Գլխավոր » ՆՈՐ ԿՐԹԱԿԱՐԳ. ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵԻ՞ՆՔ ՇՏԱՊԵԼՈՒ
ՆՈՐ ԿՐԹԱԿԱՐԳ. ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵԻ՞ՆՔ ՇՏԱՊԵԼՈՒ
21:22
Ցանկացած բարեփոխում ենթադրում է առաջընթաց. հանրակրթության ոլորտի բարեփոխումների հիմնական խնդիրն էլ կրթության որակի ապահովումն է։ Եվ իբրև բարեփոխումների առանցքային նախաձեռնություն՝ անցանք ուսուցման 12-ամյա հանրակրթական համակարգի, իսկ 2009-2012 ուսումնական տարվանից կյանքի կոչվեց եռամյա ավագ դպրոցի ինստիտուտը, որն էլ այս տարի տվեց իր առաջին շրջանավարտներին, որոնք, թվում է, պիտի էականորեն տարբերվեին 10-ամյա հանրակթական համակարգի վերջին թողարկումից... Մինչդեռ իրողությունն այլ է...

12-ամյա կրթությանն անցնելու հիմնական դրդապատճառներից մեկն էլ կրկնուսույցներին դիմելու անհրաժեշտությունից ծնողներին ազատելն էր։ Եվ ի՞նչ. այս տարվա շրջանավարտները կրկնուսույցների մոտ չե՞ն պարապել։ Իհարկե, կարիք չկա հարցում անցկացնելու՝ այս հարցի պատասխանը ստանալու համար։ Պարապել են։ Շատերը՝ նույնիսկ երկու տարի։ Մի զգալի մասը՝ իրենց իսկ՝ ավագ դպրոցի ուսուցիչների մոտ (ինչը, թվում է, արգելված է. չէ՞ որ ավագ դպրոցի ուսուցիչն անգամ «սովորական» դպրոցի «սովորական» ուսուցչից ավելի է վարձատրվում աշակետներին բավարար չափով գիտելիքներ տալու համար)։

Համաձայն եմ՝ դեռ վաղ է եզրահանգումներ անել. պիտի սպասել... 
Այն, որ կրթության համակարգին բարեփոխումներն անհրաժեշտ էին, դա միանշանակ է։ Որ մասնագիտական կողմնորոշման առումով մի քայլ առաջ է նոր կրթակարգը, անվիճելի է։ Անխուսափելի էր նաև անցումը 12-ամյա կրթության. աշխարհն այսօր չի ճանաչում 10-ամյա կրթության վկայականը։ Անժխտելի է, սակայն, և այն, որ մենք շտապել ենք. հնարավոր էր այդ ամենն անել ավելի կազմակերպված ու մտածված՝ խուսափելով մի շարք սխալներից, նոր կրթակարգին անցնելուն պիտի նախորդեր նախապատրաստական մեծ աշխատանք։

Մինչև նոր կրթակարգին անցնելը, լուրջ աշխատանք պիտի տարվեր նախ և առաջ մանկավարժների հետ։ Այսօր ավագ դպրոցում դասավանդող ուսուցիչն ինչո՞վ է տարբերվում հիմնական դպրոցի մանկավարժից. միամսյա դասընթացը հրաշքնե՞ր է գործել... 
Իսկ «մրցույթը շահած» տերմինախեղդ դասագրքե՞րը... Իսկ ծրագրե՞րը, որոնք իբր թե բեռնաթափվել են։ Թեկուզև մեկ օրինակ։ Եթե 10-ամյա կրթակարգով ձևաբանությունն ուսումնասիրվում էր երկու տարում, ապա 12-ամյա կրթակարգով ծանրությունն ընկնում է հիմնական դպրոցի 7-րդ դասարանի վրա. ուսուցիչը ստիպված է լինում համարյա ամեն ժամ դասը, թեման փոխել՝ առանց հասցնելու վարժություններով ամրապնդել թեման, այլապես չի հասցնի ծրագիրն ավարտել... 

Իսկ երկու տարի անց արդեն աշակերտը պիտի քննություն հանձնի նաև յոթերորդ դասարանում շուտափույթ անցածից։ Ի՞նչ անի. կա՛մ պիտի լրացուցիչ պարապի, կա՛մ էլ պիտի մեծամասնության նման մշակի արտագրության տեխնիկան (անգամ ուրիշ դպրոցում էլ ճարպիկ աշակետն իր գլուխը լավ պահում է, ինչը չես ասի բարեխիղճ աշակերտի մասին. ցավալի, բայց գնալով ավելի տարածվող երևույթ է, երբ թույլ աշակերտը ավելի բարձր միավոր է ստանում, քան լավ աշակերտը...)։ Դե իսկ ավագ դպրոցի 11-րդ դասարանում հիմնականում երկու խոսքի մաս են կրկնում... Զավեշտալի չէ՞...
 
Իհարկե, հասկանում ենք, որ, ինչպես և ցանկացած նորամուծություն, 12-ամյա կրթական համակարգի և ավագ դպրոցի ներդրումը ենթադրում է դժվարություններ։ Բայց խոսքը հաղթահարելի դժվարությունների մասին չէ, այլ տագնապահարուց երևույթների, որոնց հետևանքները քիչ ավելի ուշ կերևակվեն։ Թվարկենք դրանցից մի քանիսը, որոնցից յուրաքանչյուրը առանձին քննարկման թեմա է.

