Երբ առաջին անգամ որոշ պրոգրեսիվ գլուխներում ինտերնետը միտք առաջացրեց՝ անմիջական շփում ստեղծել իշխանավորների հետ, ՀՀ վարչապետն առաջիններից մեկն էր, որ շտապեց օգտվել այդ հնարավորությունից։
Դե նա միշտ էլ նորորար ու առաջադիմական է եղել ու՝ պետության զարգացումն ամեն կերպ ապահովելու փնտրտուքի մեջ։ Պատահական չի, որ այդ զարգացումը նա կապում է գիտության հետ։ Ինչո՞վ ենք պակաս նեղաչք չինացիներից, ինչո՞ւ նրանց փոխնախագահ Քսի Յինպինգը կասի, որ Չինաստանը մեծ ներդրումներ է կատարում գիտության մեջ, ինչն էլ ապահովել է երկրի զարգացման մեջ զգալի թռիչքը վերջին տասնամյակներում, իսկ մեր վարչապետ Տիգրան Սարգսյանը չի կարող ասել՝ «21–րդ դարում հաջողության են հասնում այն երկրները, որոնք կարողանում են համաշխարհային շուկայում հանդես գալ նոր գիտելիքի ստեղծմամբ։ Ինդուստրիալ հասարակությունից անցումը պոստինդուստրիալ հասարակությանը ենթադրում է տեղափոխվել գիտելիքի ոլորտ»։ Եվ հենց այստեղ էլ ահա պարզ է դառնում, թե մենք, չինացիների համեմատ` լինելով արտահայտիչ աչք–ունքով ու բոյ–բուսաթով, այնուամենայնիվ ինչո՞վ ենք պակաս նրանցից։ Առաջինը՝ հենց նրանով, որ նրանց վարչապետն ասում ու անում է, իսկ մեր վարչապետն ասում ու ասում է...
Տարիներ առաջ, երբ Մարկ Ցուկերբերգի facebook–ը, իր հայտնի պատով հանդերձ, դեռ շատ տարածված չէր, այլ նորաձև էր համարվում livejournal–ը, վարչապետը բլոգ բացեց։ Ժողովուրդը ոգևորվեց. ժողովրդավարական ինչպիսի՜ մոտեցում, ղեկավարության հետ անմիջական հաղորդակցման ինչպիսի՜ հնարավորություն... համախմբման միջոցով խելք–խելքի տալու, հետևաբար՝ երկրի զարգացում ապահովելու ինչպիսի՜ հեռանակար։ Գիտնականներն էլ խառնվեցին՝ ի վերջո դրանում տեսնելով հուսո աստղը՝ գիտության վիճակը հասանելի դարձնելու վերևներին։ Ավաղ, օրերն անցնում էին, արված դիմում–խնդրանք–կոչ–առաջարկ–հարցերն ամիսներով անպատասխան էին մնում։ Եվ ոչ մի քայլ։
Նույնիսկ ես՝ միամիտս, երևի սովետական կրթության սիստեմն անցած ու սովետական՝ ղեկավար+ծառայող+պրոլետարիատ=ժողովրդավարություն կարգախոսից ազդված, հիշելով, որ անգամ մեծ երկրի ղեկավարը՝ Վլադիմիր Իլյիչը, կարող էր կարևորագույն գործեր հետաձգել, ընդունել ու ընդառաջել Ալուն, որ եկել էր մի զույգ կոշիկ խնդրելու՝ «Տա՛լ մուժիկին մի զույգ կոշիկ», մի անգամ բլոգում հանդես եկա մոտավորապես այսպիսի գրությամբ՝ «Պարո՛ն վարչապետ, Սունդուկյանի թատրոնի դիմացի այգու նստարանին մի կին է «ապրում», ավելի ճիշտ՝ նա մահանում է, քանի որ խորը աշնան սառնամանիքին մշտապես նստած է՝ ցնցոտիներով ծածկված ու հրաժարվում է ուտելիքից ու գումարից, որ մարդիկ առաջարկում են։ Ի վերջո, նա մեր հայրենակցուհին է կամ պարզապես մարդ է։ Կարո՞ղ եք հանձնարարել, որ նրան տեղավորեն անօթևանների համար նախատեսված որևէ տեղում»։
