Գլխավոր » ՆԱԵՎ ԱՆՈՒՆ-ԱԶԳԱՆՈՒՆՈՎ ԼԻՆԵՆՔ ՀԱՅ
ՆԱԵՎ ԱՆՈՒՆ-ԱԶԳԱՆՈՒՆՈՎ ԼԻՆԵՆՔ ՀԱՅ
21:47
Վերջերս Թուրքիայի Բիթլիս նահանգի պաշտոնյաների կողմից հնչել է առաջարկ՝ Վանա լճի անունը կոչել Թաթվանի ծով, Ահլաթի լիճ կամ Բիթլիս-Վանի լիճ, ինչը անհանգստացրել է Վանի փոխքաղաքապետին և Վան նահանգի այլ պաշտոնյաների:

Վանի փոխքաղաքապետը հայտարարել է, որ շատ սխալ է Վանա լճի անունը դնել Թաթվանի ծով, քանի որ հնուց ի վեր այն կոչվում է Վանա լիճ, և բոլոր զբոսաշրջիկները գալիս են տեսնելու հենց Վանա լիճը: Այո, թուրքի  համար Վանա լճի անունը պահպանելու միակ պատճառը զբոսաշրջիկներին գրավիչ լինելու հանգամանքն է. ի՞նչ հազարամյակների պատմություն, ի՞նչ պատմական արդարություն...

Թուրքիայում  տեղանունների փոփոխության գործընթացը սկսվել է դեռ Էնվեր փաշայի 1914 թ. հրամանով, որով նա բոլոր նահանգապետերին կարգադրել էր փոխել, այսպես կոչված, «ոչ թուրքական հնչեղություն» ունեցող տեղանունները:  Թուրքիայի Հանրապետության ժամանակաշրջանում ստեղծվել է Տեղանունների փոփոխության հանձնաժողով, որն էլ պարբերաբար փոխել է Արևմտյան Հայաստանի տեղանունները:

Մոտեցումը հետևյալն է եղել. կամ լրիվ թուրքացրել են այդ տեղանունները կամ հայկական տեղանուններին կցել են թուրքական ածանցներ՝ դրանց տալով թուրքական երանգ:

Արևմտյան Հայաստանի կամ, առհասարակ, Թուրքիայի տարածքում գտնվող հայկական նախկին բնակավայրերի անունները շարունակական ձևով և պետական մակարդակով փոխվում են:  Հայ պատմաբանների մոտավոր հաշվարկները ցույց են տվել, որ փոխվել է մոտ 24.000 հայկական տեղանուն, և կան ընդամենը մի քանի պահպանվածներ, որոնցից ամենահայտնիներն են՝ Մուշ, Վան, Սասուն: Արևմտյան Հայաստանի գրեթե բոլոր, անգամ փոքր բնակավայրերի տեղանունները, բլուրները, ձորերը կրում են ոչ հայկական անուններ: Ինչ վերաբերում է պահպանվածներին, ապա Թուրքիայի իշխանությունների հասցեին երկրի ազգային, ազգայնամոլական շրջանակներից անընդհատ քննադատություն է հնչում, որ անհարիր է Թուրքիա պետության մեջ ոչ թուրքական տեղանունների պահպանումը: 

Արևմտյան Հայաստանը հայազրկելուց հետո, հայության ու հայկականության հետքերը վերացնելու նպատակով, 1958 թ. Թուրքիայի ազգային ժողովը ընդունել է «Աշխարհագրական անունների փոփոխության մասին» որոշում, որի կիրարկմամբ  թուրքացվել են Արևմտյան Հայաստանի բոլոր աշխարհագրական անունները: Թուրքացվել  է նույնիսկ  բիբլիական Արարատ լեռան անունը: Հայոց սրբազան լեռանը տրվել է Աղրի դաղ («Սպիտակ լեռ»)  անունը:

Արևմտյան Հայաստանում բռնությամբ թուրքացվել են ոչ միայն հայ մարդիկ, այլև նրանց անուն-ազգանունները: Այս երևույթը Թուրքիայում պարտադրանքի և հարկադրանքի բնույթ է ստացել 19-րդ դարի վերջերից  ու շարունակվում է մինչ օրս: 

