Գլխավոր » N1/Էջ 2
N1/Էջ 2
21:15
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԳՐԱՆՑՎԵՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒՑ ՀԵՏՈ


«Նոր էջի» հարցերին պատասխանում է ԼՂՀ կառավարությանն առընթեր կրոնի և ազգային փոքրամասնությունների հարցերի բաժնի վարիչ ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆԸ

- Օրերս ԼՂՀ Ազգային Ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ԼՂՀ օրենքը: Պարոն Սարգսյան, արդյո՞ք այն ՀՀ նմանատիպ օրենքի սոսկ պատճեն-տարբերակը չէ՝ ՀՀ-ն վերափոխած ԼՂՀ-ով:
- Սկսեմ վերջին հարցից: Ո՛չ, այդպես չէ: Անկախ դիտորդների կարծիքով՝ այն բավականին կատարյալ և ժողովրդավարական է, միաժամանակ, այն էականորեն տարբերվում է ՀՀ նմանատիպ օրենքից: Այս օրենքի նախագիծը մշակվել է հենց տեղում, ԼՂՀ կառավարությանն առընթեր կրոնի և ազգային փոքրամասնությունների հարցերի մեր բաժնում:
1997 թ. մարտի 17-ին ընդունված նույն օրենքից այն, նախևառաջ, տարբերվում է նրանով, որ այն օրենքի համապատասխանեցումն է Մայր օրենքին՝ Սահմանադրությանը: Բովանդակային առումով՝ նախկին օրենքից տարբերվում է նրանով, որ նոր օրենքով նախատեսվում է կրոնական կազմակերպությունների գրանցման նոր կարգ, ըստ որի՝ կրոնական կազմակերպությունները գրանցվում են պետռեգիստորի կողմից՝ բաժնի փորձագիտական դրական եզրակացությունը ստանալուց հետո:

- Գիտենք, որ բաժնի վարիչի պաշտոնում դուք նշանակվել եք 2007-ի վերջերին և կարճ ժամանակահատվածում լուրջ պայքար եք ծավալել Արցախում կրոնական կազմակերպությունների ապօրինի գործողությունների և Հայ Առաքելական Եկեղեցու իրավունքների ոտնահարման դեմ: Կատարված սահմանափակումները, արդյոք, չե՞ն խրտնեցնելու կրոնական մյուս կազմակերպություններին:
- Գործող օրենքով նախատեսված էր ստեղծել ԼՂՀ կառավարությանն առընթեր կրոնի գործերով պետական մարմին, որը պետք է գրանցեր կրոնական կազմակերպություններին և կիրարկեր օրենքի մյուս պահանջները: Այդ պետական մարմինը անցած 10 տարիների ընթացքում չի ստեղծվել, որն էլ պատճառ է հանդիսացել և նպաստել Արցախ ներթափանցած կրոնական կազմակերպությունների անօրեն գործունեությանը: Սահմանափակումներ, անշուշտ, անում ենք, բայց՝ ելնելով միջազգային իրավունքի ընձեռած հնարավորություններից:

- Ըստ ձեզ, ո՞րն է նոր օրենքի ընդունման անհրաժեշտությունը:
- Հոգևոր դաշտի կանխատեսելիությունն ու կարգավորումն այլընտրանք չունեն: Աշխարհում ինքնուրույն և հուսալի ընթացք ունենալու համար մենք ավելի հարմար ուղեկից-այցեքարտ չունենք, որքան մեր 1700-ամյա եկեղեցին ու Քրիստոնեությունն են: Քրիստոնեությունը մեր պետական կրոնն է ավելի քան 17 դար: Եվ, բնականաբար, մեր պետականության վերականգնմանը զուգընթաց, Հայ Եկեղեցին էլ է լիիրավ անցնում իր լիազորություններին ու իրավունքներին, օրինակա՛ն իրավունքներին, որոնք պաշտպանել է պետք: Իսկ դա անելու ամենահարմար միջոցն ու ճանապարհը օրենքով կարգավորելն է:

- Ասացիք, որ օրենքի նախագիծը մշակվել է Արցախում, ձեր ղեկավարած բաժնի կողմից: Բայց, այնուամենայնիվ, օրենքի ձեր նախագծի և ՀՀ համապատասխան օրենքի միջև էական տարբերություններ կա՞ն:
- ԼՂՀ-ում կրոնական կազմակերպությունները գրանցելու ժամանակ հաշվի ենք առնում նաև միջազգային նորմերով նախատեսված սահմանափակումները, որոնք անհրաժեշտ են պետական և հասարակական անվտանգությունը, կարգ ու կանոնը, քաղաքացիների առողջությունն ու բարոյականությունը, հասարակության մյուս անդամների իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու համար: Այդ սահմանափակումների մասին հիշատակված են «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 18-րդ հոդվածում, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին» կոնվենցիայի 9-րդ հոդվածում և «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» 29-րդ հոդվածում: Թվարկված բոլոր սահմնանափակումները հիմք են հանդիսացել նաև ՀՀ համապատասխան օրենքում սահմնանափակումներ մտցնելուն, որը, սակայն, կրոնական կազմակերպության գրանցման ժամանակ չի կիրառվում: Այսինքն, կարող ենք ասել, մենք սահմանափակումներ անում ենք՝ ելնելով միջազգային իրավունքի ընձեռած հնարավորություններից:

- Այլ երկրներում նմանօրինակ ինչպիսի՞ սահմանափակումներ կան:
- Ռումինիայում, օրինակ, մտցված է հետևյալ սահմնանափակումը. կրոնական կազմակերպությունը գրանցելու համար նրանց անդամների քանակը պետք է լինի բնականչության թվի 0,1 %-ը, որը Ռումինիայում կազմում է 23 000 մարդ: Արդյունքում՝ այնտեղ գրանցված է 6 կրոնական կազմակերպություն, նախկին երկու տասնյակի փոխարեն:
Մի տարբերության մասին ևս, որ զավեշտ է հիշեցնում. ՀՀ օրենքի՝ «Կրոնական կազմակերպությունների իրավունքները» գլխի 7-րդ հոդվածում, մասնավորապես ասվում է. «...Կատարել կրոնական ժամերգություններ, ծեսեր ու արարողություններ, աղոթատներում և դրանց պատկանող տարածքում, ուխտատեղիներում, ինչպես նաև գերեզմանոցներում, քաղաքացիների տներում և բնակարաններում, հիվանդանոցներում, զառամյալների և հաշմանդամների տներում, ազատազրկման վայրերում, զորամասերում՝ այնտեղ գտնվող և տվյալ կրոնական կազմակերպության անդամ հանդիսացող քաղաքացիների խնդրանքով»:
Չվիրավորելով օրենքը մշակողներին և այն ընդունողներին, նշենք, որ գերեզմանոցներում գտնվողները և տվյալ կրոնական կազմակերպության անդամները, շատ պարզ պատճառով՝ ննջեցյալներ են, հաղորդակցվելու հնարավորություն չեն կարող ունենալ, այդ իսկ պատճառով մեր օրենքում այդ մասին չի հիշատակված, ինչպես նաև՝ մեր օրենքով բացառվում է զորամասերում այլ կրոնական կազմակերպությունների քարոզչությունը, քանի որ նման մոտեցումը չի կարող նպաստել մեր բանակի մարտական և բարոյահոգեբանական պատրաստականության ամրապնդմանը:

- Որքան գիտենք, ԼՂՀ խորհրդարանում բարդություններ են եղել օրենքի ընդունման ժամանակ: Ինչո՞վ եք բացատրում այն:
- Դա հիմնականում պայմանավորված է նրանով, որ որոշ պատգամավորներ կարծում էին, թե օրենքը նրա համար ենք ընդունում, որպեսզի բոլոր կրոնական կազմակերպությունները գրանցվեն, այդ թվում՝ «Եհովայի վկաներ» կազմակերպությունը: Մինչդեռ, որքան հայտնի է, օրենքները ընդունում են ոչ թե հաշվի առնելով այս կամ այն կրոնական կազմակերպությունը, այլև օրենքը, մասնավորապես վերոհիշյալ օրենքը նրա համար է, որպեսզի հասարակության բոլոր անդամների համար ստեղծվեն հավասար պայմաններ՝ իրագործելու խղճի ազատության և ցանկացած կրոն դավանելու սահմանադրական պահանջը:



ԽՈՀԻ ԵՎ ԱՅԼԱԽՈՀՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԿԱՅՔԸ

«Դու կարող ես գրել «Տասնչորսերորդ սիմֆոնիան», «Գերնիկան», «Աննա Կարենինան», արհեստական լյարդ կամ ջրածնային ռումբ ստեղծել: Դու կարող ես լինել հանճար կամ մարգարե: Մեծ հերետիկոս և աշխատանքի հերոս: Դա նշանակություն չունի: Մարդկային ջանքերի պտուղները անփոփոխորեն դառնում են շուկայական առևտրի ապրանք»:

Այս տողերի հեղինակը Սերգեյ Դովլաթովն է: Նրա «Անտեսանելի թերթը» պատումի հերոսի մտորումներից է մեջբերումը:
Ի՞նչ գիտենք Սերգեյ Դովլաթովի մասին:
Քիչ կամ համարյա՝ ոչ մի բան:
Նա կես-հրեա, կես-հայ էր: Ծնվել է թիֆլիսահայ մորից, ով էլ նրան տվել է Դովլաթով ազգանունը: Ապրում էր Լենինգրադում: Որպես այլախոհ վտարանդվել է Միացյալ Նահանգներ: Կամ՝ արտաքսել են: Մինչ այդ ծառայել է խորհրդային բանակում: Ծայր հյուսիսի «ուղղիչ-աշխատանքային ճամբարներում» ներքին զորքերի շարքային է եղել: Ֆինանսական առումով գրեթե մերկ՝ հայտնվել է Նոր աշխարհում և ամերիկյան Բաբելոնում, որ Նյու-Յորք է կոչվում, ինչ-որ անուն, համենայնդեպս, իր համար ստեղծել է: Մահացել է սրտի տագնապից՝ շտապօգնության մեքենայում: Մահվան պատճառը, ասում են, մի նորաբնակ պուերտոռիկացի սանիտարի անփութությունն էր՝ ինչ-որ փողրակ այնպես չի միացրել, և արհեստական շնչառության սարքը չի աշխատել, հիվանդի թթվածնից զրկված սիրտը կանգ է առել:
Դովլաթովը, ահա, գրում է. «Դեկտեմբերին «Նյույորքեր» ամսագիրը պատմվածք տպագրեց: Եւ ինձ մոտ 4 հազար դոլար վճարեցին»:
Ոչ մի արտառոց բան. մարդը ամերիկյան ամսագրում պատմվածք է տպագրել, նրան վճարել են հոնորար, բայց ինչո՞ւ է Դովլաթովը պատումը վերնագրել՝ «Անաշխատ փող»:
Տերմինը զուտ խորհրդային է՝ «անաշխատ եկամուտ»: Փող, որ չի վաստակվել, միջավայրը, սակայն, ամերիկյան է: Խորհրդային գրողին նույնպես հոնորար էին վճարում: Գուցե՝ ինչքան Դովլաթովին՝ Նահանգներում, գուցե՝ մի փոքր ավել կամ պակաս: Որևէ խորհրդային գրող հոնորարը «անաշխատ փող» չէր համարի: Ընդհակառակը, խորհրդային գրողը հոնորարի համար նույնիսկ կկռվեր խմբագրի, հրատարակչության հետ: Խորհրդային բանաստեղծներին վճարում էին չափածո յուրաքանչյուր տողի համար, դրանից է, որ ոմանք շատ կարճ տողերով էին չափածոյում: Ակսել Բակունցը «Եղբայրության ընկուզենիներ» գիրքը շարադրել է Գևորգ Աբովի բանաստեղծությունների ժողովածուի ազատ էջերին, որովհետև Աբովը գրում էր բառ-տողերով, Բակունցը ափսոսացել է մաքուր թուղթը: Եւ, իհարկե, այդ կերպ իր գնահատականն է տվել Աբովի «բանաստեղծական տաղանդին»:
Իսկ ինչո՞ւ Նահանգներում տպագրվող Դովլաթովը հոնորարը «անաշխատ փող» է կոչել:
Որովհետև նա ապրել է Նահանգներում, ուր ամեն մի ցենտը փող է, չորս հազար դոլարը՝ գումար, որ գոյանում է ցենտ առ ցենտ: Իսկ խորհրդային երկրում ռուբլին ընդամենը ռուբլի էր՝ մի շիշ պորտվեյն կամ չորս գավաթ գարեջուր:
Տարբերությունը ահռելի է:
Խորհրդային երկրում որևէ գրող չէր տպագրվի և հոնորար չէր ստանա, եթե նրա գիրքը պետությունից պատվիրված չլիներ: Ազատ շուկայի աշխարհում պետությունը գիրք չի պատվիրում: Միացյալ Նահանգների կառավարությունը պատասխանատվություն չի կրել և չի կրում գրողի, նկարչի, դերասանի կարիերայի հաջողության կամ անհաջողության համար:
Նահանգներում Դովլաթովը պատվեր չուներ: Նրա միակ հույսը և ապավենը գրողի իր տաղանդն էր, որ պիտի կերակրեր իրեն, ընտանիքին, մորը: Տաղանդ նա ուներ, և ամերիկյան գրական շուկան նրա պատմվածքը գնահատում էր չորս հազար դոլար:
«Մարդկային ջանքերի պտուղները անփոփոխորեն դառնում են շուկայական առևտրի ապրանք»,-իր մասին է ասված: Եւ՝ շուկայական, ոչ գաղափարականացված աշխարհի բոլոր արվեստագետների:
Դովլաթովը կարող էր ասել. «Մեր անտաղանդության համար ընկ. Անդրոպովը մեղք չունի»: Անդրոպովը՝ խորհրդային ՊԱԿ-ի նախագահը, ում մեղադրում էին վտարանդի մտավորականները: Ապրել Նահանգներում և, այդուհանդերձ, չծանակել սեփական հայրենիքը՝ սրա համար մեծ բարոյականություն է պետք: Դովլաթովը բարոյական հեղինակ է. նրա ոչ մի պատում խորհրդային երկիրը չի նսեմացնում, չի ստորացնում այդ երկրի մարդուն:
Նա պարզապես պատմում է իր կյանքը:
Ուրիշ՝ ոչինչ:
Դովլաթովը, երևի, հնարած պատում չունի: Իհարկե, դա գեղարվեստականացրած կենսապատում է, և՝ բարձր գրականություն:
Տաղանդի հարց է՝ ով ինչպես է ներկայացնում իր կյանքը: Բայց, միևնույն է, բոլոր գրողները պատմել և պատմում ու պատմելու են իրենց մասին: Գրականության սկիզբը «ես»-ական է:
Դովլաթովը խոհի գրող է: Ոչ թե՝ պատկերի, այլ՝ մտքի: Զրնգուն պատկերներ նա գրեթե չունի, որովհետև Դովլաթովը մտածում և պատմում է:
Դրա համար էլ խորհրդային երկրում նա այլախոհ էր. խորհրդային գրողը չէր կարող միայն պատմել: Նա պարտադրված էր գաղափարաբանել: Այսինքն՝ կյանքից «կյանք» ստեղծել: Թշվառությունից՝ «սոցիալիստական դրախտ»: Խարդախությունից՝ «Կոմունիզմ կառուցողի բարոյական կոդեքս»: Անարդարությունից՝ «սոցիալիստական արդարադատություն»: Եւ այսպես՝ շարունակ:
Դովլաթովը պատմում է: Որևէ ճշմարտություն ինքը չի ստեղծում և կայնքի դառնությանը չի հակադրում: Դովլաթովը չունի «դրական» և «բացասական» հերոսներ: Նրա գործում «կոնֆլիկտ» և «հանգուցալուծում» չկա: Ինչո՞ւ:
Քանի որ կյանքը չունի դրական և բացասական բևեռներ: Կյանքը կյանք է: Եւ ապրվում է Աստծո ողորմածությամբ:
Որովհետև կյանքում չի լինում այնպես, որ կոնֆլիկտը հասունանա և հանգուցալուծվի. յուրաքանչյուր հանգուցալուծում նոր կոնֆլիկտ է ստեղծում: Ամեն օր: Այդպես՝ քանի դեռ մարդկությունը կա՝ դրախտի երազանքը մնում է երազանք, ջանքը՝ ջանք: Եւ ոչ ոք ոչ դրա սկիզբը գիտի, ոչ էլ՝ վերջը:
Հին, դասական գրականությունը դնում էր կյանքը վերափոխելու խնդիր և առաջարկում էր հանգուցալուծումներ: Շեքսպիրի ողբերգությունները՝ օրինակ: Կամ՝ Տոլստոյի մորալիստական վեպերը: Բայց դեռևս Տոլստոյն է, որ կանխագուշակել է. «Կգա մի ժամանակ, և գրողները կամաչեն գրել ինչ-որ հնարածին Իվան Իվանիչի մասին»:
Մռայլ խոսք է, որ կարելի է հասկանալ, թե Տոլստոյը գուժել է գեղեցիկ գրականության վախճանը: Բայց այդպես չէ. Տոլստոյը գիտեր, որ մորալիստական, քարոզչաբանական գրականությունը չի կարող աշխարհը վերափոխել, ուստի առաջադրում էր խոսքի գրականության խնդիրը:
Մարկեսի վեպերում որևէ բառ չկա իր երկրի կամ Հարավային Ամերիկայի իր միջավայրի դեմ: Բայց Մարկեսը ստեղծել է իր երկրի և Հարավային Ամերիկայի միջավայրը՝ առհասարակ: Պինոչետը Մարկեսի հերոսներից է: Որպես նախատիպ: Կամ՝ Մարկեսի հերոսներից մեկը իրական կյանքում Պինոչետն էր, ում ասում են «բռանպետ» և աստվածացնում:
Իր ժամանակից դժգոհ՝ Հրանտ Մաթևոսյանը մի հարցազրույցում դիկտատուրայի խնդիր էր դնում: Եւ այստեղ որևէ պարադոքսալ իրավիճակ չկա. եթե համատարած անտերություն է, ապա գերադասելին դիկտատուրան է, որ կարող է սահմանել չափանիշների, արժեքների հիերարխիա: Առանց այդ հիերարխիայի չի կարող լինել հասարակական համակեցություն:
Կայուն, ավանդույթի դեմոկրատիայի միջավայրը ինքնին հիերարխիկ է: Կյանքը յուրաքանչյուրին նշում է իր «խորշը»: Այլ դեպքերում հիերարխիայի բացակայությունը ծնում է անարխիա, երբ բոլորին թվում է, թե իրավահավասարությունը ոչ թե հռչակված, այլ՝ ձեռքբերովի նորմ է: Եւ խախտվում է հասարակական կյանքի ռիթմը: Իսկ դա իր հետ բերում է հեղափոխական ավանտյուրիզմ:
Դիկտատուրան բռնապետություն չէ:
Դիկտատուրան համակեցության պարտադրանք է՝ ըստ սահմանված հիերախիկ արժեքների: Եւ դրանով էլ դիկտատուրան կարողանում է ոչ հիերարխիկ արժեքների հասարակությունը տանել կազմակերպման ճանապարհով:
Կայուն արժեքների գրականությունը նույնպես դիկտատ է: Բարոյական դիկտատ, քանի որ այդ գրականությունը, խորապես լինելով այլախոհական, մարդուն մղում է ոչ թե հեղափոխական անարխիայի, այլ՝ բարոյական ինքնակազմակերպվածության:
Դովլաթովը մղում է ինքնակազմակերպվածության:
Նա կարողանում է ի մի բերել կյանքի փեշերը:
Դարձյալ՝ Հրանտ Մաթոսյանից. հիշում է, որ գրողների ինչ-որ միջազգային հավաքի ներկա էին Դովլաթովը և Բրոդսկին: Երկուսն էլ՝ այլախոհ, վտարանդի: Բայց նրանք տագնապում էին, որ Խորհրդային Միությունը գնում է կործանման: Ոչ թե համակարգի համար էին տագնապում, այլ՝ մարդու: Խորհրդային մարդու, ում, իրոք, բաժին ընկան երկրի փլուզման բոլոր տառապանքները:
Մեծ գրականությունը, մեծ գրողը միշտ այլախոհ է, քանի որ ապրում է ոչ այնքան ներկա, որքան՝ գալիք օրվա տագնապներով:

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ




ՄՇԱԿՈՒՅԹ

«Եվ վերադարձնելով ձեր դիմանկարը» շարքից

ՊԱՄՖԼԵՏ, ՈՐ «ՓՈԹՈՐԻԿ» Է ԱՌԱՋ ԲԵՐԵԼ
ԼՂՀ ԳՄ «ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆՈՒՄ»


