Գլխավոր » ՎԱԶԳԵՆ ՕՎՅԱՆ - 80
ՎԱԶԳԵՆ ՕՎՅԱՆ - 80
01:02
ԽՈՍՔ ՄԵՐ ՍԻՐԵԼԻ ԸՆԿԵՐՈՋ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Որ շնորհաշատ գրող Վազգեն Օվյանն իրեն դրսևորել է գրական համարյա թե բոլոր ժանրերում, դա բոլորին է հայտնի։ Եվ, ի պատիվ իրեն՝ որ ժանրով էլ նա հանդես է եկել, վստահորեն կարելի է ասել, որ ընդգծված մնայուն հետք է թողել։ Նրա գործերն այն անժխտելի հոգեբանական առանձնահատկություններն ունեն, որ ընթերցողը հենց առաջին իսկ տողից գամվում է նրանց թովիչ հմայքներին։ Դա խոսում է Վ. Օվյանի ակնհայտ տաղանդի մասին։

Նշենք, որ նրա շատ գործեր կարծես հենց կյանքի այսօրյա խնդիրների մասին են։
Չխորանալով Օվյանի ծավալուն գրական գործունեության արժանիքների մեկնաբանությունների մեջ, սույն խոսքի մեջ ուզում եմ խոսել նրա երգիծանքի հոգեբանական մի շարք առանձնահատկությունների շուրջ։ Ստեղծագործություններ, որոնք կարծես յուրատեսակ բուժանյութ են հասարակության հիվանդ վերքերի խորացումները կանխելու համար։

Եվ այսպես՝ «Եվ Պըլը-Պուղին մի առակ պատմեց»։
Երգիծական ստեղծագործությունների այս ժողովածուն մի հրաշալի գիրք է՝ գրված մի հրաշալի հեղինակի կողմից, որն իր վրա է կրում «Վազգեն Օվյան» անուն-ազգանունը։ Շնորհակալություն հեղինակին, որ շերտ առ շերտ մեր առջև բացում է կյանքի հիվանդացած «բջիջները»՝ պարզապես այն լավացնելու անսքող ձգտումով։ Թե ինչպես է այդ կատարում, կարող եմ ասել՝ սքանչելի ու գեղեցիկ հնարանքներով, անթերի լեզվով և, ընթերցողին մի պահ թվում է, թե ինքը մերթ թերթում է «Հազար ու մի գիշերվա» հրաշափառ պատմությունները, մերթ՝ Ակսել Բակունցի «Կյորեսը», մերթ՝ Լեռ Կամսարի ու Գրիգոր Տեր-Գրիգորյանի սքանչելի երգիծումները, հանճարեղ Սերվանտեսի «Դոն Կիխոտը» կամ «Դեկամերոնի» նովելները։

Այս գիրքը, շնորհիվ իր տաղանդաշատ հեղինակի, մեր առջև բացում է մի աշխարհ, որի մեջ մենք ամեն օր ապրում ենք, բայց այդ աշխարհում գոյատևող չարն ու բարին մենք զգում ենք միայն ենթագիտակցությամբ։ Իսկ ահա հեղինակն այդ աշխարհը լայն էկրանի վրա ոչ միայն բացում է մեր առջև, այլև ստիպում է, որ այն ավելի խորը ճանաչենք, սիրենք ու ատենք, ինչ-որ տեղ հանդուրժենք, ինչ-որ տեղ կռվենք… 

