Ազգային միասնության ակտը վերջապես կայացավ: Վերջին օրերի համազգային հարայհրոցի ֆոնին, Հայաստանի ազգային ժողովը երկնեց մի հայտարարություն, որն այլ կերպ չես բնութագրի, քան հայկական պետականության դատավճիռ: Մինչ այժմ այդ հարցում մի քիչ աղջկական ամոթխածություն կար, մի քիչ սեթևեթանք, բայց դա անցավ: Ժամանակներն են այդպիսին:
Այդ հայտարարության մեջ Ազգային ժողովն ասում է, թե Ղարաբաղը չի կարող որևէ կարգավիճակով մտնել Ադրբեջանի կազմ: Հայաստանի արտաքին գործերի նախարարը Ազգային ժողովում հայտարարում է, թե Ադրբեջանը խոչընդոտում է բանակցություններին, իսկ ահա հայկական կողմը ամեն ինչ անում է դրանք շարունակելու համար: Հանրապետական կուսակցության պատգամավորներն էլ ասում են, թե ԼՂՀ ճանաչումը ժամանակավրեպ է, և վտանգում է տարածաշրջանի կայունությունը: Կոնգրեսի խմբակցության ղեկավարն էլ կոչ է անում արկածախնդրություն թույլ չտալ:
Ինքնիշխան, արժանապատիվ պետության իշխանությունը, Ազգային ժողովը, որը համարվում է ներկայացուցչական մարմին, իր համար վաղուց պիտի պարզած լիներ, որ Ղարաբաղը չի կարող մնալ Ադրբեջանի կազմում, և դրա համար բանակցություններ պետք չեն, և կհայտարարեր բանակցություններից դուրս գալու, Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու մասին: Սակայն աղջկական ամոթխածությունը, աշխարհին «քաղաքակիրթ» երևալու մարմաջն ու պարզապես ոգու ու արժանապատվության բացակայությունը թույլ չտվեցին դա անել:
Մյուս կողմից, ինչ սպասես մի քաղաքական դասից, որն իրենից ներկայացնում է մորթապաշտների, քաղաքական առևտրականների, հանցագործների, պատեհապաշտների կոնգլոմերատ, որն այս բոլոր տարիներին զբաղված էր Հայաստանի ու Ղարաբաղի ողջ մարդկային ու նյութական ռեսուրսը և ապագան մսխելով, որը հանուն անձնական շահի պատրաստ է հանձնել ամեն ինչ: Պատկերացնել կարելի է, թե այս պահին աշխարհում ինչպիսի զարմանքով, կամ ավելի ճիշտ սարսափով են հետևում Հայաստանի «քաղաքակիրթ ու ոչ արկածախնդիր» քաղաքական դասի ու այսպես ասած հանրության պահվածքին. իսկապես, մեծագույն իմաստություն է պետք եթե ոչ ընկալելու, ապա գոնե պատկերացնելու, թե ինչպես կարելի է այդ աստիճան զուրկ լինել մարդկային տարրական արժանապատվությունից և կամքից:
Դա նոր չէ, այդպես եղել է միշտ: Շատ հեռու պետք չէ գնալ, ընդամենը կարելի է հիշել Շուշիի հաղթանակը և տարածքների ազատագրումը. այդ ժամանակ հայ ողջ «առաջադեմ հանրությունը» գլուխը բռնած ողբում էր՝ ոնց ենք սրա տակից դուրս գալու: Եվ մինչ ինչ-որ հրաշքով այս հանրության մեջ դեռ մնացած կյանքին այլ կերպ նայող մարդիկ սերունդների համար արժանապատվություն, հեղինակություն ու ապագա էին հարթում Ադրբեջանի դեմ պատերազմում, թիկունքում բոլորը ձգտում էին խելոք ու քաղաքակիրթ երևալ և բանակցություններ էին վարում «փոխզիջումների» հիման վրա, զրոյացնելով հերոսների կռած հաղթանակը:
Եվ ահա, զրոյացված հանրության հերթական անկեղծ պոռթկումը վերածվեց բալագանի, և այդ հսկայական էներգիան, որը կարելի էր ուղղել Հայաստանի վիճակը շտկելուն, անխնա մսխվում է քաղաքական տարբեր խմբավորումների անձնական նեղ նպատակների համար՝ ազգային միասնության ցուցանակի ներքո: Աստված պահի Հայաստանը:
ՀԱՅԿ ԱՐԱՄՅԱՆ Lragir.am
|