Գլխավոր » ՍԱՐԴԸ
ՍԱՐԴԸ
10:39
Սենիկ Հավկիթյանը շատ նրբազգաց ու պատվախնդիր մարդ է, և այնպիսի բարակ սիրտ ունի, որ հաճախ վախենում ես որևէ սրիկայի մասին վատ բան ասել, որովհետև նա իր սրտին շատ մոտ է ընդունում դա: Երբ առաջին անգամ պամֆլետ գրեցի ոմն պաշտոնյայի մասին, որն իր աշխատավայրն երբեմն շփոթում է սեփական բնակարանի հետ, և ինչ կա-չկա իր առանձնասենյակում, թռցնում-տանում իրենց տուն, Սենիկ Հավկիթյանը շատ խիստ նեղացավ ինձնից: «Չնայած անունը չես գրել, բայց ես գիտեմ, որ ինձ ես նկատի ունեցել»,- հեռախոսագծի հակառակ ծայրից լսեցի վերջինիս դժգոհ ձայնը:

Մի ամիս հետո նա բռնեցրեց ինձ փողոցում և, իմիջիայլոց, ասաց. «Երեկ թերթում կարդացի պատմվածքդ: Անմիջապես հասկացա, որ դարձյալ ինձ ես նկատի ունեցել»: Մնացի տարակուսած, որովհետև իմ այդ պատմվածքի հերոս էի ընտրել մեկին, որն իր ղեկավարած հիմնարկում աջ ու ձախ ինտրիգներ է սարքում, բոլորին լարում իրար դեմ, որպեսզի ժամանակ չունենան մտածելու իրեն գահընկեց անելու մասին:

Դրանից հետո ես սկսեցի ավելի զգույշ լինել իմ հերոսների հետ, որպեսզի Սենիկ Հավկիթյանը հանկարծ չկարծի, թե ես իրեն եմ նկատի ունեցել: Սակայն ամենևին ոչինչ չէր փոխվում: Հենց որ տպագրվում էր իմ այս կամ այն ստեղծագործությունը որևէ կաշառակերի, բյուրոկրատի կամ գողի մասին, Սենիկ Սիսակովիչն անմիջապես զանգում էր ինձ և նեղացած քրթմնջում. «Քեզ ի՞նչ վատություն եմ արել, որ անընդհատ ինձ դաղում ես»:

Այնուհետև տարբեր ժամանակներում ես գրեցի աչքածակի և աթոռամոլի, ստորաքարշ պաշտոնյայի և աներես շողոքորթի, բոլոր բարեկամ-ազգականներին իր ղեկավարած հիմնարկում տեղավորած չինովնիկի և իշխանությունների առջև չորս վերջավորությունների վրա տրտինգ տվող մարդուկի, ամեն տարի ոչ մեկին պետք չեկող ծանրաքաշ գրքեր տպագրող պոետի և մեծագլուխ փոքրոգի ստահակի, կարիերիստի և աջ ու ձախ կնոջ պես բամբասող տղամարդու մասին, ու ամեն անգամ Սենիկ Հավկիթյանը դժգոհում և խռովում է ինձնից, գտնելով, որ ես խայտառակում եմ իրեն:

Նա իմ մասին թաքուն չարախոսում ու լուտանքներ էր շաղ տալիս և ինձ մեղադրում բազմաթիվ մեղքերի մեջ: «Հիմա էլ գրել ես, որ ես ինձ շրջապատել եմ ոչնչություններով ու մանր-մունր թփերով, որպեսզի նրանց մեջ բարձր երևամ,- կրկին ու կրկին դառնացած բողոքում էր Հավկիթյանը,- անուն-ազգանունը դիտմամբ փոխել ես, որ ես գլխի չընկնեմ, թե ինձ ես նկատի ունեցել, բայց քո ամեն մի տողից, յուրաքանչյուր բառից պարզ երևում է, որ քո այդ Սաքո Գրիգորիչը ես եմ»:

Երբ մի անգամ նա ինձ ասաց, որ հակառակ իր լավաթյուններին, ես իրեն դարձրել եմ իմ անձնական թշնամին, ես անկեղծորեն խոստովանեցի, որ իրեն ոչ միայն թշնամի չեմ համարում, այլև իր մասին այնքան եմ մտածում, որքան, ասենք, փողոցով խռխռացնելով անցնող այն բեռնատարի կամ փողկապավոր այն գիշերանոթի մասին: Իմ այս սրտաբաց խոստովանությունը նույնպես նրան դուր չեկավ և նա, «Ինձ վիրավորում ես» խոսքերը մրթմրթալով, թթված հեռացավ:

Մի օր հանկարծ ինքս ինձ համար պարզեցի, որ Սենիկ Հավկիթյանը դժգոհում է իմ այն ստեղծագործություններից, որոնց հերոսը սրիկա է կամ, մեղմ ասած, տականքի մեկն է: Կասկածներս ստուգելու համար ես գրեցի մի մարդու մասին, որին ոչ ոք չի սիրում, և նա ծանր բեռ է դարձել ոչ միայն իր ղեկավարած հիմնարկի, այլև ողջ երկրի համար, ու երբ նա մահանում է և նրա հոգին ընկնում է դժոխք, այնտեղ բոլոր մեղավոր հոգիները վրդոված բողոքի ցույց ու հանրահավաքներ են կազմակերպում՝ մեր հերոսին իրենց «երկրից» դուրս շպրտելու կոչերով...

Իմ այդ ստեղծագործությունը տպագրվելու հաջորդ օրը հնչեց հեռախոսազանգը, և հեռախոսագծի մյուս ծայրում դարձյալ Սենիկ Հավկիթյանն էր՝ իր դժգոհ քրթմնջոցով:
Իր վարք ու բարքով նա դարձել էր յուրատիպ կենդանի թիրախ. ինչ սրիկայի խփում ես՝ նրան է կպչում, ինչ շան վրա քար ես շպրտում՝ նա է վայնասուն բարձրացնում:

Վերջապես ես հասկացա, որ Սենիկ Հավկիթյանը ոտուգլուխ աղտոտված տիպ է, որ նրա մեջ մարդկային ու լուսավոր ոչինչ չկա, որ նրան ամենևին չի փրկի ամեն օր ժավելով լողանալն անգամ, որովհետև նրա հոգու վրա տարիներ շարունակ այնքան կեղտ էր կպել-կարծրացել, որ փլավքամիչով անգամ այն հնարավոր չէ զատել։ Իրեն կապել է պաշտոնական իր աթոռին և մեծ փուչիկի պես օրորվում է նրա վերևում: Նա նման է մեր երկրի մակերևույթին կպած հսկա մի սարդի, որից սկիզբ են առնում մարդկային բոլոր արատներն ու այլանդակությունները:

Ժողովրդական իմաստությունն ասում է. «Կուզին գերեզմանը կուղղի»: Հոգով կուզը, սակայն, հանդերձյալ աշխարհում անգամ չի ուղղվի:

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ
«Կարմիր ծաղկաթերթիկներ» գրքից

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2013  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Արխիվ