Գլխավոր » ԵԽԽՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ ԵՆ ԱՐՑԱԽԻ 20 ԱՄՅԱԿԸ
ԵԽԽՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ ԵՆ ԱՐՑԱԽԻ 20 ԱՄՅԱԿԸ | 21:49 |
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում «Ժառանգություն» կուսակցության պատվիրակ Զարուհի Փոստանջյանի նախաձեռնությամբ ԵԽԽՎ 32 պատգամավորների ստորագրությամբ պատմության մեջ առաջին անգամ ընդունվել է Արցախի 20 ամյակին նվիրված մի հայտարարություն:
Դրանում բարձր գնահատելով Արցախի որդեգրած զարգացման ժողովրդավարացման մոդելի արդյունքներն ու շարժընթացը և գիտակցելով Արցախի պաշտոնական ներկայացուցիչների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցություններին մասնակցելու անհրաժեշտությունը, ԵԽԽՎ պատգամավորները շնորհավորել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը՝ 20-ամյակի կապակցությամբ և կոչ արել սերտորեն համագործակցել նրա օրինականորեն ընտրված իշխանությունների հետ:
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Լեռնային Ղարաբաղը անկախություն հռչակեցին մոտավորապես միաժամանակ, սակայն եթե նրանցից առաջին երեքը արդեն 10 տարի է, ինչ Եվրոպայի խորհրդի անդամ են, ապա Արցախը դեռ այս կազմակերպության անդամ չէ:
Հակառակ այս փաստի և դժվարին իրավիճակի՝ Արցախը, այնուամենայնիվ, որդեգրել և շարունակաբար իրականացնում է պետական շինարարության այնպիսի քաղաքական ուղի, որը համապատասխանում է Եվրոպայի խորհրդի ոգուն, առաքելությանը և արժեքներին: Հայտարարությունը ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամներից բացի ստորագրել են 13 երկրներ ներկայացնող 25 հեղինակավոր ներկայացուցիչներ:
«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն
|
|