Գլխավոր » Ղարաբաղում տապալվել է խոշոր գործողություն
Ղարաբաղում տապալվել է խոշոր գործողություն
16:43

 

Դատելով քաղաքական գործիչների ու դիվանագետների ակնարկներից, Ղարաբաղում պատրաստվում էր խոշոր գործողություն, որը փաստացի կանխվել է հայերի համար նախապես անընդունելի կարգավորման սկզբունքների հրապարակայնացմամբ, որը հնչեցրել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։ Դա հանգեցրել է «մադրիդյան սկզբունքները» մերժելուն։

Նախատեսվող գործողության մասին կարելի է դատել մի շարք հայտարարություններով։ Օրինակ, Իրանի նախագահ Հասան Ռուհանին Պեկինում Պուտինի հետ հանդիպմանը հետաքրքիր հայտարարություն է արել։ Նա ասել է, որ վերջին ամիսներին ռուս-իրանական համագործակցությունը թույլ է տվել նվազեցնել տարածաշրջանում զինված հակամարտությունների սպառնալիքը։

Ռուսաստանը մտադիր էր զորք մտցնել Ղարաբաղ եւ տեղակայել այն սահմաններում, որոնք կճշտվեն Բաքվի հետ, տարածքների մի մասը հանձնել Ադրբեջանին, զորքը կանգնեցնել Իրանի հետ սահմանին, իսկ Ղարաբաղից մնացած մասը Հայաստանի հետ միացնել Մաքսային միությանը կամ մտցնել իր կազմ։

ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի վերջերս արած հայտարարությունը վկայում է, որ նման գործողություն պատրաստվում էր։ «Այս տարի, առաջին անգամ հինգ տարիների ընթացքում, Ադրբեջանը դիմել է Ռուսաստանին խնդրանքով՝ միջնորդ դառնալ կրակի դադարեցման ռեժիմի պահպանման հարցում։ Մենք մեր համաձայնությունը տվել ենք, սակայն հակառակորդը խախտել է իր տված խոսքը», ասել է Մովսես Հակոբյանը։

Նա նշել է, որ այս տարի ղարաբաղյան կողմը Հաթերքի շրջանում 6-7 կմ առաջ է գնացել եւ զբաղեցրել շահավետ բարձունքներ։ Իսկ Ադրբեջանին այս տարիների ընթացքում առաջին անգամ չի հաջողվել առաջ տալ իր դիրքերը։

Իսկապե՞ս Իրանին հաջողվել է, «Ռուսաստանի հետ համագործակցության ճանապարհով» կանխել ռուս «խաղաղապահների» մուտքը։ Թեհրանը բազմիցս հայտարարել է սահմանների փոփոխության անընդունելիության եւ տարածաշրջանում արտասահմանյան զորքերի ներկայության անթույլատրելիության մասին։ Չի բացառվում, որ հենց Իրանի հայտարարությունն է ստիպել Ռուսաստանին ու Ադրբեջանին հրաժարվել իրենց ծրագրերից։ Եւ այդ ծրագրերի տապալման մեջ Ադրբեջանը մեղադրում է ԱՄՆ-ին։

ԱՄՆ-ն չի էլ թաքցնում, որ շահագրգռված չէ տարածաշրջանում ռուսական զորքի հայտնվելով։ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը նույնպես վերջերս որոշ փակագծեր է բացել. «Ադրբեջանը դեռ չի բախվել ներխուժման, սակայն հնարավոր է, որ ապագայում կբախվի… Ես չգիտեմ Պուտինի մտադրությունները, սակայն չեմ կարծում, որ Ռուսաստանն ու Իրանը կցանկանային ընդհանուր սահման ունենալ»։

Ռուսաստանի ու Իրանի «ընդհանուր սահմանը» հնարավոր է միայն այն դեպքում, եթե ռուսական զորքերը հայտնվեն Ղարաբաղի Իրանին սահմանակից շրջաններում։

Հատկանշական է, որ Ուորլիքի հրապարակած կետերը հավանության են արժանացել Ադրբեջանում։ Այդ երկրի ԱԳ նախարար Մամեդյարովը նշել է, որ Բաքուն դեմ չէ հակամարտության գոտում խաղաղապահ զորքերի ներկայությանը։ «Խաղաղապահներն անհրաժեշտ են, քանի որ կողմերի միջեւ վստահություն չկա, սակայն կա մարդկանց անվտանգությունն ապահովելու անհրաժեշտություն, այդ թվում ադրբեջանցի վերաբնակների»։

Ռուսական զորքերի մուտքը Ղարաբաղ կարող էր վերջակետ դնել տարածաշրջանը բացելու հեռանկարի վրա եւ Հայաստանը վերջնականապես վերածել իզգոյի։ Սակայն Իրանը եւ Եվրոպան առայժմ խոսում են Հայաստանով հաղորդակցությունների անցկացման եւ տարածաշրջանը եվրատլանտյան պատասխանատվության գոտի ներգրավելու մասին։ Փաստացի, կանխելով Ղարաբաղը բաժանելու ռուս-ադրբեջանական գործարքը (Հայաստանի լռելյայն համաձայնությամբ), Իրանը եւ Արեւմուտքը փրկեցին հայկական երկու պետությունները եւ նրա համար համաշխարհային համակարգին ինտեգրվելու հնարավորություն պահպանեցին։

Հայ-լեհական առեւտրի պալատի նախագահ Մացեյ Բոգոցեւիչը վերջերս Հայաստանին կոչ է արել կամուրջ դառնալ Եվրոպայի եւ Իրանի միջեւ։ Հայաստանն առայժմ չի պատասխանել։ Սակայն այն ժամանակաշրջանում, երբ պատրաստվում էր սարսափելի գործողությունը, Հայաստանում տեղի ունեցավ երկու կարեւոր իրադարձություն՝ Երեւանում տեղի ունեցավ «հակապուտին» երթը, իսկ Ղարաբաղի երիտասարդները մերժեցին մադրիդյան սկզբունքները։ Բացի այդ, Եվրասիական միություն մտնելու Հայաստանի հեռանկարն առայժմ մշուշոտ է։

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

Lragir.am

 


Որոնում

Օրացույց

«  Մայիս 2014  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Արխիվ