Գլխավոր » Մոսկվան լուծում է Արցախի հարցը
Մոսկվան լուծում է Արցախի հարցը
21:26
Մոլդովայի իշխանությունը հետ է վերցնում Քիշնեւի օդանավակայանը ռուսական կառավարչից: Դա Մոլդովայի պատասխանն է Ռուսաստանին, որը արգելափակել է մոլդովական գինիների մուտքը ռուսական շուկա: Դա էլ Ռուսաստանի մահակն էր ընդդեմ Մոլդովայի Եվրամիության հետ Ասոցացման գործընթացի:

Ասոցացվող 6 երկրներից 3-ը՝ Ուկրաինան, Վրաստանն ու Մոլդովան, դիմադրեցին ռուսական ճնշումներին: Համենայն դեպս դիմադրում են մինչ այժմ: Բելառուսի եւ Ադրբեջանի պարագան բոլորովին այլ գործոնների եւ հանգամանքների շրջանակում է: Փաստացի միայն Հայաստանը տեղի տվեց ռուսական ճնշմանը:

Այդ երկրներից Հայաստանը տարբերվում է նրանով, որ ունի անվտանգության կամ Արցախի խնդիր: Մոլդովան դա չունի՝ Մերձդնեստրը Արցախի իրավիճակի հետ համեմատելի չէ: Նույնը նաեւ Ուկրաինայի եւ Ղրիմի պարագայում: Վրաստանի դեպքում էլ Աբխազիայի եւ Օսիայի խնդիրները տարբեր են:

Շատերն ասում են, թե Ռուսաստանին ընդդիմանալու Վրաստանի գինը այդ երկու տարածքներն էին: Նաեւ զգուշացնում, որ Ռուսաստանին ընդդիմանալու դեպքում էլ Հայաստանը կկորցնի Արցախը, ինչպես Վրաստանը կորցրել է Աբխազիան ու Օսիան:
Բայց Վրաստանն Աբխազիան ու Օսիան կորցրել է ավելի վաղ, քան Սահակաշվիլին սկսեց երկիրը ռուսական ուղեծրից դուրս բերելու աշխույժ քաղաքականություն: Աբխազիան ու Օսիան Վրաստանինը երբեք չեն էլ եղել, այն բանից հետո, երբ Թբիլիսին ռազմական պարտություն կրեց այդ ռեգիոններում:
Հետեւաբար, Վրաստանն ավելի շատ բեռից է ազատվել, քան ինչ որ բան կորցրել է Ռուսաստանի հետ հակադրության հետեւանքով:

Արցախի դեպքում, Հայաստանը տարել է ռազմական հաղթանակ, եւ Արցախը մերն է: Հետեւաբար, Արցախի դեպքում իհարկե միանգամայն տեղին է կորստի վտանգի մասին խոսելը՝ մենք կկորցնենք մերը, ոչ թե կազատվենք վաղուց արդեն բեռի վերածված խնդրից:
Հետեւաբար թվում է, որ Ռուսաստանին զիջելը արդարացված է՝ փրկվել կամ պահվել է Արցախը:
Բայց, դա երեւի թե ավելի շատ մոլորություն է, քան իրավիճակի պրագմատիկ պատկերացում: Կամ էլ մոլորություն է այն, որ Արցախը մերն է եւ մենք ենք հաղթող երկիրն այդ հարցում:

Բանն այն է, որ եթե Արցախի պաշտպանությունը կախված է Ռուսաստանի սպառնալիքներին ու շանտաժներին տեղի տալուց, ապա դա բացարձակապես պաշտպանություն չէ: Դա նշանակում է, որ Արցախը վաղուց է հանձնվել Ռուսաստանին, պարզապես Մոսկվան դեռեւս մեծահոգաբար թույլ է տալիս Հայաստանին լինել իր տեղապահն այդ հարցում: Տեղապահ այնքան ժամանակ, մինչեւ որ Մոսկվան կգտնի Արցախում իր ռազմական ներկայությունը հաստատելու հարմար պահ եւ հնարավորություն:

Օրինակ, 2008 թվականին, երբ Մոսկվան հասել էր գրեթե Թբիլիսի, Կրեմլը համարեց, որ Արցախի հարցում էլ «բլից-կրիգի» հարմար պահն է: Մեդվեդեւն ակտիվացրեց Ռուսաստանի ջանքը կարգավորման գործընթացում: Ռուսաստանը լավ հասկացավ, որ Վրաստանի հանդեպ տարած հաղթանակը ոչինչ է, իրականում նահանջ, քան առաջխաղացում կովկասյան ազդեցության գործընթացում: Իրավիճակը կարող էր շտկել միայն Արցախի հարցը, եթե Ռուսաստանին հաջողվեր այդ հարցում հասնել ստատուս-քվոյի փոփոխության՝ բնականաբար իր հրամանատարության ներքո:

Չհաջողվեց: Բայց Մոսկվան հույսը չի կորցրել: Չհաջողվեց նաեւ այն պատճառով, որ Արեւմուտքն էր բավական մեծ ազդեցություն ձեռք բերել Հայաստանի իշխանության վրա եւ կարողացավ իշխանությանը հետ պահել ակնհայտ խայտառակ եւ պարտվողական համաձայնություններից եւ ի վերջո բարեհաջող չեզոքացնել Ռուսաստանի գլխավորությամբ եռյակի ձեւաչափը:

Դրանից հետո, Մոսկվայի համար պարզ դարձավ, որ Արցախի հարցին անդրադառնալու համար հարկավոր է նախ Հայաստանում թուլացնել Արեւմուտքի աճած ազդեցությունը, ապամոնտաժել Հայաստանի իշխանության եւ Արեւմուտքի հարաբերությունը, որպեսզի Արցախի հարցում նախաձեռնություններում խանգարող հանգամանքները քիչ լինեն:

Այսինքն, Մաքսային միության մասին հայտնի շրջադարձից հետո, Ռուսաստանը դեռ անդրադառնալու է Արցախի խնդրին, ընդ որում առավել անկաշկանդ: Պատահական չէ, որ սեպտեմբերի 3-ից հետո Արցախի հարցում ակտիվություն նկատվեց ԱՄՆ իշխանության մոտ, Բարակ Օբաման հատուկ ուղերձ հղեց Ադրբեջանի նախագահին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ, որը առաջին այցը կատարեց տարածաշրջան:

Այդ տեսանկյունից, ըստ երեւույթին մոլորություն են նաեւ պնդումները, թե Ռուսաստանը Հայաստանի վրա ճնշում չէր բանեցնի, եթե Հայաստանը չգնար Եվրամիության հետ Ասոցացման: Միգուցե այդ դեպքում իսկապես չլիներ Մաքսային միությանն անդամակցելու ուղղակի պահանջ, բայց Հայաստանի հանդեպ մամլիչի քաղաքականությունը Ռուսաստանի պարագայում ունի ոչ թե 3,5 տարվա պատմություն՝ ինչքան որ Ասոցացման գործընթացի պատմությունն է, այլ շատ ավելի երկար տարիների:

Եթե հասարակությունը նոր է արձանագրում այդ ճնշումը, դա դեռ չի նշանակում, որ այն չի եղել 2000-ականների ամբողջ առաջին տասնամյակի ընթացքում: Չէ որ Հայաստանի ռազմավարական հզորությունները պարտքի կամ իշխանության դիմաց Ռուսաստանին են փոխանցվել հենց այդ տարիներին: Հենց այդ տարիներից է Ռուսաստանը սկսել ռազմավարական հարաբերություն կառուցել Ադրբեջանի հետ:

Ասոցիացիան այստեղ կապ չունի, Ռուսաստանը ոչ թե պատժիչ գործողություններ է իրականացրել, այլ հետեւողականորեն առաջ է մղել իր շահը կամ շահի իր պատկերացումը՝ այն պատկերացումը, որ իշխանության է եկել Ռուսաստանում այդ տարիներին: Հայաստանի հարցը Մոսկվան վաղուց է լուծել, այժմ լուծում է Արցախի հարցը: Այլ հարց է, որ Հայաստանից այդ ամենը նկատել են շատ քչերը, թեեւ հիմա էլ շատերը չէ, որ նկատում են:
Մաքսային միության բլեֆը Ռուսաստանին պետք էր Արցախի հարցն իր համար լուծելու համար:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Որոնում

Օրացույց

«  Սեպտեմբեր 2013  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Արխիվ