Գլխավոր » ՀԱՅԱՍՏԱ՛Ն, ԴՈՒՌԴ ԵՄ ԹԱԿՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱ՛Ն, ԴՈՒՌԴ ԵՄ ԹԱԿՈՒՄ
10:42
Մեր ամենօրյա բառապաշարի ամենագործածական բառերից են սփյուռքը, արտագաղթը, օտարությունը, ղարիբը: Տասնամյակների ու հարյուրամյակների ընթացքում այս բառերն ամեն անգամ նոր փուլ են մտել՝որակապես տարբեր նախորդից, նոր հույզեր պարգևել գնացողներին ու մնացողներին: Մենք էլ արդեն ամեն գնացողի հետ վեր չենք թռչում՝ սրտի սուր ծակոցից, այլ պարզապես մարմնում շարժվող բեկորի պարգևած բթացած ցավի մի հեռավոր զգացում ապրում, որ ազդարարում է՝ այսինչն էլ գնաց: Իհարկե, այսօրվա «ղարիբն» ու «պանդուխտը» խիստ տարբեր են Վարուժանի, Զոհրապի կամ Իսահակյանի «ղարիբից» ու «պանդուխտից», որը մեր պատկերացումներում խեղճ ու հիվանդ մեկն էր: Տարբեր է նաև սովետական շրջանի արտերկիր գնացած «ղարիբից», որը որակված էր՝ որպես հայրենիքի դավաճան և նույնպես խղճահարության զգացում էր առաջացնում մեր՝ կոմունիստական գաղափարներով ներարկված ուղեղներում. խղճահարություն այն մարդու հանդեպ, որը գնացել էր ապրելու «կապիտալիստական շահագործող-բռնատիրական» ռեժիմում ու չէր հասկանում, թե ի՜նչ հրաշալի բան է եղբայրական հանրապետություններից բաղկացած եղբայրական ընտանիքը:

… Ժամանակները փոխվել են. այսօր երկրից հեռացողին անթաքույց հարգանքով են ճանապարհում. «նա էլ գնաց ու պրծավ էս երկրից, գնաց մարդավարի կյանքով ապրելու»: Մենք ասում ենք հերթական «բարի ճանապարհն» ու մաղթում «շուտ վերադարձ», իսկ մտքում՝ մնաս բարով: Նրանք ժամանակ առ ժամանակ հարցնում են՝ ի՞նչ վիճակ է Հայաստանում ու ստացած պատասխանից ավելի ամրապնդում հետ չգալու որոշումը: Մենք հարմարվել ենք արդեն հրաժեշտներին ու մի գիտակցության, որ՝ ով գնաց, էլ հետ չի գա: Ի՜նչ գալ: Մի ամբողջ ժողովուրդ քաղաքական մեկնաբան է դարձել, ու «բարևին» հաջորդող հարցը հիմա «ո՞նց եք»-ը չէ, այլ՝ ի՞նչ կասես՝ էս երկիրը կդզվի՞: Այս հարցը մոլեգնում է ամենուր... համացանցից մինչև հասարակական տրանսպորտ, քննարկվում, ծեծվում, բզկտվում ու, որպես լավ պարտիզան, թողնում անպատասխան: Ավտոբուսի վարորդը շրջվում ու հարց է հղում՝ ժողովո՛ւրդ, ի՞նչ մտքի եք, խելքներդ ի՞նչ ա կտրում՝ էս երկիրը երկիր կդառնա՞: Ավտոբուսը խառնվում է, աղմկում, փոթորկվում, հետո գալիս ընդհանուր հայտարարի՝ սրա վերջը չի երևում, ով կարա՝ թող փախնի: Վարորդն էլ հային հատուկ հումորով պատմում է, թե՝ Ռուսաստանում էի, էս վերջին ընտրություններից հետո մերոնք կպան, թե՝ արի, լավ ա լինելու. նախագահն ա ասել, եկա, հետո պարզվեց, որ նախագան իրանց «կռուգի» (շրջապատի) համար ա ասել, ոչ թե ժողովրդի, հիմա մտածում եմ՝ ընտանիքս հավաքեմ, թողնեմ գնամ ու գնա՜մ:

Շատերը միգուցե սկզբում հավատում են, որ կվերադառնան՝ մոռանալով, որ ուրիշ երկրում մանկապարտեզ, դպրոց ու բուհ գնացող, ինչպես նաև այլ միջավայրի ու մշակույթի մեջ մեծացող իրենց երեխան համարյա ոչինչ չունի կապող հայրենիք ասվածի հետ, թերևս բացի ծնողների հայացքում ծվարած կարոտից: Նրանք կհարմարվեն նոր երկրի օրենքներին, կփոխեն լեզուն, երեխաները վարժ կխոսեն օտար լեզվով ու ավելի վատ՝ հայերեն, թոռները համարյա չեն խոսի, իսկ հաջորդ սերնդի հետ կգա մոռացումը: Ո՞վ կպտտի անիվը հետ ու կվերադառնա մոռացումից…

