Այսօր նոյեմբերի 10 է` գիտության միջազգային օրը. մեզ և ձեզ մե՜ծ ավետիս: Գիտնականներին` ավետիս, քանի որ իրենց տոնն է, ժողովրդին ու կառավարությանն էլ` քանի որ մենք ապրում ենք գիտելիքը կարևորող, գիտելիքահենք ու գիտությունը որպես գերակա ուղղություն որդեգրած երկրում:
Բայց զարմանալի է, չէ՞, որ գիտության հանդեպ նման հարգանք ունեցող երկրում այսօր առանձնապես ձայն-ծպտուն չեղավ գիտության մասին. ոչ մի պարգևատրում, ոչ մի միջոցառում, ոչ մի շնորհանդես: Տեսնես ինչի՞ց կլինի այս տարօրինակ անտարբերությունը: Նույնիսկ եղանակն է գորշ ու անբարեհամբույր, ինչպես գիտության հանդեպ վերաբերմունքը: Հա՜, իմացա՜. գիտության միջազգային օր նշելը առաջին անգամ որոշվել է 1999 թվականին Բուդապեշտում` Համաշխարհային գիտական կոնֆերանսի ժամանակ, դե մերոնք էլ բուդապեշտցիներից խռով ու գիտախզված են, դրա համար էլ տոնը տոնի նման չնշեցին: Թե չէ` գիտե՞ք ինչե՜ր կանեին:
Դե պարզ է` ինչեր, կվարվեին ճիշտ այնպես, ինպես մյուս` գիտությունը կարևորող երկրներում: Օրինակ, այսօր բոլոր թանգարաններում ու գրադարաններում մուտքը ձրի կլիներ: Եթեր կգնային բազմաթիվ` այսօրվա համար նախորոք պատրաստած հաղորդումներ ու ֆիլմեր` գիտության ու հայտնի գիտնականների մասին: Հեռուստաստուդիա կհրավիրվեին գիտնականներ: Հանրապետության պաշտոնական անձինք կշնորհավորեին գիտնականներին ու կհանձնեին պատվոգրեր, մեդալներ, շքանշաններ, հաշվի առնելով նաև գիտության ֆինանսավորման ամոթալի խղճուկ չափը, նաև` դրամական պարգևներ: Դպրոցները կկազմակերպեին էքսկուրսիաներ` գիտահետազոտական ինստիտուտներ, դպրոց կհրավիրեին գիտնականի ու հանդիպում կկազմակերպեին աշակերտների հետ… նա կպատմեր իր անցած ուղուց, գիտության կարևորությունից ու գիտության զարգացման անհրաժեշտությունից` տնտեսության առաջընթացի համար:
Հնարավոր է, որ գիտնականների բախտից որևէ կարևոր նախարարի կամ վարչապետի երեխան կամ թոռնիկը հենց այդ դպրոցում սովորելիս լիներ: Նա կգնար տուն ու ոգևորված կպատմեր, ինչի շնորհիվ մեր «վերևներում» էլ որոշներ կիրազեկվեին գիտության կարևորությունից: Իհարկե նախօրոք դպրոցի տնօրինությունը զգուշացրած կլիներ, որ հանկարծ չլինի թե գիտնականը սխալվի ու իր աշխատավարձի չափից խոսի, թե չէ երեխաները, որ հազիվ սկսել էին հարգանքով նայել հրավիրված գիտնականին ու արդեն կասկածի մեջ էին ընկել` հովո՞, թե՞ գիտնական, միանգամից կընտրեին` հովո: Իսկ եթե այնուամենայնիվ սխալված ու վերջում խոսք գցած լիներ ֆինանսներից, այդ դեպքում հայոց լեզվի դասատուն պիտի օգնության հասներ ու բացատրեր, որ, ճիշտ է, Սուքիասյանի հայտնի հոմանիշների բառարանում չկա, բայց եթե այն վերահրատարակվի, «գիտնական» բառի հոմանիշը առաջին հերթին կլինի «նվիրյալ»-ը: Ուսուցչուհին, մի քիչ ամաչելով, կբացատրի, որ ինքն ավելի բարձր աշխատավարձ է ստանում, քան իրենց գիտնական հյուրը` դոկտոր-պռոֆեսորը: Մի խոսքով, ամեն ինչ կլիներ վերը նկարագրածի պես, եթե…
Հայտնի անեկդոտ կա. Մի անգամ մոլլան գյուղամիջում սխալվում ու կիսաբերան ընկերներին հրավիրում է տուն` հուսալով մերժում ստանալ: Բայց ոչ միայն չեն մերժում, դեռ ձայն են տալիս բոլորին, ով էդ պահին գյուղամիջում չէր ու հավաքվում գալիս ծալապատիկ ու սպասողական բազմում են: Մոլլան անհարմար վիճակի մեջ է ընկնում, մտածում է` ինչ անի… գնում բերում է մի մեծ շերեփ ու մի հսկա ղազան, ցույց է տալիս հյուրերին ու ասում` հարգելի հյուրեր, եթե ես ունենայի էս շերեփով մեկ յուղ ու էս ղազանով մեկ բրինձ, իմ կինը փլավ կեփեր ու ես սիրով կհյուրասիրեի ձեզ, իմ շատ հարգարժան հյուրեր, բայց քանի որ չկա, ցրվեք, գնացեք ձեր տները:
Այնպես որ, սիրելի գիտնականներ, եթե որոշումը Հունգարիայում կայացրած չլինեին, այլ մի ուրիշ երկրում, դուք կունենսյիք տոն` ինչպես տոն, բայց քանի որ չկա, բավարարվեք լրագրողներս կողմից արված ջերմ ու անկեղծ շնորհավորանքով ու հանգիստ գնացեք քնելու. օրն արդեն վերջացավ, կամ էլ` աշխատելու, քանի որ դուք գիշերն էլ եք աշխատում: Ասում եմ ձեզ` ամեն ինչ լավ կլիներ` տոն` տոնի նման… ուղղակի սաղ էդ հունգարացի մաջարներն են մեղավոր:
Նաիրա Վարդապետյան
|