Գիրքը ծայրեծայր ընթերցվում է հաճույքով (անթերի ոճ ունի Օվյանը), ընթերցողը միշտ էլ մի հաճելի քմծիծաղ քթի տակ հրճվում է այն հնարանքների կիրառություններով, որ հեղինակը պատումը հասցնում է հնարամիտ վերջաբանին։
Կերպար ստեղծելու բարդ աշխատանքը սկսվում է հերոսի անվան ընտրությունից։ Միջանկյալ ասեմ, որ անունների այդպիսի դիպուկության առատություն կա նաև Վիլյամ Սարոյանի վիպասանության մեջ։ Իսկ պատմելու պարզ, սրամիտ, կարճ (զերծ՝ ավելորդություններից) տոնը, ինչպես և երևույթների ու դեպքերի անսահման հեռատարածքային հատկանիշների մեջ կապող օղակների հայտնաբերումը խոսում է հեղինակի բարձր օժտվածության և նրա լայնամասշտաբ կուլտուրայի մասին։ 

Այս իմաստով՝ բազմաթիվ օրինակներից բերեմ միայն մեկը. «Մկրտիչ Ապետնակովիչը մեծ մարդ է», և ահա նրա հանճարը Օվյանը հիմնավորում է այսպես. «Եթե նա ասում է՝ Պիկասոն բրազիլացի հայտնի ֆուտբոլիստ է, ուրեմն չպիտի առարկել։ Ի՞նչ մեծ բան է, մարդը կարող է հայտնի նկարիչ Պիկասոյին շփոթել ֆուտբոլիստ Պելեի հետ, Ֆիրդուսուն՝ Ֆիգարոյի հետ և ապացուցել, թե ինքը մի քանի շաբաթ առաջ Սև ծովի ափին թենիս է խաղացել Գրիգոր Նարեկացու հետ։ Մկրտիչ Ապետնակիչը կարող է հանճարեղ Դանթեին միջնադարից քարշ տալ իրենց բնակարանը, հետը բաժակ-բաժակի խփել և քննադատության կարգով ասել. «Դանթե ջան, բայց քո գրած բայաթիներում թույլ բաներ էլ կան»։

Նպատակ չունենալով ամբողջ գիրքը ենթարկել, ինչպես ասում են, գրականագիտական անաչառ զննության ու քննության, քանի որ շատ-շատ են նրա իմաստային խտացումները և դրանց բացահայտման համար շատ ժամանակ է պետք, այս հակիրճ խոսքի մեջ սրտի հրճվանքով ուզում եմ ասել, որ կոնկրետ ինձ համար հայտնաբերվեց մի բարձրաբարձր արվեստի աշխարհ։
Ես այն կարծիքին եմ, որ Վազգեն Օվյանի երգիծական արվեստի ծալքերը տարիների հետ դեռ նոր պետք է բացվեն։ Այդ սքանչելի երգիծաբանը գտնվել է մեր կողքին, մեզ մոտ, բայց մենք մի տեսակ լավ չենք նկատել։ Եվ, առհասարակ, մենք շատ անգամներ մեր սեփական լավը չենք նկատում ու գնահատում։

Ժամանակն է, որ մենք նիհիլիստ չլինենք մի շնորհաշատ երգիծաբանի նկատմամբ և չզլանանք ասել, որ հիրավի նա ընդգծված տաղանդ է, որը միշտ փառք, հպարտություն կբերի մեր երկրամասի գրական ընտանիքին, ոչ միայն այսօր, այլև մշտապես։
Ուղիղ 25 տարի է Վազգեն Օվյանը մեզ հետ չէ։ Մեզ է կտակել իր անմահ երկերն ու ինքն անդարձ հեռացել... Վերջացնելով խոսքս, ափսոսում եմ, որ մեր սիրելի ընկերը, որի պոտենցիալ կարողությունները դեռևս նոր պետք է ծավալվեին ու բացվեին, շատ բան կիսատ թողեց։ Բայց եղածն էլ բավական է, որ մենք միշտ հպարտությամբ գնահատենք նրան։

