Վերջերս Ստեփանակերտում ակտիվացել են սկաուտները: Նրանց կողմից բաժանված թերթիկում գրված է. «...2010 թ. օգոստոսի 3-10 Շուշիում «Հայկի Սերունդ» ԵՀԿ-ն առաջին անգամ կազմակերպեց «Հայորդիներ» անունը կրող համահայկական սկաուտական առաջին բանակումը մոտ 100 հոգու մասնակցությամբ՝ Արցախից, Հայաստանից եւ Իրանից: ...Օգոստոսի 9-ը համարվեց «Հայորդիներ» Արցախի սկաուտական շարժման հիմնադրման օր: Շարժումը, որը ստեղծվել է որպես «Հայկի Սերունդ» ԵՀԿ-ին կից գործող «Հայորդիներ» սկաուտական բաժանմունք, առաջնորդվում է գործունեության հատուկ կանոնակարգով, ունի իր կառավարման մարմիններն ու օղակները եւ նպատակադրված է տարածվել հանրապետության բոլոր բնակավայրերում՝ որպես համաարցախյան կազմակերպություն»:
Թերթիկի վերջում ներկայացված է սկաուտական դավանանքի 12 հիմնական կետերը. 1. Սկաուտի խոսքը ճշմարիտ է: 2. Սկաուտը հնազանդ է: 3. Սկաուտը հավատարիմ է: 4. Սկաուտը միշտ օգնում է ուրիշներին: 5. Սկաուտը բոլորի հետ բարեկամ է: 6. Սկաուտը բարեկիրթ է: 7. Սկաուտը խոսում է մաքուր հայերենով: 8. Սկաուտը սիրում եւ պաշտպանում է կենդանիներին ու բնությունը: 9. Սկաուտը միշտ ուրախ է ու խանդավառ: 10. Սկաուտը աշխատասեր եւ հետետղական է: 11. Սկաուտը տնտեսող է: 12. Սկաուտը մաքուր է մտքով, խոսքով եւ գործով:
Արցախի Հանրապետությունը հարգելով մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքները եւ ազատությունները, միջազգային մարդասիրական նորմերը, ԼՂՀ Սահմանադրությամբ կարող են սահմանափակվել դրանք միայն օրենքով, եթե դա պիտանի, անհրաժեշտ եւ համարժեք է պետական կամ հասարակական անվտանգության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, հանրության առողջության ու բարոյականության, այլոց իրավունքների եւ ազատությունների, պատվի եւ բարի համբավի պաշտպանության համար:
Բացի դրանից Արցախում գործում են մի շարք օրենքներ, որոնք արգելում են այս կամ այն կազմակերպությունների մուտքը կրթական հաստատություններ: Դա ինքնին պարզ է ու հասկանալի, բայց արի ու տես, որ «Հայորդիներ» Արցախի սկաուտական շարժման առաջնորդները մուտք են գործել Ստեփանակերտի N 7 դպրոցը, հավաքագրել 6-րդ դասարանի աշակերտներին, նրանց տեղափոխել իրենց գրասենյակը եւ «ենթարկել մշակման»: Եւ այդքանը կատարվել է խաբեությամբ, երեխաներին հայտարարել են, թե կիրակնօրյա միջոցառում է կազմակերպվում դպրոցում: Արդյունքում… Իրավապահ մարմինները առայսօր լռում են:
Ծանոթ լինելով ՀԱՍԿ գործունեությանը Հայաստանում, Սփյուռքում եւ ընդհանրապես միջազգային սկաուտական շարժմանը, որեւէ խնդիր չունենք այդ միջազգային կազմակերպության եւ դրա հովանավորների հետ, որն ըստ իր գաղափարախոսության գործունեություն է ծավալում աշխարհով մեկ եւ իրագործում իր նպատակները: Մեզ համար մտահոգիչ է այն հանգամանքը, որ նրանք ուզում են մեր դպրոցահասակ երեխաներին եւ պատանիներին կտրել ազգայի-հոգեւոր արմատներից եւ դաստիարակել աշխարհաքաղաքացիության ոգով: Նշվածի վկայությունը հայ սկաուտների «Ես գայլիկ եմ» ուսուցողական ձեռնարկն է, որը նախատեսված է 6-11 տարեկան երեխաների համար:
Ներկայացնենք ձեռնարկի հակիրճ բովանդակությունը.
