Ակնհայտ է, որ դարեր ի վեր մեզ հետապնդում է անզեն, կոտորածային ու «անսպասելի» պարտադրված պատերազմը:
Ղարաբաղյանն էլ սկսվեց բացարձակ նույն սցենարով- Սումգայիթ, Բաքու, ու ողջ Ադրբեջանով մեկ՝ հայկական կոտորածներով: Մշտապես կրկնվում է նույնը, և մենք «չենք խրատվում»:
Ինչումն է բանը, որն է կրկնվող այս արյան դեմն առնել չկարողանալու գաղտնի՞քը: Միգուցե մենք սկզբունքորեն չենք հասկանում պատերազմ ասածը, նրա տրամաբանությունն ու օրինաչափություննե՞րը:
Հիմա էլ՝ ազգովի քննարկումների մեջ ենք՝ թե կսկսվի պատերազմը, թե ոչ՞: Այսինքն պատերազմը մեզ ներկայանում է որպես մեզանից անկախ մի պատուհաս, որը գալիս չոքում է մեր դռանը, և մեզանից կախված չէ, թե այն կմտնի մեր տուն, թե ոչ:
Տարօրինակ, անբացատրելի, անըմբռնելի, համառ մտավոր անընդունակություն է սա:
Ադրբեջանը կար, տեղում էր, մեր հարևանն էր արդեն մեկ դար և նա անսպասելի, մեկ օրում չհայտնվեց օդից: Հասկանալի է, որ հազարամյակ առաջ, երբ վայրագ թուրքերը Ալթայից սկսած առաջացան՝ սրի քաշելով իրենց ճանապարհին հայտնվածներին, դա անսպասելի էր, ռազմական նոր տակտիկա ու ստրատեգիա էր և դրան պատրաստ չլինելը հնարավոր էր ու բացատրելի:
Բայց հարյուրավոր տարիներ դրանց կողքին լինելով, գենոցիդվելով, ղարաբաղյան պատերազմ հաղթելով ու նորից նույն խնդրի առջև, նույն ձևակերպմամբ ու նույն մոտեցումներով կանգնելն արդեն լուրջ չէ:
Սպասվելիք պատերազմը կամավորով ու հայրենասիրականով չի լինելու, ֆիդայական կռիվ չի լինելու, ինչպես 20 տարի առաջ էր: Միլիարդավոր դոլարների զենքի կիրառմամբ է լինելու, հզոր միջազգային սադրանքներով, միջամտությամբ ու դիվանագիտական խաբկանքներով է լինելու:
Իսկ այն, ինչ առկա է ներկա համահայկական մոտեցումներում ու իշխանականի դրսևորումներում, մեղմ ասած «սիրուն չի»:
Մեզ անհրաժեշտ է ազգովի՝ շարքայինով ու օլիգարխով, հանցագործով ու իշխանավորով ներառյալ, հաշվի նստել մի քանի սկզբունքային, հիմնարար դրվածքների հետ, որոնք անտեսված են մեզանում:
1-Պատերազմը ոչ թե ազգերի, այլ պետությունների միջև կոնֆլիկտային հարաբերությունների հանգուցալուծման մեխանիզմ է: Ազգերը սուբյեկտներ չեն, պետություններն են սուբյեկտներ- այսինքն որոշում կայացնող՝ պատերազմելու, թե խուսափելու, արարելու- թե վատնելու, զարգանալու -թե ավիրվելու:
Իսկ մեր պատկերացումներով պատերազմը ոչ թե պետական այլ ազգային պատասխանատվության խնդիր է՝ լուծելի հայրենասիրականով, ֆիդայիններով, իրար բզկտելով, դոշ ծեծելով ու հրմշտոցով, թե ով է հայրենասերը, ով ոչ: Ով պետք է զոհվի, ով կենդանի մնա, ով թալանի, մարդ հոշոտի ու իշխանավոր դառնա: Նման «պատերազմներ» ծովահեններն ու հանցագործ բանդաներն են վարում իրենց զոհերի հանդեպ, բայց ոչ պետությունները:
Պատերազմի էության ու դերի մասին մեր այս ճակատագրական պարզունակության, իսկ իրականում բթամտության ցայտուն արդյունքն էլ այսօրվա հայկական պետականությունն է՝ դատարկվող երկրով, իր հաստափոր ու անհավանական իշխանավորներով ու դաժան ներքինով:
2- Պետական խնդիր լինելով հանդերձ, կոնկրետ պատերազմի սանձազերծումը
միջպատերազմյան խաղաղ ժամանակահատվածում ազգային, ներհանրային խոցելի վարքի հետևանքն է:
Պետականություն ունեցող այն ազգերը, որոնք միջպատերազմյան ժամանակահատվածը մսխում են իրար հարստահարելու, թալանելու, նսեմացնելու վրա, նախապատրաստում են թե հաջորդ պատերազմը, և թե պարտությունը նրանում:
Ոչ մի պետություն չի համարձակվի հարձակվել հարևանի վրա, եթե համոզված չէ, որ կհաղթի: Հարձակվում են նախապես հայտնի թույլի վրա, գտնելով, հնարելով, ստեղծելով պատրվակը: ԵՎ այս մոտեցման մեջ որևէ փոփոխություն չի եղել նախամարդուց սկսած:
Պատերազմը ռեգիոնալ ու միջազգային կյանքի անբաժան մասն է: Նվաճողական պատերազմի գնալու ցանկությունը պետք է առկա լինի ցանկացած պետության գործիքադարանում: Որովհետև պատերազմը պետությունների սուբյեկտային հարաբերման հիմնական գործիքն է և հնարավոր չէ այն անտեսել:
Կյանքում նախահարձակ չեղած ազգի պետություն ունենալը մղձավանջ է, որովհետև մշտապես պաշտպանվելով հնարավոր չէ դիմանալ հարևանների նկրտումներին ու պահպանել պետականությունը:
Հաղթելով ղարաբաղյան պատերազմում, մենք չկարողացանք ձևակերպել մեր պետական ու ազգային խնդիրները համաձայն պատերազմի արդյունքների և այսօր ճաշակում ենք այդ վախկոտության ու տգիտության արդյունքները:
Իսկ հրադադարից հետո էլ մենք մսխել են միջպատերազմյան անդորը՝ երկիրը թալանելու և մարդաթափ անելու վրա: : ԵՎ հիմա էլ փորձում ենք խուսափել պատերազմից՝ դիմացինի պատրվակների դեմ օդում սուր ճոճելով, հույսը դնելով մերթ դրսի, մերթ Աստծո ու ինչպես պարզվեց, նաև հին ու նոր հայրենասերների ու ֆիդայինների վրա:
Պատերազմից խուսափած ու խաղաղության քարոզով գոյատևող պետություն աշխարհի երեսին գոյություն չունի: Հետևաբար ներկա պահի մեր խնդիրը սպասվող պատերազմում հաղթելն է, այլ ոչ թե նրանից խուսափելը:
3- Պատերազմը միջպատերազմյան ժամանակահատվածում կուտակվող միջպետական նոր բալանսի հետևանք է: Մեկի թուլանալու, և մյուսի ուժեղանալու հետևանք է: Մեկի՝ ներսում հանրային անարդարության և մյուսում՝ համախմբան ու օպտիմիզմի կուտակման հետևանք է: Սաֆարովակերպերին հերոսացնելն էլ, թեկուզ վայրենի, բայց ոչ մերժելի մեթոդ է համախմբման և նոր պատերազմի նախապատրաստվելու համար:
ԵՎ պազիֆիզմ, կամ խաղաղության քարոզներ ու պահանջներ ներկայացնելն էլ դիմացինին գայթակղելու և պատերազմ սկզբնավորելու համարժեք լծակներ են:
Խաղաղությունն ուժով է պարտադրվում: Խաղաղությունն անհնար է մուրալ, քանի որ պատերազմը մարդ կոչվածի վարքի նորմա է՝ անկախ որևէ փիլիսոփայականից կամ մարդկայինից:
Իսկ խաղաղություն ունենալու համար պետք է ամեն օր, ամեն ժամ ու ամեն քայլափոխի անխնա պատերազմես քո իշխանության դեմ: Պատերազմես, որպեսզի այն աշխատի քո համար ու ընդհանուրի բարօրության համար, պետության բարգավաճման համար: Կերտի ու արարի, այլ ոչ թե թալանի: Ավելացնի երկրի պոտենցիալները՝ ռազմականն ու տնտեսականը, դրական հոգեբանականն ու բարոյականը: Արդարություն հաստատի ու արժանապատիվ կյանքի պայմաններ ապահովի բոլորի համար:
Պատերազմը կուտակել ու նախապատրաստել ենք մենք ինքներս՝ հանդուրժելով հանցագործներին- որպես իշխանություն, նրանց մանկլավիկներին- որպես մեր բարեկամներ, կաշառքն ու անարդարությանը, որպես մի կերպ գոյություն քարշ տալու մեխամիզմներ, անօրենությունն ու անսկզբունքայնությունը- որպես «բաշարող մարդու» դրական որակներ, հանդուրժողականությունն ու «սահմանադրական» հեզությունը- որպես իբր քաղաքակրթական արժեքներ:
Արժեքային այս ողջ աղբը վաղուց պետք է մերժված լիներ մեզանաում, բայց հակառակը- այն փթթում է օր օրի:
Պատերազմը ցանկացած պետության գլխին կախված և վտանգ է և հնարավորություն: Եվ խնդիրը ամեն պահի նրան պատրաստ լինելն է՝ թե որպես նախահարձակ նվաճող և թե որպես պաշտպանվող:
Ոչ թե միջազգային ինչ որ հնարովի ստանդարտներին համապատասխան «ժողովրդավար» երկիրն է պատերազմից խուսափողը, այլ ռազմականորեն ու տնտեսապես հզորը, ներքնապես արդարը, օրինականը, կերտող-արարողը, մարդուն արժևորողն ու գնահատողը: Նման երկրին ոչ մեկն ուղղակի չի համարձակվի «ծուռ նայել»:
4-Կլինի պատերազմ, թե չի լինի, դա գուշակության խնդիր չէ, այլ գործնական: Այս պահին պետք է սթափվել՝ տիրապետելու համար պատերազմի հարցը՝ որպես պետական ու ազգային, որպես ոչ սիրողական, այլ մասնագիտական ու կամայինի դրսևորման խնդիր:
Պետք է պաշտպանության մեջ ներգրավվեն բոլոր կարողները՝ սկսած գիտնակններից, մինչև նախկին գիտակ ռազմագետները: Պետք է զենք տրվի զենք կրելու ունակ բոլոր ցանկացողներին: Զինված ժողովրդով երկրի դեմ հարձակվել կարող են միայն խելագարները:
Ինչպես նաև ռազմականից պետք է դուրս շպրտվեն փողի ցոլքով այլանդակված բոլոր հանցագործները- անկախ նրանց քսակի ու թիկնապահական-ելուզակային բանակի մեծությունից:
Մեր՝ ժողովրդի, հասարակ մարդկանց պատերազմը սպասվելիք միջպետական պատերազմը չէ, այլ ներկա, միջպատերազմական անդորրի մեջ ընթացող ներքին պատերազմն է, որը մենք խայտառակ տանուլ ենք տվել և պահն է հենց այդ պատերազմը հաղթելու:
Թշնամու դեմ սպասվելիք պատերազմն ածանցյալ է, և այն անպայման հաղթական կլինի, եթե մենք նախապես հաղթենք ներքին պատերազմը՝ մեր տականքի ու մեր սրիկայի դեմ:
1992 –ին, երբ ղարաբաղյան ճակատներում անհույս վիճակ էր, դրությունը փրկեց համաժողովրդական հուժկու բողոքի ալիքն իշխանության դեմ, որը ստիպված եղավ հեռացնել պարտվող նախարարին և երկրի պաշտպանությունը հանձնել ընդդիմությանը:
Մեկ տարի անց, երբ ռամզաճակատային գործերը կարգի էին գցված և բանակը հաղթական էր դարձել, մենք նորից զիջեցինք ներքին պատերազմում և մեր կյանքի ու ճակատագրի տերը դարձավ ներկա տականքը:
Այսօր նորից, որերորդ անգամ նույն սխալը կրկնելու նախօրեին ենք:
Պատերազմը հաստատ կլինի, եթե ինքներս չպատերազմենք մեզ պարտադրված ներքին ճակատներում:
ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Lragir.am
|