Ի պատասխան Արցախի ճանաչված և հարգված տասնյակ մտավորականների՝ «Ազգ» թերթի «Մշակույթ» հավելվածում և արցախյան թերթերում տպագրված «Երբ ցինիզմը, իրոք, սահմաններ չի ճանաչում» նամակ-հոդվածի, ՀՀ ԳՄ մի քանի անդամներ, միության նախագահի գլխավորությամբ, «Գրական թերթ»-ում հապշտապ «հոդված» են գրել, որը ոճով, ձևակերպումներով չի տարբերվում ԼՂՀ ԳՄ-ի մամուլում տպագրված ստոր ու շինծու փաստարկներով սարքված զրպարտագրերից: Հոդվածի տակ «իրենց ստորագրությունն են դրել» նաև մարդիկ, ովքեր կամ անտեղյակ են Վազգեն Օվյանի գրական ժառանգությունից, կամ միանգամայն այլ կարծիք ունեն նրա անվան և գրական վաստակի մասին: Հ. Բեգլարյանը, որ առողջական լուրջ խնդիրներ ունի, հազվադեպ է տնից դուրս գալիս, վերջերս մեկնել է Դաշուշեն, բազմաթիվ մարդկանց ներկայությամբ, որպես մեծագույն հարգանքի տուրք, համբուրել Վ. Օվյանի հուշաքարը, հանկարծ «ստորագրել է» ԳՄ նամակը: Բեգլարյանը եղբորս մոտ երդվել է բոլոր սրբություններով (իր բառերն են - Ն. Օ.), որ ինքը չի ստորագրել այդ նամակը:

Վերջապես ո՞ւմ է պետք այս շոուն: Ակնհայտ է, որ սա «ես՝ քեզ, դու՝ ինձ» սկզբունքով սարքած ներկայացում է. Արցախի ԳՄ նախագահը տեղացի գրողների ստորագրություններով «Գրական թերթ»-ում վերջերս հրապարակավ «սատարել է» ՀՀ ԳՄ նախագահին և, ահա, վերջինս էլ նման ձևով վարձահատույց է լինում նրան՝ արտահայտելով իր աջակցությունը արցախցի կոլեգային (այս երևույթը մեզանում անվանում են «սատարախտ»), որի կազմակերպած արշավը՝ հետմահու ԼՂՀ բարձրագույն պարգևի՝ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի արժանացած գրող Վազգեն Օվյանի դեմ, ղարաբաղյան լուրջ և իրեն հարգող մտավորականության շրջանում այդպես էլ ոչ մի աջակցություն չի գտել, ընդհակառակը՝ «Երբ ցինիզմը, իրոք, սահմաններ չի ճանաչում» նամակ-հոդվածի տպագրությունից հետո 70-ից ավելի մտավորականներ նույնպես իրենց ստորագրությունն են դրել այդ հոդվածի տակ:

Պարոնայք ԳՄ նախագահներ, ձեր աթոռներին կառչած մնալու համար ոտնատակ մի՛ տվեք ազնիվ մարդկանց անունն ու պատիվը, նրանց մի՛ խառնեք ձեր անձնական հաշիվներին: Ամո՛թ է: Դա պատիվ չի բերում մտավորականին: Իսկ որպեսզի ընթերցողը հասկանա, թե որն է այդ արշավի նպատակը, ստիպված եմ ներկայացնել «մի կաթիլ մեղրի» պատմության իրական պատճառը:

Արցախի գրական հասարակական կազմակերպության ղեկավարը վերջերս զրպարտչական աննախադեպ արշավ է ձեռնարկել Վազգեն Օվյանի անվան ու գրական ժառանգության դեմ: Բայց Վարդան Հակոբյանին (Սլավիկ Հակոբյան) ճանաչողներն այնքան միամիտ չեն, որպեսզի կարծեն, թե այսօր վերջինս քունն ու հանգիստը կորցրել է, որովհետև 50 տարի առաջ Վազգեն Օվյանն իր անդրանիկ գրքում Թևան Ստեփանյանին ներկայացրել է բացասական ու սարկաստիկ գծերով: Նախ՝ Վարդան Հակոբյանը լինելով, նշանավոր արցախագետ ու պատմաբան Շահեն Մկրտչյանի բնորոշմամբ՝ ԵՍԱԿԵՆՏՐՈՆ անձնավորություն, իրենից դուրս ոչինչ չի տեսնում և հազիվ թե հուզվի անգամ մոտիկ մարդկանց անձնական դարդուցավերից: Էլ ո՞ւր մնաց՝ այդպես պատեպատ խփվի հանուն մի մարդու, որը, մեղմ ասած, այնքան էլ բարի անուն չի թողել ղարաբաղցու հիշողության և վերջին 70 տարվա պատմագիտության մեջ: Այնպես որ, ռուսի ասած՝ «նե դա լամպոչկի»...

Եթե Հակոբյան Վարդանին առայսօր հանգիստ չի տալիս, դա այն պամֆլետն է, որ Վազգեն Օվյանը գրել է նրա մասին (նրա «Ես երգ չունեմ Ղարաբաղի մասին» բանաստեղծության պարոդիան է): Վերջինս կարող է 200 պասկվիլ մոգոնել հանգուցյալ գրողի դեմ և զետեղել պետական սուղ միջոցներով ֆինանսավորված իր շքեղակազմ հատորներում: Բայց, ի ցավ Հակոբյանի, դրանցից ոչ մեկն այնպես չի «կպնելու» Վազգեն Օվյանին, ինչպես նրա գրածը՝ իրեն: Ահա այդ պամֆլետը.

Ես անկեղծորեն հավատում եմ քեզ,
Դու Ղարաբաղի մասին երգ չունես,
Եվ բանաստեղծի սիրտ չունես մաքուր,
Դու հոնորար ես բառերից սարքում:

Քոնը կեղծելն ու շողոքորթելն է,
Քոնը քծնությամբ պաշտոն շորթելն է,
Քոնը իրար դեմ մարդկանց լարելն է,
Քոնը ամբիոնից ստից ճառելն է:

Քոնը սակարկել, դռներ բախելն է,
Քոնը, ընչաքաղց, առնել-ծախելն է,
Քոնը շանտաժն ու վայրահաչելն է,
Քեզնից ուժեղի ոտքը պաչելն է:


Մատնելն է քոնը, քոնը փքվելն է,
Քոնը սրբության վրա թքելն է:
Դու երկու տիրոջ ոտք լիզող շուն ես,
Դու Ղարաբաղի մասին երգ չունես:


25-30 տարի առաջ գրված այս պամֆլետ-պարոդիայի տպագրման օրվանից՝ 1992 թվականից Հակոբյանը կորցրել է հանգիստը, որովհետև ընդամենը 4 քառատողում խտացված է նրա իրական կերպարը, որի համար վերջինս «փոթորիկ» է բարձրացրել գրականության ու լրագրության բնագավառում չկայացած, սակայն զրպարտության ու կեղծարարության ասպարեզում անգերազանցելի գրչակներից կազմված իր մերձավոր շրջապատում, որը ինքն անվանում է «ԳՄ նախագահություն»:

Հակոբյանին լրջորեն մտահոգում է նաև Վազգեն Օվյանի ժողովրդականությունը: Դե, իհարկե, խորապես մտահոգիչ է. Օվյանը վախճանվել է երկու տասնամյակ առաջ, բայց, ինչպես գրված է Արցախի ճանաչված մտավորականների ստորագրությամբ հրապարակման մեջ, «ի տարբերություն որոշ «կենդանի մեռյալների», Վազգեն Օվյանը այսօր էլ ապրող հեղինակ է, նրան կարդում են, նրա հեղինակած բանաստեղծությունները՝ արտասանում: Եվ եթե դա հարուցում է ոմանց զայրույթը, ապա գրողը մեղք չունի. «ծանիր զքեզ»՝ ասում էին հները: Նշանակում է՝ ընթերցող հանրությունը ներկա գրական գորշությունից վեր է դասում անցյալի իրական արժեքները և իմաստ չունի «սուր ճոճել». ժամանակը ամեն ինչ իր տեղն է դնում... Գրադարաններում այսօր փնտրում են Վազգեն Օվյանի գրքերը: Եվ դա այն դեպքում, երբ պետական միջոցներով տպագրված բազմաթիվ հաստափոր հատորների կողքից ուսանողությունն անցնում է հպարտ անտարբերությամբ» (տես՝ «Երբ ցինիզմը, իրոք, սահմաններ չի ճանաչում», «Ազգ», 06.12.08):

Երբ Վազգեն Օվյանը գրում էր «Ղարաբաղի արծիվը», «Ամարասը», «Այս Ղարաբաղն է»-ն և բազմաթիվ հայրենաշունչ տողեր, երգիծական-սարկաստիկ երկեր էր գրում Լ. Բրեժնևի, Հ. Ալիևի, Բ. Կևորկովի, ադրբեջանական հայատյաց քաղաքականության դեմ («Նազար-նամե», «Կրկես», «Գորշ գայլի, շնագայլի և այլոց մասին», «Սև վեզիրը»…), «շքերթներից հոգնել էր արդեն ու ձանձրացել ճառերից դատարկ», Վ. Հակոբյանը ազգի դահիճներին՝ Հ. Ալիևին և Բ. Կևորկովին հաճոյանալու համար, ոգևորությամբ գովերգում էր «դարի մեծագործությունները»՝ «Աղդամ-Ստեփանակերտ երկաթուղու շինարարությունն ու անասնապահական խոշոր համալիրի կառուցումը», երևի կարծելով, թե դեպի Պառնաս տանող ամենաուղիղ ճանապարհն անցնում է Աղդամ-Ստեփանակերտ երկաթուղով ու անասնապահական համալիրների դռներով: Երբ Վազգեն Օվյանը ի պատասխան հայատյաց Ռասուլ Ռզայի թունոտ մի զառանցանքի՝ «Սմբատ և Բաբեկ» էր գրում («Որքան ոռնաս, Ռասուլ Ռզա, Սմբատները միշտ ծնվել են ու կծնվեն...»), Վ. Հակոբյանը ազերի Վագիֆի մասին պոեմ էր երկնում...

Այդ օրերին Թևանի մերօրյա «դատապաշտպան» Վարդան Սարգիսիչի, իր իսկ բառերով ասած, ԻՆՏԵՐՆԱՑԻՈՆԱԼ միտքը Բորիս Սարգիսիչից (որից, ի դեպ կորզել է ԳՄ բաժանմունքի ղեկավարի պաշտոնը), հայրենի և թուրք իշխանիկներից կեղեքվող իր հայրենակիցների հոգսերն ու ցավերը թողած, Ղարաբաղից «թռել», հասել էր կոմկուսին հրաժեշտ տված հեռավոր Չիլի և կիսում էր տիկին Ալիենդեի վիշտը: Դեռ ավելին՝ Հակոբյանը չտեսնելուն էր տալիս, որ Թևանն արդեն քանի տասնամյակ, աչքը ջուր կտրած, սպասում է իրեն՝ յուր «փաստաբանին»...

Երկու տասնամյակ առաջ մահացած գրողին «ոչնչացնելու» մոլուցքի մեջ Վ. Հակոբյանը կորցրել է ոչ միայն մտավորականին վայել էթիկան, այլև դատելու ունակությունը՝ ինքն իրեն հակասելով և իրեն գցելով ծիծաղելի վիճակի մեջ: Օվյանին մերթ մեղադրում է նրա համար, որ իբր վերջինս իր վիպակը գրել է Կևորկովի պատվերով՝ 1975 թ.-ին (վիպակը ամսագրում տպագրվել էր 1971 թ.-ին, գրքով՝ 1973-ին, երբ Կևորկովը դեռ չէր եկել Ղարաբաղ: Իսկ 1975 թ. Վ. Օվյանը Կևորկովի դեմ գրել է «Հուդային», «Բ. Կ.-ին», «Բասարական» բանաստեղծություններն ու տասնյակ պամֆլետներ), մերթ հայտարարում է, թե Օվյանը «չափածո հայհոյել է Կևորկովին»: Անհասկանալի է, թե ինչն է այդպես տանջում ԳՄ ղեկավարին. «Կևորկովի պատվերով գրե՞լը», թե՞ «Կևորկովին չափածո հայհոյելը»: Եթե մարդ մեկին հայհոյում է, էլ ինչո՞ւ պիտի միաժամանակ գրի նրա պատվերով...

Մյուս կողմից՝ մի ասող լինի Վ. Հակոբյանին՝ ուժդ չափածո չէր պատում, դու էլ արձակ «հայհոյեիր» ազգիդ դահճին: Ինչո՞ւ ծպտուն չէիր հանում: Թե՞ հայհոյանքիդ պարկը պինդ փակել էիր, որպեսզի հետագայում Արցախյան պատերազմից հետո քեզ հռչակեիր «Արցախյան շարժման առաջին ղեկավարներից մեկը» և հայհոյեիր «Կևորկովին հայհոյողին»: Ինչո՞վ էիր զբաղված այդ տարիներին, ավելի կարևոր գործեր ունեի՞ր: Իսկ գո՞ւցե Հակոբյանն իրոք կարծում է, թե մեռել է ժողովրդի հիշողությունը, և մարդիկ մոռացել են, թե իրականում ով ինչով էր զբաղված թե՛ այդ տարիներին, թե՛ Արցախյան պատերազմի ժամանակ, թե՛ հետո... Գո՞ւցե նրան թվում է, թե ժողովրդի հիշողությունը ևս կարելի է պատվերով «գրել տալ», կամ՝ գրել ու ժողովրդի ստորագրությունը դնել տակը…

