«Նոր էջ» թերթի ապրիլյան համարում տպագրված «Հանուն կարգ ու կանոնի» վերնագրով հոդվածում հեղինակ Եղիշե Սարգսյանը ոչ միայն թերթի ընթերցողների ուշադրությունն է հրավիրում հոդվածում տպագրված հարցերի վրա, այլև որոշ հարցերում նաև ԼՂՀ արհմիությունների ֆեդերացիայի:
Ըստ հեղինակի՝ «Պարզվում է, որ արհմիությունների հանրապետական խորհուրդն անտեղյակ է այս ամենից...»: Խոսքը Ստեփանակերտի կոշկի ֆաբրիկայում գործատուի պարտադրմամբ աշխատողներին աշխատանքից «սեփական կամքով» ազատման մասին դիմումներ գրելու մասին է, որն, ինչ խոսք, եթե դա իսկապես այդպես է, անօրեն է:
Նախ ասեմ, որ բարձրացված հարցի շուրջ հոդվածագրի հետ երկու անգամ զրույց եմ ունեցել և բացատրել խորհրդային և ներկայիս արհմիությունների կառուցվածքի ու գործունեության տարբերությունները՝ ըստ գործող օրեքների և կանոնադրության: Հիշեցնեմ, որ նախկինում միայն մարզարխորհուրդն է ունեցել կանոնադրություն և նրա ստորաբաժանումներն առաջնորդվել են դրանով: Ոչ մի արհեստակցական կազմակերպություն, մարզարհխորհրդից բացի, իրավաբանական անձ չէր հանդիսանում և գործում էր վերադաս-ստորադաս աշխատանքային սկզբուքը:
2003 թ. երբ ուժի մեջ մտավ «Արհեստակցական միությունների մասին» ԼՂՀ օրենքը , սկսվեցին ստեղծվել միություններ ու արհեստակցական կազմակերպություններ, որոնք գրանցված են պետռեգիստրում և իրավաբանական անձի կարգավիճակ ունեն: Նրանցից յուրաքանչյուրն ունի իր կանոնադրությունը և սեփական աշխատանքային պլան, ունի իր խորհուրդը, նախագահությունը, արհկոմը, վերստուգիչ հանձնաժողովը և տարեկան մեկ անգամ ֆինանսատնտեսական գործունեության մասին հաշվետվություն է ներկայացնում:
Բոլոր միությունները մտնում են ֆեդերացիայի կազմի մեջ, իսկ արհեստակցական կազմակերպությունները՝ համապատասխան ճյուղային կամ քաղշրջանային միությունների: Նշված կառուցվածքային ստորաբաժանումների հետ համագործակցությունը իրականացվում է պայմանագրային հիմունքներով՝ ըստ «Արհեստակցական միությունների մասին» ԼՂՀ օրենքի և ֆեդերացիայի կանոնադրության: Այսինքն՝ ֆեդերացիան պաշտպանում է իր կազմի մեջ մտնող միությունների շահերը տարբեր ատյաններում, ինչպես պետական, այնպես էլ՝ մասնավոր սեկտորում, առաջարկություններ ներկայացնում կառավարություն և Ազգային ժողով՝ անհրաժեշտության դեպքում գործող օրենքներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
Միայն 2009 թ. արհմիություններում մուտքագրվել է 850 դիմում, որոնց մեծ մասը վերաբերվում է աշխատանքային օրենսդրության խախտումներին, 100 հիմնարկ-ձեռնարկություններում ստուգվել են աշխատանքային պայմանագրերի առկայությունը, նրանցում օրենքի պահանջներով կատարվող գրառումները, 3000 արհանդամի ցուցաբերվել է անվճար իրավաբանական խորհրդատվություն, աշխատանքում վերականգնվել են գործատուի կողմից անօրեն ազատված և արհմիություններին դիմած 15 արհանդամներ:
Ինչ մնում է կոշկի ֆաբրիկայի արհկազմակերպությանը, այն միայն 2005 թվականին է դիմել՝ գործատուի կողմից աշխատանքային պայմանագրերի սխալ կազմման հարցով, որից հետո ֆեդերացիան գործատուից պահանջել է աշխատանքային պայմանագրի մեկ օրինակ, ուսումնասիրել այն և հայտնաբերել, որ նրա 15 կետերից 6-ը չեն համապատասխանում «Աշխատանքային օրենսգրքի» պահանջներին: Իսկ դրանցից ամենակարևորն այն է, որ գործատուն աշխատողների աշխատավարձերից անօրեն 9 տոկոս պահումներ էր կատարում, ստեղծում արձակուրդային ֆոնդ, որպեսզի աշխատողներին արձակուրդ տրամադրելու դեպքում վճարումներ իրականացնի: Բոլոր վեց անօրեն կազմված կետերը ֆեդերացիայի և պետական համապատասխան կառույցի միջամտությամբ համապատասխանեցվել են գործող օրենքին: Նշեմ, որ հինգ տարի առաջ բարձրացված այս հարցից հետո ֆեդերացիան կոշկի ֆաբրիկայի արհեստակցական կազմակերպությունից ոչ մի դիմում-բողոք չի ստացել:
Նշեմ նաև, որ մեր զրույցի ժամանակ Ե. Սարգսյանը խոսել է կոշկի ֆաբրիկայում և առևտրի օբյեկտներում գործատուների կողմից աշխատողների իրավունքների ոտնահարման մասին: Նա առաջարկել էր ստեղծել հանձնաժողով, որի մեջ ինքն էլ լինի, որպեսզի ստուգումներ իրականացվեն հիշյալ օբյեկտներում:
Ես նրան բացատրել եմ, որ ըստ արհմիությունների մասին ԼՂՀ օրենքի, մենք իրավունք չունենք ստուգումներ իրականացնել, որովհետև կան վերահսկողություն իրականացնելու մասին իրավական ակտեր, ըստ որոնց վերահսկողությունն իրականացնում են համապատասխան մարմինները: Ցավոք, այդ ցանկում արհմիությունները չկան: Չմոռանանք նաև, որ ըստ դիմում-բողոքների մասին ԼՂՀ օրենքի, դիմում-բողոքները ենթակա են քննարկման միայն այն դեպքում, երբ առկա է ինչպես դիմում-բողոքը, այնպես էլ՝ բողոքատուի ստորագրությունը և հասցեն:
Կրկնում եմ, ԼՂՀ արհմիությունների ֆեդերացիան ոչ մի դիմում-բողոք չի ստացել կոշկի ֆաբրիկայի արհեստակցական կազմակերպությունից:
ԱՐԱ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ ԼՂՀ արհմիությունների ֆեդերացիայի նախագահ
|