Գլխավոր » ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ. «ՀԱՐԿԱՎՈՐ Է, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՓՈԽԻ ԻՐ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊԸ»
ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ. «ՀԱՐԿԱՎՈՐ Է, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՓՈԽԻ ԻՐ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊԸ»
21:35
Այս ցնցող հարցազրույցում Շառլ Ազնավուրը դեմ է դուրս գալիս բոլոր կարծրատիպերին, այդ թվում «ցեղասպանություն» տերմինի շուրջ մղվող պատերազմին... Ցնցող խոսքեր, որոնք պարզաբանում և ավելի վառ են դարձնում սեպտեմբերի 4-ին ֆրանսիական հեռուստատեսության «Vivement dimanche» հաղորդաշարի ժամանակ արտահայտած մտքերը: Կրճատումներով ներկայացնում ենք «Նովել դ’Աղմենի» ամսագրին / Nouvelles d’Armenie Magazine (NAM) տված հարցազրույցը։

NAM: Դուք նոր ընկերներ ձեռք չբերեցիք «Vivement dimanche»-ին տված ձեր հայտարարություններով: 

Շ.Ազնավուր: Ես արդեն սկսել եմ զզվել այս ամենից: Մենք երբեք չենք շահի գործը: Մեր թշնամիները սպասում են, որ բոլոր նրանք ովքեր դեռ հիշողության ունեն, մահանան, և այսպիսով կարողանան խնդրից դուրս գալ: Ո՞ր երկիրն է պաշտպանում Հայ դատը: Ոչ մեկը: Ֆրանսիան ճանաչեց այն, ինչ պետք է ճանաչեր, ոչ ավելին: Ոչ մի երկիր մեզ ընդառաջ չի գալու, երբեք: Ավելին, արաբները, ովքեր հեղափոխություն են անում, երազում են ունենալ քեմալական նմուշի կառավարություն: Դա ջուր է լցնում թուրքական ջրաղացին, նրանք գնալով հարստանում և էլ ավելի մեծ դիրքեր են գրավում: Նրանք արդեն մեծ քսանյակի անդամ են և այլևս անգամ ջանք չեն գործադրում Եվրամիություն մուտք գործելու համար: 

Այս ու՞ր ենք գնում: Եվ այդ ընթացքում Հայաստանը տառապում է. ամեն օր, օր օրի Հայաստանը դատարկվում է: Շատ չի անցնի, երբ Հայաստանը կդառնա մի դատարկ խեցի… Ո՞ւմ է դա ձեռնատու: Ընդամենը երեք մեծահարուստ ավազակի՞, երեք մաֆիոզի: Իսկ հարյուր հազարավոր խեղճ մարդի՞կ՝ ցրված աշխարհով մեկ… Այս ամենն ինձ մտահոգում է և անհանգստացնում: Եվ այսքանից հետո ոմանք դեռ մնում են կենտրոնացած «ցեղասպանություն» բառի վրա՞, որը Թուրքիան վիճարկում է: 

Ես ցանկանում եմ հարցս ուղղել թուրքերին. եթե դա ցեղասպանություն չէ, ապա ինչպե՞ս կանվանեք մի ողջ ժողովրդի ոչնչացում: Ինչպե՞ս եք դուք ինքներդ ձեր մեջ դա անվանել տարիներ շարունակ: Ի՞նչ բառով է Աթաթուրքը որակել կատարվածը: Դա եմ ցանկանում. իմանալ ինչպես են դա անվանել «ցեղասպանություն» բառը հորինելուց առաջ: «Կոտորա՞ծ: Հայերի ջա՞րդ» Այսպիսով, եթե դուք չեք ցանկանում օգտագործել «ցեղապանություն» բառը, խոստովանեք գոնե որ դա կոտորած է: Երբ կհասնենք դրան, մեծ քայլ արած կլինենք: Հայաստանը լուրջ վտանգի մեջ է, իսկ մարդիկ կենտրոնանում են միայն «ցեղասպանություն» բառի վրա: Ես չեմ հասկանում ինչո՞վ է դա օգնելու երկրի առաջընթացին: Ո՞ւր է մեզ տանում այդ տրամաբանությունը: Բոլոր նրանք, ովքեր ինձ քննադատում են նման մտքեր արտահայտելու համար, որտե՞ղ են նրանք: Ի՞նչ են նրանք անում Հայաստանին օգնելու համար... Ես քաղաքական գործիչ չեմ, ես քաղաքականությունից շատ բան չեմ հասկանում, բայց մի բան ես հաստատ գիտեմ. մենք ունենք մի դժբախտ երկրի փոքր կտոր, որը երկրորդ անգամ է մահանում: Իսկ մարդիկ դեռ տերմիններից են խոսում…