Ես գիտեմ այդպիսի մի զարմանալի մարդու. նա Վրեժ Քոսայանն է: Իհարկե Վրեժ անունն ինքն է կնքել՝ փոխելով թուրքական անունը, իսկ ազգանունը փորփրել ու հանել է իր ապուպապի մոռացված հիշողությունից, քանի որ Թուրքիայի քրդաբնակ ու ասորաբնակ այդ գյուղում ոչ ոք չէր խոսում հայերեն, ավելին՝ ոչ ոք հայերեն բառ անգամ չգիտեր, նույնիսկ Վրեժի տատերն ու պապերը: Սերունդների հիշողությունը պահպանել էր միայն մի փաստ՝ գյուղում կա երեք հայ ընտանիք: Նրանք գիտեին միայն, որ իրենք հայ են, ունեն այլ կրոն: Շատ երեխաներ ունեցող այդ ընտանիքները իրենց երեխաներին մկրտում էին ասորական եկեղեցում ու ամուսնություններ կնքում իրար մեջ: Ահա այդպես, Վրեժն էլ կնքվեց ասորական եկեղեցում ու քսան տարեկանում ամուսնացավ այդ ընտանիքներից մեկի դստեր հետ: Մինչ այդ նա իր վարքագծով համարյա ոչնչով չէր տարբերվել մյուսներից, բայց ահա այստեղ էր՝քսան տարեկանում, որ նրա մեջ ըմբոստացավ հայկական արյունն ու նա, պոկվելով օղակից, որոշում կայացրեց՝ հեռանալ Թուրքիայից ու առժամանակ հաստատվել Գերմանիայում: Այնտեղ, մի քիչ գերմաներեն սովորելուց հետո, հետաքրքրվեց թե ի՞նչ գրքեր կան Հայաստանի և հայերի մասին:

Ահա, այստեղ նրանց ցեղի հիշողության ժանգոտած անիվը ցնցվեց ու հետ պտտվելու թույլ շարժում արեց: Դա հավանաբար համընկավ հենց այն օրվա հետ, երբ Վրեժը գրախանութներում գտավ մի քանի գիրք: (Armenien - Geschichte und Gegenwart ) Հայաստան – Անցյալը և Ներկան գերմաներեն գրքում առաջին անգամ տեսավ հայերենի տառերը, առաջին անգամ ծանոթություն հաստատեց մեսրոպյան գրերի հետ: Թերթելով գիրքը՝ հանկարծ տեսավ այդ զարմանալի տառերի խորքից ջերմության ու լույսի ճառագում, լույսի մեջ՝ իր ինքնությունը. օտարությունում ծնված զավակ, որ հարցուփորձով պիտի գտնի հայրենի տունն ու դուռը թակի: Հայրենի տունը՝ մի փոքր երկիր ավետյաց, ու ինքը՝ ոդիսևս՝ ճանապարհորդության սկզբնակետում: Ինչպիսի՞ն է այդ երկիրը. հզոր ու ինքնիշխա՞ն, թե՞ աղքատ ու հետամնաց, ո՞նց կընդունեն նրան այդ տանը. արդյո՞ք սիրով դուռը լայն կբացեն, թե՞ կիսաբաց դռնից տարիներով հարցերի տարափ կթափեն:

Իհարկե, օտարությունում ծնված յուրաքանչյուր զավակ իր երազանքներում հայրենի տունն ընկալում է՝ որպես կարոտած մոր գիրկ: Բայց միշտ չէ, որ իրականությունը համապատասխանում է երազանքին: Վրեժի հետ հենց այդպես եղավ. հայատառ գրքին ծանոթանալուց երեսունհինգ տարի անց միայն նա դարձավ ՀՀ քաղաքացի. «Ես հազար անգամ հեշտ դարձա Շվեդիայի քաղաքացի, երկրի, որը մեծ դժվարությամբ է քաղաքացիություն տալիս»: Նա՝ Շվեդիայի քաղաքացի, արդեն բազմազավակ ընտանիքի հայր, մասնագիտությամբ՝ ուսուցիչ, որը գիտեր թուրքերեն, քրդերեն, մի քիչ ասորերեն, գերմաներեն, անգլերեն, շվեդերեն, դիմեց հայրենիքին՝ խնդրելով՝ հնարավորություն ստեղծել՝ Մանկավարժական ինստիտուտում սովորելու հայերեն, թեև մինչ այդ որոշ չափով արդեն սովորել էր ինքնուսույցներով ու տարբեր հայերի ուսուցչությամբ: 1990-ին Վրեժն առաջին անգամ եկավ Հայաստան: Այն ժամանակ Սովետական հայրենիքն ավելի լավ ընդունեց նրան, քան Ազատ-անկախն՝ այսօր. հատկացրին հանրակացարան, լեզուն սովորելը ձրի էր, իսկ սովորելու համար՝ կրթաթոշակ, ստեղծվեցին բոլոր պայմանները, որոնք ասում էին՝ մենք ընդունում ենք բոլոր նրանց, ովքեր հայրենիք վերադառնալու մտադրություն ունեն: Դա պետության քաղաքականությունն էր՝ ընդունել վերադարձողներին ու փակել ճանապարհը գնացողների: Ազատ-անկախում ճանապարհն ազատ է՝ գնացողների, ու գործելու հնարավորությունն՝ անկախ՝ եկողների. եթե ուզում ես լեզու սովորել, խնդրեմ՝ ապավինիր քո գումարին:

Թուրքիայում ծնված, Գերմանիայում ապրած, Շվեդիայի քաղաքացի դարձած Վրեժը երկու Հայաստանի հետ գործ ունեցավ, որոնք խիստ տարբեր էին իրարից, բայց ունեին մեկ ընդհանրություն՝ երկուսն էլ չէին համապատասխանում «ավետյաց երկրի» մասին իր պատկերացումներին:
Այնուամենայնիվ, մենք մեր հարազատներին սիրում ենք ո՛չ այն պատճառով, որ նրանք ամենալավն են, այլ այն, որ մերն են: Վրեժը սիրեց Հայաստանը և, լեզվին տիրապետելուց հետո, 90-95-ից մուտք գործեց իր կյանքի կարևորագույն՝ գործելու փուլը:

Նա հեղաշրջում չի արել, Վրեժն այն մարդկանցից է, որոնց գործերն առանձնապես չեն երևում, անունը հայտնի չէ, ոչնչով չեն գովազդվում, չեն փոխում երկրի ճակատագիրն ու չեն ազդում պատմության ընթացքի վրա, բայց անընդհատ արարում են ու կաթիլներ ավելացնում օվկիանոսին: Ամեն մարդ չի կարող Մաշտոցի պես արեգակի լույս տարածել, բայց, ցանկության դեպքում, գոնե մոմի՝ կարող է: Նրա առաջին գործը իր չորս երեխաներին հայերեն սովորեցնելը եղավ ու ընտանիքում հաստատելը երկաթյա կանոն՝ իրար հետ խոսել միա՛յն հայերեն: Այժմ փորձում է նաև թոռնիկների հետ խոսել հայերեն, թեև նրանց հայրը շվեդ է:

1995-ից շվեդական դպրոցներում ու հայկական մշակութային միություններում Վրեժն սկսեց դասավանդել հայոց լեզու: Նա, որպես Վեստերոս քաղաքի հայ համայնքի նախագահ, ջանք չի խնայել՝ համախմբելու օտար երկրում գտնվող հայերին, սովորեցնելու նրանց հայերեն: Իր նախագահությամբ կազմակերպվել է Շվեդիայի հայկական միությունները համակարգող կենտրոն, կենտրոնի հիմնադիրներից մեկն է: իսկ կենտրոնի կարևորագույն ձեռքբերումը՝ Շվեդիայի խորհրդարանում հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Օգնել է կազմակերպել է Վեստերոս քաղաքի Հայ Առաքելական եկեղեցու եկեղեցական խորհուրդ, այնուհետև նախագահել այդ խորհուրդը՝ անելով ամեն ինչ՝ հայերին համախմբելու մեր կրոնի և եկեղեցու շուրջը: Ըստ Շվեդիո և Սկանդինավիո հովվության հոգևոր հովիվ Տ. Սարգիս քահանա Մելքոնյանի բնութագրության՝ «Վրեժ Քոսայանի ջանքերով կազմակերպվեց Վեստերոսի Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու եկեղեցական խորհուրդ: Իմ հպարտությունն եմ հայտնում, որ համայնքի մեջ ունեցել ենք մի հայորդի, որը պատմության ճակատագրի բերումով հանդիպել է բազում ազգային և կրոնական դժվարությունների, սակայն իր ազգային բարձր գիտակցությամբ և հոգևոր իմաստությամբ ի վիճակի եղավ հաղթահարել բոլոր դժվարությունները և կերտել հայ քրիստոնյա ընտանիք, որտեղ պահպանվեց հայոց լեզուն և հարգանքը հավատքի նկատմամբ»:

Վերջին տարիներին զբաղված է «Հայերեն շվեդերեն – շվեդերեն հայերեն բառարան» պատրաստելով, որը կպարունակի մոտավորապես 25–30 հազար բառ: Աշխատում է նաև «Հայերեն սկսնակների համար» գրքի վրա:
Այսօր, թվում է, կատարվել է Վրեժի երազանքը. նա արդեն ՀՀ քաղաքացի է, տուն ունի հայրենի հողում, ընկերներ, ցանկացած ժամանակ գալու, անգամ մշտապես հայրենիքում ապրելու հնարավորություն, այնուամենայնիվ, նա փակ դռան առաջ կանգնածի զգացողություն ունի: Հետաքրքիր է՝ այն մարդը, որն այսքան ջանք է դրել՝ լինելու Հայաստանի քաղաքացի՝ հայկական անուն-ազգանունով, որն անգամ իր ծննդյան օրն իր անվանակոչությա՛ն օրն է համարում ու անձնագրում էլ նշված է «վերածնունդը»՝ նոյեմբերի 26-ը՝ որպես ծնունդ, որն արյան կանչով տուն է վերադարձել, ինչպե՞ս է բացատրում նման զգացողությունը. «Ես Հայաստանը դեռ կայացած երկիր չեմ համարում. այնտեղ չի գործում օրենք ու չկա օրենքի ընկալում ո՛չ օրենքի մարդու կողմից, ո՛չ հասարակ քաղաքացու: Նման երկրում մարդն իրեն ապահով ու պաշտպանված չի կարող զգալ: Առաջ ավելի էի զարմանում, հիմա սովորել եմ արդեն, որ երբ քաղաքացին ինչ-որ անօրինական քայլ է արել, օրենքի մարդը, նայած հանցանք-զանցանքի ծանրությանը, մտածում է՝ ինչքան «պոկել», իսկ քաղաքացին՝ ում գտնել՝ որպես միջնորդ, որ «քիչ գումար տա»: Պատկերացրեք՝ ինչքան անսովոր բան է դա մեզ համար: Այդ իմաստով սփյուռքահայերն ավելի խոցելի են, քանի որ ապրել են օրենքի երկրում ու չեն պատկերացնում, թե նետը որ կողմից կարձակվի, երբ իրենք փորձեն ինչ-որ գործ անել այստեղ: Եվ ամենավատն այն, է, որ ղեկավարությունն անվերջ մատնանշում է այս ու այն ոլորտում երկրի «զարգացումը». իրե՞ն է խաբում, հարևան երկրների՞ն, ժողովրդի՞ն... Ես սրտի մեծ ցավ եմ ապրում, որ ամեն գալիս դրական զարգացում չեմ տեսնում, այլ միայն լսում, որ մեր ծանոթներից մեկն էլ է ընտանիքով հեռացել երկրից: Ես երկար եմ սպասել այստեղ հիմնավորվելու օրվան, փորձում եմ հարմար աշխատանք գտնել ու դեռ՝ ապարդյուն, իսկ սեփական փոքր բիզնես չեմ ուզում, պատճառն արդեն ասացի»:

Վրեժը, խորտակվող նավի նավապետի պես, կարծես դեռ չի հուսահատվել ու համառորեն էլի ու էլի է ուզում ինչ-որ բան փրկել. հիմա նա Շվեդիայում բացել է կիրակնօրյա դպրոց ու սովորեցնում է հայոց լեզու: Նրան աշակերտում են16-50 տարեկան, հիմնականում Թուրքիայից և Իրաքից գնացած հայեր: Գործը եռում է իսկ հույսը, թեև երբեմն-երբեմն՝ մարմրում, բայց ավելի հաճախ առկայծում է... որ դեռ կգան լավ օրեր, ու Հայաստանը կդառնա երազանքների երկիրը, կգործի օրենքը, որ հայրենիքն իր գիրկը կառնի բոլոր նրանց, ովքեր վատ կյանքից հոգնած են հեռացել երկրից և ոչ թե պարզապես գնացել են շրջագայելու կամ սովորելու, նրանց, ովքեր, թեև օտար երկրում ունեն բարեկեցիկ կյանք ու նույնիսկ հարազատներին օգնելու հնարավորություն, բայց հայրենի տան կարոտին դժվարությամբ են դիմանում, որ երկրում բոլորը կհամապատասխանեն իրենց զբաղեցրած տեղին ու դիրքին. խորհրդարանում կլինեն միայն ժողովրդի շահերը պաշտպանող արժանավորներ և ոչ թե սեփական գրպանին գերի դարձած, սեփական մտավոր սնանկությունն անգամ թաքցնելու անկարողներ, որ հայը կվերագտնի իր կորցրած ամենաթանկ բանը՝ հավատն ու լավատեսությունը, որ երկրի նախագահը երբ ասի՝ լա՜վ ենք ապրելու, ժողովո՛ւրդ, դա վերաբերի նաև ժողովրդին:

ՄԱՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2013  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Արխիվ