1. ՀՍՇ Գլխավոր քարտուղար դոկ. Ժ. Մորեյոնի խոսք 2. ՀԱՍԿ-ի Կենտրոնական վարչության խոսք 3. Քիպլինգ «ԵԹԵ» 4. Գայլիկության հիմնադրությունը
Մաս I - Փափուկ թաթիկի գիտելիքները
1. Մաուգլիի պատմությունը 2. Գայլիկի խոստումը 3. Գայլիկի աղոթքը 4. Գայլիկության նշանաբանը 5. Հինգ հոդվածները 6. Մեծ Կանչը 7. Գայլիկական թոթեմը 8. Վեցյակ եւ ոհմակ 9. Ոհմակի օրենքը 10. Փողկապի կապ 11. Մեր հայրենիքը 12. Տերունական աղոթքը
Մաս II - Միաստղ գայլիկի գիտելիքները
1. Գայլիկական արարողություններ 2. Երեք շրջանակ 3. Կապեր եւ հանգույցներ 4. Հետախուզական նշաններ 5. Ի՞նչ է արշավը, ի՞նչ է բանակումը 6. Գայլիկական կարգեր, աստիճաններ եւ պաշտոններ 7. Կազմակերպության դրոշը 8. Հայաստանի Հանրապետության օրհներգը 9. Հայկական թագավորական հարստությունները 10. Մեծ Հայքը եւ հայոց մայրաքաղաքները 11. Մայրցամաքները 12. Օվկիանոսները 13. Աշխարհի ժողովուրդները
Մաս III - Երկաստղ գայլիկի գիտելիքները
1. Գայլիկական տարազը 2. Գայլիկ աստիճանավորների տարբերանշանները 3. Կողմնաճանաչություն 4. Հետախուզական նշաններ 5. Կապեր եւ հանգույցներ 6. Արշավի եւ բանակումի համար անհրաժեշտ գույքեր 7. Վրան լարելը եւ կրակ վառելը 8. ՀՀ զինանշանը 9. Պատմական Հայաստանի բնաշխարհը. լեռները, գետերը եւ լճերը 10. Հայոց նշանավոր թագավորները 11. Հայաստանի անկախ հանրապետությունները 12. Հայոց գրերի գյուտը 13. Հայերը՝ քրիստոնյա առաջին ժողովուրդ 14. Երկինքն իր բազմահազար անակնկալներով
«Ես գայլիկ եմ» ուսուցողական ձեռնարկից պարզ երեւում է, թե սկաուտները ինչպես են ուզում մեր երեխաներին դաստիարակել գայլական ոհմակի ոգով, կարեւորելով «Գայլիկի աղոթքը» եւ «Ոհմակի օրենքը», իսկ հետագայում ծառայելու համաշխարհային «Մեծ ոհմակին»: Հարկ է նշել, որ հայի հոգեկերտվածքի (մենթալիտետ) մեջ գայլի պաշտանմունք երբեք չի եղել, այն հատուկ է մեր հարեւան թուրքերին (բավական է հիշել Արցախյան պատերազմի «գորշ գայլերին») եւ այլ ագրեսիվ ազգերի:
Սկաուտների կողմից որդեգրած ոհմակը կարող է հիմք հանդիսանալ կազմակերպված հանցագործության կառույց ստեղծելու համար: Կարեւորելով «Մեր ուժը, մեր միասնության մեջ է» դրույթը, որը եղավ Արցախյան ազգային-ազատագարական շարժման, պատերազմի հաղթանակների եւ պետության կայացման գրավականը, մեզ մտահոգում է տվյալ կազմակերպության մուտքը Արցախ, ելնելով հետեւյալ հիմնավորումներից.
