Գլխավոր » ՄԵՆՔ ԶՐԿՎԵԼ ԵՆՔ ԱՊՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՅԱՏԵՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ
ՄԵՆՔ ԶՐԿՎԵԼ ԵՆՔ ԱՊՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՅԱՏԵՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ
21:27
Հարգելի խմբագիր: Մենք սիրով ենք կարդում «Նոր էջ»-ը: Այն Արցախ աշխարհի ընթերցողների ամենասիրված թերթն է, նրանում զետեղված բոլոր նյութերը ճշմարտացի են: Ձեր թերթը նաև ժողովրդավարության, արդարության և հայ ժողովրդի շահերի համար պայքարող մարտական օրգան է: Դրա համար էլ որոշել ենք մի շատ ցավոտ հարցի մասին թերթի միջոցով իրազեկ դարձնել մեր հասարակությանը, մարդկանց, որպեսզի նրանց օգնությամբ, խորհուրդներով դուրս գանք մեզ համար անմխիթար ու անելանելի վիճակից:

Տարիներ առաջ, խորհրդային տարիներին կարդալով 1980 թ. Բաքվում տպագրված «Դատավճիռ» վերնագրով մի գիրք, որ հայազգի Ժաննայի ընչաքաղցության, հանցագործ ճանապարհով ձեռք բերած հարստության մասին է, չէինք ուզում հավատալ, որ հայ կինը կարող է լինել դրամաշորթ ու հանցագործ։ Սակայն կյանքն ապացուցեց, որ այդպիսիները կարող են լինել նաև մեր իրականության մեջ, մեր շարքերում:

ԹՁը բանկի Ստեփանակերտի մասնաճյուղում յուրացումներ, մսխումներ կատարելուց հետո տիկին Շարմաղ Աշոտի Գրիգորյանի ախորժակն էլ ավելի բացվեց և նա ընդլայնեց իր գործունեության շրջանակները: Նա որոշեց մարդկանց խաբելու միջոցով՝ դրամաշորթությամբ դառնալ մեծահարուստ, իր ընտանիքի անդամների համար ստեղծել փայլուն ու շքեղ ապրելակերպ: Խորամանկը մի պահ մոռացել էր, որ կապիտալիստ, օլիգարխ դառնում են ոչ թե մի քանի ամիսների կամ տարվա, այլև տասնյակ տարիների համառ ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ: 

Իրեն ներկայացնելով որպես գործարար մարդ, փող շինող Շարմաղ Գրիգորյանը կեղծ խոստումներով մարդկանց մոտ վստահություն ձեռք բերելով, խարդախությամբ նրանցից կարողացավ կորզել տասնյակ հազարավոր դոլլարներ, միլիոնների հասնող ՀՀ դրամ: Նրա տխրահռչակ գործունեության պատճառով շատ մարդիկ հայտնվեցին աղքատության ճիրաններում, նրանց ընտանիքները կանգնեցին կործանման եզրին:

Մենք՝ խաբվածներս, ազնիվ ճանապարհով ձեռք բերած դրամագումարները հետ ստանալու նպատակով դիմել ենք իրավապահ մարմիններին՝ ոստիկանությանն ու գլխավոր դատախազին: Տեղի ունեցածի մասին իրազեկ ենք պահել մի քանի դեպուտատների, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատողներին: Ռոբերտ Բաբայանն ու Գրետա Ղազարյանը նամակներով դիմել են ԼՂՀ նախագահին:

Ռ. Բաբայանն իր նամակում մասնավորապես գրել էր.
«Պ-ն նախագահ, եղբայրս 1980-ական թթ. լեգենդար «Ղարաբաղ» ֆուտբոլային թիմի ավագ, լեգենդար պաշտպան Վարուժան Բաբայանը հայրենի հողը պաշտպանելիս անհայտ կորավ (1992 թ. օգոստոսի 6): Մեր տանը ինձ հետ միասին այժմ ապրում են նաև երկու եղբայրներս, որոնք 2-րդ կարգի հաշմանդամ են, հոգեկան հիվանդ, անգործունակ, իսկ ես էլ նրանց խնամակալն եմ... 

Ամիսներ շարունակ ես չեմ կարողանում Շարմաղ Գրիգորյանից ետ վերցնել մեր ընտանիքին պատկանող դրամագումարը և, կապված դրա հետ, մեր ընտանիքը հայտնվել է անելանելի դրության մեջ: Խրվել ենք պարտքերի մեջ ու չենք կարողանում այն մարել, խանութներն էլ պարտքով սննդամթերք չեն տալիս: Ընտանիքի անդամներս այժմ հայտնվել ենք սովի ճիրաններում: Շ. Ա. Գրիգորյանը չվերադարձնելով դրամական-նյութական այդ ամբողջ կարողությունը, դրանով իսկ մեզ զրկել է ապրելու ու գոյատևելու իրավունքից»:

Ոստիկանության քննիչներ Նարեկ Գրիգորյանն ու Իգոր Օհանյանը ամիսներ շարունակ խոստանում էին խաբեբայից ետ վերադարձնել մեզնից խարդախությամբ վերցված, ճիշտ կլիներ ասել՝ խլած դրամագումարները: Նույնպիսի խոստումներ էր տալիս նաև դատախազության բաժնի պետ Վ. Ն. Վանյանը: Տասնյակ ու տասնյակ անգամ եղել ենք նրանց մոտ, սակայն անարդյունք: Երկու տարվա քաշքշուկից հետո մենք մնացինք ձեռնունայն: Մեզ համար միայն մի բան պարզ դարձավ, որ ոստիկանության քննիչներն ու պ-ն Վանյանն ավելի շատ մտահոգված էին Շ. Ա. Գրիգորյան-Ներսիսյանի ճակատագրով, քան մեր կորցրածի վերադարձմամբ, արդարության վերականգմամբ։ 

Այս պարոնների եղբայրական-հայրական հոգատարությունը «հերոսուհու» նկատմամբ ուներ միայն մի նպատակ՝ հանցագործին ազատել պատասխան տալուց, փրկել նրան: Եվ նրանց ու նմանների մեղքով հանցագործը բանտախցում լինելու փոխարեն գտնվում է ազատության մեջ, չի վերադարձնում զավթած փողերն ու, դեռ ավելին, սպառնում է մեզ՝ պահանջատերերիս հետ հաշվեհարդար տեսնել՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աշխատակիցներին։

Ավելորդ չէր լինի նաև նշել, որ իրավապահ մարմինների մեզ արդեն հայտնի աշխատակիցները մշտապես հորդորում էին չդիմել դատարան՝ Շարմաղի գործը չբարդացնելու համար և, խաբված լինելով նրանց կողմից, մենք հայտնվեցինք «նավի ետնամասում»։

Լինելով ազատագրված երկրի իրավապաշտ քաղաքացիներ, մշտապես հարգելով օրենքները, կարգ ու կանոնը, մենք հայտնվել ենք անելանելի դրության մեջ, դարձել անիրավ մարդիկ: Նման վիճակում հայտնված հուսահատ, նաև չարացած մարդիկ կարող են դառնալ հանցագործներ, դիմել ինքնադատաստանի մեթոդին՝ խաբեբային պատժելու համար: Մարդկանց մի մասն էլ ստորացված զգալով, հուսահատությունից որոշել է լքել իր հայրենիքը, որովհետև այստեղ նրանց պատիվն ու արժանապատվությունը կոխկրտված են...
Արդյո՞ք մենակ էր գործում ուրիշների անվամբ ձևակերպած անշարժ ու շարժական գույքերի տեր, մեր փողերը պտտեցնող և շահույթներ ստացող մեծահարուստ Շարմաղ խանումը: Չենք կարծում։ Առայսօր Շարմաղն ու նրա գործակիցները դեռևս խուսափում են պատասխանատվությունից։ Բայց մինչև ե՞րբ…

Ավելորդ չէ նշել, որ այլևս գոյություն չունեցող ԹՁը Ստեփանակերտի մասնաճյուղի դեռևս ազատության մեջ գտնվող աշխատողները խաբել են նաև իրենց ավանդատուներին: Այսպես, Վարդան Երամիշյանին չի վերադարձվել գոնե նախնական գումարը (առանց տոկոսների 10 միլիոն դրամ), Արմեն Դանիելյանին պատկանող 5 միլիոն դրամագումարը…

Ավանդատուներն ու խաբված մարդիկ էլեկտրոնային «Լրագրի» միջոցով իրենց մտադրության մասին դիմել են հանրությանը: Դրամագումարները չստանալու դեպքում նրանք չցանկանալով դառնալ հանցագործներ, այնուամենայնիվ, որոշել են դիմել ինքնադատաստանի մեթոդին, որովհետև այլևս այլ ելք չեն տեսնում:

Վերջում նշենք, որ Շ. Գրիգորյանն արդեն հանգուցյալ Ժյուլա Սարգսյանի հարազատներին պետք է վերադարձնի 300.000 ՀՀ դրամ, Ռոբերտ Բաբայանին 4,3 միլիոն դրամ, Հրանտիկ Սաֆարյանին՝ 2 միլիոն, Գրետա Ղազարյանին՝ 2 միլիոն դրամ, 85-ամյա Աշխեն տատիկին, որի թոռը նահատակվել է Արցախյան պատերազմում՝ 1 600 ԱՄՆ դոլար, Համեստ Իշխանյանին՝ 22 000 ԱՄՆ դոլար գումար, Նելսոն Սարգսյանին 1 540 000 ՀՀ դրամ…

ԱՇԽԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ (թոշակառու)
ՀԱՄԵՍՏ ԻՇԽԱՆՅԱՆ (բուժքույր)
ՀՐԱՆՏ ՍԱՖԱՐՅԱՆ (անասնաբույժ)
ՌՈԲԵՐՏ ԲԱԲԱՅԱՆ (գործազուրկ)


ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ։ Նամակագիրները խմբագրությանն են տրամադրել նաև Շարմաղ Գրիգորյանի ձեռքով գրված և ստորագրված պարտավորագրերից մի քանիսի պատճենները: Մենք ձեռնպահ ենք մնում մեկնաբանություններից։ Միայն հուսով ենք, որ իրավապահ մարմինները վերջնականապես կլուծեն նամակագիրների նկարագրած, նրանց բառերով ասած՝ այս քաշքշուկը և կվերականգնեն ԼՂՀ տուժած քաղաքացիների հավատը առ Օրենք և Արդարություն։

Որոնում

Օրացույց

«  Հոկտեմբեր 2011  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Արխիվ