Գուրգեն Միքայելյանը, որ նոր էր ավարտել Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի լրագրության բաժինը, արցախյան շարժման տարիներին աշխատել «Խորհրդային Ղարաբաղ» թերթում։ Գուրգենին հանդիպեցի երկուսուկես տասնամյակ հետո միայն՝ Ֆեյսբուքի շնորհիվ, և նախկին համեստ ու ամոթխած երիտասարդի մեջ այս անգամ հայտնաբերեցի հասուն գրիչ ունեցող Գրողի։
Ծնվել է Օշականում: Երեք գրքի հեղինակ է («Եղիցի սեր կամ Երգող շատրվաններ», «Հորիզոնից այն կողմ», «Խաղում ենք բոլորս կամ Ներկայացում փլվող թատերաբեմի վրա»), որոնցից առաջին երկուսը բանաստեղծությունների ժողովածուներ են։
2012 թ. «Նոր ծիածան» հայ-հունական թատերախումբը Աթենքում բեմադրել է Գուրգեն Միքայելյանի «Կատակերգություն երրորդ ուղեծրում» պիեսը:
ԵՐԳ ՈՍԿԵՂԵՆԻԿ
Այբ, Բեն, Գիմ…
Եվ սկիզբ է առնում այսպես
Ոսկեղենիկ աղոթքը մեր:
Հատիկներն են հալվում խնկի
Բուրվառի մեջ շրթունքների:
Դա, Եչ, Զա…
Ղողանջում են զանգերն արծաթ,
Եվ Խորանից սուրբ Մաշտոցի
Արձագանքն է գալիս թովիչ.
Է, Ըթ, Թո…
Ամարասում դեռ չմարած լուսեղեն ձայն,
Ձայնի մի շող…
Ժե, Ինի, Լյուն…
Լինի կարծես թե հմայուն
Գարնանային քնքուշ զեփյուռ:
Երգ առվակի, սիրո շշուկ,
Որ գալիս է անուշաբույր
Մարգագետնից ծաղկասփյուռ:
Խե, Ծա, Կեն…
Մի քանի վանկ,
Մի քանի տառ խնկածաղկե,
Լոկ մի քանի հնչյուն ոսկե,
Բայց նրանցով ծով է ծփում,
Ծով է երգում մի անհատակ:
Հո, Ձա, Ղատ…
Հնչյուններ պարզ և անաղարտ,
Որոնք հաճախ, իրարու են երբ որ կապվում,
Դառնում սիրո թրթռուն խոսք,
Դառնում խոստում
Ու երդում են դառնում անխախտ…
Ճե, Մեն, Հի…
Տաղն է ձգվում հնամենի,
Որ բերել է դարերից հին
Պատմություններ անհատնելի:
Նու, Շա, Վո…
Ահա, մանչուկ մի շաղաոտ,
Մի աղջնակ ոսկեշաղոտ
Երգում են, թե Վահագն ինչպես
Վիշապների դեմ մարտնչեց:
Գովքն են անում Արամազդի
Ու Ոսկեմայր Անահիտի:
Չա, Պե, Ջե…
Լսեք, լսեք…
Քար են տաշում պապերը մեր:
Մուրճը նրանց այս վանկերով,
Հանգերով է խաչքարերի,
Խոյակների շուրթը պաչել:
Ռա, Սե, Վեվ…
Եվ պաշտել են խաչի նման
Հայրերը մեր տառերը այս:
Տառերը այս, որոնք, ինչպես քարեր հղկված,
Շարվել, դասվել իրար վրա,
Դարձել են սյուն:
Մի քանի սյուն Այբուբենի՝
Պահած իրենց կուռ ուսերին
Ծանր մի բեռ,
Ծանր մի ազգ…
Տյուն, Րե, Ցո…
Եվ սյունազարդ կառույցը այդ
Շքեղ տաճար դարձել լուսո,
Մի ապարանք դարձել ոսկե՝
Լույս է տվել դար ու դարեր`
Իբրև արև…
Ու, Փյուր, Քե…
Ու բյուր դարեր,
Անվերջ դարեր
Հնչելու է, ինչպես որ երգ,
Ոսկեղենիկ աղոթքը մեր …
Եվ, Օ, Ֆե
Ու բյուր դարեր,
Անվերջ դարեր
Հնչելու է մի սուրբ անուն,
Մի պարզ անուն,
Որի կողքին բառերն արդեն
Ավելորդ են դառնում ինքնին…
Մի պարզ անուն,
Եվ ամեն դար մեզ պես, ահա,
Իջնում է ծունկ…
ԳՈՒՐԳԵՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