Հայաստանի (ՀՀ և ԼՂՀ) տեղանունների հայկականացմանը նպաստել է Արցախյան ազգային-ազատագրական շարժումը: Ճիշտ է, Շարժումը  չի հասել իր բաղձալի նպատակին՝  Արցախը չի միացել Մայր Հայրենիքին, բայց պատերազմում տարած հաղթանակը համայն հայության համար նոր ազգային-հոգևոր վերազարթոնքի հնարավորություն է ընձեռել: Պատերազմից հետո ազատագրված հայրենի տարածքների բնակավայրերից շատերը ստացել են իրենց   նախկին անվանումները, մի շարք բնակավայրեր էլ՝  հայահունչ անվանումներ: Ցավալի է, որ այդ գործընթացը ներկայումս «կաղում է». դեռ կան բազմաթիվ տեղանուններ, գետեր, լեռներ, աղբյուրներ որոնք ունեն օտարահունչ անուններ: Ամենաճչացողը՝ Ասկերան քաղաքն է: Ինչպես հայտնի է՝ վերջին ասկյարներին (անկախ ազգությունից) Արցախից արտաքսել ենք կամ ոչնչացրել  1994թ. մայիսին, բայց արի ու տես նրանց անունով դեռ շարունակվում է մի քաղաք և մի ամբողջ շրջան կոչվել:

Ասկերանի շրջանում է գտնվում Ջամիլլու գյուղը, որտեղ բնակվում են մի քանի ընտանիքներ: Գյուղից որոշ հեռավորության վրա  գտնվում է Պանուր Նանե (հեթանոսական իմաստության և ողջախոհության դիցուհին) սրբատեղին:   Ջամիլլու և Փահլուր գյուղի հարակից տարածքներում պահպանվել են հեթանոսական ժամանակաշրջանի դամբարաններ և այլ կառույցների մնացորդներ: Տրակետ գետը, Տրետ,  Մռակած տեղանուններն էլ «իրեղեն ապացույցներ» են: Եվ ահա այդ հեթանոսական տարածքներում չգիտես որտեղից է հայտնվել  Ջամիլլու տեղանունը: Այդ մասին ոչ մի գրավար տեղեկություն չկա, պատմությունը լռում է:  Ի դեպ, մեր հարևան պետությունում կան երեք Ջամիլլու գյուղեր: Ինչպես երևում է, այդ Ջամիլը կամ հայտնի անասնագող է եղել կամ դարանակալ մարդասպան: Հայտնի է, որ գյուղի աղբյուրը կառուցել է Արշակ պապս (Հովսեփ պապիս հայրը), ով հայ թաթարական (թուրքական) բախումների ժամանակ Հարար գյուղից ընտանիքով գաղթել է Ջամիլլու: Բայց էլի, չգիտես ինչու, պապիս կառուցած աղբյուրը կոչում են Շաքարբուլաղ (Շաքարաղբյուր): Գյուղի տարածքում է գտնվում նաև Խանաբուլաղ աղբյուրը: Եվ քանի-քանի աղբյուրներ կան Արցախում, որ թուրքացվել են: Բնականաբար, դրանք և մյուս տեղանունները պետք է շուտափութ հայկականացվեն:

Ցավալի է նաև այն փաստը, որ որոշ տեղանուններ ստանալով հայեցի անուններ, բնակչության մի ստվար հատվածի կողմից դեռ շարունակվում են  կոչվել նախկին  անուններով: Որոշ տեղանուններ էլ, կոպիտ ասած՝ ուղղակի չեն «կպչում», քանի որ անվանափոխումները կատարվել են ոչ գիտականորեն, առանց հաշվի առնելու բնակչության կարծիքը, պատմական նախադրյալները, տեղանքը, աշխարհագրական դիրքը և այլն: 

Պատմական Հայաստանի բնակավայրերի, գետերի, լճերի, դաշտերի, սարերի ու ձորերի անվանումները   փոփոխվել են օտար նվաճողների տիրապետությունների ժամանակ: Նրանք փոխել են հայկական անվանումները և  հարմարեցրել իրենց լեզվին, հաճախ էլ թարգմանել այնպես, որ հայկական հետք չմնա: 

Վերջին երկու հազարամյակի ընթացքում օտար նվաճողները՝  հռոմեացիները, բյուզանդացիները, պարսիկները, արաբները, թուրքերը, մոնղոլ-թաթարները և ռուսները իրենց հետքն են թողել հայ ժողովրդի հոգեկերտվածքի, հոգեբանության  ու մտածողության  վրա:  Օտարների տիրապետության ժամանակաշրջում միջավայրը ստիպել է, որ տիրողների անուններով  կոչվեն նաև հայ մարդիկ: Բյուզանդական տիրապետության ժամանակ հայերը կոչվել են  Բարսեղ, Սոֆյա, Վասիլի, Կոնստանտին, Ելենա և այլն:  Պարսկական տիրապետության ժամանակ՝ Շապուհ, Տրդատ, Միհրան, Զոհրապ, Թամրազ, Խոսրով և այլն: Արաբների տիրապետության ժամանակ՝ Աբաս, Ազիզ, Այվազ, Ասլան,  Հասան,  Ամիր և այլն: Թուրքերի տիրապետության ժամանակ՝ Բալա, Բաբա, Աթա, Աթաբեկ, Ալավերդի, Այդին և այլն: Ռուսական տիրապետության ժամանակ՝  Նիկոլայ, Եկատերինա, Վալենտինա, Ալեքսանդր, Պավել, Սեմյոն, Միխայիլ, Գալինա և այլն: 

Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց հետո  տարածվել են Աստվածաշնչյան անունները՝  Աբրահամը, Սառան,  Իսահակը, Ռեբեկան, Հովսեփը, Հովհաննեսը, Հակոբը, Իսրայելը և այլն:  

Իսկ հիմա, 21-րդ դարում, երբ  Հայաստանը (ՀՀ և ԼՂՀ) անկախ, ինքնիշխան պետություն է, ո՞ր բռնակալն է ստիպում մեզ՝ հայերիս պահպանել հարյուրամյակների ստրկությունը հիշեցնող անուն-ազգանունները: Ախր հնարավոր չէ բոլոր գերտերություններում տարածված անունները «հայացնելը»:

Գիտականորեն ապացուցված է, որ ցանկացած անուն իր մեջ  կոդավորված լրատվություն է պարունակում: Չի կարելի նորածին երեխային ցանկացած ազգի անուն դնել: Այն ազդում է երեխայի գենետիկայի և ենթագիտակցության վրա: Բացի դրանից, երեխայի մոտ «անհարմար» անունը դեռ նամկությունից ավելորդ անախորժությունների տեղիք է տալիս: Երեխան ունենալով օտարահունչ անուն, միջավայրում՝ մանկապարտեզում կամ դպրոցում իրեն անհարմար է զգում, ինչ որ տեղ նաև՝ թերարժեք: Իսկ որոշներն էլ՝  գոռոզ ու ամբարտավան:  

Որպեսզի անունների մասին երկար չգրենք ու անուններ չնշենք, ավելորդ անգամ չվիրավորելու համար «անհարմար», այսնքն՝ ոչ հայկական անուններ կրողներին, միայն նշենք՝ ինչ կզգա մարդ, երբ վերցնելով մի գեղեցիկ խնձոր, համտեսի և պարզի, որ այն ունի տանձի կամ ծիրանի համ: Պարզապես՝ խնձոր ուտելու ախորժակով մարդը  մի կողմ կնետի այդ «խաբուսիկ» պտուղը: Եթե պտղի պարագայում այդպես է, ապա առավել խիստ պետք է լինել նորածին հայի անունը դնելու պարագայում, չէ՞ որ դիմացինդ մարդ է, ով իր ամբող կյանքում կրելու է այդ անունը:

Արցախյան պատերազմից հետո շատերն իրենց նորածիններին կոչել են նահատակված հայրերի, եղբայրների կամ ընկերների անուններով, որոնք երբեմն ոչ հայկական անուններ են կրել: Ցավալի է գրելը, բայց մի՞թե պատերազմելու և հաղթելու նպատակը լիարժեք հայ մնալը չի եղել: Մի՞թե  չի կարելի նահատակի հիշատակը հարգելու համար նրա սիրած ազգային հերոսի, հայ նահապետների կամ պարզապես հայկական անուններ դնել: 

Ավելի բարդ է ոչ հայեցի ազգանունների խնդիրը: Հայաստանում կան տոհմեր կամ ցեղեր որոնց արմատները   հասնում են վաղ միջնադար:  Նրանք դարեր շարունակ կրել են օտարահունչ ազգանունները: Հիմա առաջարկվում է փոխել այն: Բնականաբար շատերը հիշելով իրենց նախնիներին, ժամերով կարող են պատմել նրանց սխրագործությունների, հերոսությունների մասին ու նշել, որ իրենց Շահվերդով  կամ Ալլահվերդով ազգանունը չի վնասել դրան: Չվիճելով ու մի չնչին անգամ չնվաստացնելով  նման ազգանուններ կրող մարդկանց, պարզապես ասում ենք՝ շահի կամ Ալլահի տվածներից հեռու մնացեք հայեր:
     
Եկեք ազգային հպարտություն ունենանք և հրաժարվենք ոչ հայեցի  անուն-ազգանուններից և հայ լինենք նաև անուն-ազգանունով:

ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ 

Որոնում

Օրացույց

«  Հոկտեմբեր 2012  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Արխիվ