Արշավանքի մի այլ պատճառ. նախանձի թույնը այնպես է կուրացրել Վ. Հ.-ին, որ նա Վ. Օվյանի հայրենասիրական գործերում անգամ չեղած ազգադավ շտրիխներ է տեսնում: Գիտե՞ք ինչու: Որովհետեւ Վ. Հ.-ն Ղարաբաղի մասին իրոք երգ չունի («Ես երգ չունեմ Ղարաբաղի մասին») եւ չի էլ ունենալու:

Ահա ԼՂՀ «ԳՄ նախագահության» ձեռնարկած արշավի և բարձրացրած աղմուկի ողջ իրական պատճառը, որի համար ԳՄ-ում թիվ մեկ մարտական տագնապ է հայտարարվել: Իսկապես որ շա՜տ հիմնավոր և օրախնդիր պատճառ է:

ՆԱՐԻՆԵ ՕՀԱՆՋԱՆՅԱՆ




ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ՄԱՐԴ ՊԻՏԻ ԼԻՆԵԼ

Վերջին մի քանի ամսում կարդալով «Պըլը Պուղի» անունով «պատի թերթը», այնպիսի տպավորություն ստացա, որ Ղարաբաղում ինչքան վիզը ծուռ, ծառից ցած ընկած, ուղեղի խրոնիկական հիվանդությամբ տառապող և ֆիզիկական ու հոգեկան խանգարվածներ կան, որ մի քիչ տառաճանաչ են, հավաքվել են մի «բեսետկայի» տակ, կանդազին գրել «Պըլը Պուղի» (ճիշտ կլիներ՝ «Ալի Բաբա») կամ գրողների միության պոլիտբյուրո և սկսել իրենց բոստանի փտած, նեխած աղբը նետել այնպիսի մարդկանց վրա, որոնց շալվարի կոճակը չարժեն:

Ես Արցախի մեծ գրողներից մեկի՝ Վազգեն Օվյանի ժամանակակիցն եմ, մոտիկից ճանաչել եմ նրան, հաճախ դարձել եմ նրա «Մախաթի» հերոսը կամ թիրախը: Ես, որ ավելի մեծ պատճառ ունեմ Օվյանից վիրավորվելու կամ նեղանալու, միշտ հարգել եմ նրա տաղանդը, վերևներին քննադատելու համարձակությունն ու տղամարդությունը և հանդիպելիս միշտ կատակել, հարգանքով զրուցել եմ հետը: Այդ «Ալի Բաբայի» շնաճանճերը, ինկուբատորից դուրս եկած այդ ճտերը եկել, քննադատում են Մարդկանց, մեծերի վաստակը: Իրենց անունները փոխել, քաջերի անուններ են կպցրել ճակատներին, կարծում են թե արդեն տղամարդ են դարձել, գրողն էլ հետևից կպցրած:

Զզվանքով կարդալով այդ կլյաուզնիկներին, ես, որ մասնագիտությամբ ինժեներ եմ, մի 10 անգամ ավելի շատ եմ կարդացել, քան այդ դավիթ-ռոբերտները միասին, սկսել եմ մտածել, որ մի 20 անգամ դրանցից լավ կգրեմ: Հիմա էլ դրանց կարող եմ պատասխանել երգիծական բանաստեղծություններով: Բայց ինձ գրող չեմ անվանում: Չեմ հասկանում, ձեզ ո՞վ է ստիպել անպայման գրիչ բռնեք: Մի ուրիշ բան բռնեիք... Բահ, մուրճ կամ կոմբայնի ղեկ բռնեիք, տաքսի քշեիք, պահակ աշխատեիք, ձեզ հարմար և ժողովրդին օգտակար մի գործ անեիք: Ձեզ սազական հարյուրավոր փեշակներ կան: Պա՜հ, գրող են դարձել, գրողների վրա են մլավում:

Դավիթ Միքայելյան ես կոչվում, թե ինչ, օղորմի կողքիդ կանգնած մեռելներին, դու մի անգամ հայելում նայե՞լ ես քեզ, բոյիդ, բուսաթիդ: Մի անգամ հարցրե՞լ ես, թե քանի մարդ է հայիլ-մայիլ եղել շարադրություններովդ: Շարադրություն ասացի, հիշեցի: Այդ Ռոբերտ Եսայանին իմ կողմից հայտնեք, թող գա իր գրական մակուլատուրան տանի: Բերել, թափել է մեզ մոտ, խնդրել 1000-2000 դրամով տամ մեր աշխատողներին: Ասեք՝ վերցնող չկա: Ձրի էլ չեն ուզում, ասում են, թե այդ գրքերի թղթերը հարմար չեն, «տուալետնի բումագան» ավելի էժան է և հարմար: Ասեք Սավադովիչն ասում է եկ գրքերդ տար, դրանց դիմաց 100-ական դրամ կտամ, միայն սենյակը ազատես:

Կամ Հիտլերի բեղերով այս կոմիկը: Անունը Համլե՞տ է, Իշխա՞ն, թե Ոբն կամ նման բան (նկատի ունի Համլետ Մարտիրոսյանին - խմբ): Հեռուստացույցից զվարճացնում է երեխաներին, իր գրքերով պոռնոգրաֆիա տարածում, փչացնում սերնդին: Այդ գիրքդ տար, թող կինդ, հարազատներդ կարդան և հիանան: Փոխանակ սրա նմանին մեկուսացնեն մարդկանցից, թույլ են տալիս լսարան մտնի: Սրանց նայեք, շուշեցի հնագետ Հրաչիկ Հարությունյանին են իբր ձեռ առնում: Նա ազգի համար, երկրի համար օգտակար, կարևոր գործ է անում, հնություններ է պեղում, դո՛ւք ի՞նչ եք անում, թուղթ կեղտոտողնե՛ր: Ձեզ բոլորիդ ինձ մոտ բանվոր էլ չեմ վերցնի, որովհետև լավ մասնագետ լինելու համար առաջին հերթին մարդ պիտի լինել: Ալի Բաբանե՛ր:

Վերջում Վազգեն Օվյանի լեզվով (Համո Սահյանի պարոդիայով) մաղթում եմ ձեզ.

Ի՞նչ կուզենայի... Ես կուզենայի,
Որ այս աշխարհում ամեն մի գրող
Դառնար խղճաչափն իր ապրած դարի,
Սուրբ ներշնչանքով գրված ամեն տող
Գոհար հռչակվեր համամարդկային...

