Այսօր մեր առօրյայի անբաժան մաս է դարձել համացանցը, որն օրեցօր իր տեղն է լայնացնում մեր կյանքում: Ոմանք իրենց օրն են սկսում համացանցից նորություններ քաղելով, ոմանք՝ ինտերնետային խաղերով և համացանցի ընձեռած այլ հնարավորություններով: Սակայն կա մի բան, որն ընդհանուր է Արցախի հասարակության մեծ մասի համար՝ «համադասարանցիներ» (odnoklassniki). մեր հասարակության մեջ մեծ ճանաչում գտած սոցալական ցանց, որն իր շուրջն է հավաքել մեծ թվով անչափահասների, տարեց մարդկանց ու երիտասարդների:
Շատերի կարծիքով, այն լավ հնարավորություն է՝ կապ հաստատել Արցախից դուրս ապրող բարեկամների ու ծանոթների հետ: Այստեղ, իհարկե, ակնհայտ է այդ ցանցի դրական կողմը, հատկապես մեր ժողովրդի համար, որ պատերազմից հետո հեռավոր ափերում է թողել շատ հարազատների: Սակայն, ամեն պարագայում էլ, մի սահման կա, որ չի կարելի անցնել։ Երբ մտնելով հանրապետության ինտերնետ-ակումբներ, գրեթե յուրաքանչյուր համակարգչի էկրանին տեսնում ես odnoklassniki սոցալական ցանցի բացված էջը, երբ մասնավոր ու պետական աշխատավայրերում աշխատակիցները քեզ պատասխանում են նույն ցանցով հաղորդագրություններ գրելով, այնպիսի տպավորություն է ստեղծվում, կարծես ԼՂՀ-ն այդ ցանցն օգտագործողների մեջ աշխարհում առաջին տեղն է գրավում...
Այն ժամանակ, երբ աշխարհում մարդիկ ուսում են ստանում, աշխատանքի ընդունվում, անգամ հեղափոխություններ կազմակերպում համացանցով, Արցախի հասարակության մի մասն odnoklassniki-ով փոխանակվում է «սմայլիկներով»:
Ինչո՞ւ այսօր մեր հասարակությունը համացանց ասելով առաջին հերթին հասկանում է odnoklassniki էժանագին սոցիալական ցանցը (այս պահին «ցանցի» փոխարեն ավելի տեղին է օգտագործել «սարդոստայն» բառը):
Այդ ցանցից օգտվում են շատերը, սակայն տարբեր են նպատակները՝ հարազատների հետ շփում, նոր ծանոթություններ, ուղղակի ժամանցի համար հաղորդագրություններ, անձնական լուսանկարների տեղադրում, ոմանց համար էլ անձնական լուսանկարների ցուցահանդես և անգամ կյանքի ընկեր գտնելու ասպարեզ է: Մեր հասարակության մեջ 100 հարցվածներից 82-ը օգտվում է սոցիալական տարբեր ցանցերից, ընդ որում՝ 82-ից 79-ը գրանցված է այդ «համադասարանցիներ»-ում, 3-ը օգտվում է միայն Facebook սոցիալական ցանցից, 3-ը՝ միաժամանակ այդ երկու ցանցերից:
Համացանցի ներկայացրած ծառայությունները բազմաթիվ են, որոնցից շատերն էլ կարող են հեշտացնել յուրաքանչյուրի կյանքը, իսկ երբ այդ ամենից մարդ ընտրում է ամենատարրականը և նպաստում իր ժամանակի անտեղի վատմանը, չի նկատում, թե ինչպես է կորցնում իր թանկագին ժամանակը, իսկ կյանքն ուղղակի անցնում է իր կողքով...
ՌՈՒԶԱՆՆԱ ԾԱՏՐՅԱՆ
ԱրՊՀ, լրագրություն, 4-րդ կուրս