ԽՄԲԱԳՐԱԿԱՆ
ԽՈՍՔ ԱՌ ԸՆԹԵՐՑՈՂ
Ընթերցող բարեկամ, քո ձեռքին «Նոր էջի» անդրանիկ համարն է: Նախքան այն բացելը, անշուշտ, տարածված սովորության համաձայն, փորձելու ես ինչ-որ ձևով պարզել՝ իշխանամե՞տ է այն, թե՞ ընդդիմադիր: Միանգամից անկեղծորեն խոստովանենք, որ հաստատ իշխանամետ չէ: Թերևս ընդդիմադիր էլ չէ՝ եթե անգամ այդպիսի ցանկություն ունենա, քանզի մեզանում փաստորեն չկա ընդդիմություն և չկան ընդդիմադիր քաղաքական ուժեր: Ըստ երևույթին՝ մեզանում առնվազն վերջին տասնամյակում երբեք էլ ընդդիմություն չի եղել: Եթե եղած լիներ, ապա դրա հետքերն այսօր էլ կերևային, այն պարզ պատճառով, որ բնության մեջ ոչինչ անհետ չի կորչում:
«10-րդ նահանգն» ու «Դեմոն»՝ իրենց լրագրողական կազմով, փաստորեն միակ ընդդիմադիր խոսափողերն էին այս երկրում, որոնց շուրջ այդպես էլ չձևավորվեց ընդդիմություն՝ այդ բառի ամենաիսկական ու լայն իմաստով: Եվ դա ամենամեծ խնդիրն ու ցավն է, որ պիտի հուզի բոլորին՝ հասարակությանը, ժողովրդին, իշխանություններին, եթե վերջիններիս մտահոգության առարկան միայն սեփական դրամապանակը լցոնելը չէ, այլ Արցախ, Հայրենիք կոչված այս երկրի այսօրն ու ապագան...
«Դեմո» թերթի փակվելու փաստը տխրեցրել, մտահոգել է շատերին, ոմանք երևի թե մեծագույն ուրախություն են ապրել դրանից: Այդ վերջինները ոչ այնքան այդ թերթի հակառակորդներն են, որքան, մեծ հաշվով, մեր երկրի և մեր ժողովրդի թշնամիները: «Նոր էջը» հաստատ և երբեք նրանց թերթը չի լինելու:
Ուրեմն՝ ո՞վ ենք մենք, եթե իշխանամետ չենք, ընդդիմադիր չենք, քանզի վերջինիս համար պիտի լինի ընդդիմություն: Հեքիաթներում մի երրորդ ճանապարհ էլ է լինում, որ տանում է, կոմունիստների խոսքերով՝ լուսավոր ապագա: Բայց միայն հեքիաթներում: Քաղաքագետները գտնում են, որ կարելի է լինել նաև մի երրորդ ուժ: Իսկ մենք ոչ միայն փոքր ենք ՈՒԺ լինելու համար, այլև՝ նման ցանկություն չունենք: Մենք լրագրողներ ենք, գրողներ, արվեստագետներ, նաև քաղաքագետներ ու հասարակական գործիչներ: Եվ այս պահին մեր ձեռքից եթե մի բան գալիս է, դա այլախոհ լինելն է, ցանկացած հարցում սեփական կարծիք ու տեսակետ ունենալը: Միաժամանակ՝ մեր թերթի դռները բաց են բոլոր նրանց առջև, ովքեր իրենց համարում են այս երկրի տերը և անկեղծորեն ցավում են այսօրվա մեր բոլոր սխալների ու թերացումների համար:
Մենք կհանդիպենք յուրաքանչյուր ամիս, հուսով, որ մի օր կկարողանանք ավելի հաճախացնել հանդիպումների պարբերականությունը, լույստեսնել երկշաբաթաթերթի կարգավիճակով:
ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ՏԱՐԻՆ ԱՎԱՐՏՎԵՑ. ԳԵՐԱԶԱՆՑԻԿՆԵՐ ՉԿԱՆ, ԵՐԿՈՒՍԸ «ՎԱՏ» ԵՆ ՍՏԱՑԵԼ
«Չտո դելատ» թերթը նախորդ տարվա իր վերջին համարում 25 հարց է ներկայացրել ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանին: Ի շարս զանազան հարցերի, թերթը խնդրել է ավարտական տարում 10 բալանոց սիստեմով գնահատել ԼՂՀ նախարարությունների աշխատանքը: Կառավարության ղեկավարը նախարարություններից ոչ մեկին չի արժանացրել ամենաբարձր բալերի: 8 բալ են ստացել ֆինանսների, գյուղատնտեսության և սոցապ նախարարությունները: Կրթության և արդարադատության նախարարությունները ստացել են 7 բալ: Մշակույթի և առողջապահության նախարարություններն «արժանացել են» ամենացածր բալերի՝ 5 բալ: Հանրակրթական դպրոցներում 5-ը հավասարազոր է «գերազանցին»: Սակայն, տվյալ դեպքում, քանի որ գնահատականները բաշխվել են հանրակրթականին 2 անգամ գերազանցող 10 բալանոց սիստեմով, եթե նույն այդ 10-ը բաժանենք 5-ի (նկատի ունենք 5 բալը), արդունքում կստացվի՝ «երկու»: Խորհրդային ժամանակներում ավարտական քննություններին «երկու» ստացողները հաստատ մնում էին նույն դասարանում: «ՆԷ»
ԱՐՄԱՆ ՄԵԼԻՔՅԱՆ. «ՊԵՏԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՊԵՏՔ Է ՁԵՎԱԿԵՐՊԵԼ՝ ՂԱՐԱԲԱՂԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱ՞Ս Է, ԹԵ՞ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ»
- Պրն Մելիքյան, ըստ ձեզ՝ նոյեմբերի 2-ին Մոսկվայում ստորագրած հռչակագիրը որևէ բան փոխե՞ց կամ կփոխի՞ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: - Նախ՝ Հռչակագրի ստորագրման պատճառների մասին ասեմ, որ այն անհրաժեշտ էր ոչ այնքան Հայաստանին, որքան Ռուսաստանին: Ռուսաստանը Վրաստանի հետ ունեցած պատերազմից հետո կարիք ուներ իր վարկանիշը վերահաստատելու և միջազգային հանրությանը ներկայանալու որպես տարածաշրջանում խաղաղապահ, խաղաղասեր պետություն: Այս խնդիրը բարեհաջող լուծեց:
- Այսինքն՝ մենք ոչ մի օգուտ չքաղեցի՞նք այդ Հռչակագրից: - Մենք դրանից վնասվեցինք հենց միայն այն պատճառով, որ Հռչակագրին որևէ կերպ չմասնակցեց Ղարաբաղը: ԼՂՀ-ն դուրս մղվեց այս ստորագրումից, և դա էր պատճառը, որ Ադրբեջանը՝ հանձին Ալիևի, սկսեց խոսել այն մասին, որ Հռչակագրի ստորագրումով Հայաստանը ճանաչել է իրեն որպես միակ հակամարտող կողմ: Սա իրական քարոզչություն է, որը ադրբեջանական կողմը իրականացնում է հաջողությամբ, իսկ հայկական կողմը չի անում:
