Գլխավոր » Մինսկի խմբի սենսացիոն նկատառումը
Մինսկի խմբի սենսացիոն նկատառումը
16:46

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահները տարածաշրջան կատարած հերթական այցից հետո հանդես են եկել հայտարարությամբ։ Այցի ընթացքում բացի Երեւան, Ստեփանակերտ եւ Բաքու քաղաքներից, համանախագահները եղել են նաեւ Քարվաճառում եւ Բերձորում։

Ի դեպ, Բերձորում Արցախի երիտասարդները նրանց դիմավորել էին բողոքի պաստառներով, հայտնելով, որ չեն պատրաստվում որեւէ տարածք վերադարձնել Ադրբեջանին։ Այդ ակցիայից հետո էլ բավական ուշագրավ մեկնաբանություն էր արել ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, ասելով, թե ժողովուրդը պետք է իմանա ինչ հարցեր են քննարկվում, որպեսզի կարողանա հայտնել իր համաձայնությունը կամ անհամաձայնությունը։

Արցախի այդ իրադարձություններից հետո այցելելով Բաքու, համանախագահները այնտեղ չէին կարողացել հանդիպել Ադրբեջանի նախագահի ու արտգործնախարարի հետ, որոնք եղել են Վիետնամում, իսկ այնտեղից էլ մեկնել Չինաստան։ Փաստացի, դա եղել է դեմարշ Մինսկի խմբի դեմ, ինչ անուղղակիորեն վկայում է ամերիկացի համանախագահ Ուորլիքի անուղղակի հաղթանակը, որն իր հայտարարություններով փաստացի կարողացավ արթնացնել Հայաստանի ու Արցախի հանրությանը եւ այդպիսով ազդարարել բանակցային գործընթացում նոր տրամադրության առկայությունը։

Սակայն, Մինսկի խմբի տարածաշրջանային հերթական այցի ուշագրավ կետերը դրանով չավարտվեցին։ Համանախագահների այցն ամփոփող, հիմնականում ինֆորմացիոն հայտարարության մեջ կա բավական ուշագրավ դիտարկում կապված Արցախի հետ։ Նրանք նշում են, որ այցելելով Արցախ, արձանագրել են, որ ենթակառուցվածքները զգալի բարելավվել են, բայց բնակչության թվաքանակի փոփոխություն չեն արձանագրել։

Դժվար է ասել, թե հատկապես որ համանախագահի պահանջով կամ առաջարկով է այդ կետը ներառվել Մինսկի խմբի հայտարարության մեջ, բայց մեսիջը բավական հստակ է։ Չի բացառվում իհարկե, որ Մինսկի խումբն այդպիսով նաեւ իր վերաբերմունքն է հայտնում Բաքվի արհամարհական վերաբերմունքին՝ Ալիեւի եւ Մամեդյարովի բացակայությանը։

Բայց, միեւնույն ժամանակ, հստակ է, որ Մինսկի խմբի մեսիջը ուղղակի առնչություն ունի Բերձորում արցախցի երիտասարդների բողոքի ակցիայի հետ, որն անթաքույց ոգեւորել էր ամերիկացի համանախագահին։

Մինսկի խմբի հայտարարության մեջ փաստորեն արծարծվում է Արցախի ժողովրդագրական վիճակի խնդիրը։ Արցախում պատրաստվում են մարդահամարի, որը կանցկացնեն 2015 թվականին։ Մինսկի խմբի հայտարարության մեջ շոշափվում է Արցախը պահելու կարեւորագույն խնդիրը՝ բնակեցումը, ժողովրդագրական պատկերը։ Եվ այդ գործոնը ուղղակի կենսական է ազատագրված տարածքների առումով, որոնք պահելու առանցքային հարցը հենց բնակեցումն է։

Այդ տեսանկյունից, հստակ է մեսիջը Բերձորի հանրահավաքի ուղղությամբ. Տարածքները պահելու հաստատակամությունը եւ այդ հաստատակամությունը միջազգային միջնորդներին ներկայացնելու համարձակությունը միանգամայն ողջունելի են, բայց պահելը կարգախոս չէ, պահելը աշխատանք է եւ առաջին հերթին ազատագրված տարածքի բնակեցում։ Մինսկի խմբի համանախագահները հենց այդ ակնարկն են իրենց հայտարարության մեջ հղում հայկական կողմին, եւ առաջին հերթին երեւի թե Բերձորում իրենց կամքն ու ինքնորոշումը դրսեւորած երիտասարդությանը։

Երիտասարդությանը Մինսկի խումբը փաստացի հուշում է հաջորդ կարեւոր քայլը՝ պայքար Արցախի եւ ազատագրված տարածքների ժողովրդագրական վիճակի, բնակեցման համար, բնակեցման քաղաքականության համար, այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլերի համար։

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Lragir.am

 


Որոնում

Օրացույց

«  Մայիս 2014  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Արխիվ