Գլխավոր » Հայկական պետությունը, կուսակցությունները և Հայ եկեղեցին
Հայկական պետությունը, կուսակցությունները և Հայ եկեղեցին
21:43

 

Հայաստանը եւ Արցախը ազատ ու անկախ հանրապետություններ են: Հայստանի Հանրապետությունը միջազգայնորեն ճանաչվել է, իսկ Արցախն անգամ Հայաստանի կողմից չի ճանաչվել: Թե ինչու՞ է այդպես, թողնենք վիճաբանեն Արցախը Մայր Հայաստանին վերամիավորելու եւ ԼՂՀ-ն «ազատ ու անկախ պետություն» հռչակելու կողմնակիցները: Միեւնույն է, դրանից բան չի փոխվելու` գործարքի մեջ մտած կողմերն են հերթական անգամ մե՜ծ բավականություն ստանալու: Եւ դա տեւելու է այնքան ժամանակ, մինչեւ Հայաստանը չդառնա ազգային պետություն:

 

Ընդհանրապես պետությունն ապազգային կառույց է, որը կարող է ծառայել արտաքին ուժերին կամ ներքին խմբավորումների շահերին: Միայն ազգային պետության դեպքում է հնարավոր, հենվելով ազգային ռազմավարության եւ մարտավարության վրա, երկիրը փրկել գերտերությունների եւ այլ ուժերի ճորտացումից: Հզոր է այն պետությունը, որի պետական քաղաքականությունը ստեղծվում եւ իրականացվում է ազգային գաղափարախոսությանը համապատասխան:

 

Բոլոր նորանկախ պետությունները, որպես կանոն, պետական քաղաքականության ուղղությունները ստեղծելիս հիմք են ընդունում իշխող կուսակցության գաղափարախոսությունը եւ «անկախացմանը» նպաստած արտաքին ուժի կամ ուժերի թելադրանքը: Իշխող կուսակցությունը եւ նրա կողմից «ընտրված» իշխանությունը հաճախ չես կարողանում զուգահեռաբար առաջ տանել եւ պաշտպանել երկրի պետական եւ ազգային շահերը: Նշվածի օրինակ կարող է հանդիսանալ Հայաստանում իրականացված պետական քաղաքականությունը Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք: Միայն պաշտպանելով պետական շահը, Հայաստանի Հանրապետությունը չկարողացավ Արցախյան պատերազմում տարած փայլուն հաղթանակն օգտագործել դիվանագիտական ասպարեզում, այսպես կոչված «ղարաբաղյան հիմնահարցը» հայության օգտին լուծելու համար: Դրա վկան` Բիշկեկյան խայտառակ պայմանագիրը: Պատճառը՝ ազգային շահի «հիմնավորված» եւ «պատճառաբանված» անտեսումն էր, որը հետեւանք է Հայ ազգային գաղափարախոսության բացակայության: Փաստորեն, ազգային շահի հաշվին Հայաստանում առաջ էր մղվել պետականը՝ ամեն գնով պաշտպանվել էր պետական կարգը, իշխանությունը, «ժողովրդավարությունը», «խոսքի եւ մամուլի ազատությունը», «խղճի եւ դավանանքի ազատությունը», 29 հազար քառակուսի կիլոմետր տարածքը...

 

Պետական քաղաքականությունը ստեղծելիս եւ իրականացնելիս, իհարկե, պետք է հաշվի առնել հարեւան պետությունների եւ ազգերի հետ նորմալ փոխհարաբերություններ ունենալու կարեւորությունը, երկրի աշխարհագրական դիրքը, միջազգային հանրության կարծիքը, գերտերությունների «ախորժակը», միջազգային մարդասիրական նորմերը, բայց ոչ ի վնաս եւ ի հաշիվ ազգային շահի: Հակառակ դեպքում պետությունը դառնում է խաղալիք կամ խաղաքարտ գերտերությունների եւ միջազգային որոշ կազմակերպությունների ձեռքին: Քանի դեռ Հայաստանը (հայ ժողովուրդը )չունի Հայ ազգային գաղափարախոսություն, եւ այդ ուղղությամբ պետականորեն հստակ աշխատանք չի կատարվում, պետությունը կարող է անմնացորդ օգտագործելով երկրում գործող ազդեցիկ քաղաքական կազմակերպությունների ներուժը, ճիշտ գնահատելով նրանց տեղն ու դերը, կատարելով համակարգողի գործառույթ, քաղաքական ասպարեզում հասնել զգալի արդյունքների:

 