Հաջորդ օրն ուրախությամբ տեսա, որ կինը չկա։ Ոգևորությունս կիսեցի հարևանուհուս հետ, որը միանգամից սառը ջուր լցրեց գլխիս, ասելով՝ երեկ երեխային դպրոցից էի բերում, տեսա, որ ոստիկանները գոռում էին վրան, քշեցին անտեր շան պես։ Ահա այսպիսին է մեր պարոն վարչապետը կամ իր բլոգ վարողները. նրանք չեն սիրում վարչապետի պատին սև բիծ։
Ի՜նչ սև բիծ... վարչապետի ֆեյսբուքյան պատը միշտ պիտի լինի իդեալական տեսքի մեջ։ Այնտեղ տեղ չունի որևէ քննադատություն, ինչպես Ռուբեն Հախվերդյանն է ասում՝ «Այնտեղ բոլորն իմ ընկերներն են, Այնտեղ չունեմ թշնամիներ, Այնտեղ ամեն ինչ այնքան պարզ է, Այնտեղ չկան կեղծ ժպիտներ...», թերևս միայն վերջին տողը չի համապատասխանում իրականությանը, քանի որ այնտեղ, ցավոք, հենց ամեն ինչ կեղծ է՝ սկսած ժպիտներից, վերջացրած ոչինչ չտվող հայտարարություններից, գիտության զարգացումը պետության զարգացման հիմքում դնելու վերամբարձ ճառերից, աշխատանքային եռուզեռ ու գործնական հանդիպումներ պատկերող նկարներից։ Բավական է վարչապետի պատին դնել մի հոդված՝ նվիրված գիտության մասին արված իր իսկ խոսքի ու գործի հակասությանը, գիտությունն անտեսելու հետ կապված մի քննադատություն, մի առաջարկ՝ խոսքից ի վերջո գործի անցնելու, մի բողոք՝ կապված գիտության «ֆինանսավորման» տխուր վիճակի հետ, և դրանք անմիջապես ջնջում են պատից ու արագ պատը բերում են իր նախկին մաքուր, անաղարտ ու պուպուշ տեսքին։
Այնպես որ, դիմել էր Ալին ուրիշներին, ասել էին՝ չիք, դե նա էլ դիմել էր Իլյիչին։ Իլյիչը զբաղված էր, քանի որ մտածում էր՝ «Հարկավոր է բանվորի տղից Պրոֆեսորներ ձուլել... Հարկավոր է, որ ամեն աղախին Սովորի պետություն դարձնել... Հարկավոր է... Ո՞րը թվել...»։ Այսօր այդ խնդիրները չունենք. և ինչպիսի՜ պրոֆեսորներ ունենք՝ «ձուլված» և՛ բանվորի տղից, և՛ ծառայողի։ Մնում է միայն նրանց դիմումին «չիք» չասել և, որ ավելի վիրավորական է, չջնջել պատից նրանց դիմումներն ու թողնել անպատասխան։
Այնպես որ, պարո՛ն վարչապետ, Ձեր բախտը բերել է. Դուք պրեֆեսորներ «ձուլելու» խնդիր չունեք, Ձեզ մնում է՝ արդեն պատրաստի պրոֆեսորների համար նորմալ կենցաղ ու աշխատելու նորմալ պայմաններ ապահովել։ Այնպես որ՝ «ողջո՜ւյն արխադաշ Ալուն...», այնպես որ` տե՛ր կանգնեք Ձեր՝ գիտության մասով արած հայտարարություններին, այնպես որ՝ Ձեր պատի անբիծ լինելը մի՛ գերադասե՛ք Ձեր՝ պետության ղեկավարի հեղինակությունից։
|