Գլխավոր » ՌՈՒՍԱԿԱՆ ՏԱՆԿԵՐԸ ԿԿՐԱԿԵՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
ՌՈՒՍԱԿԱՆ ՏԱՆԿԵՐԸ ԿԿՐԱԿԵՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
11:14
Օրերս warfiles.ru կայքը տեղեկություն էր տարածել, որ Ադրբեջանը ժամանակակից զինատեսակներ է գնում Ռուսաստանից: Տեղեկությունը հաստատել է Ведомости պարբերականը՝ հղում անելով ՌԴ Պաշտպանության նապարարության իր աղբյուրին: Գործարքի գումարը կազմում է մոտ 1 մլրդ դոլար:
Դրա դիմաց Ռուսաստանն Ադրբեջանին է մատակարարելու 94 միավոր T-90C տանկ, նույնքան БМП-3 մարտական մեքենա, 18 միավոր Смерч համակարգեր, 6 միավոր ТОС-1А նորագույն կրականետ համակարգեր, որոնք կառուցված են T-90 տանկի բազայի վրա, ինչպես նաեւ Мста-с ինքնագնաց-հերտանային մեքենաներ:

Ռուսական Վեդոմոստիին պաշտպանության նախարարության աղբյուրը հայտնել է, որ Ռուսաստանը Ադրբեջանին մոտ 1 միլիարդ դոլարի զենք է մատակարարում՝ ցամաքային տեխնիկայի տեսքով: Դրանք ժամանակակից տանկեր են եւ ռուսական զրահամեքենաներ:
Ռուսաստանն արդեն տեւական ժամանակ է, ինչ հանդիսանում է Ադրբեջանի զենքի կայուն եւ հիմնական մատակարարներից մեկը: Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է եւ հանդիսանում է նաեւ ՀԱՊԿ անդամ պետություն, ինչպես եւ Հայաստանը: ՀԱՊԿ-ը ռազմա-քաղաքական դաշինք է, որի նպատակն է անդամներին պաշտպանել արտաքին որեւէ ագրեսիայից:

Ադրբեջանը Հայաստանին անընդհատ սպառնում է արտաքին ագրեսիայով: Ռուսաստանը Ադրբեջանին անընդհատ զենք է մատակարարում: Հայաստանում այդ փաստի առիթով գրեթե բոլորն անընդհատ լռում են, մի քանի լրատվամիջոցից, մի քանի քաղաքագետից, փորձագետից ու մեկնաբանից, եւ մի քանի քաղաքական գործչից բացի:
Ավելին, կան ռուս-ադրբեջանական ռազմա-տեխնիկական գործակցության հայաստանյան ապոլոգետներ, որոնք գտել են լռության հիմնավորումը՝ վատ չէ, որ Ռուսաստանն է Ադրբեջանին զենք մատակարարում, որովհետեւ դա նշանակում է, որ Ռուսաստանն էլ կվերահսկի այդ զենքը եւ թույլ չի տա, որ այն գործածվի Հայաստանի դեմ: Լռությունը հիմնավորված է եւ անկասկած միայն ու միայն զսպվածությունն է, որ ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական գործարքի հայաստանյան փաստաբաններին չի մղում հանդես գալ Ռուսաստանին ուղղված շնորհակալությամբ՝ Ադրբեջանին զենք վաճառելու համար:

Հայաստանի հանդեպ, այդ ընթացքում, Ռուսաստանը ամբողջ թափով կիրառում է գազային էքսպանսիան, բարձրացնում է գինը, հետո բարձրացնում պահանջներն ու Հայռուսգազարդում Հայաստանի կառավարության վերջին բաժնեմասն է վերցնում: Հայաստանի հանրային եւ քաղաքական շրջանակներում այդ իրողությունը բնականաբար արժանանում է վրդովմունքի, որն առավելապես արտահայտվում է Հայաստանի իշխանությանն ուղղված մեղադրանքներով՝ սուտ, կեղծիք եւ այլն, որով բնորոշվում են իշխանության գործողությունները:

Միանգամայն արդարացի բնորոշումներ, որովհետեւ անկախ Հայաստանի իշխանության համար ամենաբնորոշ արտահայտությունները բոլոր ժամանակներում եղել ու մնում են սուտն ու կեղծիքը:
Միեւնույն ժամանակ, ինչն է բնորոշում անկախ Հայաստանի հասարակությանն ու քաղաքական դասին, իշխանությանը հայհոյելուց բացի:
Ի վերջո, Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերության բնույթը, հիմքերն ու ընդգրկումն այնպիսին է, որ այստեղ միայն իշխանության անելիքը քիչ է: Ընդ որում, այդ անելիքի հարցում զգալի դեր կարող է ունենալ նաեւ հասարակությունը, ու մասնավորապես այսպես կոչված քաղաքական ուժերը:

Ինչ են անում այդ ուժերը: Սպասում են, թե երբ է իշխանությունը տապալվելու Ռուսաստանի հետ հարաբերություններում: Եթե տապալվում է, այսինքն ստիպված է լինում Ռուսաստանին շատ թանկ վճարել որեւէ այլ բան անելու կամ այլ կողմ նայելու համար, ապա այսպես կոչված հիմնական քաղաքական ուժերը կամ սպասում են, թե երբ են օգտվելու ֆորս-մաժորի առիթից եւ Ռուսաստանի օրհնությամբ գալու իշխանության, կամ Կրեմլին հարակից միջանցքներում ներկայանում են եւ հայտարարում, որ իրենք չխանգարեցին Ռուսաստանին ամրացնել իր դիրքերը Հայաստանում, պաշտպանել իր շահերը Հայաստանում, հետեւաբար Ռուսաստանն էլ մի քիչ թող իրենց շահերը պաշտպանի Հայաստանում:

Արդյունքում ստացվում է անպարտելի մի խաղ այդ ուժերի համար, որի արդյունքում շահում են բոլորը, Հայաստանից բացի:
Ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական գործարքի հայաստանյան ապոլոգետների փաստարկներից մեկն էլ այն է, որ այդ տնտեսա-քաղաքական էքսպանսիայի դիմաց Ռուսաստանը Հայաստանի անվտանգությունն է ապահովում, ու չնայած զենք է տալիս Ադրբեջանին, այնուհանդերձ նաեւ Հայաստանին է տալիս, ընդ որում էժան գներով:
ՀԱՊԿ անդամ լինելու եւ էժան զենքի մասին այդ փաստաբանագիտական դեմագոգիան իրականում միֆերի շարքից է, որովհետեւ Հայաստանին տրվող էժան զենքը բոլորովին համարժեք չէ այն ժամանակակից զենքին, որ ռուսները մատակարարում են Ադրբեջանին:

Էժան զենքի մասին կենացները միգուցե գեղեցիկ կարող են հնչել հայ-ռուսական բարեկամության սեղաններին, իսկ իրական քաղաքականության ռեժիմում, ժամանակակից ռուսական զենքերի համար Մոսկվան Հայաստանից պահանջում է շուկայական գներ, իհարկե բավարար հնարամտություն ունենալով այդ պահանջները չդնել հրապարակավ: Դե, իսկ Հայաստանի իշխանությունն էլ չի հրապարակայնացնում դրանք, որ գոնե համեմատաբար հին եւ էժան զենքի հնարավորությունից Ռուսաստանը չզրկի՝ քաղաքական այսպես ասած հիմնական ուժերի լռության ներքո:

ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
Lragir.am

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2013  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Արխիվ