Ահա մի պաշտոնյա՝ անձնական օգտագործման իր ավտոմեքենայով, անձնական լրջությունը դեմքին փքված նայում է աշխարհին, ու իր անձի, կատարած գործի կարևորությունը պարուրում, նստում է նրա դեմքին, ինչպես գլուխ պանրի վրա նստում է բորբոսի խոնարհ շերտը: Այս մարդը թույլ չի տա, որ իրեն հեգնեն, ինքն էլ չի համարձակվի իրեն հեգնել, ավելի ճիշտ, նա այդքան մարդկային կարողություն չունի, նա այնքան թունդ է որպես պաշտոնյա, որ ինքն էլ իր անձնասենյակ վախենալով է մտնում. չէ՞ որ ներսում իր պաշտոնն է, իր աթոռը, իր տերը:
Այս պաշտոնյան արդեն արձան է, բայց ինքը չգիտի դա. ինքն իր արձանն է ու կուռքը: Ծիծաղելի է այս մարդուկը, բայց գրեթե բոլորը վախենում են նրանից ու հարգում, որովհետև գրեթե բոլորի սրտում ազատությունը ստրուկ է, և գլխին տեր ունենալու ցանկությունը ապրելու կերպ է և հնար:
Եթե ավելացնենք, որ այս պաշտոնյայի կարդացած վերջին գիրքը «Այբբենարանն» է եղել, որ սա կարդալիս դեռևս օժանդակ բայերը բառերից անջատ է արտասանում, եթե ավելացնենք, որ սա շատ փող ունի և շատ նենգ է ու շատ խարդախ, որ խիղճ բոլորովին չունի ու դիմացինի վերջին շապիկն էլ է հանում, որ ամբողջ կյանքում գողացել է, քծնել ու քցել, որ աշխարհը մեզ նայում է նրա միջով, պարզ կլինի մեր վիճակը: Պարզ կլինի, որ հազարավոր տարիներ այդ պաշտոնյան կա, անմեռ է նրա տեսակը, և թվում է՝ պրծում չկա:
Ի՞նչ անել, պարոն Չեռնիշևսկի և Դանեմարքայի Համլետ, և Սոկրատես, և Նարեկացի: – Մի՜ պայքարիր արդարության համար, այլ ապրի՜ր արդար,- եղավ պատասխանը: – Հնարավոր չէ: Ուրեմն միշտ կլինի պաշտոնյան և երգիծանք ու հումոր էլ չի հասկանա ամեն ինչից զատ:
Իսկ երգիծանքի համար հասարակականով, ազգայինով ապրող, տառապող ու չհաշտվող սիրտ է պետք, հումոր, կատակ անելու համար՝ ընդամենը անհոգ ու սուր լեզու: – Ուրիշ ցավ ու դարդ չունե՞ս, պաշտոնյա է, էլի, կմթնի, անց կկենա:
Վ. Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
|