Գլխավոր » Օջալանի նամակը հայերին
Օջալանի նամակը հայերին
15:59


Քրդական Firat գործակալությունը հրապարակել է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հիմնադիր, քուրդ ժողովրդի առաջնորդ հռչակված Աբդուլլահ Օջալանի երկար սպասված նամակն  ուղղված հայ ժողովրդին:


1999թ. ձերբակալված և  թուրքական բանտում  պատիժը կրող Օջալանը, որը նախկինում պայքարում էր անկախ քրդական պետության ստեղծման համար, հայ ժողովրդին նամակ գրելու մասին խոսեց այն բանից հետո, երբ PKK-ի ներկայիս ղեկավարներից Բեսե Հոզաթը մեղադրեց հայկական լոբբիին Թուրքիայի խորքային պետություններից մեկը լինելու մեջ: Հոզաթի հայտարարությունը անհանգստությմաբ էր ընդունվել հատկապես Թուրքիայի հայության կողմից, այդ իսկ պատճառով քրդերի շրջանում «Ապո» անունը ստացած Օջալանը հայտարարեց, թե հունվարի 19-ին՝  Հրանտ Դինքի սպանության օրը,  նամակով կդիմի հայ ժողովրդին:


Սակայն Իմրալը կղզում բանտարկված Օջալանի նամակը, որին հետաքրքրությամբ սպասում էին թե՛ Հայաստանում, թե՛ Թուրքիայում, հունվարի 19-ին  չհասավ ընթերցողին: Պատճառն այն էր, որ Թուրքիայի արդարադատության նախարարությունը չէր փոխանցել Օջալանի նամակը քուրդ պատգամավորներին, որոնք էլ նամակը պետք է հրապարակեին:


Ստորև թարգմանությամբ  ներկայացված է Օջալանի  նամակի ամբողջական տեքստը.


«Միջագետքի և Անատոլիայի հին ժողովուրդների միջև դարեր ի վեր գոյություն ունեցող հասարակական հարաբերություննները վերջին երեք հարյուրամյակի ընթացքում  տակնուվրա են եղել:  Հատկապես կապիտալիստական արդիականացման և նրա տաճար համարվող ազգ-պետությունների սփռած թույնի  պատճառով այս հողերը կարծես վերածվեցին ժողովուրդների և մշակույթների գերեզմանոցի: Եվրոպայից մինչև Աֆրիկա, Ասիայից մինչև Ավստրալիա, այնտեղից էլ մինչև Ամերիկա միատարր ազգ ստեղծելու ծրագրերը խարխլեցին մարդկանց արժեհամակարգը, մշակութային հազարամյա ժառանգությունն ու արժեքները անհետ ջնջեցին: Այս աղետից ավելի մեծ բաժին հասավ մեր հայրենիքին, ուր ծիլ են տվել մարդկությունը և քաղաքակրթությունը:


Մեր ժողովուրդների մեջ դաշույնի պես խրված ռասիստական-ազգայնական հոսանքները  կազմում են  նշված ողբերգության գաղափարական հենքը: Տասնյակ լեզուներ և մշակույթներ այս կրակարանի մեջ վառվելով՝ մոխրացան, որոշների չհաջողվեց նույնիսկ  գոյատևել որպես կարոտաբաղձ հուշ և հասնել մեր օրերը: Մարդկության դեմ կատարված հանցագործության հետևանքով, ինչպիսին ցեղասպանությունն է, բազմաթիվ ժողովուրդներ ոչնչացվեցին, բազում դավանանքներ ու մշակույթներ ճնշումների պատճառով անհետացան: Վերջին դարերում տեղի ունեցածները մարդկությանը պատուհասած ամենամեծ աղետներն են:


Պատմության ընթացքում տեղի ունեցած պատերազմներն ու բախումներն անընդհատ կրկնվող գործողություններ են, սակայն դրանք երբևիցե նպատակաուղղված չեն եղել մադկության և բնության ոչնչացմանը, ինչպես այժմ է, և դա չի հաջողվել այնպես, ինչպես ներկայում:


Ահավասիկ, անցած դարի սկզբներին հայ ժողովրդի դեմ կիրառված ցեղասպանության ծրագիրը  վերոնշյալ նողկալի քաղաքականության ամենաավայրագ օրինակներից է: Հայ ժողովրդի հետ տեղի ունեցածն իրական ցեղասպանություն է:


Մեծ հրաշք է, որ ցեղասպանությունից հետո հայ ժողովուրդն իր ողբերգությունը կրելով՝ կարողացել է գոյատևել և հասնել մեր օրերը: Այս հրաշքը, անկասկած, տառապյալ հայ ժողովրդի մեծ  ջանքների ու պայքարի արդյունքն է: Մեր օրերում անհրաժեշտ է, որ ամբողջ աշխարհը առերեսվի հայ ժողովրդի ապրած պատմական իրականությանը՝ կիսելով հայ ժողովրդի ցավը՝ օգնի նրան մխիթարվել: Անխուսափելի է, որ Թուրքիայի Հանրապետությունը պետք է  հասունութուն դրսևորի և առերեսվի ցավոտ պատմության հետ:


Իմ համեստ առաջարկը հայ ժողովուրդին կարող է լինել միայն այն, որ նա շարունակի իր պայքարը՝  չընկնելով ռասիստական-ազգայնական թակարդների մեջ և հեռու մնա միջազգային կապիտալը ներկայացնող ուժերի և լոբբիների նենգ նպատակներից, որոնք հետամուտ են  լինելու մեր միջև բախումներ հրահրելուն:


Քուրդ ժողովրդի ազատության պայքարի արդյունքում հայ ժողովրդի ցավերի մեղմացումը մաս է դարձել այն պայքարի, որը հետամուտ է այս հողերում ապրելուն որպես իրավահավասար քաղաքացիներ: Ժողովրդավարությամբ պսակված հանրապետությունը  պետք է մաքրած լինի հաշիվները անցյալի հետ և նաև հնարավորություն տա տարբեր ինքնություն կրողներին ազատ ապրելու: Նայելով այս դիտանկյունից՝ մենք կարող ենք ասել, որ մեր պայքարը միայն քուրդ ժողովրդի համար չէ, այլ այս հնամենի տարածաշրջանի բոլոր ժողովուրդների և դավանանքների ազատության համար է:


Հենց այդ պատճառով է ժողովրդավարության թշնամի ներքին և արտաքին բոլոր ուժերը, որոնք չեն ցանկանում քրդական հարցի լուծումը, մեր դեմ խոչընդոտներ են հարուցում: Այդ շրջանակները հենվում են հիմնակնում երկու հիմական ուժերի վրա՝  փող-կապիտալի և ազգայնականության:


Այդ մեծ կապիտալիստական լոբբիները որպես միջոց վերջին շրջանում օգտագործեցին համայնքների [գյուլենական շարժում – խմբ.] նման կառույցներին: Նրանք, օգտագործելով  ժողովուրդների միջև առկա խնդիրները, շարժվելով այս քարոզչությամբ՝ նպատակ են հետապնդում իրենց համար հող նախապատրաստել: Սակայն այս հողերում ապրող բոլոր հին ժողովուրդները  տերն են այս հողերի և չկա որևէ բան, որ չկարողանան կիսել:


Քուրդ, թուրք, արաբ, պարսիկ և հայ ժողովուրդներից յուրաքանչյուրը պետք է  առաջնորդվի   եղբայրական իրավունքով, որի հիմքում ընկած է հավասարության սկզբունքը: Ժողովուրդների միջև ստեղծված թշնամանքին չպետք է վերաբերվել որպես մեր սեփական մշակույթների մասը: Մենք պարտավոր ենք պատնեշ դառնալ, որպեսզի դա չփոխանցվի գալիք սերունդներին: Իսկ դա միայն հնարավոր կլինի իսկական արդարության վրա խարսխված պատմական խաղաղության հաստատմամբ: Այսպես, 2013թ. Նովրուզի սկսված գործընթացը միայն այս ընկալմամբ կարող է զարգանալ և դառնալ մնայուն և իմաստավորված:


Ժողովուրդների իսկական բարեկամ և հայ ժողովրդի խիզախ զավակ Հրանտ Դինքին էլ սպանեցին այս կեղտոտ գաղափարախոսության կրողները, սպանեցին իմ նշած նպատակներին ծառայելու համար: Ահա այդ  նպատակով սպանված վերջին հայը Դինքն է:  Չնայած դժվարին պայմաններին՝ աշխատում եմ շարունակել խաղաղության փնտրտուքը, որը ոչ մի ժողովրդի ի վնաս և դեմ չի լինելու և  չի կարող լինել.  դրա երաշխիքը ավելի քան 30 տարի շարունակվող մեր պայքարի ամեն վայրկյանն է:


Ես կոչ եմ անում մեր բոլոր ժողովուրդների շահերին նվիրված անդադար պայքարին խոչընդոտելու համար իրենց ամբողջ  ուժով աշխատող խորքային, բաց, զուգահեռ կառույցների, լոբբիների և համայնքների նկատմամբ զգույշ լինել և հարցերին վերաբերվել անկողմնակալ հայացքով: Մեր քաղաքական, բարոյական կեցվածքի շնորհիվ կարողացել ենք մինչև օրս մեր ճանապարհից չշեղվելով՝ առաջ գնալ։ Ոչ ոք թող չկասկածի, որ նույն մոտեցումով շարունակելու եմ պայքարել բոլոր ժողովուրդների համար:


Հիմնվելով այս բոլորի վրա՝  մեկ անգամ ևս  հարգանքով հիշում եմ Հրանտ Դինքին և  բարևներս եմ փոխանցում հայ ժողովրդի հետ միասին բոլոր ժողովուրդներին»:


http://civilnet.am/abdullah-ocalan-letter-to-armenians/



Որոնում

Օրացույց

«  Հունվար 2014  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Արխիվ