Գլխավոր » ԻՆՉՈ՞Ւ Է ՄՈՍԿՎԱՆ ԽԱՂՈՒՄ ՄԵՐ ԴԵՄ
ԻՆՉՈ՞Ւ Է ՄՈՍԿՎԱՆ ԽԱՂՈՒՄ ՄԵՐ ԴԵՄ
13:15
Երկօրյա պաշտոնական այցով Մոսկվա էր մեկնել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը: Նա հանդիպել էր ՌԴ իր գործընկերոջ`Սերգեյ Լավրովի հետ և, ըստ ՌԴ արտգործնախարարության պաշտոնական հաղորդագրության, քննարկվել են հարցերի լայն շրջանակ` կապված քաղաքական ու տնտեսական երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային համագործակցության և հատկապես` ԼՂ հակամարտության կարգավորման հետ:

Մամեդյարովի այցը հետաքրքական է երկու առումով: Նախ` այն տեղի է ունենում հայ-ռուսական քաղաքական հարաբերություններում առաջացած որոշակի լարվածության ֆոնին`պայմանավորված, մի կողմից, եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտներից խուսափելու և ԵՄ-ի հետ գործակցության խորացման ուղղությամբ Հայաստանի վարած քաղաքականությամբ, մյուս կողմից` գազի սակագնի հարցում ռուսական կողմից զիջումների չգնալու պատճառով Հայաստանի նկատմամբ Մոսկվայի փաստացի գործադրած սոցիալ-տնտեսական հսկայական ճնշումներով: Երկրորդ` Մամեդյարովը Ռուսաստան է այցելել նաև ռուս-ադրբեջանական հարաբերություններում վերջին ամիսներին կուտակված էական խնդիրների պաշարով: Խոսքն առաջին հերթին վերաբերում է Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի վարձակալության շարունակման հարցում երկու կողմերի միջև համաձայնության չկայացմանը, ինչի պատճառով ռուսական կողմն արդեն նոյեմբերին վերջնականապես կազատի կայանը: Բացի դրանից` բոլորովին վերջերս ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրամանագրով կասեցվեց Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղի շահագործման վերաբերյալ պայմանագրի գործողությունը, որն ապահովում էր Ռուսաստանի տարածքով ադրբեջանական նավթի տարանցումը արևմտյան շուկաներ: Որոշման պատճառը, ըստ ռուսական կողմի, եղել է այն, որ Ադրբեջանը չի կատարել տարեկան 2.5 մլն տոննա ծավալով նավթի արտամղումը այդ խողովակաշարով, ինչը վերջինս դարձրել է տնտեսապես անշահավետ: Սրան կարելի է ավելացնել նաև Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան տեխնիկապես ու նոր զինատեսակներով համալրելու գործընթացը, որը Բաքվում լուրջ մտահոգությունների տեղիք է տվել:

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների սառեցման որոշակի ազդակ է նաև այն հանգամանքը, որ 2012թ. մարտին Վլադիմիր Պուտինի` Կրեմլ վերադառնալուց հետո առ այսօր երկու երկրների նախագահների մակարդակով հանդիպում չի կայացել: Չի կարելի բացառել, որ Մամեդյարովի այս այցը պայմանավորված է երկկողմ հարաբերություններում կուտակված անվստահության մթնոլորտը հաղթահարելու ձգտումներով: Հատկապես այս փուլում Բաքվին դա անհրաժեշտ է` մի կողմից հայ-ռուսական հարաբերությունների վերաիմաստավորման գործոնն օգտագործելով Հայաստանի նկատմամբ դիրքային առավելություն ստանալու և տարածաշրջանում Ռուսաստանի վստահելի գործընկերոջ կարգավիճակը ձեռք բերելու համար, իսկ մյուս կողմից` Ադրբեջանում այս աշնանը կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ ալիևյան կլանի համար Ռուսաստանի աջակցությունն ստանալու:

Բոլոր դեպքերում Բաքվի այս ձգտումները հիանալի հնարավորություն են տալիս Մոսկվային` մեծացնելու քաղաքական ու հոգեբանական ճնշումները Հայաստանի վրա: Մամեդյարովի հետ հանդիպումից առաջ ՌԻԱ "Նովոստի" գործակալությանը տված հարցազրույցում ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և հրատարակչության դեպարտամենտի ղեկավար Մարիա Զախարովան հայտարարեց, թե Ադրբեջանը հանդիսանում է Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը: Այս միտքը բանակցություններից հետո կայացած ասուլիսի ընթացքում արտահայտեց նաև Սերգեյ Լավրովը: Բացի դրանից` վերջինս, անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը, հայտարարել է, թե բանակցող կողմերի միջև փոխզիջումը դժվարանում է հատկապես այն պատճառով, որ
"Հայաստանը պնդում է, թե իր համար, իբրև բանակցությունների հիմք, ընդունելի է միայն Մադրիդյան սկզբունքների 2007թ. տարբերակը, իսկ Ադրբեջանը պարտադիր է համարում աշխատանքների շարունակումը Մադրիդյան սկզբունքների` 2009-ին թարմացված տարբերակի հենքի վրա":

Փաստացի, այդպիսով, Լավրովը խախտում է ԼՂ բանակցությունների գաղտնիության սկզբունքը այն դեպքում, երբ Ռուսաստանը հանդիսանում է ԵԱՀԿ ՄԽ երեք համանախագահներից մեկը, և երբ արդեն վաղը ՄԽ համանախագահներն իրենց հերթական այցն են կատարելու տարածաշրջան: Սակայն խնդիրը ոչ այնքան վերջիններիս հետ է կապված, որքան այն փաստի, որ, իրավիճակը նման լույսի ներքո ներկայացնելով, Լավրովն ուղղակի, թե անուղղակի հենց Հայաստանի շահերին է հարվածում, քանի որ ստացվում է, որ ձեռք բերված վերջին պայմանավորվածություններից հրաժարվում ու նախկին` 2007թ. դիրքերին է վերադառնում ոչ թե Բաքուն, այլ հենց Երևանը: Այսինքն` ապակառուցողականությունը դրսևորում է հայկական կողմը: Լավրովը նաև նշել է, որ հակամարտության գոտում ստեղծված ստատուս քվոյի շարունակումն անընդունելի է:

Թեեւ սա, ընդհանուր առմամբ, տեղավորվում է ՄԽ համանախագահող երկրների համաձայնեցված դիրքորոշման շրջանակում, սակայն խնդիրը Լավրովի կողմից բերվող հիմնավորումն է. "Առկա ստատուս քվոն նշանակում է ոչ միայն ադրբեջանական տարածքների վերադարձման, այլ նաև Հայաստանի շրջափակման հարցի չլուծում",- ասում է ՌԴ արտգործնախարարը: Նա փաստացի անտեսում է բանակցությունների ամենաառանցքային հարցը` ԼՂ կարգավիճակի հստակեցումը: Լավրովի մեկնաբանություններից կարելի է այնպիսի տպավորություն ստանալ, թե ընթացող, ավելի ճիշտ` սառեցված բանակցությունների ողջ իմաստն այդ տարածքները վերադարձնելու մեխանիզմների հստակեցման մեջ է:

Ըստ էության` Հարավային Կովկասում Մոսկվան սկսել է քաղաքական մանևրների նոր շրջափուլ: Դա առաջին հերթին ներառում է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգը, ինչն անհրաժեշտ է քաղաքական ու էներգետիկ ոլորտում տարածաշրջանում վերահսկողության լիարժեքության ապահովման համար: ՌԴ-ն արդեն սկսել է Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղի շահագործման նոր պայմանների շուրջ բանակցությունները ադրբեջանական կողմի հետ, և հասկանալի է, որ նման շտապողականությունը պայմանավորված է Ադրբեջանին Բաքու-Ջեյհան այլընտրանքային նավթամուղային նախագիծը վերակենդանացնելուն չմղելու մարտավարական խնդրով: Երկրորդը Իրանի և դրա շուրջը սեղմվող օղակն է, որտեղ Ադրբեջանին վերապահված է առանցքային դերակատարումներից մեկը: Մյուս կողմից, իհարկե, Հայաստանի արտաքուստ եվրոպականացման մղումները զսպելու խնդիրն է, ինչը, փաստորեն, Մոսկվան փորձում է լուծել թե՛ տնտեսական և թե՛ քաղաքական ճնշումներն ուժեղացելով: Սա խոսում է տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակի և դրանում Հայաստանի տեղը վերաճշգրտելու` ի հայտ եկող անհրաժեշտության մասին:

Գևորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ
yerkir.am

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2013  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Արխիվ