մնում է անձամբ իմ կարծիքին, Զ. Բալայանի նամակի կապակցությամբ, ապա ես իմ երկիրը, իմ հայրենիքը չեմ ուզում կրկին տեսնել ռուսի սապոգի տակ: Ես դեմ եմ բոլոր կարգի գաղութարարներին: Ի դեպ, մերազգի տկարամիտներն են հորինել, որ իբր ռուսը հյուսիսից եկել, ազատագրել է հայերիս: Ռուսը եկել և գրավել, գաղութացրել էր մեր երկիրը: Թող գրողի ծոցը կորչեն բոլոր գաղութարարներն ու զավթիչները՝ ռուս թե յանկի, թուրք թե հաբեշ...

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ

Որոնում

Օրացույց

«  Հոկտեմբեր 2013  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Արխիվ