Գլխավոր » ՔԱՐՎԱՃԱՌ
ՔԱՐՎԱՃԱՌ
11:13
Քարվաճառում դպրոցի տնօրենը 13 երեխա ունի

Ազատագրված Քարվաճառի շրջանի Նոր Վերինշեն գյուղում է ապրում Մարգարյանների բազմանդամ ընտանիքը: Նոր Վերինշենի դպրոցի տնօրեն Շահեն Մարգարյանը 13 երեխա ունի՝ 9 որդի եւ 4 դուստր՝ Արմանը, Արմինեն, Լյուդվիգը, Արեգը, Նարեկը, Մարգարիտը, Փառանձեմը, Նորայրը, Վահեն, Վահանը, Վարդանը, Հերմինեն եւ Դավիթը:

Շահեն Մարգարյանը Քարվաճառ է տեղափոխվել 1996թ., ՀՀ Մարտունիի շրջանի Վաղաշեն գյուղից, երբ արդեն 6 երեխա ուներ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Շահեն Մարգարյանը պատմեց. «Այդ նեղ տարիներին Հայաստանում վեց երեխա էի պահում: Աշխատում էին դպրոցում, 7 հազար դրամ փող էի ստանում, այդ վեց երեխաներին էլ պահում էի»: Հարցին, թե ինչպես որոշեց տեղափոխվել Քարվաճառի շրջան, Շահեն Մարգարյանը պատասխանեց. «Հայերի խասյաթն է, չէ՞, ավանդական ընտանիքներում տունը փոքրինն է, մեծերը պետք է տանից դուրս գան: Տունը թողեցի կրտսեր եղբայրներիս, ընտանիքով ուզում էի տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ: Այն ժամանակ այս շրջանի մասին խոսք չկար, հետո եկա, տեսա, տղերքն ասեցին, որ արդեն տներ են կառուցում, որոշեցինք գալ այստեղ: Կինս էլ Խանլարի շրջանից է, բնությունը մեր դուրը եկավ, եւ տեղափոխվեցինք այստեղ: Մնացած յոթ երեխաներս այստեղ են ծնվել»:

Շահեն Մարգարյանի ավագ որդին՝ Արմանը մեկ տարի առաջ է զորացրվել բանակից: «Մեկ տարի է՝ վերադարձել է, արդեն համալսարանի երկրորդ կուրսում է սովորում, դուստրս անգլերեն բաժնի երրորդ կուրսն է վերջացնում, մի տղաս ագրարային քոլեջում է սովորում: Փոքրս այս տարի դառնում է երկու տարեկան»,- հպարտությամբ նշեց բազմազավակ հայրը:

«Եթե ես չեմ կարողացել իմ ուժերով կռվին մասնակցել կամ ինչ-որ բանով օգնել, ես էլ ճիշտ համարեցի, որ կարելի է իրենց փոխարինողներ ունենալ: 9 տղա, 9 սահմանապահներ ունենք: Իրենք էլ, երեւի, հայրիկին կնմանվեն, այդքան տղա էլ իրենք կունենան»,- անթաքույց հպարտությամբ ասաց Շահեն Մարգարյանը:

Հարցին, թե կինը չի դժգոհում արդյոք 13 երեխաների առկայությունից, Շահեն Մարգարյանը նշեց. «Դե դժգոհելը դժգոհում է, եթե մանկավարժական կրթություն ունենար, երեխանեի հետ լեզու կգտներ, չէր ջղայնանա, բայց երեխաների ամեն մի քայլը իր վրա ազդում է»,- կատակեց Նոր Վերինշենի դպրոցի տնօրենը:

13 եւ վե՞րջ, հարցին էլ պատասխանեց. «Ու վերջ: Արդեն թոռներին պիտի սպասենք»:

Զրուցեցինք նաեւ Շահեն Մարգարյանի կրտսեր չորս որդիների հետ: Հարցին, թե ինչով են զբաղվում գյուղում, 6-ամյա Վարդանը պատասխանեց. «Խաղում ենք, կենդանիներին ենք պահում՝ կով, ոչխար, ձի, խոզ, հավ»: Վարդանը մեծանալու եւ «կովբուժ» (անասնաբույժ) է դառնալու, իսկ ամենասիրած կենդանին ձին է:


Քարվաճառցիները բացառում են երբեւէ ազատագրված տարածքները հետ վերադարձնելու հնարավորությունը

Արցախի Քարվաճառի շրջանի Նոր Վերինշեն գյուղի դպրոցը 51 աշակերտ ունի, իսկ դպրոցի ամենամեծ խնդիրը մաթեմատիկայի ուսուցչի բացակայությունն է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Նոր Վերինշեն գյուղի դպրոցի տնօրեն Շահեն Մարգարյանը:

Մոտ 250 բնակիչ ունեցող գյուղում դպրոց են հաճախում 51 աշակերտներ, չկա միայն 11-րդ դասարանը, մյուս դասարանները համալրված են: Դպրոցն այս պահին 19 աշխատող ունի: Շահեն Մարգարյանի խոսքով, դպրոցի ամենամեծ խնդիրը մաթեմատիկայի ուսուցչի բացակայությունն է: «Եթե մաթեմատիկայի մի մասնագետ լինի, դպրոցը պրոբլեմ չի ունենա: Եթե ուսուցիչ լինի, ժամերով կապահովենք, նաեւ տնով կապահովենք»,- նշեց տնօրենը: Վերջինիս խոսքով, տաղանդավոր երեխաներ կան, որ հրաշալի մաթեմատիկոսներ կարող են դառնալ, սակայն ուսուցչի բացակայությունը նեղում է:

Դպրոցն ունի անհրաժեշտ բոլոր դասագրքերը, կա նաեւ գեղարվեստական գրականություն: «Պատմավեպեր չունեինք, բերեցին: Ավթանդիլյան Արթուրը, Սեյրանը՝ Ստեփանակերտից: Բերեցին, սիրուն գեղարվեստական գրքեր: Շատ շնորհակալ եմ նրանցից»,- նշեց Շահեն Մարգարյանը:

Նա նաեւ նշեց, որ դպրոցը երկհերթ է, Արցախի նախագահը խոստացել էր սենյակներ ավելացնել, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով որոշվեց կիսել սենյակները, եւ այդ ժամանակ նորմալ դասապրոցես կլինի:

54 տնտեսություն ունեցող գյուղում Հայաստանից նոր եկողներն են քիչ, վերջինը նախանցած տարի է եկել, Ապարանից, ներկայումս բուժքույր է աշխատում: Տուն չկա, շինարարություն չի իրականացվում: Ցանկացողներ շատ կան, ուղղակի բնակվելու հնարավորություն չկա, մանրամասնեց Շահեն Մարգարյանը: Նրա խոսքով,  Նոր Վերինշենի բնակիչները հիմնականում անասնապահությամբ են զբաղվում, ծառայում են զինված ուժերում պայմանագրային հիմունքներով: «1-2 մարդ կա, որ չի աշխատում, նրանք էլ անասնապահությամբ են զբաղվում: Սոցիալական վիճակը տարեցտարի լավանում է»,- ասաց տնօրենը:

Շահեն Մարգարյանը նշեց, որ քարվաճառցիները բացառում են երբեւէ ազատագրված տարածքները ետ վերադարձնելու հնարավորությունը: «Ով կփորձի հողերը հետ հանձնել, գյուղացիներն անձամբ այդ մարդու գլուխը կջարդեն»,- ազդարարեց դպրոցի տնօրենը:
NEWS.am

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2013  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Արխիվ