NAM: Այնուամենայնիվ դուք ձեզ շատ ակտիվ դրսևորեցիք այդ խնդրի քննարկման հարցում, մասնավորապես պաշտպանելով Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման հարցը ֆրանսիական Սենատի առջև: Դուք խոսեցիք Սենատի առաջ…

Շ. Ազնավուր: Ի՞նչ օգուտ:

NAM: Դուք մասնակցել եք ցույցերին…

Շ. Ազնավուր: Ի՞նչ օգուտ:

NAM: Դուք հոդվածներ եք տպագրել թերթերում…

Շ. Ազնավուր: Ի՞նչ օգուտ: Դա մեզ ինչի՞ հանգեցրեց, ի՞նչ տվեց: Եթե մետրերով չափենք իրերի իրական վիճակը և սկսենք Ա կետից, քանի՞ միլիմետր ենք առաջ շարժվել: ԶՐՈ:

NAM: Դուք իսկապե՞ս կարծում եք, որ առաջ չենք շարժվել: 

Շ. Ազնավուր: Չենք շարժվել և չենք շարժվելու: Երբեք: Ինձ պարբերաբար հրավիրում են Թուրքիա: Նույնիսկ Թուրքիայի արտգործնախարարն ինձ հրավիրեց անցկացնել արձակուրդս իր տանը։ Ուրեմն եկեք պայմանավորվենք և որոշենք թե ինչ պետք է նրանցից պահանջենք: Բայց մենք չպետք է քաղաքական խաղ խաղանք այս կամ այն կողմի շահերը պաշտպանելով: Ինչ վերաբերում է ինձ, ապա այն հարցը, թե ով է լինելու ՀՀ հաջորդ նախագահը, ինձ բացարձակապես չի հուզում: Ես միայն մի բան եմ ցանկանում, որ սահմանները բացվեն և այս երկիրը կարողանա մի փոքր շունչ քաշել:

NAM: Դրանով դուք աշխարհի՞ն եք դիմում: 

Շ. Ազնավուր: Այո: Ես միշտ լավն եմ խոսում թուրքերի մասին: Ես կարծում եմ, որ նրանք հետաքրքիր ժողովուրդ են: Չկա ոչ մի թուրքաբնակ հայ, որ ասի, որ չի սիրում թուրքերին: Հնարավոր է, որ դուր չգա նրանց վերաբերմունքը, նրանց քաղաքականությունը, բայց ոչ ժողովուրդը որպես այդպիսին: Իմ նպատակն է խթանել առաջընթացը: 

NAM: Այնուամենայնիվ դուք հիասթափված չե՞ք 2009 թվականին Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների խախտումից: 

Շ. Ազնավուր: Դրանք մի երեկո ստորագրվեցին, հաջորդ օրը արժեզրկվեցին: Ես հիասթափված չէի, քանի որ գիտեի, որ ամեն ինչ հենց այդպես է լինելու: Ինչո՞ւ: Որովհետև թուրքերի հետ ոչ մի պայմանագիր երբևէ չի վավերացվել: Միշտ լինում է մի այնպիսի պահ, երբ նրանք ետ են կանգնում և այլևս ոչինչ հնարավոր չէ անել: Նրանց ներկայիս ռազմավարական դիրքը նպաստում է այդ տենդենցին: Նրանք իրենց ուժեղ են զգում և հետևաբար ավելի ու ավելի քիչ են հակված զիջումների: Այսպիսով, ի՞նչ անենք: Ես անձամբ կողմ եմ ոչինչ չանելուն: Բայց ինձ վրա այլևս հույս մի դրեք… ամենևին: Ես զզվել եմ: Ես չեմ ուզում անիմաստ ջանք թափել: Թուրքերն այն ժողովուրդն են, որոնց միշտ քարոզել են կեղծ ճշմարտություններ: Նրանց սուտ բաներ են սովորեցրել: Ուրեմն սկսենք նրանց այդ թյուր տեղեկություններից, և նրանց հակառակը սովորեցնենք:

NAM: Պետք է բավականաչափ խելացի լինել երկու կողմերի համա՞ր էլ: 

Շ. Ազնավուր: Պարզապես խելացի գործել է պետք: Նախաձեռնությունը սեփական ձեռքը վերցնել: Իմ հերթին ես ձեզ մի հարց տամ. արդեն որքա՞ն ժամանակ է, որ թուրքերը մեր տարածքներում են ապրում: Ես չեմ խոսում այն ամենի մասին, ինչ կատարվել է դրանից հետո… միայն առաջ:

NAM: Դարեր: Մոտավորապես հազար տարի... 

