Գլխավոր » ԼՂՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ԱՐԴԻ ՓՈՒԼՈՒՄ
ԼՂՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ԱՐԴԻ ՓՈՒԼՈՒՄ
21:40
Օրերս լույս է տեսել ԷԴՈՒԱՐԴ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ «Պարենային 
համակարգը Արցախ-Ղարաբաղում (300 և 500 հազար բնակչի 
հաշվով)» գիրքը, որը գիտարտադրական 
վերլուծությունների տեղեկատու է։
Կարծում ենք, գիրքը հետաքրքրություն է ներկայացնում 
ինչպես գյուղատնտեսության ոլորտի, այնպես էլ մարդկային 
ռեսուրսների զարգացման դինամիկայով զբաղվող 
մասնագետների ու ընթերցողների լայն շրջանակների համար:
Ներկայացնում ենք հատված այդ գրքից։ 

Համաշխարհային տնտեսական զարգացումը արդի փուլում արագորեն թևակոխում է գիտելիքի դարաշրջան, որը թելադրում է տարածքային համահունչ մոտեցում զարգացած և զարգացող երկրների տնտեսական մակարդակների մեծ տարբերությունները համահարթելու համար, որպես 21-րդ դարաշրջանի ծնունդ ու մարտահրավեր:

Գյուղատնտեսությունը ԼՂՀ գերակա ոլորտներից մեկն է: Երկրի կառավարման տարբեր մակարդակներում բազմիցս է անդրադարձ կատարվել նրա սոցիալ-տնտեսական նշանակությանն ու դերին, երկրի պարենային անվտանգության ապահովմանը, գյուղական համայնքների ամրապնդմանը՝ աղքատության հաղթահարման գործընթացներում: Սոցիալ-տնտեսական առումով, գյուղատնտեսության դերը գնահատվում է նաև նրանով, որ ներկա պահին երկրի բնակչության մոտ կեսն ապրում է գյուղական բնակավայրերում, իսկ գյուղատնտեսության ոլորտի համախառն արտադրանքի տեսակարար կշիռը երկրի համախառն ներքին արդյունքում թեկուզ ներկա պահին գտնվում է 15-16%-ի սահմաններում, այնուամենայնիվ, մոտ ապագայում ոտքի կանգնելով, այդ ցուցանիշը կհասնի մինչև 30%-ի սահմանները:

Հանրապետության տնտեսական անվտանգության համատեքստում ագրարային ոլորտի ռազմավարական զարգացման հիմնական նպատակն է բնատնտեսական ներուժի արդյունավետ ու հավասարակշռված օգտագործման արդյունքում անհրաժեշտ նախադրյալներ ստեղծել ոլորտի կայուն գործունեության ապահովման համար: Մինչդեռ մենք այսօր գյուղատնտեսության ոլորտում չունենք մշակված, գիտականորեն հիմնավորված զարգացման համընդհանուր ծրագրեր: Հետևապես ուր ենք գնում, ինչ ենք ստեղծում, չեմ հասկանում: 

Պետությունը մեծ կապիտալ ներդրումներ է կատարում գյուղական վայրերում, այնքան շատ, որ չես էլ կարող համատեղել նախկին կարգերում կատարվածների հետ: Որտեղ ներկա դրությամբ հատիկահավաք կոմբայնների քանակը հասել է 301-ի, որից միայն 10-ը ձեռք է բերվել 2012 թվականին: Վատն այն է, որ նրանցից ոչ բոլորն են մասնակցել բերքահավաքին, ձգձգվել է բերքահավաքը՝ կորստի պատճառ դարձել: Այստեղ խանգարել են նաև եղանակային պայմանները: 

Այնուամենայնիվ, 2012 թ. հացահատիկի արտադրությունը առաջին անգամ 20 տարում կհասնի 100 հազար տոննայի, որին բացասաբար են անդրադառնում նաև բերքատվության, մեծ չափերի հասնող տատանումները (10-16 և 45-50 ցենտեր հեկտարից): Միանգամայն արտոնյալ պայմաններ են ստեղծված հողագործի, անասնապահի համար: Բայց և ոչ մի արտադրաճյուղում կոնկրետացված չեն մեր անելիքները, հատկապես հողերի խոշորացման, կոոպերատիվների ու ֆերմերային տնտեսությունների զարգացման գործընթացներում: Այստեղ նկատվում է անթույլատրելի դանդաղկոտություն, իսկ մեխանիզատորը այսօր բերքահավաքի ժամանակ արդեն պահանջում է հողերի, ցանքերի խոշորացում և համատեղ աշխատանքների կազմակերպում գոնե հարթավայրային գոտիներում: 

