Գլխավոր » Մենք դեռեւս ապրում ենք Չարենցին սպանած երկրում
Մենք դեռեւս ապրում ենք Չարենցին սպանած երկրում
20:49

 

Երբ Չարենցի ծննդյան օրով երկրիդ մեծ ու փոքր, գլխավոր ու անգլխավոր լրատվականներն իրենց եթերը չեն սկսում Չարենցով, երբ Չարենցին անդրադառնում են երրորդ դասարանում վատ սովորող աշակերտի տեքստով, երբ Չարենցին նվիրված իրենց խելքին հարիր միջոցառումը, նույնիսկ, ցույց են տալիս զբոսանքի գնալուց առաջ իր շքամուտքում պարող` ամերիկաներում, թե որտեղ ապրող ցնդած մի պառավի պարը ցույց տալուց հետո, սա արդեն բաց, ուղիղ մարտահրավեր է:

 

Երբ Չարենցի ծննդյան օրը սովորական մեռելի մի ծաղկեպսակ են դնում Չարենցի հուշակոթողին, երբ բերման ենթարկված աշակերտները Մովսեսի միջանցքը բացած սպասում են այդ ծաղկեպսակը բերող չինովնիկներին ու չինովնիկուհիներին, երբ նույնիսկ Չարենցի հուշարձանը Չարենցի ծննդյան օրով անգամ մի կարգին չեն մաքրում, ու չկա Չարենցի տոն, Չարենցի ծես, Չարենցյան ազատություն, Չարենցյան միտք, Չարենցյան շունչ, Չարենցի խոսքը չկա, սա արդեն անարգանք է` սեփական տխուր մանկությունը հիշելու պատրանքով, երբ պիոներական վզկապներով ու միշտ պատրաստ սպասում էին իրենց ժամանակի չինովնիկներին ու չինովնիկուհիներին, որ ծաղկեպսակներ դնեն լենինների հուշարձաններին:

 

Երբ այս ամենը ցույց տալուց առաջ ասում են, որ Չարենցը մեծ հայ է, բոլոր ժամանակների խոշոր գրողը, որ Չարենցը հալածված էր իր իսկ սեփական հայրենիքում, սա արդեն նողկանք առաջացնող երեսպաշտություն է:

 

Երբ այսպես անթաքույց հայից հեռացած, հայությունից հեռացած, Չարենցից հեռացած, Չարենցի ծննդյան օրը գիտաժողովներ են անում` քննարկելու, պարզելու հայի ինքնությունը, երբ այդ ինքնությունը Չարենցի տողերում է, Չարենցի խոսքում է, Չարենցի Նաիրի երկրում է, Չարենցի ուղեղային մորմոքում է, ու հայտարարում են, որ այդ գիտաժողովները դեռ պետք է տանեն երկրե երկիր, սա արդեն պետական միջոցների յուրացում է, վատնում է` քրեորեն պատժելի հանցագործություն:

 

Չարենցին իր իսկ սեփական հայրենիքում հալածում էին, այո: Հալածում էին, երբ այդ հայրենիքում մոլեգնում էր տգիտությունը, ստորությունը, դավաճանությունը, երբ այդ հայրենիքում իշխում էին կամակատարները, խամաճիկները, երբ այդ հայրենիքով լայնորեն քայլում էր խրոմե սապոգը: Այսօր ինչո՞ւ ենք Չարենցին հալածում իր արդեն քսան տարի անկախ սեփական հայրենիքում, որը նաեւ պետություն է: Ինչո՞ւ այդ հայրենիքը, այդ պետությունը դեռ Չարենցինը չէ: Ինչո՞ւ Չարենցի պետությունը չէ Հայաստանի Հանրապետությունը:

 

Չարենցը`մեծ, շա՜տ մեծ, հզոր, հակասական, խենթ, պայքարող, իր կյանքը դաժանորեն ապրած, իր կյանքը չապրած, իր խոսքի, իր մտքի, իր սիրո, իր խելառությունների, իր մոլորությունների մեջ անգամ տիեզերական Չարենցը իր մասին իր պետության նկարահանած կինոն չունի, իր պետության բեմադրած թատրոնը չունի, իր պետության ձոնած օպերան չունի: Առ այսօր չունի: Ու սա արդեն ազգային անվտանգության խնդիր է:

 

Ու չի ունենալու, ցավոք, քանի դեռ ապրում ենք Չարենցին սպանած երկրում:

 

Արայիկ ՄԱՆՈՒԿՅԱՆ 

 

Որոնում

Օրացույց

«  Մարտ 2014  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Արխիվ