Գլխավոր » ԿՐԵՄԼԸ ԸՆԴԴԵՄ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՄԱՆ
ԿՐԵՄԼԸ ԸՆԴԴԵՄ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՄԱՆ
13:18
«Ստատուս-քվոն անընդունելի է բոլորի համար, առաջին հերթին Ադրբեջանի, Հայաստանի, եւ նրանց համար, ովքեր ապրում են Լեռնային Ղարաբաղում՝ ես դրանում խորապես համոզված եմ: Ստատուս-քվոն նշանակում է ոչ միայն ադրբեջանական տարածքների վերադարձի հարցի չկարգավորվածություն, այլ նաեւ Հայաստանի տնտեսական շրջափակում, դրա համար էլ այստեղ որեւէ մեկին պետք չէ համոզել այդ կարգավիճակի անընդունելիության հարցում», Մոսկվայում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:

Լավրովը նաեւ հայտարարել է, որ Ռուսաստանի համար ստատուս-քվոն անընդունելի է, որովհետեւ «իրենց հարեւանների, բարեկամների միջեւ երկար եւ բարդ հակամարտություն է», իսկ հանգստությունն ու կայունությունը Կովկասում Ռուսաստանի համար հանդիսանում է արտաքին քաղաքական առաջնահերթություն:

Այն, որ Ռուսաստանի իշխանությունը կարող է անել հայտարարություններ, որոնք ոչ միայն չեն համապատասխանում Հայաստանի շահին՝ որպես Ռուսաստանի դե յուրե ռազմավարական դաշնակից, այլ նույնիսկ հայ ժողովորդի արժանապատվությունը կարող են ոտնահարել, դարձել է սովորական բան:

Ռուսաստանի որեւէ հայտարարություն Հայաստանում չի արժանանում քաղաքական համարժեք արձագանքի: Լռում է թե իշխանությունը, թե ընդդիմությունը: Եվ եթե իշխանության դեպքում պարզ է, թե ինչով է պայմանավորված լռությունը, ապա ընդդիմության դեպքում ամեն ինչ առավել քան նողկալի է: Անգամ այսպես ասած ազգայնական դիրքերից հանդես եկող քաղաքական ուժերը չեն համարձակվում հստակ գնահատականներ տալ Ռուսաստանի հայտարարություններին: Թեեւ, խոշոր հաշվով, իհարկե լավ էլ պարզ է, թե ինչով է պայմանավորված այդ տոտալ լռությունը: Որովհետեւ ընդդիմություններն իրենց հաղթանակների եւ պարտության կնիքները ստանում են Մոսկվայում, հետեւաբար իշխանությունից ավելի պակաս կախված չեն մոսկովյան տրամադրություններից:

Արդյունքում, ՌԴ-ն շարունակում է անել հայտարարություններ, որոնք հակասում են Հայաստանի ռազմավարական շահին:
Իսկ ինչու՞ հանկարծ Մոսկվան որոշեց խոսել ստատուս-քվոյի անընդունելիության մասին:
Արդյոք այն պատճառով, որ համաշխարհային քաղաքականության այսպես ասած երկրորդային շուկայում Ղարաբաղի անկախության ճանաչման գործընթացը բավական դինամիկ թափ է հավաքել, ինչը Ռուսաստանին սպառնում է տարածաշրջանում ազդեցության որոշակի կորստով, որովհետեւ ամենակարեւորը՝ կկորչի այն միֆը, որ Ռուսաստանն է հայ ժողովրդի միակ բարեկամը:

Իսկ Ռուսաստանի տարածաշրջանային ազդեցության զգալի մասը հիմնված է հենց այդ միֆի վրա: Մոսկվան կարող է կորցնել իր ազդեցությունը ստատուս-քվոյի վրա, ինչքան որ ավելի միս ու արյուն ստանա ճանաչման գործընթացը, թեկուզ երկրորդային հարթության վրա:

Ահա թե ինչու է Կրեմլը փաստացի դուրս գալիս Ղարաբաղի միջազգային ճանաչման գործընթացի դեմ եւ հիշեցնում, որ ստատուս-քվոն պահելն անընդունելի է, մոռանալով, որ այդ ստատուս-քվոն ռազմավարական դաշնակցի թանկ արյան գնով ձեռք բերած հաղթանակն է, անվտանգությունը, որի կորուստը նշանակելու է նաեւ անվտանգության կորուստ եւ անվտանգության ապահովման հարցում ինքնուրույնության զգալի կորուստ:

Հայաստանում իհարկե Լավրովի հայտարարությունները կշարունակեն մատնվել լռության: Ինչ իմանաս, մեկ էլ տեսար Ռուսաստանը դեռ հրավերներ ունի Հայաստանի ընդդիմադիրների կամ այլընտրանքայինների համար պահած: Չարժե հրավիրվել Մոսկվա հայհոյանք լսելու եւ զրկվել Հայաստանում հայհոյելու ռեսուրսներից:

ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
lragir.am

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2013  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Արխիվ