Գլխավոր » «ՄԵՆՔ՝ ԿԻՆ ՈՍՏԻԿԱՆՆԵՐՍ, ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆՔ ԽՍՏՈՒԹՅՈՒՆԸ ԶՈՒԳՈՐԴԵԼ ՄԵՂՄ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՀԵՏ»
«ՄԵՆՔ՝ ԿԻՆ ՈՍՏԻԿԱՆՆԵՐՍ, ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆՔ ԽՍՏՈՒԹՅՈՒՆԸ ԶՈՒԳՈՐԴԵԼ ՄԵՂՄ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՀԵՏ»
21:37
Պարեկապահակետային ծառայության նորաստեղծ 
հատուկ ստորաբաժանման ոստիկանները մարտ ամսից 
ծառայություն են իրականացնում Երևանի Փոքր 
Կենտրոնում: Նպատակը՝ հասարակական վայրերում և 
զանգվածային միջոցառումների ժամանակ պահպանել կարգ ու 
կանոնը, հասարակության մոտ ձևավորել ոստիկանի նոր կերպար: 
Հատուկ ստորաբաժանումն աչքի է ընկնում նաև այն 
հանգամանքով, որ գումարտակում կան աղջիկ ոստիկաններ, 
թվով 14 հոգի: Առաջիկայում նախատեսվում է նրանց թիվն 
ավելացնել:
Մինչ ծառայության անցնելը՝ ոստիկանները վերապատրաստվել 
են: Տիրապետում են օտար լեզուների, մարտարվեստի հնարքների, 
բանակցելու, առաջին բուժօգնության հմտությունների և այլն… 
Գրեթե բոլոր ոստիկաններն ունեն բարձրագույն կրթություն: 
Տարբերվում է նրանց նաև համազգեստը՝ նրանք 
խաղաղության հրեշտակներ են:
Իրավաբան.net-ը զրուցել է Պարեկապահակետային 
ծառայություն իրականող հատուկ ստորաբաժանման ոստիկան, 
լեյտենանտ ԷԼԵՆ ԲԱԲԱՅԱՆԻ հետ:

Փաստեր
2006 թվականին ավարտել է Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցը:
2006-2010 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի մշակութաբանության ամբիոնում:
2010-2012 թթ. սովորել է նույն ամբիոնի մագիստրատուրայում: Ավարտել է կարմիր դիպլոմով:
2012 թվականի մայիսից աշխատում է ոստիկան պարեկապահակետային ծառայության նոր ձևավորված հատուկ ստորաբաժանումում:

- Կարծում են՝ փոքր ժամանակ ռետինե մահակ, ձեռնաշղթա, սուլիչ ու առաջին բուժօգնության պարագաներ ունենալու մասին չեք երազել: Առավել ևս, որ մշակութաբանի մասնագիտացում ստանալով՝ այսօր դառնալու եք ոստիկան: Ինչպե՞ս որոշեցիք ընտրել ոստիկանի աշխատանքը:
- Իհարկե, փոքր ժամանակ ոստիկան դառնալու մասին չեմ երազել, մտքովս էլ չի անցել, սակայն մագիստրատուրայի վերջին կուրսում դասախոսի կողմից առաջարկ եղավ փորձել ուժերը նաև ոստիկանության համակարգում: Հարցազրույցով անցա աշխատանքի… Չեմ մտքափոխվել, որ այս համակարգում եմ: Սիրում եմ ոստիկանի աշխատանքը:

- Ինչպիսի՞ն էր Էլեն Բաբայանը մանկության տարիներին:
- Ավելի համարձակ եմ եղել, փորձում էի խաղերի ընթացքում անպայման հաղթել: Հաճախել եմ պարի, երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժին:

- Համոզված եմ՝ հակառակ սեռի ներկայացուցիչները մեծ հիացմունքով են նայում կին ոստիկաններիդ: Իսկ ինչպիսի՞ն է քո վերաբերմունքն աշխատանքիդ նկատմամբ:
- Քանի որ հասարակական վայրերում ծառայություն ենք իրականացում, քաղաքացիներն ու զբոսաշրջիկները մեծ հիացմունքով են նայում: Մոտենում են, հարցնում թե ինչ առաքելություն ունենք: Սկզբում մտածում էին, որ մենք բույժքույրեր ենք, սակայն արդեն սովորել են մեզ՝ որպես ոստիկանի: Հիացմունքով նայում են և՛ հակառակ սեռի ներկայացուցիչները, և՛ կանայք, և՛ երեխաները: Սկզբում մի փոքր անսովոր էր կին ոստիկան տեսնելը, սակայն գնալով ավելի վստահում են մեզ՝ տեսնելով մեր աշխատանքը, նվիրվածությունն ու հարկ եղած դեպքում օգնելու պատրաստականությունը: Իհարկե, մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերում աշխատանքիս, այլ կերպ չէր էլ կարող լինել:

- Ի՞նչ հետաքրքիր դեպքեր կամ հաճոյախոսություններ են հնչում ծառայության ժամանակ:
- Շատ են լինում… Հիմնականում ասում են, որ հավանում են մեր համազգեստը: Կանայք նշում են, որ ուրախ են կին ոստիկան տեսնելով, քանի որ կարող են դիմել այնպիսի հարցերով, որով չէին դիմի տղամարդ ոստիկաններին: Տարեցներն էլ ասում են, որ մեր հայտնվելով մթնոլորտը փոխվում է:

- Ովքե՞ր կարող են դիմել դրսում պարեկապահակետային ծառայություն իրականացնող ոստիկաններին:
- Կարող է դիմել ցանկացած ոք: Դիմում են ամենատարբեր հարցերով՝ տուրիստները կարող են որևէ վայրի տեղ հարցնել, ցանկանան խոսել կամ նկարվել մեզ հետ: Իսկ մեր քաղաքացիները հետաքրքրվում են նաև, թե ինչ գործառույթներ ունենք մենք: Շատ երեխաներ, մեզ տեսնելով, հաճախ ասում են, որ մեծանան ոստիկան են դառնալու: Մենք տիրապետում ենք մի շարք հմտությունների մարդկանց օգտակար լինելու համար:

- Բացի դրսում ծառայություն իրականացնելուց՝ նաև դասերի եք մասնակցում: Կմանրամասնե՞ք, թե ի՞նչ եք անում դասերի ժամանակ:
- Ծանոթանում ենք ոստիկանների աշխատանքին առնչվող օրենքներին, հավաքների ժամանակ ոստիկանի գործողություններին՝ օրենքով սահմանված կարգով, ուսումնասիրում ենք զենքի կիրառման և գործադրման դեպքերը: Անցնում ենք նաև հոգեբանություն, քանի որ հոգեբանությունը սերտ կապի մեջ է մեր մասնագիտության հետ: Մարմնամարզությամբ ենք զբաղվում, ձեռնամարտի հնարքներով և այլն:
Վերջացրել ենք առաջին բուժօգնության դասընթացը, ուսումնասիրել ենք քրեական, քրեադատավարական, վարչական իրավունքները, պարեկապահակետային ծառայությանն առնչվող դրույթները: Շարունակում ենք ուսումնասիրել օտար լեզուներ՝ ավելի կատարելագործելով մեր իմացությունը:
Հատուկ ստորաբաժանումում գրեթե բոլոր ոստիկանները բարձրագույն կրթություն ունեն: Նաև դրանով է պայմանավորված, որ մեր հարաբերությունները միմյանց և հրամանատարների հետ շատ դրական է:

- Ինչո՞վ եք սիրում զբաղվել աշխատանքային ժամերից դուրս:
- Քանի որ շատ ժամանակ եմ անցկացնում դրսում, ազատ ժամերին սիրում են ընտանիքի հետ լինել կամ ընկերուհիների հետ զբոսնել: Տանը եղած ժամանակ սիրում եմ ֆիլմեր դիտել և ընթերցանությամբ զբաղվել:

- Իսկ ո՞րն է Ձեր վերջին կարդացած գիրքը և ամենասիրելի գիրքը:
- Վերջին կարդացած գիրքը Թեոդոր Դրայզերի «Ամերիկյան ողբերգությունն» է եղել, իսկ ամենասիրելի գիրքը՝ Սոմերսեթ Մոյեմի «Լուսինն ու վեց պենսանոցը»:

- Ի՞նչ է սիրում պատրաստել ոստիկանը խոհանոցում։
- Շատ եմ սիրում ելակով տորթ և նաև պատրաստում եմ:

- Ոստիկան (պատմ.) պահլավերեն բառ է, նշանակում է հավատարիմ, վստահելի: Որքանո՞վ է բառի բացատրությունն այսօր համապատասխանում հասարակության մեջ ոստիկանի ունեցած հեղինակությանը:
- Վստահությունը գնալով աճում է: Մարդկանց համար արդեն խորթ չէ մոտենալ ոստիկանին, ինչ-որ բան հարցնել, զրուցել: Հեղինակությունն էլ թե’ մեր ստորաբաժանման, թե’ ամբողջ ոստկական համակարգի նկատմամբ կարող եմ ասել՝ բարձրանում է:

- Իսկ կին ոստիկանների թվի ավելացումը կարո՞ղ է ոստիկանի նկատմամբ բարձրացնել հավատն ու վստահությունը:
- Ինչպես ցանկացած այլ բնագավառում, ոստիկանության համակարգում ևս կին ոստիկաննների թվաքանակի ավելացնումը կբերի միայն դրական փոփոխությունների: Մենք՝ կին ոստիկաններս, աշխատում ենք խստությունը զուգորդել մեղմ վերաբերմունքի հետ:

ՆՈՒՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Իրավաբան.net

Որոնում

Օրացույց

«  Հոկտեմբեր 2012  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Արխիվ