«Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով, Ռուսաստանը չի պատրաստվում ներել դեռ 2009 թվականին Հայաստանին տված 500 միլիոն դոլարի վարկը։ ՀՀ կառավարությունում հույսեր ունեին, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին հայտարարությունից հետո ռուսական կողմը կների այդ պարտքը՝ որպես «բարի կամքի դրսևորում»։ Այդ վարկը Հայաստանը ստացավ երկարատև ու դժվարին բանակցություններից հետո։ Ընդ որում, այդ պարտքը ծանր պայմաններով էր տվել՝ տարեկան մոտ 4 տոկոս տոկոսադրույքով։ Այն համարվում է Հայաստանի վարկային պորտֆելում ամենածանր վարկերից մեկը։
Թերթի տեղեկություններով, առավելագույնը, որին համաձայն է ռուսական կողմն այս պահին, վարկի վերակառուցումն է, այսինքն՝ դրա սպասարկման համար վճարումների հետաձգումը։ Համեմատության համար նշենք, որ միայն վերջին տարիներին Ռուսաստանը ներել է Լիբիային 4.5 մլրդ դոլարի պարտք, Աֆղանստանին՝ 11.6 միլիարդ դոլարի պարտք, Իրաքին՝ 12 մլրդ դոլարի պարտք, գրում է թերթը։ Ի դեպ, նման բան կատարվեց նաեւ Ռուսաստանի ավելի վաղ տրված 100 միլիոն դոլար վարկի հետ, երբ դրա դիմաց Հայաստանի նախորդ իշխանությունը Ռուսաստանին հանձնեց մի շարք ակտիվներ:
Ռուսաստանը կարծես թե մտադիր չէ կատարել նաեւ Մաքսային միություն մտնելու դիմաց տրված խոստումները: Մասնավորապես, հայկական երկաթուղում մոտ 500 միլիոն դոլար ներդնելու մասին: Պարզվում է, որ Ռուսական երկաթուղում (որը կառավարում է հայկական երկաթուղին) սպասվում է ներդրումային ծրագրերի, ինչպես նաեւ աշխատակազմի կրճատումներ: Բացի այդ, կարծես թե փոփոխություն չի լինելու նաեւ գազի սակագնի հարցում, համենայնդեպս հայ սպառողները գազը ստանալու են արդեն թանկացված գնով:
|