Ցանկացած նորմալ, քաղաքակիրթ պետություն շահագրգռված է, որ երկրում գործեն առողջ քաղաքական ուժեր, կառուցողական ընդդիմություն, տարբեր քաղաքական ուղղություն ունեցող կուսակցություններ: Կուսակցությունները, առաջին հերթին ունենալով համազգային խնդիրների լուծման նպատակ, բնականաբար, պետք է համագործակցեն պետության հետ (այստեղ համագործակցելը չպիտի հասկացվի ենթարկվելու, հպատակվելու իմաստով), անկախ նրանից, դիմություն են, թե` ընդդիմություն, որպեսզի կարողանան մասնակից դառնալ պետության կողմից իրականացվող արտաքին եւ ներքին քաղաքականություններին:

Ընդհանրապես, քաղաքական կազմակերպությունն իր ծրագրային դրույթները իրականացնում է երկրի խորհրդարանում ունեցած իր պատգամավորների, պետական ինքնակառավարման մարմիններում ընտրված կուսակցության անդամների կամ համակիրների, իշխանական այլ լծակներում գտնվող իր անդամների միջոցներով, որոնք նախատեսված են երկրի Սահմանադրությամբ եւ օրենքներով:

 

Հայաստանը եւ Արցախը, բնականաբար, մասնակցում են աշխարհում տեղի ունեցող գործընթացներին, ուստի առաջնահերթ խնդիր է ճիշտ եւ հավասարակշռված պետական արտաքին եւ ներքին քաղաքականությունների վարումը: Տվյալ խնդրում շատ կարեւոր է երկրում գործող ազդեցիկ կուսակցությունների տեղի եւ դերի ճիշտ գնահատումը:

Հայաստանում եւ Արցախում գրանցված են 70-ից ավելի քաղաքական կուսակցություններ, որոնք բնակչության թվակազմի համեմատ, իհարկե, շատ շատ են: Դա հետեւանք է «ժողովրդավարացում» հասկացության մեր յուրովի ընկալմանը, «Կուսակցությունների մասին» օրենքի թերությունների, ինչպես նաեւ արտաքին ուժերի կողմից մեր երկրի հեշտ «խոցելիությանը»: Գաղտնիք չէ, որ գործող կուսակցությունների մեծամասնությունը հովանավորվում եւ ֆինանսավորվում է արտաքին ուժերի կողմից: Բնականաբար, այդ կուսակցություններն առաջին հերթին կատարում են «վերեւների» պատվերները եւ պահանջները, հետո միայն ընթացքում լուծում «համազգային նշանակության խնդիրներ», իրագործում «ազգային վեհ գաղափարներ»:

 

Բարեբախտաբար, հայ իրականության մեջ գործում են մի շարք ազգային կուսակցություններ, որոնք, իրոք, մտահոգված են Հայաստանի, Արցախի, Սփյուռքի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայով եւ ապագայով: Ահա այդ կուսակցություններն են, որ պիտի արժանանան հայկական պետության ուշադրությանը եւ հոգատարությանը, այսինքն, նրանց հետ պետք է համագործակցի պետությունը, տրամադրի համապատասխան նյութական եւ ֆինանսական միջոցներ (որը պետք է սահմանվի օրենքով), որպեսզի նրանք զերծ մնան արտաքին ուժերի ազդեցությունից: Պետության եւ ազգային կուսակցությունների միջեւ փոխադարձ վստահության դեպքում պետությունը կարող է իրականացնել համակարգողի գործառույթը, այսինքն՝ հաշվի առնելով կուսակցությունների ուղղվածությունները, նպատակները, առանձնահատկությունները, հասարակության եւ միջազգային ասպարեզում նրանց ունեցած հեղինակությունը, նրանց մասնակից դարձնի քաղաքական կարեւոր գործընթացներին, մարտավարական խնդիրների լուծմանը: Պետության կողմից իրականացվող այդ գործառույթը, պատկերավոր ասած, նման պիտի լինի դպրոցական ֆիզիկայից հայտնի լույսի տարալուծման (դիսպերսիա) երեւույթին: Ինչպես գիտենք, բնական լույսն անգույն է, սակայն անցնելով պրիզմայի միջով, տարալուծվում է, բաժանվում աչքի համար տեսանելի 7 գույների՝ կարմիրից մինչեւ մանուշակագույն: Գույներից յուրաքանչյուրն ունի տարբեր ալիքի երկարություն, հաճախականություն, հզորություն եւ այլն:

 

Մեր պարագայում գույները փոխարինում ենք քաղաքական կուսակցություններով, իսկ պրիզման՝ ազգային-պետական քաղաքականությամբ: Պետությունը (ազգային էլիտան, ոչ թե՝ քաղաքական ), հաշվի առնելով տվյալ կուսակցության հատկանիշները, նրան պետք է հատկացնի համապատասխան տեղ եւ դեր, այսինքն՝ գույն: Նորից պատկերավոր ասած` պետության արտաքին քաղաքականությունը պետք է նման լինի լույսի, այսինքն, լինի անգույն, հակառակ դեպքում ցանկացած գույնով հանդես գալու դեպքում քաղաքական հակառակորդի համար կլինի տեսանելի եւ հեշտ խոցելի:

 

Վերը նշված մոդելը, բնականաբար, շահեկանորեն տարբերվում է գերտերությունների կողմից կիրառվող եւ այլ պետություններին պարտադրվող երկկուսակցական (սեւ-սպիտակ) մոդելից:

Հայ իրականության մեջ պետություն-կուսակցություն փոխհարաբերություններում համախմբող դերակատարություն կարող է եւ պետք է ունենա Հայ Եկեղեցին, որն, ինչպես հայտնի է, հանդես է գալիս որպես գաղափարաբանության եւ կազմակերպության ամբողջություն: Գաղտնիք չէ, որ Հայ Եկեղեցին համահայկական ամենահզոր ազգային կազմակերպությունն է: Ըստ Սահմանադրության եւ «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին (Հայ Եկեղեցին) ճանաչվում է որպես հայ ժողովրդի ազգային Եկեղեցի, նրա ազգային մշակույթի զարգացման, ազգային ինքնության պահպանման, նրա հոգեւոր շինության ու ազգապահպանության կարեւոր պատվար: Այսինքն` պետությունն իր բարոյական հիմքերի շինությունը վստահում է Հայ Եկեղեցուն եւ միասին իրականացնում ազգապահպանման սուրբ գործը:

 

Տրամաբանորեն, Հայաստանում եւ Արցախում գործող բոլոր կուսակցություններն առաջնորդվելով երկրում գործող Սահմանադրությամբ եւ օրենքներով, Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ պետք է ունենան իրենց հստակ դիրքորոշումը` ամրագրված կուսակցությունների ծրագրերում: Բարեբախտաբար այդպես էլ կա, բայց թե այն ինչպես է կիրարկվում…

 

Հայ Եկեղեցին էլ, իր հերթին, կարող է եւ պետք է համագործակցի գործող ազգային կուսակցությունների հետ եւ իրականացնի հետեւյալ գործառույթները.

 

ա. Կուսակցության մարմիններում, ստորաբաժանումներում եւ կից կազմակերպություններում ներկայացնի Հայ Եկեղեցու դավանանքը, խնդիրները եւ նպատակները քարոզի, դասախոսության եւ այլ ընդունելի ձեւերով.

 

բ. Նպաստի հայության բարոյական նկարագրի, մատաղ սերնդի, երիտասարդության կրթության եւ դաստիարակության գործին, ազգային եւ կրոնական ինքնագիտակցության ձեւավորմանը.

 

գ. Նպաստի ազգային եւ հոգեւոր արժեքների պահպանմանը եւ քարոզմանը.

 

դ. Նպաստի մատաղ սերնդի եւ երիտասարդության աշախարհայացքի ձեւավորմանը.

 

ե. Համատեղ պայքարի աղանդավորության եւ այլ խորթ կրոնական կազմակերպությունների դեմ, որոնք խաթարում են մեր ազգային նկարագիրը, վնասում պետական եւ եկեղեցական շինությանը, սպառնում ազգային անվտանգությանը.

 

զ. Խթանի մշակույթի եւ արվեստի, հայոց լեզվի եւ գրականության, հայկական ավանդական արհեստների զարգացումը.

 

է. Նպաստի ազգային ավանդույթների պահպանմանը եւ առողջ հայկական ընտանիքի ձեւավորմանը.

 

ը. Կազմակերպի համատեղ միջոցառումներ` նվիրված ազգային, եկեղեցական տոներին, մշակույթի եւ հոգեւոր գործիչներին.

 

թ. Կազմակերպի համատեղ ուխտագնացություններ, արշավներ եւ էքսկուրսիաներ:

 

