Եվրոպայի հետ մի քանի տարվա սիրախաղերից հետո Հայաստանի իշխանությունները սեպտեմբերի 3-ին ընտրեցին Մաքսային միությունը։ Մի օրում կամ մի քանի ժամվա ընթացքում Սերժ Սարգսյանի ընդունած այս որոշումն անսպասելի էր նաև իշխող կուսակցության՝ ՀՀԿ-ի համար։ Բայց, ինչպես սպասելի է մեր քաղաքական գործիչներից, նրանք հապշտապ վերափոխեցին իրենց, այսպես կոչված, քաղաքական հայացքներն ու սկսեցին հայտարարել, որ դա մտածված ու ճիշտ քայլ է։
«Մեզ ոչ ոք Մաքսային միություն չի հրավիրել: Հայաստանի՝ Մաքսային միության օգտին ընդունած որոշումն ամբողջովին գիտակցված և կշռադատված քայլ է»,- Սանկտ Պետերբուրգում հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, մարդ որ մինչ այդ, 2012 թ. ապրիլին ռուսական «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում ասել էր. «Մաքսային միությունը մեզ համար անիմաստ է»։ Իսկ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, խոսելով ԵՄ Ասոցացման համաձայնագրի եւ Մաքսային միության մասին, հայտնել էր, թե «չկա որևէ նախադեպ, որ պետությունը, չունենալով ընդհանուր սահման, լինի Մաքսային միության անդամ... Եթե դու դառնում ես Մաքսային միության անդամ, արդեն դու սուվերեն չես, ուրեմն, դու կանգնում ես վտանգի առաջ: Մենք այնքան ենք լիբերալացրել մեր օրենսդրությունը, որ հենց դու դառնում ես Մաքսային միության անդամ, արդեն դու չես որոշում...»։ Նաև հավելել էր. «Մաքսային միությանը մաս կազմելու դեպքում դրա մեջ Ղարաբաղն է՞լ է մտնում: Առանց Ղարաբաղի մենք պատրաստ չենք դրան»...
Այսինքն, մինչ ՀՀ նախագահի Մոսկվա մեկնելն արդեն կար հստակ դիրքորոշում՝ Մաքսային միությանը՝ ո՛չ։
Թվում էր, թե Ս. Սարգսյանի կողմից Մաքսային միությանը «այո» ասելուց հետո առնվազն մի քանի բարձր պաշտոնյա հրաժարական են տալու։ Սակայն դա չեղավ։ Ինչպես ասում են՝ ինքնասպանության փորձեր էլ չգրանցվեցին, որովհետև նման քայլի դիմելու համար մարդ պետք է ինքնասիրություն ու արժանապատվություն ունենա։ Քանի որ ՀՀ քաղաքական բուրգում այդպիսի «մանր-մունր» բաներ իսպառ գոյություն չունեն, թե՛ ՀՀ վարչապետը, թե՛ ԱԳ փոխնախարարը և բոլոր նրանք, ովքեր արդեն Եվրոպայի «տոմսերը» գրպաններում էին, 180 աստիճանով հետդարձ կատարեցին, քանզի «աթոռը» շատ ավելի գերակա ու սուրբ արժեք է իրենց համար... Կարծիքներ էլ սփռվեցին իշխող քաղաքական ճամբարից, որ Եվրամիության հետ «սիրախաղերը» շարունակվելու են։
Սակայն մի այլ խնդիր էլ կա այս ամենում՝ բազմաչարչար Արցախի հարցը։ «Սահմանի ո՞ր կողմում պիտի մնա Արցախը»։ Եվ ամենաբարձր մակարդկով հայտարարություններ հնչեցին, որ Մաքսային միությունն է հենց Ղարաբաղի անվտանգության երաշխիքը։ Հենց Արցախի պամար և Արցախի պատճառով են ընտրել Մաքսային միությունը, այլ ճանապարհ չկա։ Եվ հայկական պաշտոնյաներից ոչ մի խոսք չհնչեց առ այն, որ այդ համաձայնությունը ձեռք է բերվել Մոսկվայի (Պուտինի) ճնշումների ու սպառնալիքի տակ։ Անկասկած այդպիսի ճնշում ու սպառնալիք եղել է, անկասկած վախն է ստիպել հանկարծ մի քանի ժամում 180 աստիճանով հակառակ որոշում կայացնել։ Բայց այդտեղ բացարձակապես Ղարաբաղի, Արցախի անվտանգության խնդիր չկար (դեռ հարց է, թե այդ քայլը որքանով է նպաստավոր վերջինիս համար)։ Այդտեղ կար միայն մի խնդիր, մի վախ, որ չեզոքացրել ու մի կողմ է նետել մյուս բոլոր վախերը՝ սեփական աթոռը, իշխանությունը կորցնելու վախը։ Ուղղակի Արցախի անունը շահարկելը վաղուց ավանդույթ է դարձել ՀՀ քաղաքական դաշտում։ Մաքսային միության հետ կապված այս տրագիկոմեդիան բացառություն չեղավ, ցավոք...
ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ
|