- 6-ամյա մանուկը դպրոցական նստարանին

- 17-18 տարեկան պատանիներն ու օրիորդները՝ դպրոցական նստարանին

- 18 տարեկան տղաները աշակերտական նստարանից անմիջապես բանա՞կ

 - ծրագրի ոչ ճիշտ բաշխումն ըստ դասարանների (հիմնական դպրոցի վրա է ընկնում ողջ ծանրությունը. հետևանքը՝ գերծանրաբեռնվածությունից ու ավելորդ ինֆորմացիայից հոգնած ու արդեն իսկ ուսման նկատմամբ անտարբեր 8-րդցի կամ 9-րդցի)

- գիտելիքների ստուգումը թեստերի միջոցով, որը հանգեցնում է լավ աշակերտի հիասթափության, թույլ, բայց ճարպիկ աշակերտի քմծիծաղի. բնական է, որ տարեցտարի սովորող աշակերտնների քանակը կնվազի (ավելի լավ է՝ վարժեցնեն արտագրության տեխնիկան), ուսման որակը՝ նույնպես... Ու այսպես կնահանջենք այնքան, մինչև ծնողի ու աշակերտի գիտակցությունը լուսավորվի, ու նրանք հասկանան կրթության դերը իրենց նպատակների ճանապարհին... Իսկ դա ե՞րբ կլինի... Երբ մեր գիտակցության ու կեցության (թե՞ կեցության ու գիտակցության) մակարդակը հասնի եվրոպականի՞ն... Չէ՞ որ մենք առաջնորդվում ենք եվրոպական չափանիշներով...

- գյուղերի ծերացման գործընթացի արագացում և այլն...

Ցավալի է, որ «անշրջելի գործընթացի» մեկնարկը ժամանակից շուտ հայտարարած մեր պաշտոնյաները այժմ էլ շտապում են հայտարարել, որ «ավագ դպրոցը կայացել է»՝ չնկատելու տալով վերոնշյալ և այլ բացահայտ վրիպումներ ու սխալներ (խորհրդային ժառանգություն, որից առաջին հերթին պիտի ազատվեին մեր պաշտոնյաներն ու պաշտոնաթերթերը)։ Մինչդեռ եթե բարձրաձայնվեին խնդիրները, եթե խոսվեին այն բացերից, որոնք նախընտրում են չտեսնել, ավելի շուտ կկայանար նոր կրթակարգը։ 

Խնդիրների մի մասի շուրջ խոսվեց։ Իսկ դրանց լուծման ճանապարհներն էլ ակնհայտ են ու ոչ այնքան բարդ։ Թերևս մի քանիսը.

- ծրագրերի իրական բեռնաթափում և ծրագրային նյութի համաչափ ու ճիշտ բաշխում՝ աշակերտի տարիքային հոգեբանության հաշվառումով

- մատչելի դասագրքեր՝ հագեցած հետաքրքիր վարժություններով (այլ ոչ թե գիտական ձևակերպումներով ու տերմիններով) և կազմված մանկավարժների (այլ ոչ թե գիտնականների) կողմից

- Ժամանակակից տեխնոլոգիաներին ու ուսուցման արդի մեթոդներին տիրապետող մանկավարժական կադրերի պատրաստում

- դպրոցի և ուսուցչի հեղինակության բարձրացում (ինչը պիտի անեն դրանում շահագրգռված դպրոցի տնօրենությունն ու նրա ընտրած մանկավարժները. յուրաքանչյուր դպրոց նպատակ պիտի ունենա հասնելու այնպիսի որակի, որ նման դպրոցում սովորել ցանկացողները շատանան)

- իր կրթօջախում ավագ դպրոցն ավարտելու հնարավորության և ընտրության ընձեռում աշակերտին (աշակերտը ինքը պիտի որոշի՝ որտեղ շարունակի ուսումը՝ ի՞ր, թե՞ այլ թեքումով դպրոցում)

- աշակերտի գիտելիքի ստուգում ոչ միայն թեստի միջոցով (նման ստուգումը ռեալ չէ արտացոլում աշակերտի գիտելիքը)

- թեստի կազմման տեխնոլոգիայի մշակում (ուսուցիչները կազմում են տարբեր բարդության թեստեր գնահատման նույն համակարգի պարագայում)

- միասնական քննության թեստի արհեստավարժ կազմում՝ դիմորդի հոգեբանության ըմբռնումով (այս տարի, օրինակ, հայոց լեզվի և գրականության միասնական քննության թեստի 80 հարցերի մի մասի ծավալը համարյա մեկ էջ էր կազմում. իբր 80 հարցը քիչ էր, որոշ հարցեր էլ կարծես դիմորդին շփոթեցնելու և հոգնեցնելու նպատակ են հետապնդում)...

Կարելի էր շարունակել, եթե... Եթե միայն մեր կարծիքներն ու առաջարկությունները ինչ-որ բան փոխեին...

Մ. ԱՎԱՆԵՍՅԱՆ
մանկավարժ 

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2012  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Արխիվ