ՍԵՐԳԵՅ ՍԱՎԱԴԻ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ճարտարագետ



ԵՐԲ ԻՐ ԱՉՔԻ ԳԵՐԱՆԸ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ

Կարող էի անուշադրության թողնել «Պըլը-Պուղի» թերթում Ռոբերտ Եսայանի «Դիլետանտը պատմագետի դերում» վերնագրով հոդվածը, որովհետև այնտեղ իմ «Մարտադաշտ՝ բացված պատերազմից հետո» հոդվածի հիմնավորումները ժխտող տող անգամ չկա: Հատկապես, որ նոր չեմ ճանաչում Ռ. Եսայանին, մարդու, որը միշտ «հայտնվում է» կշեռքի ծանր նժարին՝ պատրաստ հլու-հնազանդ ենթարկվելու ուրիշների կամքին: Գիտեմ նաև, որ ԳՄ ղեկավարությունից հրահանգ է ստացել՝ «ջախջախել» ինձ:

Սակայն, փոխանակ նա փորձեր ժխտել իմ փաստարկները, մանրացել և իր նյութը լցրել է իմ անձն ու արժանապատվությունը վիրավորող ու ստահոդ տողերով: Այստեղ են ասել՝ երբ փաստարկները վերջանում են (կամ՝ չկան), սկսում են հայհոյել ու վիրավորել ընդդիմախոսին:

Սակայն ես չեմ ուզում իջնել Ռոբերտ Եսայանի մակարդակին և պատասխանել իր հանգով: Պարզապես համառոտ անդրադառնամ Թևանի վերաբերյալ մի ձևակերպմանը, չնայաց, կասկածում եմ, որ Ռ. Եսայանը երբևէ պատմական մի գիրք թեկուզ թերթած լինի: Խոսքը, առաջին հերթին, Թևան Ստեփանյանի անձի և գործունեության մասին է: Կարելի՞ է նրան դասել մեր ազգային հերոսների և երևելիների շարքը: Իմ հոդվածում նշել և հիմա էլ մնում եմ այն կարծիքին, որ Արցախում Թևանին ո՛չ ազգային հերոս են համարում, ո՛չ էլ երևելի են համարում: Ո՞ւմ դեմ էր կռվում Թևանն իր փոքրաթիվ ջոկատով: Պարզ է՝ բոլշևիկների և 11-րդ Կարմիր բանակի: Իրագործելի՞ խնդիր էր դրել իր առջև ցարական բանակի նախկին ենթասպան: Ամենևին ո՛չ: Մեր ազգային շա՞հն էր հուշում՝ փոքրիկ ջոկատով դուրս գալ սրարշավ Անդրկովկաս հասած բանակի դեմ: Դարձյալ ո՛չ:

Եվրոպայի կողմից արդեն ոչ մեկ անգամ մերժված ու խաբված Հայաստանը ո՞ւմ օգնությանը ապավիներ՝ Արևմտյան Հայաստանը բնաջնջած և Երևանի մատույցներ հասած Թուրքիայի՞: Գուցե Թևանի ջոկատի՞: Մի՞թե հայ ժողովուրդը փրկության այլ ելք ուներ: Կա՞, արդյոք, մի փաստաթուղթ այն մասին, որ Թևանն, իրոք, Անդրանիկի, Նժդեհի պես հմուտ մարտավար է եղել կամ այնպիսի մի հերոսական արարք է կատարել, որ առայսօր ժողովուրդը չի կարողանում մոռանալ այն: Եթե հակառակը չասենք: Չեմ ուզում պատմական աղբյուրներից մեջբերումներ անել հակառակն ապացուցող նրա արարքներից՝ իր հայրենակիցների հանդեպ անմարդկային դաժանության ու հաշվեհարդարների մասին պատմող տեղեկություններով: Գո՞ւցե ԼՂՀ ԳՄ-ում իրոք կան Թևանի հերոսության վերաբերյալ հանրությանն առայժմ անծանոթ փաստաթղթեր: Ո՞ւմ համար են պահում, ինչո՞ւ չեն հրապարակում դրանք:

Այժմ իմ «անգրագիտության» մասին: Ի՞նչ ասեմ, նորություն չէ, որ կան մարդիկ, ովքեր կարծում են, թե իրենց արատներն ուրիշներին վերագրելով՝ իրենք ազատվում են այդ արատներից (ժողովրդական հայտնի իմաստություն կա՝ գողին բռնիր, թե չէ ինքն է քեզ բռնելու):

Ռ. Եսայանի ազգային արմատներից կտրված, տարիների փոշեկույտերով ծածկված բանաստեղծությունները հանգիստ նիրհում են հանրապետության գրադարաններում ու տարբեր հիմնարկներում: Ի դեպ, նա մեկ անգամ չէ խոստովանել՝ «Գրում ենք՝ ընթերցող չկա»:

Ճիշտ որ: Այո՛, քեզ ընթերցող չկա, դու ընթերցող չունես, Ռ. Եսայան: Ձեր ԳՄ նախագահությամբ հավաքվել, խելք-խելքի եք տվել, մտավորականների նամակ հորինել, վերջում էլ ձեր թանկագին ստորագրություններն էլ դրել տակը: Կարծես գրագիտության դասն արդեն սերտել-վերջացրել եք, հիմա էլ ուրիշներին եք մեղադրում անգրագիտության մեջ: Գրել եք. «Ինչո՞ւ նրանց թվում է, թե ԳՄ վարչության նախագահը արժանի չէ, որպեսզի նախարարի չափ աշխատավարձ ստանա»:

Հարգելիներ, «նախարարի չափ աշխատավարձը» ո՞րն է: Մի՞թե ԳՄ-ում նախարարի չափով են փողը «կշռում»: «Նախարար» հասկացությունը փողի չափման միավոր չէ: Երևի ցանկացել եք ասել՝ «նախարարական աշխատավարձ», «նախարարի աշխատավարձի չափ» և այլն: Սա՞ է ձեր գրագիտությունը:

Ի դեպ, Ռ. Եսայանն այնքան է կորցրել չափի զգացումը, որ «Եղինջ» թերթն անվանել է «թաշկինաթերթ»: Հայերենում «թաշկին» բառ չկա: Ինչպես չկան «նապաստ», «հրովարտ», «կաչաղ», «վերմ» բառեր, դրանց փոխարեն կան՝ նապաստակ, հրովարտակ, կաչաղակ, վերմակ բառերը: Երևի Ռոբերտը ցանկացել է ասել՝ «թաշկինակաթերթ» կամ «թաշկինակի չափ թերթ»: Եվ զարմանալին այն է, որ գրագիտության այս «ուսուցիչը» իր մեղադրանքը ներկայացրել է նույն չափսի՝ «Պըլը-Պուղու» էջերից: Նման դեպքերի համար է ժողովուրդն ասում՝ «Սեփական աչքի գերանը չի տեսնում, ուրիշի աչքի փուշն է տեսնում»:

Եվ այս «պարոնը» ուրիշներին մեղադրում է անգրագիտության մեջ: Եվ, վերջապես, գուցե Ռ. Եսայանը թարմացնի մեր հիշողությունը, տեղեկացնելով, թե քանի անգամ է իր ուժերը փորձել՝ բուհ ընդունվելու համար և որերորդ «պապըտկան է» հաջողությամբ պսակվել, այն էլ՝ հեռակա բաժնում:

ՀՐԱՉԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ




ՎԵՐՋԻՆ ԷՋ

ՏՈՂԵՐ ՕՐԱԳՐԻՑ

«Կարմիր ծաղկաթերթիկներ» գրքից


Հպարտ ու վեհ կանգնած կաղնիների տապալումից սկսվում է նրա շուրջ տարածված գաճաճ թփերի ու մացառուտների «ոսկեդարը», միաժամանակ՝ ողջ անտառի միջնադարը:

Վատ մարդը կարող է լավ գիտնական լինել, բայց երբեք չի կարող լավ արվեստագետ լինել:

Տգետների հետ վիճելը և՛ հեշտ է, և՛ դժվար: Հեշտ է, որովհետև նրանք ոչինչ չեն կարողանում դուրս բերել քո խելացի և կշռադատված փաստարկների դեմ: Դժվար է, որովհետև, միևնույն է, դու ոչինչ չես կարողանում նրանց ապացուցել:

Կատուները վագրի թիկունքում երբ մլավում են վագրի վրա, ճիշտ է, իրենց վագր են զգում, բայց երբեք չեն կարող վագր դառնալ:
Կան գրողներ, որ չնայած հեռանում են կյանքից, բայց նրանց ստեղծագործություններն ապրում են: Մյուս կողմից՝ կան գրողներ, որ շարունակում են ապրել և մեռած գործեր ծնել...