Բացի վերը նշված գործառույթներից, ներկա իրավիճակում, երբ հայության առջեւ ծառացած են դժվարալուծելի քաղաքական մի շարք խնդիրներ, Հայ Եկեղեցին պարտավոր է իր ուժերի ներածին չափով նպաստելու դրանց լուծմանը: Այդ ուղղությամբ Հայ Եկեղեցին ունի հարուստ փորձ եւ ժառանգություն: Ներսես Մեծից սկսած Հայ Եկեղեցու հովվապետերից շատերը նպաստել են հայկական պետականության ամրապնդմանը կամ վերականգնմանը: Նրանցից ուշագրավ է Հակոբ Դ Ջուղայեցու գործունեությունը: Հայտնի է, որ նա ունեցել է Արեւմուտքի օգնությամբ Հայաստանը պարսկական լծից ազատագրելու քաղաքական մեծ ծրագիր: Հուսալով Հռոմի պապի հետ համաձայնության եզրեր գտնել համաքրիստոնեական գաղափարախոսության շրջանակներում՝ ձգտել է պապի հովանավորությամբ անցկացնել ներքին բարեկարգություններ: Այդ նպատակով Ալեքսանդր VII պապին հղել է Հայ եկեղեցու հավատո խոստովանության ուղերձը, թղթակցել Կղեմես X պապի հետ: Փորձել է դավանաբանական հարցերը լծորդել քաղաքականի հետ: Կապեր է ունեցել ֆրանսիացի միսիոներների հետ՝ ակնկալելով Լյուդովիկոս XIV թագավորի հովանավորությունը: Ներքին քաղաքական ծրագրերի քննարկման շուրջ 1677-ին Էջմիածնում, Արցախի մելիքների եւ հոգեւորականների մասնակցությամբ գումարել է խորհրդակցություն, որտեղից էլ սկսվել է Արեւելյան Հայաստանի ազատագրության համար Իսրայել Օրու հայրենանվեր գործունեությունը: Թիֆլիսում բանակցել է Քարթլիի Գեորգի XI թագավորի եւ Վրաց կաթողիկոսի հետ, նրանց հետ մշակել հայ-վրացական համատեղ պայքարի ծրագիր: 1679-ի վերջին ժամանել է Կ. Պոլիս, ազգօգուտ խնդիրներ լուծելու մտահոգությամբ բանակցել պապական ներկայացուցիչների հետ, նամակներ հղել Լեհաստանի թագավոր Յան Սոբեսկուն:

 

Հակոբ Դ Ջուղայեցի կաթողիկոսը նամակ է հղել նաեւ ռուսական ցար Ալեքսեյ Միխայլովիչին՝ Ռուսաստանից ակնկալելով օգնություն եւ հովանավորություն:

 

  Առանձնապես մեծ դերակատարություն կարող է ունենալ Հայ Եկեղեցին Եկեղեցիների Համաշխարհային Խորհդի շրջանակներում, մանավանդ, որ առաջիկան 8 տարիներին այդ միջազգային կառույցի նախագահը լինելու է Հայ Եկեղեցու Հայրապետը:

 

ԵՀԽ-ին անդամակցում են 90 երկրներում գործող բողոքական եւ արեւելյան ուղղոփառ 263 եկեղեցիներ: Մի՞թե զարմանալի չէ, որ մինչ այժմ ԼՂՀ ճանաչման ուղղությամբ ոչ մի քրիստոնյա պետության իր խորհրդարանում քննարկում չի անցկացրել, իսկ իսլամական երկրները բազմաթիվ անգամ տարբեր մակարդակի ժողովներում իրենց աջակցությունն են հայտնել (եւ հայտնում են) մեր մահմեդական թշնամուն: Մի՞թե զարմանալի չէ, որ մինչեւ հիմա ոչ մի անհատ քրիստոնյա բարձրաստիճան կրոնական գործիչ ԼՂՀ ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքը չի ճանաչել կամ հարգել:

 

Անդրադառնալով Հայստանի Հանրապետության աշխարհիկ եւ հոգեւոր իշխանությունների կողմից իրականացվող արտաքին քաղաքականությանը կարող ենք նշել, որ այն շատ պարզունակ է եւ կանխատեսելի, որը չի կարելի համեմատել մեր թշնամի թուրքական դիվանագիտության հետ: Ախր ինչպե՞ս կարելի է համեմատել թուրքական քաղաքական գործչներ` Գյուլի, Էրդողանի եւ Դավուդօղլուի համատեղ իրականացվող քաղաքական խաղը հայաստանյան «գործնկերների» հետ: Նրանք իրենց դերերը լկտիորեն, բայց վարպետությամբ են կատարում: Գյուլը մեղմողի, «կոծկողի» դերի մեջ է, էրդողանը՝ ծայրահեղ, ամեն ինչ «ավերող», իսկ Դավուդօղլուն` «քիթը ամեն տեղ խոթող»: Իսկ մերոնք` ՀՀ վարչապետը եւ արտգործնախարարը կրկնում են այն, ինչ ասում է ՀՀ նախագահը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Եպիսկոպոսական ժողովը միաձայն պաշտպանում է հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը:

 

Նորից հիշենք յոթ գույների մասին եւ հուսանք, որ մի օր էլ, Աստծու կամոք եւ հայկական ներուժի շնորհիվ, Հայկական Բարձրավանդակի երկայքով` ծովից-ծով մի հսկայական ծիածան կկապվի:

 

                          ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Որոնում

Օրացույց

«  Մարտ 2014  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Արխիվ