1. Գործունեության ձեւաչափ ընտրությունից՝ դպրոցներում սկաուտական խմբերի ստեղծումից, որը հակասում է «Կրթության մասին», «Հանրակրթության մասին» եւ «Երեխաների մասին» ԼՂՀ օրենքներին եւ «ԼՂՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առեւտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությանը:
2. Արցախի հանրակրթական դպրոցներում 2006 թ. սեպտեմբերի 1-ից գործում է ազգային «Զարթոնք» մանկապատանեկան դպրոցական կազմակերպությունը, որն իր նպատակներով եւ ծրագրերով ոչնչով չի զիջում սկաուտների հայտարարած նպատակներից:
3. Սկաուտների գործունեությունը, որը պարունակում է գաղտնիության էլեմենտներ, ինչպես նաեւ հասարակությունը բաժանելը «մերոնց» եւ «այլոց», հանգեցնելու է հասարակության միասնության քայքայմանը եւ ջլատմանը: Սկաուտների իրար բարեւելը, հրաժեշտ տալը եւ ընդհանրապես ամեն մի գործողություն խորհրդանշանական է, որը կապ չունի մեր ազգային արժեքների հետ: Նրանք կատարում են իրենց վերապահված «վեհ» առաքելությունները: Նշեք նաեւ, որ սկաուտական կազմակերպության կենտրոնները գտնվում են Անգլիայում եւ Շվեյցարիայում: Ստացվում է, որ մեր մատաղ սերնդի դաստիարակությունը հանձնում ենք օտարներին:
Հարց է ծագում, ինչո՞ւ են սկաուտները Արցախում որպես թիրախ ընտրել 6-րդ դասարանի աշակերտներին: Պատասխանը պարզ է՝ նրանք դեռահասներ են եւ գտնվում են որպես անհատ ձեւավորման նախնական փուլում: Նման երեխաներին տալով համապատասխան դաստիարակություն՝ կիրառելով ժամանակակից հոգեբանական ազդեցության մեթոդները, հեշտությամբ կարելի է դարձնել ապազգային սերունդ՝ աշխարհաքաղաքացիներ: Նման սերունդը ավելի շատ հպատակվելու է իր դաստարակներին եւ կատարելու է նրանց հրամանները, քան՝ դառնալու են Հայոց երկրի արժանի զավակներ, չեն ենթարկվելու պետական իշխանությունների որոշումներին, դառնալու են «5-րդ շարասյան» անդամներ՝ լավ կազմակերպված եւ պատրաստված, ռազմականացված բանակ, որոնք կատարելու են օտարների կամքը՝ վեհ գաղափարների քողի տակ: Ժամանակի ընթացքում նրանց քանակական աճը շանտաժի է ենթարկելու իշխանություններին եւ պարտադրելու է որոշումներ ընդունելիս հաշվի առնել նրանց տեսակետները:
Ի դեպ, սկաուտ նշանակում է հետախույզ, բայց պարզ չէ թե Արցախում ո՞ւմ են հետախուզելու եւ՝ ո՞ւմ համար: Ավելորդ չէ նշելը, որ հայրենասիրության ոգով դաստիարակված եւ ոչ մի սկաուտ պատերազմի ժամանակ այդպես էլ չեկան Արցախ պաշտպանելու մեր հայրենիքը, դրժեցին իրենց տրված երդումը՝ պաշտպանել արդարներին եւ անօգնականներին: Պարզապես, նրանք պետք է հրաման ստանային կենտրոնից, բայց չստացան, ստացան միայն պատերազմի հաղթական ավարտից հետո եւ եկան ջլատելու մեր միատար ազգը:
Ավելորդ չէ նշել, որ մայիսի 24-ին ԱՄՆ ազգային սկաուտական կազմակերպությունը որոշում է ընդունել հոմոսեքսուալ անչափահաս սկաուտներին վերականգնել շարքերում: Վերը նշված փաստերը ապացուցում են, թե ինչպես են գործում սկաուտները եւ նման կազմակերպությունները՝ խաբեության, հոգեբանական ազդեցության արգելված միջոցներով, արտաքին գրավչությամբ՝ քայլ առ քայլ հասնելու համար իրենց վերջնական նպատակին: Ծանոթ լինելով միջազգային սկաուտական շարժմանը, նրանց գործելաոճին, կանոնադրությանը, կազմակերպական կանոններին, խորհրդանիշներին եւ այլն, գտնում ենք որ նրանց գործունեությունը Արցախում նպատակահարմար չէ:
ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ
|