Գլխավոր » Ղարաբաղում խորտակվում է Եվրասիական միության ապագան
Ղարաբաղում խորտակվում է Եվրասիական միության ապագան
16:49

 

Ղարաբաղը փաստացի մերժեց մադրիդյան սկզբունքները։ Մինսկի խմբի համանախագահների այցի ընթացքում այդ մասին հայտարարել են երիտասարդները, ովքեր փակել են միջնորդների ճանապարհը։ Այդ մասին է հայտարարել նաեւ նախագահ Բակո Սահակյանը, ով ասել է, որ անցյալին վերադարձ չի կարող լինել ոչ կարգավիճակի, ոչ էլ տարածքների իմաստով։

Սա Ղարաբաղի ղեկավարության առաջին պաշտոնական հայտարարությունն է, որում հստակ հայտարարվում է, որ հայկական կողմը մտադիր չէ հանձնել տարածքները, այլ խոսքով՝ ամբողջովին մերժում է առաջարկվող առեւտուրը՝ «միջանկյալ կարգավիճակ ու անվտանգություն Ղարաբաղի մեկ երրորդի համար՝ Ղարաբաղի երկու երրորդի դիմաց»։

Ղարաբաղցիներն արդեն երկար տարիներ Հայաստանի ղեկավարությանը «թույլ են տվել» նման առեւտուր անել, մանեւրելով ուժային կենտրոնների ու ստատուս-քվոյի միջեւ։ Սակայն, ըստ ամենայնի, եկել է պահը, երբ կողմերից մեկը մտադիր է խախտել ստատուս-քվոն, հօգուտ իրեն, եւ ղարաբաղցիները զգացել են իրական սպառնալիք։

Ստատուս-քվոյի փոփոխությունն առաջին հերթին ձեռնտու է Ռուսաստանին, որը փորձում է հասնել Ղարաբաղին, սակայն նրան զսպում են ԱՄՆ-ն եւ Եվրոպան։ Ռուսաստանի Եվրասիական նախագիծն ու դրան Հայաստանի մասնակցությունն անհնար են առանց Ղարաբաղի հարցի «լուծման»՝ նախկին ԼՂԻՄ-ը Լաչինով ու Հայաստանը մտցնելով Եվրասիական միություն եւ մնացյալ տարածքը Ադրբեջանին հանձնելով։

Եվրասիական միությունը Ղարաբաղում կարող է ավարտել իր «հաղթարշավը», ինչպես Խորհրդային միությունը։ Ղարաբաղցիներն, ի տարբերություն Հայաստանի շատ շրջանակների, ովքեր պատրաստ են հողերի առեւտրին, իրենք են ազատագրել այդ հողերը, իմանալով, թե ինչու են մարդիկ զոհվում։ Ոչ մի ղարաբաղցի, որն ամեն օր իր տան պատուհանից տեսնում է ռազմաճակատի գիծը, ոչ մի հող չի փոխի թղթային եւ այլ երաշխիքների հետ։ Մանավանդ որ, ոչ ոք նման երաշխիքներ չի էլ տալիս։

Կապիտուլյացիայի ամոթալի առաջարկներին հայերի լռելյայն համաձայնությունը միջնորդներին ու մյուսներին, այդ թվում Ադրբեջանին, հնարավորություն է տվել հույս պահել, որ առեւտրին սովոր հայերն ինչ որ պահի կզիջեն։ Սակայն ղարաբաղցիներն անհաջող առեւտրականներ են, նրանք մտածում են ռացիոնալ ու արժանապատվորեն։ Եւ նրանք թույլ չեն տա, որ ինչ որ մեկը, այդ թվում Երեւանում, իրենց իր կամքը թելադրի։

Հետաքրքիր է, որ ռուս համանախագահ Իգոր Պոպովն այդպես էլ ընդառաջ չի գնացել Բերձորի ակցիայի մասնակիցներին ու լրագրողներին։ Ի՞նչ կարող էր նա ասել։ Չէ՞ որ չէր կարող խոստովանել, որ Ռուսաստանը պատրաստվում է Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին։ Որովհետեւ նման խոստովանությունը սպառնալիքի տակ կդներ ոչ միայն նրա անձնական անվտանգությունը, այլեւ Հարավային Կովկասում Եվրասիական միության ապագան։

Ղարաբաղյան կարգավորումն իսկապես մոտենում է ինչ որ «հանգուցալուծման»։ Դա տեղի կունենա Ռուսաստանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին զուգահեռ, որն ավելի ու ավելի է մեկուսացվում։ Համաշխարհային հանրությունը փորձում է շրջափակել Ռուսաստանի նախաձեռնություններն ու հավակնությունները, եւ ուղղություններից մեկն էլ Ղարաբաղն է։

Ռուսաստանը թույլ չտվեց, որ Հայաստանը դառնա տրանզիտային երկիր Իրանի ու Եվրոպայի համար, ներկայում փորձում է համոզել Ադրբեջանին՝ հրաժարվել Իրան-Եվրոպա գազամուղից, խոստանալով վճարել Ղարաբաղով։ Պատահական չէ, որ ներկայում Ադրբեջանում հասունանում են հակաամերիկյան տրամադրություններ։

Ամերիկացի համանախագահ Ուորլիքը Ղարաբաղում հայտարարել է, որ իր հռչակած սկզբունքները վերջնական չեն, եւ ոչ ոք չի պատրաստվում դրանք պարտադրել։ Իսկ դա նշանակում է, որ Ղարաբաղի դիրքորոշումը կարող է գնահատվել որպես վերջնական մերժում, եւ դա սկիզբ կդնի նոր համագործակցության։ Հարցն այն է, թե ինչ նոր բան կմոգոնի Ռուսաստանը։

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

Lragir.am

 


Որոնում

Օրացույց

«  Մայիս 2014  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Արխիվ