Գլխավոր » ԳԻՐՔ-ՀՈՒՇԱՄԱՏՅԱՆ՝ ԱԶԱՏԱՄԱՐՏԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
ԳԻՐՔ-ՀՈՒՇԱՄԱՏՅԱՆ՝ ԱԶԱՏԱՄԱՐՏԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ | 15:45 |
Հոկտեմբերի 21-ին Արցախի զոհված ազատամարտիկների թանգարանի սրահում կայացել է ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմում նահատակված հայ քաջերի հիշատակին նվիրված գիրք-հուշամատյանի շնորհանդեսը, որի նյութերը հավաքել ու կազմել է ԼՂՀ զոհված ազատամարտիկների հարազատների միության նախագահ Գալյա Առստամյանը: «ԼՂՀ ազգային ազատագրական պայքար» վերնագրով շուրջ 900 էջանոց գիրք-հուշամատյանը տպագրվել է Ստեփանակերտում՝ 5000 տպաքանակով: Գրքում լուսանկարներով զետեղվել են Արցախի ազգային ազատագրական պայքարում նահատակված ազատամարտիկների անունները՝ համառոտ կենսագրությամբ: Այնտեղ պատերազմի տարիներին Արցախում զոհված ու անհայտ կորած քաջորդիների, կամավորական ջոկատների մարտիկների անուններից բացի, տեղ են գտել նաև զոհված խաղաղ բնակիչների ու Հայաստանի սահմանամերձ շրջանների պաշտպանության ժամանակ նահատակված հայորդիների անունները: Շնորհանդեսի ժամանակ իր խոսքում Գալյա Առստամյանն իր երախտագիտությունն է հայտնել բոլոր նրանց, ովքեր նյութապես աջակցել են գրքի տպագրությանը, լուսանկարներ ու նյութեր տրամադրել:
Գալյա Առստամյանի և նրա գլխավորած միության կողմից կատարված մեծ աշխատանքը, գործով ապացուցում է, որ, բարեբախտաբար, դեռևս կան մարդիկ, որոնց համար իրոք «ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել»:
«ՆԷ»
|
|