Այդ անձնավորության մականունն ու նրա խառնվածքը բոլորին հայտնի էր, արքունիքի որոշ պնակալեզները արդարանալով և նրան արդարացնելով ասում են, որ այդ մարդու հոգում թատրոն կա: Իսկապես կա թատրոն, բայց դա երևի աբսուրդի թատրոն է, և մենք նման թատրոնի հերթական ներկայացումը տեսանք ու դեռ կտեսնենք: Այս կադրային փոփոխությունները որակական չեն, այդ ամենը որևէ առնչություն չունի աշխատավոր ժողովրդի իրական կյանքի հետ: Այդ մարդիկ չեն ներկայացնում աշխատավոր ժողովուրդը, այն քաղաքացիներին, որոնց վճարված հարկերի շնորհիվ գոյատևում է կառավարությունը, խորհրդարանը, բազմաթիվ այլ պարազիտային հաստատություններ՝ հարկային, մաքսային և այլն:
Չեմ հավատում այդ փոփոխություններին, չեմ հավատում այդ ընտրություններին, չեմ հավատում բարեփոխություններին, որովհետև մենք ունենք անցյալի դառը փորձ, որևէ փոփոխություն հնարավոր է միմիայն ժողովրդի կամքով կատարված, ոչ թե իշխանափոխության, այլ համակարգափոխության դեպքում:
Իշխանափոխությունն այլևս Հայաստանը չի փրկի: Մարդիկ, ովքեր իշխանափոխություն են պահանջում, պահանջում են ընտրություններ՝ արտահերթ կամ հերթական, կամ սխալվում են, կամ գիտակցաբար թյուրիմացության մեջ են գցում ժողովրդին:
Հայաստանի փրկության համար համակարգային փոփոխություն է պետք, այն համակարգի, որի խորհրդանիշն են այս մականունով գործիչները, ովքեր չգիտես ինչու համարում են, որ դիվանագիտությունը, խորհրդարանական աշխատանքը դա բիզնես է, իսկ իրենք կարող են ստանալ հսկայական շահույթ ի հաշիվ ժողովրդի: Նախագահի հրամանով նշանակվեց, իր հրամանով էլ ազատվեց: Երևի զբաղված էր, դրա համար էլ ազատվեց: Ի դեպ, նույն օրը, նույն ժամին խորհրդարանում տեղի էր ունենում Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացը:
Խորհրդարանի իշխող մեծամասնությունը իր ղեկավարի՝ երևի ՀՀ նախագահի հրահանգով դուրս եկավ դահլիճից, և Արցախի ճանաչման ճակատագրական հարցը մնաց չորոշված: Նշանակում է, որ մեր խորհրդարանը և քաղաքական ղեկավարությունը համարում են, որ Հայաստանի խորհրդարանն ի վիճակի և ի զորու չէ և իրավունք չունի որոշել ազգի համար կարևորագույն հարցեր: Ուրեմն այդ հարցը որոշվում է այլ տեղերում, խորհրդարաններում՝ այլ երկրների հատուկ ծառայությունների խորհրդով: Դա ամենավառ օրինակն է մեր այսօրվա իրավիճակի:
ՏԻԳՐԱՆ ԽԶՄԱԼՅԱՆ
կինոռեժիսոր