Ռուսաստանն ավարտել է 100 հատ Т-90С տանկերի մատակարարումը Ադրբեջանին, և հնարավոր է նույն քանակի նոր խմբաքանակի մատակարարումը Բաքվին։ ИТАР-ТАСС լրատվական գործակալությանը այդ մասին այսօր հայտնել է Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Կոնստանտին Բիրյուլինը, հաղորդում է Ազատություն ռադիոն։
«100 տանկից բաղկացած ողջ խմբաքանակը մոտ մեկ ամիս առաջ արդեն ուղարկել ենք [Ադրբեջան]», - փոխանցել է ռուսաստանցի պաշտոնյան՝ հավելելով, որ հնարավորություն կա Ադրբեջանին մատակարարել նույն խմբաքանակի Т-90С տանկեր։ «Սակայն երկրորդ խմբաքանակի մասով դեռ պայմանագիր չկա», - մանրամասնել է Բիրյուլինը։
Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավարը հիշեցրել է, որ Բաքվին 100 հատ Т-90С տանկերի մատակարարման մասին պայմանագիրը Ռուսաստանն ու Ադրբեջանը կնքել են 2011 թվականին։ Նախատեսված էր ավելի վաղ ավարտին հասցնել տանկերի մատակարարումը, սակայն գործարքի կատարումը ձգձգվել է, քանի որ իր հերթին ուշացել է տանկերի դիմաց գումարի փոխանցումը Ադրբեջանից։
«Այսօրվա դրությամբ մենք բոլորը ուղարկել ենք, ստացել ենք ամբողջ գումարը։ Շարունակվում է աշխատանքը Ми-171 և Ми-35 ուղղաթիռների գծով։ Ուղարկում ենք զրահամեքենաները, թեթև հրաձգային զենքերը, ականանետները և հաուբիցները»,- ասել է Բիրյուլինը
Lragir.am
|