Մինչ Հայաստանում սգում են ադրբեջանական դիվերսիայի հետևանքով հերոսաբար զոհված կրտեր սերժանտի մահը, հանրության մոտ այս օրերին հարցեր են առաջանում՝ իսկ ի՞նչ «հերոսություն» են ազգի համար արել պաշտոնյաների որդիները, նրանցից քանիսն են ծառայել սահմանում:
Ֆեյսբուք սոցիալական ցանցում օգտատերերից շատերն են այս օրերին հիշատակում, որ բացի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի որդիներից, մյուս պաշտոնյաների որդիները սահմանում չեն ծառայել կամ ընդհանրապես չեն ծառայել: Փոխարենը, հայ պաշտոնյաների որդիներն աչքի են ընկնում այլ «սխրագործություններով»՝ մարդ են ծեծում, պարբերաբար աչքի են ընկնում նողկալի պահվածքով, իրենց հայրերի շնորհիվ միլիոններ են կուտակում:
Մամուլի հրապարակման համաձայն՝ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Դուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանն իր ընկերների հետ երեկ դարձյալ աչքի է ընկել «հերոսությամբ»: Նա մեքենաներով մոտեցել է քաղաքապետ Սամվել Բալասանյանի առանձնատանը, նրա հասցեին հայհոյանքներ ու սպառնալիքներ հնչեցրել: Սպարտակ Ղուկասյանի անունը շրջանառվել է բազմաթիվ հանցագործությունների, այդ թվում սպանությունների հետ կապված գործերով: Սակայն իրավապահները նրան միշտ «համաներել» են: Իսկ Վարդան Ղուկասյանն ինքը, ըստ գյումրեցիների, ղարաբաղյան պատերազմի ժամանակ թիկունքում իր «պատերազմն» էր մղում՝ կուտակելով «նախնական կապիտալը»:
Օրերս «հերսությամբ» աչքի ընկավ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի որդին՝ Դավիթ Նավասարդյանը, ով ծեծկռտուքի մեջ էր մտել Գնունու շինանյութի շուկայի վաճառողներից մեկի հետ: Մինչ այդ, նա հարձակվել էր նստացույց անող ակտիվիստների վրա: Նա «գրանցվել» էր նաեւ թմրանյութերի հետ կապված ինչ որ պատմության մեջ: Նավասարդյանի որդին չպատժվեց, իսկ քաղաքապետարանի պաշտոնյան որդու արարքի պատճառով հրաժարական չտվեց: Ավելին, Հենրիկ Նավասարդյանն իր լծակների շնորհիվ որդու անունով գրանցված բիզնեսն է առաջ տանում. մամուլի հրապարակումների համաձայն՝ նրա 22-ամյա որդին հասարակական տրանսպորտի գծատերերից է:
Պարբերաբար իրենց «հերոսական» պահվածքով աչքի են ընկել նաև Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի որդիները, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդին, ով նախորդ տարի երկամսյա կալանքի էր վերցվել: Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդու և եղբոր որդիների անունները նույնպես պարբերաբար շրջանառվել են բազմաթիվ հանցագործությունների, այդ թվում սպանությունների հետ կապված գործերում: Վերջին դեպքը Բուդաղյանի սպանությունն էր: Սուրիկ Խաչատրյանի որդին ներկայում ազատության մեջ է:
Սահմանում իրենց որդիներին ծառայության ուղարկելու փոխարեն հայ պաշտոնյաները նրանց համար հասարակության հաշվին միլիոններ են ապահովում, իրենց որդիներին պաշտոնների տեղավորում այս կամ այն պետական հաստատություններում:
Մամուլի հրապարակումների համաձայն՝ խոշոր բիզնեսների են տնօրինում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի որդիները, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի որդին: Գագիկ Խաչատրյանն իր ունեցվածքի հայտարարագրում թեև խնամքով թաքցրել էր որդիների ունեցվածքի մասին տեղեկատվությունը՝ հայտարարագրելով միայն կնոջ ունեցվածքը, սակայն բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը նախորդ տարի պարզել էր, որ նրա անվան հետ կապվող մի շարք ընկերություններ, իրոք, պատկանում են ՊԵԿ նախագահի որդիներին, ևս չորս ընկերություններ՝ նրա հետ փոխկապակցված այլ անձանց` հորեղբոր եւ հորաքրոջ որդիներին:
Մեծ ունեցվածքի տեր է Երևանի միլիոնատեր քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով բանակում չի ծառայել: Նրա ունեցվածքի ծագումնաբանության հարցը հայտնվեց Հատուկ քննչական ծառայությունում, սակայն ՀՔԾ-ն մերժեց այդ հաղորդման քննությունը՝ պատճառաբանելով, թե այն ենթակա չէ քննարկման:
Այս շարքը կարելի է անվերջ շարունակել: Պաշտոնյաների որդիները կամ չեն ծառայում բանակում, կամ ծառայում են երեւանյան գիշերային ակումբներում ու սրճարաններում: Իսկ նրանց հայրերը ապահովում են նրան բարեկեցությունը, հանրության հաշվին: Նրանցից բավական լավ վաշտ կկազմավորվեր՝ սահման ուղարկելու համար: Թեեւ, նրանք թշնամու առաջին իսկ կրակոցից կփախչեին կամ կհանձնվեին, եւ նրանց «դուխից» բան չէր մնա:
http://www.lragir.am/index/arm/0/society/view/93868 ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
|