Սեպտեմբերի 9-ին Շուշիում տեղի է ունեցել «Սահմանադրական Արցախ» քաղաքացիական շարժման նախաձեռնող խմբի ժողովը: Ժողովում քննարկվել են մի շարք կազմակերպչական հարցեր, մասնավորապես տարածքային կառույցների ստեղծման վերաբերյալ: Նոր քաղաքացիական շարժման նախաձեռնողների թվում են ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը, ԼՂՀ արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը, Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանը, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վահան Բադասյանը, ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Գրիգորի Հայրապետյանը: Նախաձեռնող խումբն ընդունել է հայտարարություն, որտեղ մասնավորապես ասված է.
«Արցախյան շարժումը ոչ միայն Հայաստանի հետ վերամիավորվելու շարժում էր, այլև արժանապատիվ կյանք ունենալու և հայրենի հողում սեփական իրավունքների իրացման գործընթաց: 1988թ.-ից առ այսօր կան խնդիրներ, հատկապես արցախյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ, որոնց լուծման համար հարկավոր է նոր համախմբում և քաղաքացիական մեծ պատասխանատվություն: Այսօր մեր հասարակությունը բախվել է լրջագույն ներքին մարտահրավերի՝ պետական կյանքից քաղաքացիների համընդհանուր օտարվածությանը և սահմանադրական օրինականության ոտնահարմանը... Հանրության կողմից իշխանության անվերահսկելիությունը հանգեցրել է պետական միջոցների յուրացմանն ու փոշիացմանը, մեծ չափերի հասնող կոռուպցիային, կամայականություններին և ազգային հարստության անարդար տնօրինմանը...
Քաղաքացիական այս շարժումը նպատակադրված է ամենայն վճռականությամբ ձեռնամուխ լինել արցախյան հանրության հոգևոր և քաղաքական կյանքի առողջացմանը և ժողովրդի գլխավոր քաղաքական գործառույթի՝ օրինական ընտրությունների միջոցով պետական իշխանությունը ձևավորելու համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը... «Սահմանադրական Արցախ» քաղաքացիական շարժումը համերաշխության, միասնության և համագործակցության կոչ է հղում Արցախի բոլոր գիտակից ու պատրաստակամ քաղաքացիներին՝ միասնաբար և վճռականորեն գործելու հանուն ժողովրդի սահմանադրական իրավունքի հաստատման և ի նպաստ հիմնարար ազգային խնդրի՝ ազատ, իրավական և պաշտպանունակ պետության զարգացման:
«Սահմանադրական Արցախ» քաղաքացիական շարժումը համագործակցելու պատրաստակամություն է հայտնում Արցախում, ՀՀ-ում և Սփյուռքում մեր մոտեցումներին և սկզբունքներին համախոհ բոլոր հայրենակիցների հետ, որոնց կոչ է անում առավել լայն և նախանձախնդիր կերպով մասնակցել արցախյան պետականաշինությանը և Մայր Հայրենիքում Հայոց պետականության պաշտպանության և հզորացման համազգային առաքելությանը: Էլ.փոստ: sahmanadrakan.artsakh@gmail.com
|