- Ըստ Ձեզ՝ եթե Հայաստանի նախագահի փոխարեն Հռչակագիրը ստորագրեր ԼՂՀ նախագահը, ի՞նչը կփոխվեր այս գործընթացում: - Դա կհամապատասխաներ կոնֆլիկտի իրական ձևաչափին: Դա կզրկեր Ադրբեջանին կոնֆլիկտի էությունը խեղաթյուրելու հնարավորությունից: Հայաստան-Ադրբեջան ձևաչափում Ադրբեջանը խնդիրը ներկայացնում է այնպես, որ Հայաստանը հարձակվել է, Ադրբեջանի խաղաղ բնակիչներին զրկել է իրենց հայրենի օջախներից, վտարել է մի հսկայական տարածաշրջանից և հիմա, որպես քաղաքակիրթ երկիր, պետք է ճանաչի իր գործած սխալները, հետ քաշվի և փոխհատուցի վնասները, աջակցի ադրբեջանցիների վերաբնակեցմանը իրենց նախկին բնակավայրերում և այլն: Մինչդեռ իրականությունը այդպիսին չէ: Բռնի զանգվածային տեղահանումների պրակտիկան առաջինը կիրառեց Ադրբեջանը՝ 1988 թ. սումգայիթյան դեպքերից սկսած, բարեհաջող ավարտեց 1990-ին՝ Բաքվի հայության արտաքսումով և մասնակի ոչնչացումով, այնուհետև պատերազմական գործողություններ ծավալեց Ղարաբաղի դեմ, որի արդյունքում էլ փոխվեցին ԼՂՀ փաստացի սահմանները, որոնք ամրագրվել են նաև Ղարաբաղի Սահմանադրությամբ: Իրողությունը սա է: Դժբախտաբար, եթե չլինեին գերտերությունների էական շահերը այս տարածաշրջանում, գուցե Հայաստանը, ԼՂՀ-ն և Ադրբեջանը հնարավորություն կստանային ավելի հանգիստ լուծել խնդիրը, իրավահավասար հիմունքներով և արդարության սկզբունքները որպես ուղենիշ ունենալով:
- Ասինքն՝ մի կողմից մենք ուզում ենք, որ հարցը բարձրանա միջազգային հանրության առջև, մյուս կողմից՝ մենք չենք ուզում, որ գերտերությունները միջամտեն այս գործին, այդպե՞ս է ստացվում: - Մենք ուզում ենք, որ հարցը ունենա իրավական և արդարացի լուծում: Այդ լուծմանը սովորաբար մասնակցում են տարատեսակ միջազգային կառույցներ, այդ թվում՝ նաև գերտերություններ: Մեր տարածաշրջանում բախվում են գերտերությունների շահերը, մեր խնդիրը հետևյալն է. մենք պետք է կարողանանք ապահովել մեր գոյությունը մեր հայրենիքում. սա նվազագույն խնդիրն է, որ մենք պետք է անենք: Մենք պետք է կարողանանք նաև քաղաքական լուծումը գտնել, որոնք պատերազմի ընթացքում գտնվել են:
- Կնշե՞ք այն հստակ քայլերը, որոնք այսօր պետք է արվեն ԼՂՀ հիմնախնդիրը կարգավորելու և արդյունքի հասնելու համար: - Ոչ, չեմ նշի, որովհետև մենք պատրաստում ենք ծրագիր, որը պարունակում է այդ քայլերը, բայց դա այս պահին հրապարակման ենթակա չէ: Ծրագիրը կարող է իրականացվել գործադիրի կողմից: Այսօր այդ ծրագրի մասին խոսելը դեռ վաղ է:
- Իսկ ի՞նչ եք առաջարկում Դուք: - Մենք պետք է շատ լուրջ ուշադրություն դարձնենք ադրբեջանահայ փախստականների հիմնախնդրին, ազատագրված տարածքները որպես փոխհատուցում տրամադրելու խնդրին, և այստեղից մի շարք խնդիրներ կան, որ պետք է լուծել, այդ թվում՝ նաև ԼՂՀ «Քաղաքացիության մասին» օրենքի ընդունումը և Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչման գործընթացի սկզբնավորումը, որովհետև դա կարող է որոշ ժամանակ տևել: Պետք է փորձենք ներգրավել տարբեր պետությունների:
- Ո՞ր պետությունների մասին է խոսքը: - Դրանք կարող են լինել ինչպես դեռևս չճանաչված պետությունները, որոնք ճանաչման կարիք ունեն, այնպես էլ մասնակիորեն ճանաչված պետությունները, և այն պետությունները, որոնք իրենք են շահագրգռված ճանաչել չճանաչված պետությունները: Բոլորի հետ անհրաժեշտ է աշխատանք տանել:
- Վերջերս անընդհատ շրջանառվում են «Մադրիդյան սկզբունքներն» ու փոխզիջման գաղափարները: Ըստ Ձեզ՝ առավելագույն և նվազագույն զիջումները որո՞նք պետք է լինեն: - Երբ խոսում ենք փոխզիջման մասին այս հակամարտության կոնտեքստում, դա խաբկանք է: Իրականում այստեղ չեն կարող լինել փոխզիջումներ: Ադրբեջանը երբևէ չի ճանաչի ԼՂՀ-ի անկախությունը ներկայիս սահմաններում կամ անգամ երկու, երեք շրջանի վերադարձի պայմաններում: Ադրբեջանական կողմի որոշ գործողությունների համալիրը ցույց է տալիս, որ նրանք փորձում են Ղարաբաղից կորզել համաձայնությունն այն բանում, որ Հայաստանն ագրեսոր է, իսկ Ղարաբաղի ժողովուրդը ենթարկվել է ոչ ցանկալի ազդեցության Հայաստանի կողմից: Նրանք ոչինչ չեն պատրաստվում զիջել, միայն փորձում են կորզել: Խնդիրն այլ է. ժամանակի ձգձգումը ու տարածքները չվերաբնակեցնելը մեր դեմ է աշխատում և բխում է Ադրբեջանի շահերից: «Մադրիդյան սկզբունքները» հին եղածի նոր անվանումն է, մեծ հաշվով՝ այնքան ժամանակ, որքան մենք չենք կարողանում ձևակերպել մեր պահանջներն ու շահերը, այդքան ժամանակ մեզ կհրամցնեն բազմաթիվ սկզբունքներ: Մենք պետության մակարդակով չենք կարողանում ձևակերպել, թե Ղարաբաղը, վերջապես, Հայաստանի մա՞ս է, թե՞ անկախ պետություն: Առայսօր կան երկակի չափանիշներ: Ղարաբաղը Հայաստանի մաս չէ: Եթե մասը լիներ, կապահովեր սոցիալական, իրավական, տնտեսական միատարրությունը: Ես վստահ եմ, որ եթե Հայաստանը ճանաչի Ղարաբաղը, մենք կկարողանանք օրինական հիմունքներով հայաստանյան զորախումբ պահել Ղարաբաղում, եթե անվտանգությունը դա պահանջի: Մենք կկարողանանք լեգալացնել մեր փոխհարաբերությունները բոլոր ոլորտներում:
- Ըստ Ձեզ՝ ինչքա՞ն կտևի ճանաչման գործընթացը: - Կարծում եմ՝ կես տարուց մինչև մեկ տարվա ընթացքում այդ գործընթացը կարելի է ավարտին հասցնել:
- Վերջերս ասուլիսի ժամանակ Դուք հայտարարեցիք, որ Ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը նաև կախված է հայաստանյան ներքաղաքական իրավիճակից, և հարկավոր է սերնդափոխություն կատարել: Դուք ինչպիսի՞ սերնդափոխություն նկատի ունեիք: - Գաղափարական սերնդափոխություն նկատի ունեի: Հին մոտեցումները, որոնք որդեգրվեցին 90-ականների սկզբներից, մեզ բերեցին մի հանգրվանի, որը բավարար չի կարող համարվել: Վերջիվերջո, իմ արծարծած փախստականների խնդիրը անտեսվեց հենց այն ժամանակ: Իսկ դա անմիջապես անհավասարակշռություն մտցրեց հակամարտության գործում, որից Ադրբեջանը կարողացավ օգտվել: Պաշտպանվողի վիճակից մենք վերածվեցինք ագրեսորի վիճակի, ինչը չի համապատասխանում ճշմարտությանը և պետք է մերժվի: Հին սերունդը պետք է ասպարեզը զիջի:
- Ի՞նչ չեն անում այսօրվա մեր իշխանությունները, որը, ըստ Ձեզ, պիտի անեին: - Նախանձախնդիր չեն ճշմարիտ լինելու մեջ: Նրանք պատրաստ չեն ընդունել իրենց սխալները, իրենց համար ոչ ցանկալի ճշմարտությունները: Բայց դա ևս այս 20 տարիների երկրի զարգացման արդյունքն է, որը բոլորիս մեղքն է:
- Ի՞նչ եք կարծում, «Հանրաքվեի մասին» օրենքը կնպաստի՞ ժողովրդավարական հասարակարգի ստեղծմանը: - Բոլոր օրենսդրական փոփոխությունները զուտ ծխածածկույթի դեր են կատարել, այս փոփոխությունները էական նշանակություն չեն ունենա, գուցե դա ավելի հեշտ կդարձնի իշխանության համար հանրային կարծիքը իր ուզած նպատակներով օգտագործելու համար, բայց մեր պայմաններում այս կարգի փոփոխությունները, անշուշտ, ժողովրդավարացման նոր լիցք չեն տալու: Հարցազրույցը՝ ՔՐԻՍՏԻՆԵ ԱՂԱԼԱՐՅԱՆԻ «Հետք», Տպագրվում է կրճատումներով
ԿՈՐՑՆԵԼՈՎ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ՝ ՎԱՂԸ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԵՆՔ ՄԵՐ ՈՂՋ ԲՆՕՐՐԱՆԸ
Ղարաբաղն այսօր դարձրել են որբի գլուխ, որի վրա վարսավիրություն են սովորում: Եվ մեղքի ամենամեծ բաժինը հայ դիվանագետ-քաղաքագետներինն է, քանզի վարսավիրություն անելու առաջին օրինակը հենց նրանք են տվել: Հայկական կողմի նախաձեռնությամբ է ղարաբաղյան կողմը դուրս մնացել բանակցային գործընթացից, դառնալով ընդամենը տարածքային վեճ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Նրա համաձայնությամբ է բանակցասեղանին հայտնվել ազատագրված տարածքները հանձնելու հարցը:
Մեկևկես տասնամյակ է անցել հրադադարից, հակամարտությունը ռազմի դաշտից տեղափոխվել է դիվանագիտական դաշտ, բայց այսօր հազիվ թե գտնվի բարձրաստիճան մի այր կամ քաղաքական գործիչ, որ հստակ պատասխանի, թե մենք ինչ ենք ուզում և որն է հակամարտության լուծման մեզ համար ընդունելի տարբերակը:
Վերացական դատողություններ կանեն՝ անվտանգության միջազգային երաշխիքներ (այսինքն՝ թղթե հավաստումներ), ցամաքային կապ Հայաստանի և Արցախի միջև և, իհարկե, ԼՂ կարգավիճակի հստակեցում: Դրա, այսինքն՝ մեր ավելի անորոշ գոյության համար դեռ պետք են «փոխզիջումներ», որ նշանակում է՝ մեր ունեցածի մի մասի վերադարձ հակառակորդին: Իսկ թե ինչ է «փոխզիջելու» Ադրբեջանը, դրա մասին ոչ մի խոսք: Հետաքրքիրն այն է, որ փոխզիջումների մասին հիմնականում խոսում է հայկական կողմը, և ինքն էլ առաջարկում զիջման ենթակա իր «ապրանքը»՝ ՀՈՂԸ:
Առայժմ խոսենք միայն ազատագրված տարածքների մասին: Շատ թե քիչ հայ ժողովրդի պատմություն իմացող յուրաքանչյուրը գիտե, որ այդ տարածքները պատմականորեն հայկական են: Մեր քաղաքագետների մի մասն այդ տարածքներին անվանում է «անվտանգության գոտի»: Այսինքն՝ այդ հողերը մեզ պետք են, որպեսզի հակառակորդն այն չօգտագործի որպես պլացդարմ՝ Արցախի վրա նոր հարձակում ձեռնարկելու և ռազմական ճանապարհով հարցը վերջնականապես իր օգտին լուծելու համար:
Մեր քաղաքագետների մյուս մասի համար դրանք ընդամենը սակարկման միջոցներ են: Այսինքն՝ տարածքները տանք Ադրբեջանին, որպեսզի վերջինս Ղարաբաղին «կարգավիճակ տա»: Ասել է թե՝ սովորական հավաստաթուղթ՝ ինչ-որ ազերիի ստորագրությամբ:
Վերջերս, համեմատաբար, ազգանպաստ դիրքորոշում ունեցող գործիչները սկսել են նոր առաջարկներ ներկայացնել. այդ տարածքները հենց այնպես չտալ, այլ միայն փոխանակման կարգով տալ Ադրբեջանին: Այսպես՝ Աղդամի շրջանը տանք՝ փոխարենը ետ ստանանք Շահումյանի շրջանը: Դա նույնն է թե՝ ռազմավարական երիցս կարևոր նշանակություն ունեցող հայկական մի տարածքը փոխանակենք սակավ ռազմավարական նշանակություն ունեցող հայկական այլ տարածքով:
Մարդ չգիտե՝ խնդա՞, թե՞ լա հայ դիվանագիտական մտքի առկայծումներից: Ասես գլուխները կորցրել են այդ «անտեր» տարածքների խնդրից: Այդ հողերն այնպես են մնացել հայ քաղաքագետների բկին, որ դրանից կրակն ընկած, մեր բարձրաստիճան այրերը արտասահմանյան զանազան պաշտոնյաների տանում, ցույց են այդ հողերն ու հպարտորեն հայտարարում, որ դրանք չեն վերաբնակեցնում: Մինչդեռ դրա համար, իրենց անգործունեության համար պիտի ամաչեին: Սակայն ամենաամոթալին ու անհեթեթը դա չէ, այլ այն, որ մի խումբ ազատամարտիկներ, մտավորականներ ու հասարակական գործիչներ փորձում են Հայաստանի շրջաններում բացատրական-քարոզչական ակցիաներ կազմակերպել՝ ի պաշտպանություն ազատագրված տարածքների, սակայն իշխանությունները, հայրենի ոստիկանությունը արգելում են այդ ամենը: Այսինքն՝ արգելափակում են հայրենասիրական ձգտումները: Այսինքն՝ ո՛չ հայրենասիրությանը: Խորենացին կարծես այսօրվա համար է ասել՝ ողբամ զքեզ, Հայոց աշխարհ...