Շ. Ազնավուր: Գերմանացիները այլևս չեն պահանջում Էլզաս-Լոթարինգիան, իսկ մենք (ֆրանսիացիներս) էլ չենք հիշում Ռուռը: Պետք է խելացի լինել և հասկանալ իրերի իրական կողմը: Ես ավելի հեռու եմ գնում: Նույնիսկ եթե նրանք մեզ վերադարձնեն այդ տարածքները, ո՞վ է գնալու այդտեղ ապրի: Ոչ ոք: Խելամիտ լինենք: Հաշվարկենք ամեն ինչ: 

NAM: Ներեցեք ինձ, բայց չե՞ք կարծում, որ հայերի արտագաղթի հիմնական պատճառը պարզապես գոյություն ունեցող համակարգն է, որը հույս չի ներշնչում ժողովրդին: Եվ սա դեռ առանց հաշվի առնելու Ղարաբաղյան հարցը: Այս հարցում էլ պե՞տք է զիջումների գնալ: 

Շ. Ազնավուր: Իհարկե: Ոչինչ չի արվում մարդկանց օգնելու համար: Ընդհակառակը: Ես մաֆիոզական պատմություններ գիտեմ, որոնք անտանելի են: Մարդիկ այն վիճակի են հասել, որ գյուղացիները սովամահ են լինում սեփական հողի վրա: Մաֆիայի այդ ներկայացուցիչներին պետք է գնդակահարել: Ուրիշ ճար չկա: Դուք ցանկանում եք մաֆիոզ լինե՞լ. գնացեք և ուրիշ երկրում մաֆիա ստեղծեք: Շատ երկրներ կան, որոնք ձեզ կընդունեն: Բայց մի ստեղծեք մաֆիա ձեր տանը, ձեր սեփական ժողովրդի գլխին: 

NAM: Բայց հայկական հարցի վերաբերյալ ո՞րն է ձեր տեանկյունը: 

Շ. Ազնավուր: Ես համաձայնություն եմ ուզում: Ես ցանկանում եմ, որ թուրքերը ճանաչեն տեղի ունեցածը: Բայց ես թքած ունեմ «ցեղասպանություն» բառի վրա: Ի՞նչ կտա մեզ, եթե նրանք օգտագործեն այդ բառը: Թող ճանաչեն կոտորածը: Ժամանակին հենց դա էին ասում: Բոլորը խոսում էին կոտորածից… Եվ հանկարծ միանգամից, 50-ական թվականներից սկսեցին կենտրոնանալ «ցեղասպանություն» բառի վրա, ինչը շատ դժվար է ընդունել, նույնիսկ երբ այն համապատասխանում է իրականությանը: 

NAM: Այնուամենայնիվ...

Շ. Ազնավուր: Նրանք չեն ցանկանում ընդունել այն փաստը, որ որոշել են վերացնել մի ողջ ժողովուրդ: Ուրեմն պետք չէ մոռանալ այն ինչ տեղի է ունեցել։ Բայց հարկավոր է այսուհետ գնալ դեպի հուսալին, դեպի հույսը: Սահմանակից թուրքերը հայերին դեմ չեն: Դիարբեքիրի քաղաքապետը բացահայտորեն հայտարարեց, որ պետք է ճանաչել ցեղասպանությունը: Կան կարևոր մարդիկ, որոնք բավականին հետաքրքիր բաներ են ասում, բայց կան նաև այնպիսիները, որոնք հակառակն են ասում: Կարևորն այն է, որ թուրք ժողովուրդը քայլեր է անում, ինչպիսին արեց Հրանտ Դինքի թաղման ժամանակ:

NAM: Իսկ Ղարաբաղյան հարցի վերաբերյալ ի՞նչ եք մտածում: Այդ կողմից Հայաստանին ավելի շատ վտանգ է սպառնում, քան Թուրքիայի կողմից: Ի՞նչ եք առաջարկում: 

Շ. Ազնավուր: Դա ընդհանուր փաթեթի մի մասն է: Դա նորմալ է: Ուղղակի պետք է ազնիվ լինել. Արդյո՞ք Ղարաբաղը պատկանում էր ադրբեջանցիներին մինչև Ստալինի նվիրաբերությունը: Մյուս կողմից արդյո՞ք Ղարաբաղը Հայաստան է: Ոչ, դա ինքնավար երկիր է: Ճի՞շտ է, թե ոչ:

NAM: Այսինքն, այստեղ նույնպե՞ս պետք է նահանջել: 

Շ. Ազնավուր: Ոչ, բայց պետք է ընդունել, որ Ղարաբաղը առանձին երկիր է, ինչպիսին Ադրբեջանը և Հայաստանը: Միգուցե ես ուտոպի՞ստ եմ:

NAM: Դուք համաձայնեցնու՞մ եք հայկական իշխանությունների հետ, երբ նման դիրքորոշումներ են արտահայտում: 

Շ. Ազնավուր: Երբ ես զրուցում եմ հայկական իշխանությունների հետ, նրանք ինձ միշտ ասում են, որ ես իրավացի եմ: Բայց նրանք ոչինչ չեն անում: Նույն բանն է նաև Ֆրանսիայում: Իշխանությունների հետ անիմաստ է խոսել: Ինչպիսին էլ նրանք լինեն: Ես չեմ կարծում, որ Ֆրանսիան ինչ որ բան կանի մեզ համար: Ամեն ինչ անօգուտ է, քանի որ Թուրքիան շատ կարևոր երկիր է Ֆրանսիաի համար: Հնարավոր չէ անտեսել Թուրքիային...
Ես քաղաքական գործիչ չեմ: Ես այդչափ խելամտություն և զարգացվածություն չունեմ, որպեսզի հաստատեմ այն ամենն ինչի մասին խոսում եմ: Բայց ես սրտանց եմ խոսում, որովհետև ես այդպես եմ մտածում...

Լսեք ինձ, Արա: Ես ցանկանում եմ, որ Հայաստանում որևէ բան արվի իմ ժողովրդի համար, այն ժողովրդի համար, որը կամաց-կամաց մահանում է: Որքա՞ն են նրանք մնացել: Ինձ ասում են 2,3 միլիոն: Իշխանությունները նշում են 3,6 միլիոն, բայց սուտ է: Շատ ժամանակ չի անցնի, երբ այդ թիվը կհասնի 1,8 միլիոն, հետո էլ կհասնենք 1 միլիոնի, այն, ինչ կմնա մաֆիայի ձեռքում: Ո՞ւմ վրա ենք հույսներս դնելու մեր երկրի բնակեցման հարցում. չինացիների՞: Ես ցանկանում եմ, որ ամեն մի հայ ինքն իրեն տա այդ հարցը. ի՞նչ եմ ես անում իմ պապերի հողի համար, ի՞նչ եմ ես անում սա մերժելով, կամ մյուսն ընդունելով: Եվ նա կհասկանա, որ ոչինչ չի անում: Ինչպես տեսնում եք ես շատ հարցեր բարձրաձայնող մարդ եմ: 

NAM: Իրականում այն, ինչ դուք ցանկանում եք, դա հայ ժողովրդին ուշքի բերե՞լն է: 

Շ. Ազնավուր: Հարկավոր է նրան ուշքի բերել, թուրքերին նույնպես: Ամեն ինչ մեր երկու ազգերի մեջ է որոշվելու, եթե մենք բարի կամքի տեր մարդիկ ենք... Հարկավոր է, որ Հայաստանը փոխի իր մտածելակերպը և ընդունի տարբեր հավատքի հայերին, ինչպես Եվրոպան է ընդունում տարբեր հավատքի մարդկանց:

NAM: Դուք ճանաչում եք ՀՀ երեք նախագահներին: Դուք կարո՞ղ եք մեզ հետ խոսել նրանց մասին: 

Շ. Ազնավուր: Ոչ դա իմ գործը չէ: Նրանք բարի կամքի տեր մարդիկ են, բայց երբեմն իրավիճակները փոխում են կամքը… Ամեն դեպքում երբեք ոչ մի նախագահ ինձ չի ասել «ոչ»: Ավելի լավ կլիներ երևի, որ ասեին: Արա, այսօր ի՞նչ է նշանակում լինել հայ: Ես կուզենայի իմանալ: Ի՞նչ է նշանակում լինել սփյուռքահայ: Լավ ուտե՞լ, լավ խմե՞լ, սեփական խանութն ունենա՞լ և ցեղասպանության մասին խոսե՞լ: Դա է նշանակում լինել հա՞յ: Դա շատ քիչ է:

«Առաջին լրատվական»
12 հոկտեմբերի

Որոնում

Օրացույց

«  Հոկտեմբեր 2011  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Արխիվ