ԳՐԻԳՈՐ ԴԱՆԻԵԼՅԱՆ




ՆՐԱ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԶԳԱՑՎՈՒՄ Է ՆԱԵՎ ՀԻՄԱ

Սույն թվականի հունվարի 6-ին լրացավ արցախցի նշանավոր գրող, երգիծաբան, դրամատուրգ, արվեստի գործիչ Վազգեն Օվյանի ծննդյան 80 ամյակը, իսկ փետրվարի 23-ին՝ մահվան 25-րդ տարին։
Արցախի տարբեր ուսումնական հաստատություններում, գրական-մշակութային օջախներում այդ կապակցությամբ կազմակերպվում են միջոցառումներ՝ նվիրված սիրված գրողի հիշատակին։

Օրերս նման միջոցառում տեղի ունեցավ նաև Ստեփանակերտի N 11 ավագ դպրոցի 11-5 հումանիտար դասարանի (դասղեկ՝ Ս. Գաբրիելյան) աշակերտների ուժերով և նույն դպրոցի հայոց լեզվի ու գրականության ուսուցիչ Արթուր Բաբայանի նախաձեռնությամբ։ Բացման խոսք ասաց Ա. Բաբայանը, ապա աշակերտները ներկայացրին Վ. Օվյանի ստեղծագործությունները, ժամանակակիցների ու հայտնի մտավորականների կարծիքները գրողի մասին։

Միջոցառման ժամանակ հնչեց նաև հեղինակի կենդանի ձայնը՝ իր ստեղծագործությունների ընթերցմամբ, ցուցադրվեցին գրողի տարբեր տարիների լուսանկարներից և «Այս Ղարաբաղն է» բանաստեղծություն-պոեմի տեսահոլովակը։

Միջոցառման վերջում հնչեց Վ. Օվյանի խոսքերով գրված հանրահայտ «Ստեփանակերտ» երգը, որը մի տեսակ դարձել է Արցախի մայրաքաղաքի հիմնը, որի ուրախ մեղեդու ներքո աշակերտուհիները ներկայացրին հայ աղջիկների պար, ապա նրանց միացան մյուս աշակերտները։

Միջոցառումից հետո Արթուր Բաբայանն ասաց, թե ինքը ձգտել է, որ ոչ թե ավագները խոսեն գրողի մասին, այլ աշակերտները, այն մատաղ սերունդը, որ վաղը պիտի կերտի մեր երկրի ապագան։ Իսկ այդ ապագայում Վազգեն Օվյանը միշտ ունենալու է իր արժանի տեղը, և նրա ստեղծագործությունները դաստիարակելու են շատ ու շատ սերունդներ։

«Երբ գրողը կենդանի էր, ցավոք, այդ ժամանակ մենք կարծես ամբողջությամբ չէինք զգում նրա մեծությունը (չնայած կենդանության օրոք էլ նա լայն ժողովրդայնություն էր վայելում), որովհետև Վ. Օվյանի լավագույն բազմաթիվ գործեր խորհրդային տարիներին հնարավոր չէր տպագրել,- ասաց Ա. Բաբայանը։- Օվյանը մեր հպարտությունն է։ Նրա բացակայությունը զգացվում էր և՛ Շարժման ժամանակ, և՛ առավել ևս հիմա, երբ սուտը, կեղծիքը, երեսպաշտությունը դառնում են կյանքի նորմա... Նա մեր օրերում չէր լռի, կբարձրացներ իր ձայնը, իր տղամարդու խոսքը կասեր, որովհետև իր հող ու ջրին նվիրված մտավորականը, տաղանդավոր գրողն անչափ շատ էր սիրում իր երկիրն ու ժողովրդին և ձգտում էր կյանքը տեսնել այնպես գեղեցիկ, ազնիվ ու մաքուր, ինչպես ինքն էր պատկերացնում, և ինչպիսին ինքն էր թե՛ կյանքում, թե՛ իր ստեղծագործություններում։ Վազգեն Օվյանի համար ազնվությունը ոչ թե կեցվածք էր, այլ՝ կեցություն...»։

ՄԱՐԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Որոնում

Օրացույց

«  Մարտ 2012  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Արխիվ