Գլխավոր » ՏԽՈՒՐ Է, ՑԱՎԱԼԻ ԵՎ ԱՄՈԹ
ՏԽՈՒՐ Է, ՑԱՎԱԼԻ ԵՎ ԱՄՈԹ
23:28

2014-ի առաջին ամիսն ավարտվում է։ Պուտինյան Ռուսաստանի «մաքսային միություն», այսպես կոչված, օպերացիայի արդյունքում երբեմնի խաղաղ Ուկրաինան փոթորկվում է։ Ուկրաինացիները պայքարում են իրենց պետականության, անկախության համար։ Ռուսները եթերից, լրատվության բոլոր տեսակներից գլխիվայր շրջված ներկայացնում են ուկրաինական Մայդանում և ողջ երկրում կատարվող իրադարձությունները, ինչպես երկուսուկես տասնամյակ առաջ աղավաղված, թունոտ տեղեկատվություն էին սփռում Արցախյան շարժման, «հայ ծայրահեղականների» մասին։


Ի տարբերություն Ուկրաինայի, Հայաստանը շատ հեշտ ու խաղաղ կուլ է տվել «մաքսային» խայծը և հանգիստ սպասում է, թե ինչ է լինելու հետո։ Միամիտներն են միայն համոզված, որ հետո լավ է լինելու։ Բայց ոչ միայն «մաքսային ճահճի» առումով։ Ռուսաստանի ողջ ուշադրությունը ոչ միայն ուկրաինական իրադարձությունների վրա է բևեռված, այլև մեր տարածաշրջանի, որտեղ Իրանը բարելավում է հարաբերությունները ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ, իսկ Իրանին Արևմուտքի հետ կապող ամենահարմար ճանապարհն անցնում է Հայաստանով, որի բանալիներն արդեն գտնվում են Կրեմլում։


Մամուլում կարծիքներ են հնչում, որ Իրանի ու Արևմուտքի ջերմացող հարաբերություններն ու երկուստեք փոխշահավետ ծրագրերն ի չիք դարձնելու համար Մոսկվան պատրաստ է Ադրբեջանա-ղարաբաղյան նոր պատերազմ հրահրել, որպեսզի ռուսական սապոգի համար հող նախապատրաստի մուտք գործելու Արցախ, այսպես կոչված, խաղաղարարի դիմակով...


ԱՄՆ-ն մտածում է, Եվրոպայում խորհում են, Ռուսաստանը նոր որոգայթներ է մտմտում, Ուկրաինայում պայքարում են իրենց անկախության համար... Հայաստանն այժմ դիտորդի կարգավիճակում է։ Անգամ սեփական երկրի ու ժողովրդի ճակատագրի հարցում։


Արցախի անվտանգության երաշխավորը եղել ու մնում է Հայաստանը։ Հայաստանի անվտանգության երաշխավորը 2013-ի սեպտեմբերի 3-ից հետո միանշանակ դարձել է ՀԱՊԿ-ն, այլ կերպ ասած՝ Ռուսաստանը։ Ավելի կոնկրետ՝ Պուտինը, որն հավեսով զինում է Ադրբեջանին...


Տխուր է, ցավալի ու նաև՝ ամոթ։ Մենք այլևս ոչինչ չենք որոշում։ Հայոց երկիրը ռուսական կայսրության համար կրկին դարձել է ընդամենը տարածք...


Վ. ՕՎՅԱՆ


Որոնում

Օրացույց

«  Հունվար 2014  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Արխիվ