Քաշաթաղում և Քարվաճառում գյուղացիական տնտեսությունները նոր են ձևավորվում: Բայց նրանք, ոչ իրենց մեղքով, իհարկե ավելի շատ են կապված դրսի շուկայի հետ, քան Արցախ-Ղարաբաղի ներքին շուկային: Չէ՞որ մեր երկրի ամեն մի գյուղացիական տնտեսություն, բացի դրսի շուկայից, պարտականություն ունի նաև ներքին շուկայի պահանջները բավարարելու համար: Օրինակ՝ մեղրի արտադրության հիմնական մասը կատարվում է նշված 2 շրջաններում: Մինչդեռ ներքին շուկայում՝ Ստեփանակերտ, Շուշի և հանրապետության այլ քաղաքներում մեղրի վաճառք չի կազմակերպվում, հատկապես մեղր արտադրողները չեն ապահովում անգամ մանկապարտեզների պահանջը: Միանգամայն ցածր գներով մեղրը հանրապետությունից դուրս է բերվում, իսկ ներքին շուկա հանելուց էլ բարձր գին է նշանակվում՝ 1 կգ-ը 2500 և ավելի դրամ:

Արցախ-Ղարաբաղի երբեմնի բարգավաճ գյուղատնտեսության ոլորտը հիմնահատակ քայքայվեց ու փոշիացավ նրա ունեցվածքը անցյալ դարի 90-ական թվականների սկզբին, երբ մի հարվածով լուծարվեցին կոլեկտիվ տնտեսություններն ու խորհտնտնտեսությունները, այնպես և դրանց սպասարկող միջտնտեսային անասնապահական համալիրները: Այժմ խոշոր հողատեր տնտեսություններին փոխարինելու եկան հազարավոր մանր գյուղացիական, մասնատված հողակտորներով տնտեսություններ: Մանր մասնատված հողատարածություններով, սեփականատեր գյուղացին անցած 20 տարվա ընթացքում նորից վկայեց, որ նա լրիվությամբ սպառել է իրեն և այլևս ի զորու չէ բավարարել երկրի բնակչության պահանջը՝ պարենամթերքների նկատմամբ, որն ավելի աչքի զարնվեց ընթացիկ տարվա բերքահավաքի ընթացքում։ Իսկ մենք լուռ ու մունջ սպասում ենք ինչ-որ հրաշքի, որը չի եղել և այժմ էլ չի կարող լինել: Ուստի, եթե ոչինչ կոնկրետ չփոխվի այս ոլորտում, ապա մեր պարենային համակարգը դեռ այսպես երկար կմնա կախված սպեկուլյանտից, որը երբ ցանկանում է, այն ժամանակ էլ սեղմում է գնագոյացման պտուտակը:

Երբեմն (թեկուզ կրկնողություն լինի) ինքս ինձ հարց եմ տալիս, բայց մինչև հիմա չեմ գտնում նրա իրական պատասխանը: Վերջապես այժմ ո՞ւմ է պատկանում հողը: Կլինեն այնպիսիները, որ կասեն՝ սեփականատեր հողագործին: Բայց եթե այժմ ամբողջ հողատարածությունների հազիվ 1/3-ն է սեփականաշնորհված, իսկ 2 անգամ ավելին մնացել է անմշակ, վերածվել խամ ու խոպանի, ապա դա ո՞ւմ է պատկանում: Եթե պետությանը կամ գյուղապետարանին, ապա ինչո՞ւ նրանք դրան տեր չեն կանգնում: Իսկ սա մինչև ե՞րբ...

Այդ այն դեպքում, երբ մենք նոր ծրագիր ենք մշակում Արցախ-Ղարաբաղում բնակչության թվաքանակը հասցնել 300 և 500 հազար մարդու, որը զուգահեռաբար կպահանջի նաև պարենային մթերքների արտադրության ավելացումը:

Բայց անհասկանալի է մնում նաև մթերատու անասնագլխաքանակի ոչ անհրաժեշտ տեմպերով զարգացման գործընթացքը, երբ դրա համար առկա են բոլոր անհրաժեշտ բնական ռեսուրսները: Նախկինի համեմատ մթերատու անասնագլխաքանակը՝ խոշոր եղջերավոր անասունների նախիրը կիսվել է, խոզերինը, այծ ու ոչխարինը՝ նվազել ավելի քան 10 անգամ: Այդ այն դեպքում, երբ այսօր մեր հողատարածությունները ավելացել են մոտ 2.5-3 անգամ: Արդյունավետ չեն օգտագործվում անծայրածիր արոտավայրերն ու խոտհարքները: Իսկ սակավ բերրիությամբ գյուղամերձ արոտավայրերի հաշվին, կիսաքաղց վիճակում պահված անասունից ի՞նչ տոհմ ու ի՞նչ մթերատվություն կարելի է պահանջել: Ճիշտ է ասված, որ «կովի կաթը գտնվում է նրա լեզվի վրա» (ընդունած կերի չափի մասին է խոսքը):

Միանգամայն դանդաղ է կարգավորվում տավարի տոհմային հատկանիշների բարելավումը։ Իսկ կովերի արհեստական սերմնավորումը դեռևս մասսայական բնույթ չի կրում: Տոհմային անասունների վաճառքի գները այնքան բարձր են, որ գյուղացին ի զորու չէ մոտենալ նրան: Հրամայական պահանջ է դարձել այդ անասունների վաճառքը կազմակերպել բանկային վարկերի կամ փոքր հասակից արդեն կազմակերպված ֆերմերներին նվիրատվությունների միջոցով՝ պետության հաշվին: 

Վերջին հաշվով, մի՞թե թույլատրելի է՝ ունենալ բարձրարժեք տոհմային արտադրող ցուլիկներ, և նրանց մատնել անգործության, միանգամայն մոռանալով նրանց կենսական ծերացման ու կարողությունների նվազեցման հարցերը, իսկ նրանց պահպանման ու կերակրման համար կատարել ավելի մեծ ծախսեր, քան նրանց վաճառքի սկզբնական գներն էին: Ո՞վ է շահում նման գործողությունից, իհարկե՝ ոչ մեկը: Իսկ արտադրությունը այլ բան է հուշում՝ ինչքան հնարավոր է ավելի շուտ և ավելի շատ տոհմային ցուլիկներ ընդգրկել նախիրի տոհմային աշխատանքների բարելավման գործընթացներում: Դրա հետ միասին՝ գյուղերում չեն նկատվում էնտուզիաստ երիտասարդներ, որոնք որպես տոհմակայանի աշխատակիցներ կկարողանային տոհմային արտադրող ցուլ ձեռք բերել և կոոպերատիվ հիմունքներով կազմակերպել կովերի սերմնավորումը գոնե մեկ առանձին համայնքում:

Այնուամենայնիվ, վերջին մի քանի տարվա եկամուտների աճի տեմպերը գյուղատնտեսության ոլորտում հույս ու հավատ են ներշնչում հանրությանը, որ ոլորտն աստիճանաբար ոտքի կկանգնի և Արցախը կվերածվի մի հզոր ու բարգավաճ երկրամասի, իր զարգացած գյուղատնտեսության ոլորտով, մթերքների վերամշակման կոոպերատիվների լայն ցանցով, կաթի ընդունման և մսի մթերման կետերով ու այգետարածություններով, որտեղ կաճեցվեն խաղողի վազի ու նռենու, թզենու և այլ պտղատու ծառատեսակներ:

Մեզ մոտ՝ Արցախում հեռանկարային է նաև մեղվաբուծությունը, որը վկայում է նրա աճի բուռն տեմպերը, հատկապես Քաշաթաղի և Քարվաճառի (այժմ՝ Շահումյանի) շրջաններում, որտեղ հնարավոր է նաև էկոլոգիապես մաքուր մեղրի ստացման արտադրությունը՝ միջազգային շուկաներ առաքելու համար:

Ընթացիկ տարվա բերքի տակ նախորդ աշնանը կատարվել է ավելի քան 51 հազար հեկտար աշնանացան, իսկ ընթացիկ տարվա գարնանացանի ցանքատարածությունները անցնում են 11 հազար հեկտարից: Հաշվի առնելով նախորդ տարվա սխալները, երբ 5000 հեկտար եգիպտացորենի մի մասը հողագործը չկարողացավ ոռոգել, մի մասն էլ բերք չապահովեց, ընթացիկ տարում եգիպտացորենի ցանքատարածությունները կրճատվել են 2000-2500 հեկտարով, դժվարացնելով կերարտադրության հարցերը՝ այն փոխարինելով 580 հա հնդկացորենի ցանքերով, որի փորձարկումները տվել են դրական արդյունքներ:

ԷԴ. ԳԱՍՊԱՐՅԱՆ

Որոնում

Օրացույց

«  Հոկտեմբեր 2012  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Արխիվ