Երբեմն ապշում եմ, տեսնելով, թե մեր այս փոքր ազգում որքան մեծ սրիկաներ կան, և որքա՜ն շատ են նրանք:

Մի շան. Քիչ հաչիր, որ քար չշպրտեն քեզ վրա:

Ձեռքերդ լվա հետո միայն խոսիր այլոց կոշիկների փոշու մասին:

Կարելի է ապրել գյուղում և լինել լավ քաղաքացի՝ այդ բառի բոլոր իմաստներով, միաժամանակ՝ քաղաքում ապրում են մարդիկ, ովքեր մինչ մահ մնում են գեղջուկ:

Անհամեստ, փառասեր ու ագահ մարդը երբեք չի կարող լավ բանաստեղծ լինել: Իսկ իշխանություններից ստացած բարձր պարգևներն ու շքեղ կոչումներն այնքան են դրությունը փրկում, որքան եթե զուգարանաթուղթը դնես ոսկեզօծ տոպրակի մեջ:

Կան գրողներ, որոնց մահից հետո էլ շարունակում են լույս տեսնել նրանց անտիպ ստեղծագործությունները: Կան նաև գրչակներ, ովքեր յուրաքանչյուր անգամ զուգարանից դուրս գալիս, վազում են հրատարակչություն:

Լեոնիդ Բրեժնևի մահով, ցավոք, չի ավարտվել պաշտոնական աթոռից հանդերձյալ կյանք ուղևորվելու վատ սովորույթը: Միշտ չէ, որ թամբի վրա մեռնելը գեղեցիկ է...

Թուղթ մրողի մի այլ տիպ կա, որ հաստափոր գրքեր ու հատորներ տպագրելով, կարծում է, թե ինքն արդեն դասական է, չհասկանալով, որ մինչև դասական դառնալը պետք է նախ գրող դառնալ:

Որոշ գրողներ իրենք էլ համոզված լիելով, որ մահից հետո հազիվ որևէ մեկը հիշի իրենց, ձգտում են մահկանացուն կնքելուց առաջ, գոնե կենդանության օրոք վայելել իրենց «անմահությունը», և գրադարակները համառորեն շարունակում են լցնել շքեղակազմ խոտանով, որոնք այդպես էլ ոչ ոք չի կարդում:

Կան շքեղակազմ հաստափոր գրքեր, որ կարելի է օգտագործել որպես շինանյութ՝ աղյուսի փոխարեն դնելով պատի մեջ: Դրանք ցեխով շաղախելու կարիք չկա, քանզի դրանց մեջը լի է ցեխով:
Մեզանում կան գրողներ, ովքեր կարողանում են փող արածել:
Մեծ գլուխ ունենալը դեռևս բավարար հիմք չի տալիս մեծ մարդ կոչվելու համար:

Խանութի գրադարակների վրա մնացած շքեղակազմ գրքեր կան, որ իսկույն կսպառվեին, եթե տպագրված լինեին մաքուր էջերով:
Երբ արվեստ ու գրականություն են խցկվում մարդիկ, որոնց համար արվեստն ու գրականությունն ընդամենը առևտրի ժանրեր են, դա նշանակում է, որ մեծն Արվեստում համաճարակ է սկսվում:

Գրականության համար ամենամեծ չարիքն այն է, երբ նախագահությունում հայտնվում են կոմերսանտն ու վաշխառուն:

Այլասերված ու փչացած գրող-արվեստագետը ոչ պակաս վտանգավոր է, քան գողերը, մարդասպաններն ու այլ կարգի հանցագործները, որովհետև նա ապականում, կործանում է ոչ թե մեկ կամ տասնյակ մարդկանց, այլ հազարավորների հոգիները:

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ



«Եվ վերադարձնելով ձեր դիմանկարը» շարքից

ԵՍԱՅԱՆ ՌՈԲԵՐՏԻՆ՝
50-ԱՄՅԱ ԳՈՅՈՒԹՅԱՆ ԱՌԹԻՎ


Մագաղաթադեմ պոետն այս դեղնագույն
Բառեր է նկարում սմքած և անարյուն,
Փսխում է բառեր, շինում տող ու տաղեր,
Թղթեր աղտոտում, սարքում դեղնած «խաղեր»:

Գրում է, հա, գրում, սարդն այս վաչկատուն,
Թղթերն իր խտտած՝ վազում խմբագրատուն,
Գրում ու մրում է գրչակն այս դեղին,
Երկնածը վռազ տպում՝ տեղի ու անտեղի:

Տոն է, խնդություն, թե սուգ ազգային՝
Դեղնած մի ստիխ ունի պոետն այս թաղային:
Գողական կանտորի անդամն է ու հրետանին
Դեղին գրչակն այս նենգ ու ութոտանի:

Անտեր չէ սակայն պոետն այս բալագան,
Խելքից խեղճ տեր ունի՝ գող ու ինտրիգան,
Անունով է Սրա քնում կամ «դուրս գնում»,
Առավոտից իրիկուն՝ Սրա գովքն անում:

Կա, ահա, այսպիսի պոետ մի դեղներես,
Որդի պես գետնաքարշ և թունդ աներես:
Գրում ու մրում է գրչակն այս ենթակա,
Գրածից ոչ ինքն է գլուխ հանում,
Ոչ ընթերցողը՝ եթե կա:

ՄԽԻԹԱՐ ԳՈՇԵՆՑ



Համարի ասույթը

Փաստերը ցույց են տալիս, որ մեծ կամ նշանավոր գրողները հազվադեպ են երկար ժամանակ մնում գրողների միության կամ գրական որևէ կազմակերպության ղեկավարի պաշտոնում: Այդ պաշտոնում հիմնականում աշխատում են ապաշնորհ մարդիկ, ովքեր այլապես չէին կարող տպագրել իրենց գրական խոտանը:


Ամսվա ասույթը

Գարշելին այն չէ, որ մեզանում կարելի է գրող ու գրականագետ գնել, այլ այն, որ դրանք կարելի է գնել մատչելի գներով:

Որոնում

Օրացույց

«  Հունվար 2009  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Արխիվ