Գլխավոր » Մարդը՝ սոցիալական ցանցերի գերակայության տակ
Մարդը՝ սոցիալական ցանցերի գերակայության տակ
13:54

Մեր դարաշրջանը տեղեկատվական տեխնոլոգիաների, համակարգիչների, համացանցի դարաշրջան է։ Տարեցտարի մարդն ավելի ու ավելի խորն է թափանցում վիրտուալ համակարգչային աշխարհ։ Շատ մարդկանց համար էլեկտրոնային աշխարհը վաղուց արդեն իրական աշխարհի տեղն է զբաղեցրել այնպես, ինչպես և վիրտուալ հաղորդակցությունը տեխնիկայի հետ ինչ-որ տեղ փոխարինեց ուղղակի մարդկային շփմանը։ Ժամանակակից մարդն ավելի ու ավելի քիչ է շփվում այլ մարդկանց և բնության հետ, փոխարինելով այդ ամենը համակարգչային աշխարհի վիրտուալ տարածքների հետ։

Վիրտուալ շփում, վիրտուալ մտածելակերպ, վիրտուալ բնություն, վիրտուալ աշխարհ, ամրոցներ, սեր, քաղաքներ և, ի վերջո, վիրտուալ կյանք, որը ոչ մի իմաստ չունի։ Ահա թե ինչպես են համակարգիչները մարդկանցից խլում իրենց ընկերներին, սիրելիներին, իսկ ժամանակակից աշխարհում նաև մայրերին ու հայրերին, իսկ այդ մարդկանցից՝ կյանքը։

 Տարբեր սոցիալական կայքեր մեծ ճանաչում ունեն բնակչության տարբեր հատվածներում և ցանկացած տարիքի մարդկանց շրջանում։ Բոլոր սոցիալական կայքերի սկզբնական մտահղացումը բացարձակապես անմեղ է եղել, քանի որ նպատակը այն էր, որպեսզի հնարավորություն տրվեր տարբեր պետություններում, քաղաքներում ապրող ընկերներին, բարեկամներին շփվել, կիսվել կարծիքներով, նոր ծանոթություններ ստեղծել և այլն։ Սակայն, սոցիալական կայքերի շուրջ ստեղծված իրավիճակը մեկ այլ բան է ասում. այդ անմեղ մտադրություններն, ընդհակառակը, ավելի շատ վնաս են հասցնում հասարակությանը։

 Մեր՝ ժամանակի հետ առաջ ընթանալը, մեզ տարել է դեպի վիրտուալ կախվածություն։ Մարդիկ վերածվում են մեքենաների։ Եվ ինչպես արդեն նշել ենք, մարդիկ սկսում են ապրել վիրտուալ կյանքով՝ վիրտուալ շփմամբ։ Այդ ամենը կամաց-կամաց վերացնում են իրական մարդկային զգացմունքները և զգացողությունները։ Մարդկանց մեծամասնությունը տոները նշում է վիրտուալ՝ բացիկը կպցնելով ընկերոջ պատին։ Նրանց համար ավելի հեշտ է մարդկանց հետ շփվել հաղորդագրությամբ, քան նրանց հետ հանդիպելով։ Երեխաներն իրենց ընկերների հետ նույնպես խաղում են համացանցում, այլ ոչ թե բակում, ցանցերը զրկում են այդ մարդկանց իրական աշխարհի հետ շփումից, իսկ երեխաներին՝ մանկությունից։

 Մարդիկ, ովքեր տարված են սոցիալական ցանցերով, պարզապես կորցնում են իրենց ինքնությունը, նրանք կորցնում են զգացմունքները, օր ու գիշեր «կախվում են» ցանցերում, արհամարհում են աշխատանքը, իրենց անձնական և հոգևոր զարգացումն ու առհասարակ կորցնում են շրջակա աշխարհի, մարդկանց հանդեպ ուշադրությունն ու հետաքրքրությունը։ Իր բացասական կողմերի հետ մեկտեղ, համացանցն ունի, սակայն, բազում դրական կողմեր. ուղղակի պետք է կարողանալ ճիշտ և նպատակային օգտագործել այն։

    ՔՐԻՍՏԻՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Լրագրություն, 4-րդ կուրս

 


Որոնում

Օրացույց

«  Մայիս 2014  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Արխիվ