Հայկական կողմի անգործությունից ու ձեռնբացությունից ոգևորված, միջնորդ պարոնները, խոսքները մեկ արած, մյուս կողմից են կռավում ազատագրված տարածքները վերադարձնելու մասին: Մի հարցնող լինի. պարոնայք «միջնորդներ», կարո՞ղ եք մատնացույց անել Երկիր մոլորակի մի այլ երկիր, որ իր դեմ պատերազմ սանձազերծած հակառակորդին հաղթելուց հետո իր տարածքների մի մասը վերադարձնի նրան: ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներից մեկը՝ Ռուսաստանը, երկրորդ աշխարհամարտում հաղթելով հակառակորդին, ինչո՞ւ սեփականել է իր հետ ցամաքային ոչ մի կապ չունեցող Կալինինգրադ-Քյոնիգսբերգը: 17 մլն քառ. կմ տարածք ունեցող նույն Ռուսաստանը, որի մեջ կարող է տեղավորվել 3 ԱՄՆ և 46 Ճապոնիա, ինչո՞ւ ոչ մի գնով չի ուզում տերերին՝ ճապոնացիներին հանձնել Կուրիլյան մի քանի փոքրիկ կղզիները, որոնք իր համար նույն նշանակություն ունեն, որքան ջրով լի դույլի մեջ նետած մի քանի կաթիլը, մինչդեռ դրանք փոքրիկ Ճապոնիայի համար կենսական մեծ նշանակություն ունեն:
Կամ նույն երկրորդ աշխարհամարտից հետո քանի ֆրանսիացի է պատերազմից հետո անմիջապես ետ վերադարձել Գերմանիա՝ նախկին բնակության վայրը: Մինչդեռ այսօր օրակարգային է համարվում ոչ միայն «չարաբաստիկ» հողերի վերադարձը, այլև ազերի փախստականների ետ վերադարձը, երբ հայ փախստականների մասին ոչ մի խոսք չի գնում: Ասես վերջիններս իսկի չեն եղել կամ մի տասերորդ կարգի մարդիկ են...
Ղարաբաղի խնդիրը սոսկ արցախցիների խնդիրը չէ: Այն համազգային խնդիր է: Այսօր ազատագրված տարածքները տալով՝ վաղը կորցնելու ենք Արցախը (թեկուզ ամենաազդեցիկ երկրների ստորագրությամբ միջազգային հավաստիքներ լինեն): Արցախի կորստով յաթաղանը շողշողալու է առաջին հերթին Մեղրիի և Սյունիքի գլխին... Թե՞ մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի «ծովից ծով Հայաստանի» քարտեզը մեր գլխավերևից կախած, Երևանը դարձնենք քաղաք-պետություն:
Երևանյան սրճարաններում ղարաբաղյան խնդրի մասին դատողություններ անող որոշ դիվանագետներ հիշեցնում են Ակսել Բակունցի հանրահայտ պատմվածքի ծաղկի մեջ քնած բզեզին, որին «աշխարհը հոտավետ բուրաստան է թվում»...
ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ
ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ-ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ-88
Շուտով կլրանա Արցախյան ազգային-ազատագրական շարժման 21-ամյակը, որը Հայոց պատմության մեջ մնացել է որպես ազգային-հոգևոր զարթոնքի և փառավոր հաղթանակի մի զորավոր էջ: Այն իր նշանակությամբ վաղուց հատել է ազգայինի սահմանը և ստացել աշխարհաքաղաքական իմաստ՝ իր դրական և բացասական հետևանքներով հանդերձ: Շարժման ընթացքում՝ Ադրբեջանի կողմից սկսած պատերազմում տանելով համոզիչ հաղթանակ, հայ ժողովուրդը վերահաստատել է հայկական կենսատարածքում՝ Հայկական բարձրավանդակում իր ապրելու իրավունքը: Հաղթանակի շնորհիվ Հայաստանը (ներառյալ Արցախը) հնարավորություն է ստացել աշխարհին արժանապատվորեն ներկայացնելու իր պահանջատիրությունը ոչ միայն ազատագրված Արցախի նկատմամբ, այլև չլուծված Հայկական հարցի վերաբերյալ: Ցավոք, հայկական դիվանագիտությունը, ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ի զորու չեղավ միջազգային հանրությանը ըստ արժանվույն հրամցնելու հայ ազգի օրինական և իրավական պահանջները: Ռազմի դաշտում տարած փառավոր հաղթանակը, հետագա պարտվողական քաղաքականության պատճառով («Հայաստանը հաղթել է ոչ թե պատերազմը, այլ ճակատամարտը» - ՀՀ Բանակի գերագույն գլխավոր հրամանատար) հայկական դիվանագիտությունը չկարողացավ օգտագործել և պարտված Ադրբեջանին պարտադրել իր պահանջները: Հաջորդ իշխանությունները, նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Հայկական հարցից առանձնացրեցին Ցեղասպանության միջազգայնորեն ճանաչման խնդիրը, դարձնելով այն արտաքին քաղաքականության ուղղություններից մեկը և հասան զգալի հաջողությունների: Բայց, այսպես կոչված, ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ տարվող աշխատանքները մտան փակուղի, ԼՂՀ-ն էլ դադարեց բանակցությունների լիարավ կողմ լինելուց:
Մեր կարծիքով՝ ղարաբաղյան հիմնախնդիրն այնպես, ինչպես ներկայացվում է, գոյություն չունի: Այն գերտերությունների կողմից արհեստականորեն ստեղծած քաղաքական ծուղակ է, որի նպատակն է՝ տարածաշրջանում պահպանել ազդեցությունը: Փաստն այն է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Ադրբեջանն անկախացել է և, իրավական տեսանկյունից, կորցրել իր ազդեցությունը բռնակցված Արցախի և Նախիջևանի նկատմամբ: Նախիջևանը հայաթափվել է, իսկ Արցախը ազգային-ազատագրական պայքարի շնորհիվ ձեռք է բերել փաստացի անկախություն և ազատորեն կարող էր վերամիավորվել Հայաստանին: Ադրբեջանը պատերազմել է Արցախի դեմ, տեղահանել Հյուսիսային Արցախի հայ բնակչությանը, գրավել Շահումյանի շրջանը և Մարտակերտի ու Մարտունու շրջանների որոշ մասեր, բայց և կրել խայտառակ պարտություն:
Ազգային¬ազատագրական պայքարի շնորհիվ արցախցիները, ազատագրելով Հայրենիքի մի զգալի մասը, կառուցում են ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն: Թե դա ինչքանով է արդարացված կամ ճշմարիտ քայլ, թողնենք ժամանակի փորձությանը: Բայց մի բանում հայը հաստատ համոզվել է. ազգային, տարածքային հարցերը համազգային ու ռազմավարական նշանակություն ունեն, հետևաբար, դրանք լուծվում են ոչ թե գրասենյակներում, վեհաժողովներում, միջազգային իրավունքի մասնագետների կամ դիվանագետների հիմնավորված թեզիսներով, այլ, նախ՝ ծրագրավորված ու նպատակաուղղված պայքարի միջոցով (հարկ եղած դեպքում՝ մարտի դաշտում), ապա ազատագրված հայրենիքը շենացնելու նպատակով հոգևոր-մշակութային, քաղաքական, տնտեսական ասպարեզներում կատարած աշխատանքներով: Հույս պահել, որ միջազգային իրավունքի շնորհիվ գերտերությունները կլուծեն «ղարաբաղյան հիմնախնդիրը»՝ ինքնախաբեություն է: «Ազգերի ազատ ինքնորոշումը», «տարածքային ամբողջականության սկզբունքը» և նմանատիպ այլ սկզբունքներ, պարզապես, բարի ցանկություններ են, եթե չասենք՝ կեղծիքներ, հորինված փոքր և փոքրաթիվ ազգերին դիվանագիտորեն խաբելու, հպատակեցնելու կամ կախվածության մեջ պահելու համար: Եթե միջազգային իրավունքը երկու երես չունենար, ապա վաղուց Փենջաբը, Ասամը, Քաշմիրը անջատված կլինեին Հնդկաստանից, Տիբեթը՝ Չինաստանից, Բասկիան՝ Իսպանիայից և Ֆրանսիայից, Աբխազիան և Հարավային Օսիան՝ Վրաստանից, քրդական բնակավայրերը՝ Թուրքիայից, Իրանից ու Իրաքից, Կուրիլյան կղզիները՝ Ռուսաստանից և այլն:
Քսանմեկամյա բարձունքից նայելով և ծանոթ լինելով Արցախյան ազգային-ազատագրական շարժման վերաբերյալ բազմաթիվ հրապարակումների, կարծում եմ՝ Շարժումը կարոտ է համակողմանի, գիտական ուսումնասիրման և ճիշտ գնահատականի:
Փիլիսոփայությունից հայտնի է, որ ազգային-ազատագրական հեղափոխությունը ծնունդ է առնում ազգային-ազատագրական շարժումից և ուղղված է.
- օտարերկրյա տիրապետության վերացման,
- ազգային անկախության նվաճման,
- ազգային-գաղութային ճնշման ու շահագործման ոչնչացման,
- ազգերի ինքնորոշման իրավունքի իրականացման,
- ազգային պետության ստեղծման,
- այլ պետության հետ միավորման կամ համադաշնության ստեղծման:
Վերը շարադրվածից դժվար չէ եզրակացնել, որ արցախյան ազգային-ազատագրական շարժումը վերածվել է հեղափոխության և, արդյունքում, ստեղծվել է անկախ պետություն: Իսկ ինչո՞ւ չի վերամիավորվել Հայաստանին, մի՞թե մեր նպատակը անկախ պետության ստեղծումն է եղել: Նման հարցերին ի պատասխան, նշվում է, որ տվյալ ժամանակահատվածում միակ և ճշմարիտ քայլը դա է եղել: Որպեսզի հարցի պատասխանը թերի չմնա, ավելացնում են նաև, որ «անկախ պետությունը» միջոց է նպատակին՝ Միացմանը հասնելու համար: Նախ՝ եթե իրոք անկախ պետության ստեղծումը անհրաժեշտ քայլ է եղել, ապա ինչո՞ւ այդ քայլը առաջադրող կամ պարտադրող պետությունը կամ պետությունները ԼՂՀ անկախությունը մինչև հիմա չեն ճանաչել: Բացի դրանից՝ անկախ պետություն ստեղծելու և միջազգայնորեն ճանաչվելու գործնթացը ավելի բարդ է, քան ճանաչված պետության կազմի մեջ մտնելը, մանավանդ որ առկա են թե՛ իրավական, թե՛ պատմական բոլոր հիմքերը: Գոյություն ունի շրջանառվող մի այլ տեսակետ, ըստ որի ԼՂՀ անկախության հռչակումը փոխզիջում է: Այդ տեսակետի կողմնակիցների հիմնավորումը շատ թույլ է և խոցելի: Նախ՝ հետաքրքիր է իմանալ. Ադրբեջանը ընդունե՞լ է այդ փոխզիջումը և դրա փախարեն ի՞նչ է զիջել: Բացի դրանից՝ Ադրբեջանի համար ի՞նչ տարբերություն, թե Արցախը բաժանվելուց հետո (իրավաբանորեն՝ վերջնական բաժանումը տեղի է ունեցել 1991թ. դեկտեմբերի 1-ին) անկախ պետություն է ստեղծո՞ւմ, թե՞ միանում է այլ պետության:
Ճշմարտության դեմ չմեղանչելու համար պետք է խոստովանել, որ արցախյան ազգային-ազատագրական շարժումը կրել է տարերային բնույթ: Շարժումը ծնվել և ծավալվել է մեր՝ հայերիս մեջ, բայց ինչ-ինչ պատճառներով լիովին չի համապատասխանել հայության գաղափարական, քաղաքական և կազմակերպական հասունացմանը: Արցախյան ազգային-ազատագրական շարժումը, որը վերածվել է հեղափոխության, համահունչ չէր իր էությանը, մասնավորապես՝ բացակայել է հեղափոխության առաջատար և կազմակերպող ուժը՝ ավանգարդը, համայն հայությունը ըստ կարևորության աստիճանի՝ իրազեկված և այնքան էլ պատրաստված չէր համազգային նպատակասլաց պայքարի: Նշվածների օգտին կարող են վկայել նաև այն փաստերը, որ «Ղարաբաղ», «Միացում», «Կռունկ» կոմիտեները ստեղծվել են Շարժման ամենաեռուն տարիներին:
Մի կարևոր հանգամանք ևս. հայկական դիվանագիտությունը, այսպես կոչված, ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հարցում առաջնային է համարում ազգերի ինքնորոշումը, դրանով իսկ նսեմացնելով տարածքային ամբողջականության սկզբունքը: Բայց իրականում այդ սկզբունքները ոչ միայն չեն հակասում, այլ լրացնում են մեկը մյուսին: Խնդիրը կայանում է նրանում, որ մենք հայերս ազգային-ազատագրական պայքարի ենք ելել ոչ թե օտարի տարածքում ինքնորոշվելու, այլ՝ վերացնելու օտարի գաղութային լուծը, շահագործումը, վերականգնելու պատմական արդարությունը և վերամիավորվելու Մայր Հայաստանին: Ավելի պատկերավոր ասած. երկարությունը չափելու համար փոխանակ օգտագործելու մետրը, օգտագործում ենք մեր ձեռքի տակ եղած կամ օտարների կողմից մեզ տրված կիլոգրամը: Փոքր ինչ ծանոթանալով ՄԱԿ-ի անդամ պետությունների վերջին 50 տարիների պատմությանը, դժվար չէ համոզվել, որ դրանց մեծամասնությունը ազգային-ազատագրական պայքարի շնորհիվ են թոթափել օտարների լուծը և ձեռք բերել անկախություն: Մի՞թե Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի, Ասիայի հարյուրից ավելի պետություններ չեն պայքարել օտարների դեմ, ազատագրել իրենց հայրենիքը և շարունակել զարգանալ այն ուղղություններով, որ նախագծել էին: Հարց է ծագում. «Ինչո՞ւ Արցախը չէր կարող հետևել նրանց օրինակին»:
Մի տարօրինակ հանգամանք ևս կապված Կոսովոյի անկախության հետ: Մինչև Կոսովոյի անկախության հռչակագրի ընդունումը հայկական դիվանագիտության մեջ շրջանառվում էր այն տեսակետը, որ Կոսովոն կարող է նախադեպ դառնալ սառեցված հակամարտությունների լուծման համար: Իհարկե, «քաղաքական խաղի» տեսանկյունից կարելի է հասկանալ մեր դիվանագետներին ու քաղաքական գործիչնրին՝ ինչո՞ւ չօգտագործել ընձեռած ցանկացած հնարավորություն: Բայց Կոսովոյի անկախության հռչակումից հետո բոլորին պարզ դառավ, որ հերթական անգամ կիրառվել են կրկնակի ստանդարտներ, որ Կոսովոն նախադեպ լինել չի կարող, ավելի ճիշտ՝ կարող է, եթե «վերևից» այդպես ցանկանան: Մեր պարագայում, հաստատ, չեն ցանկանա (մեր ռազմավարական դաշնակից՝ Ռուսաստանն է երկմտում, ինչ մնաց օտարները...): Ուրիշ ոչ կարևոր իրավական որոգայթ էլ գոյություն ունի. եթե Կոսովոն ընդունում ենք որպես նախադեպ, արդյո՞ք, դա չի նշանակում, որ հաստատում ենք այն դրույթը, որ ԼՂՀ-ն Կոսովոյի նման օգտվելով ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքից, օտար պետության մեջ, օտար տարածքում է անկախանում: Կյանքը ցույց տվեց, որ Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչումը Ռուսաստանի կողմից, էլի նախադեպ չհանդիսացավ Արցախի համար: Մերն ուրիշ է, չէ՞:
Անաչառ գնահատելով Արցախյան ազգային-ազատագրական շարժման ընթացքը, թերությունները և ներկա իրավիճակը, պետք է գոհունակությամբ ու հպարտությամբ նշենք, որ եղած արդյունքներն էլ ազգային գոյապահպանության, հայկական պետականության կայացման, ազգային արժանապատվության վերականգնման տեսանկյուններից անգնահատելի են:
Արցախյան ազգային-ազատագրական շարժումը դիտարկենք նաև այլ տեսանկյունից: Շարժման համառոտ ժամանակագրությունը հետևյալն է.
1988 թ. փետրվարի 13-ին հազարավոր ցուցարարներ դուրս են եկել Ստեփանակերտի Լենինի անվան հրապարակ, պահանջելով Արցախի միացումը Մայր Հայաստանին:
1988 թ. փետրվարի 20-ին տեղի է ունեցել ԼՂԻՄ մարզխորհրդի 20-րդ գումարման նստաշրջանը, որն որոշում է ընդունել՝ դիմել Ադր. ԽՍՀ, Հայկական ԽՍՀ և ԽՍՀՄ Գերագույն խորհուրդներին՝ ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Հայաստանի կազմի մեջ ընդգրկելու մասին:
1989 թ. հունվարի 20-ից ԼՂԻՄ-ում մտցվել է Հատուկ կառավարման կոմիտե Ա. Վոլսկու գլխավորությամբ: Դադարեցվել են մարզի կուսակցական և պետական մարմինների լիազորությունները:
1989 թ.օգոստոսի 16-ին տեղի է ունեցել համագումար՝ ընտրվել է Ազգային խորհուրդ:
1989 թ. դեկտեմբերի 1-ին կայացել է ՀՍԽՀ Գերագույն Խորհրդի և Արցախի Ազգային Խորհրդի համատեղ նիստը: Որոշում է ընդունվել Լեռնային Ղարաբաղը Հայակական ԽՍՀ-ին վերամիավորելու մասին:
1990 թ. հունվարի 15-ին Արցախում մտցվել է «Արտակարգ դրություն»:
1991թ. հունվարին սկսվել է ԽՍՀՄ ներքին զորքերի և ադրբեջանական ՕՄՕՆ-ի համատեղ իրականացված «Օղակ» ռազմագործողությունը:
1991թ. մարտի 17-ին Ստեփանակերտի կոշկի գործարանում տեղի է ունեցել ԼՂԻՄ մարզխորհրդի 20-րդ գումարման արտահերթ նիստը: Կազմակերպիչների նպատակն էր՝ դիմել Ադր. ԽՍՀ Գերագույն խորհրդին, որպեսզի ԼՂԻՄ-ին տրվի ինքնավար հանրապետություն կարգավիճակ՝ Ադրբեջանի կազմում:
1991թ. հունիսի 12-ին Ռուսաստանը հռչակել է իր անկախությունը
1991թ. հուլիսի 20-ին ԼՂԻՄ շրջանների որոշ ղեկավարներ և մարզի պաշտոնատար այլ անձինք Պոլյանիչկոյի ուղեկցությամբ ուղղաթիռով մեկնել են Բաքու, հանդիպել Ադրբեջանի ղեկավար Այազ Մութալիբովին:
1991թ. օգոստոսի 30-ին Ադրբեջանի Միլի Մեջլիսը (խորհրդարանը) ընդունել է պետական անկախության մասին հռչակագիր:
1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջան, որն ընդունել է. «Հռչակագիր ԼՂՀ հռչակման մասին»:
1991թ. հոկտեմբերին 18-ին Ադրբեջանը ընդունել է պետական անկախության մասին սահմանադրական ակտը:
1991թ. դեկտեմբերի 10-ին ԼՂՀ-ում անցկացվել է հանրաքվե պետական անկախության վերաբերյալ:
Արցախյան ազգային-ազատագրական շարժման համառոտ այս ժամանակագրությունից պարզ երևում է, որ հայկական կողմի յուրաքանչյուր քայլ եղել է պարտադրված (կամ լավագուն դեպքում՝ կախված հակառակ կողմի քայլերից), այլ ոչ թե նպատակաուղղված՝ ռազմավարական ծրագրի իրականացման քայլեր են եղել: Հակառակ դեպքում՝ ինչո՞ւ պիտի հայկական կողմը հրաժարվի 1989 թ. դեկտեմբերի 1-ի ՀՍԽՀ Գերագույն Խորհրդի և Արցախի Ազգային Խորհրդի համատեղ նիստի որոշման ընձեռող փայլուն հնարավորությունից և ստեղծի երկրորդ հայկական անկախ պետությունը: Այդ քայլով փաստորեն Արցախը անջատվել է Հայաստանից, ոչ թե Ադրբեջանից:
Չխորանալով փիլիսոփայության խորխորատներում, փաստենք, որ արցախյան ազգային-ազատագրական շարժումը չի հասել իր բաղձալի նպատակին, այսինքն՝ վերամիավորում Մայր Հայաստանին տեղի չի ունեցել: Դեռ ավելին՝ ԼՂՀ-ն ընդունելով Սահմանադրություն, որտեղ բառ անգամ չկա Հայաստանի Հանրապետության և մեր ամբողջական հայրենիքի մասին, էլ ավելի է հեռացել Շարժման բուն նպատակից: Արդյունքն եղել է այն, որ օր-օրի խորացել են արհեստականորեն ստեղծված տարաձայնությունները և հակասությունները: Զավեշտն այն է, որ Հայաստանում նախագահական ընտրությունների նախընտրական և հետընտրական փուլում, երբ ազգի մի փոքրիկ հատվածը պետականորեն նշում է Արցախյան ազգային-ազատագրական շարժման 20-ամյակը, Երևանում՝ Լ. Տեր-Պետրոսյանի գլխավորած բազմահազարանոց միտինգներից մեկում, որպես Հայաստանի համար թշմական կամ ոչ բարյացակամ ազգ նշվել է նաև «ղարաբաղցի» ազգը: Ազգն՝ ըստ բնակության վայրի տարանջատող և ընդունող մեր հայրենակիցներին զգաստացնելու համար նշենք, որ անմտություն է ազգի մեծ հատվածը փոքրին հակադրելը, մանավանդ, որ մեծ հատվածի մեջ երեք անգամ ավելի շատ արցախահայեր են բնակվում քան բուն Արցախում: Միտինգներում բազմաթիվ անգամ հնչեցվել է նաև այն տեսակետը, որ ազգի մի հատվածը կարելի է զոհաբերել հանուն ընդհանուրի բարօրության: Այսինքն՝ Արցախից ցանկացած գնով «ազատվելով», ազգի մյուս հատվածի՝ ՀՀ բնակչության համար կբացվեն նոր հեռանկարներ և ազգը կբարգավաճի: Դա նույնն է թե՝ չորս զավակատերին առաջարկեն, որ զավակներից մեկին զոհաբերի կամ հանձնի իր ոխերմ թշմանուն, որպեսզի մյուսներն ապրեն լավ ու բարեկեցիկ կյանքով: Ի՞նչ եք կարծում, մարդը կզոհաբերի իր զավակներից մեկին, անկախ նրանից թե այդ երեխան ամենաաչքաբացն, ամենախելոքն ու խիզա՞խն է, թե՞ հիվանդն է ու տկարը: Որպես բազմազավակ հայր, համոզված եմ, որ ոչ մի ծնող այդ քայլին չի դիմի, եթե հոգեկան խանգարումներ չունի... Հետաքրքիր է իմանալ, եթե իրավիճակը պարտադրի Ջավախքում ազգային-ազատագրական պայքար սկսել, արդո՞ք այն կկրի համահայկական բնույթ (ինչպես եղել է Արցախում), թե ՀՀ-ում բնակվող ազգի մի հատվածը, «կյանքի փորձից ելնելով», նրանց էլ կհամարի «ջավախեցի» ազգ ու չի միջամտի «օտարի ազգային խնդիրներին»: Ցավալի է, որ Հայաստանի Հանրապետությունում Նախիջևանը համարյա մոռացության են մատնել. մի՞թե այդքան կարճ է մեր պատմական հիշողությունը... Դժվար չէ նկատել, որ երկու պետությունների միջև ծագող հակասությունների հիմնական պատճառը եղել և մնում է ազգի բաժանումը երկու հատվածի: Կարող են հակաճառել, թե դա զուտ քաղաքականությունից դրդված իրավիճակ է, ինչպես ընդունված է նշել՝ օտարների համար ենք մենք անկախ, իրականում միասնական պետություն ենք: Տա Աստված, այդպես լիներ: Աստվածաշնչում մեր պարագայի համար է գրված. «Ինքն իր մեջ բաժանված ամեն թագավորություն ավերվում է, և ինքն իր մեջ բաժանված ամեն տուն՝ կործանվում»: Շատ խիստ է գրված, բայց ճշմարտությունը պարտավոր ենք ընդունել: Ուստի, կարծում եմ, ժամանակն է, որ նորովի՝ ազգային-հոգևոր լույսի ներքո գնահատենք երկու հայկական պետությունների ներկան և վճռականություն ցուցաբերենք արագացնելու Արցախի վերամիավորման գործնթացը Մայր Հայաստանին: Միացման առաջին քայլը կարող է լինել ՀՀ և ԼՂՀ «Քաղաքացիության մասին» օրենքներում երկքաղաքացիության մասին դրույթների հստակեցումը և չափահաս արցախահայերին ՀՀ քաղաքացիություն շնորհելը, իսկ հաջորդ քայլը՝ վերամիավորման վերաբերյալ հանրաքվեի անցկացումը Արցախի Հանրապետությունում:
ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ
ՏԵՐ ԿԱՆԳՆԵՆՔ ՄԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՆ
Մեր շուրջը ոգու սով, նյութամոլության խրախճանք է, անարդարություն ու ցինիզմ: ինչ գույնի ակնոցներ էլ դնես, լավատեսության ինչ հսկայական պաշարներ էլ ունենաս, ջայլամի պես գլուխդ որքան էլ խորը թաղես ավազում, միևնույն է, չես կարող չտեսնել այս ամենը: Աչքերդ որքան էլ ամուր փակես՝ անօգուտ է, գռեհկության սանձարձակ քրքջոցն այս անգամ էլ սղոցելու է լսելիքդ: Կարելի է ականջներն էլ խցանել, պատսպարվել սեփական պատյանի մեջ, ձևացնել, թե վատ ոչինչ չես տեսնում և ամեն ինչ լավ է... Դե, իհարկե, լավ բաներ էլ կան մեր կյանքում. այսօր ապրում ենք ազատ ու անկախ Արցախում: Կարմիր դրոշների ծփանքների ներքո ստրկացող Ղարաբաղն ազատ Արցախ է դարձել, տասնամյակներով փայփայած մեր նվիրական բաղձանքը իրականություն է դարձել: Աղաղակող շատ անիրավություններ պատմության գիրկն են անցել և դա, իրոք, հիանալի է: Սակայն ինչպիսի՞ն է վիճակը անկախացած մեր եզերքում: Քանի դեռ չի հնացել այն ճշմարտությունը, ըստ որի՝ կեցությունն է որոշում գիտակցությունը, դառնանք սոցիալական ոլորտին: Արդիական են դարձել մեծն Թումանյանի «Մինը իր կամքին ինչ ուզի՝ անի, մյուսը խոսելու իրավունք չունի», «Դարձել է, ախպեր, աշխարհն առ ու փախ» խոսքերը: Մոտ երկու շաբաթ Ամանոր ենք նշում, նախատոնական ու հետտոնական հազար ու մի իրարանցումով լցնում մեր կյանքը, սակայն մեզնից քանի՞սը գիտեն, որ ազատագրած մեր տարածքներում կան վերաբնակներ, ովքեր հացի, ուղղակի ցամաք հացի խնդիր ունեն: Չեմ կարող մոռանալ Քաշաթաղի շրջանի Հայկազյան գյուղի բազմանդամ մի ընտանիքի թշվառ վիճակը: 11 երեխա ունեցող այդ հարկի տակ (էլ ի՞նչ հարկ, երբ պատուհան ու տանիք էլ չունի, վերևից անձրևն է թափվում, բաց պատուհաններից անձրևախառն քամին է խուժում) թշվառության իրական պատկերը տեսա... Ամռանն ադ ընտանիքին բնությունն է պահում (հիմնականում սնվում են բույսերով ու մրգերով), ձմռանը՝ Աստված: Շաքարավազն ու մյուս անհրաժեշտ մթերքները Հայկազյանում աստղաբաշխական գներ ունեն... Իսկ մայրաքաղաքում, զբոսայգու մոտերքում գտնվող «Գոռ» ռեստորանի հարևանությամբ, մի պաշտոնյայի դղյակի հենց դեմ դիմաց, մի խրճիթում, որ պատուհանի փոխարեն ծխնելույզ հիշեցնող մի անցք ունի, հողահատակ խոնավ ու կիսամութ սենյակում 6 երեխա է մեծանում: Եվ դա մայրաքաղաքի ուղղակի սրտում: Հակասանիտարական, անմարդկային պայմաններում մեծանում են մեր բանակի ապագա զինվորներն ու մեր երկրի ապագա մայրերը՝ կրտսերը՝ մեկ տարեկան, ավագը՝ տասնչորս: Նման ընտանիքներ, ցավոք, շատ կան ազատ ու անկախ մեր երկրում: 1988-ին հրապարակում ծովացած ցուցարարներս վերջին պատառը կիսում էինք իրար հետ, միակամ ու միասին էինք, հաղթեցինք թշնամուն և արյան գնով անկախություն նվաճեցինք: Իսկ հիմա՞: Որպեսզի մեր անկախ երկիրը հզորանա և կարողանա դիմագրավել ցանկացած պահի մեր ազատության վրա հարձակվելու պատրաստ թշնամուն, այսօր էլ պիտի միակամ ու միասին լինենք: Այսօր մեր երկրին Լևոն Հայրապետյաններ են անհրաժեշտ: Թող մասշտաբը նույնը չլինի. բարերարությունը մնում է բարերարություն: Սոված մի երեխա փրկելը հերոսական գործ է: Եթե մեր ցեղակիցը իր հայրենիքում ապրելու տարրական պայմաններ չունի, դա բոլորիս հոգսը պիտի լինի: Մինչդեռ ողորմելի ու կամազուրկ ստրուկը դեռ արթուն է շատերի մեջ: Մարդիկ կան, որ վախենում են ոչ միայն ճշմարտությունն ասելուց կամ թույլին նեցուկ լինելուց, այլև չեն համարձակվում տեր կանգնել իրենց տարրական իրավունքներին: Օրենքները օրենսդիրների և օրինապահների համար չեն միայն: «Մի՛ վախեցեք կեղծիքի մասին ճիշտ խոսելուց, նա դրանից կքչանա: Անկեղծ խոսքը չի սպանում, փակ դռներ է միայն բանում»,- սովորեցնում էր Պարույր Սևակը: Յոթ միլիոնանոց Ադրբեջանին հաղթած ժողովուրդը հուսահատվելու, ծնկաչոք ապրելու իրավունք չունի. պահանջատեր եղեք նաև սեփական տերերի նկատմամբ, պայքարեք ձեր իրավունքների համար՝ ինչ էլ լինի, ուր էլ լինեք: «Կարիքներ կան, որոնց բավարարումը ստրկացնում է մեզ, դարձնելով մեզ գերի՝ մեր կրքերի ու ցանկությանց: Իսկ չկա ավելի աղետալի բան, քան կրքերի և անիմաստ կարիքների լուծը: Նա, որի ամենօրյա մտահոգության առարկան իր հագուստի և կաշվի մեռեալ գեղեցկությունն է և ոչ թեսրտի ու մտքի մշակումը - նա կմնա աղքատ հոգով, ասել է՝ և տկար,- զգուշացնում է Գարեգին Նժդեհը:- Չկա հրեշ, որ կարողանա գերազանցել անհայրենասերին, որ հոգեբանորեն անտարբեր է դեպի իր երկիրն ու ժողովուրդը»: Այն հացկատակները, ովքեր մի կտոր հացի համար Ճշմարտությունն են լքում, վաղը՝ վտանգի պահին լքելու են Հայրենիքը: Ինքներս իրար նկատմամբ արդար լինելով միայն իրավունք կունենանք աշխարհից արդարություն պահանջելու:
ՍԻԼՎԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
|