Այս Ղարաբաղն է։ Եվ զգույշ մի քիչ, հրաբուխն հանգած Կարող է հանկարծ Քո ոտքերի տակ բորբոքվել նորից, Դարերով լռած իր խառնարանից Նետել հուր ու բոց, Հողմահար անել և՛ բերդ, և՛ ամրոց։ Եվ մի քիչ կամաց. հողն ականջ ունի, Ձայներ է բերում, Ձայներ է տանում, Մեր պապերն իրենց գերեզմաններից Կարող են գոռալ. - Այդ ի՞նչ ես անում։
Այս Ղարաբաղն է։ Մեր պատմիչներից մենք արդեն գիտենք, Որ այր մի Մաշտոց՝ վանքում Ամարաս, Դպրոց է բացել, հայ մանկանց կրթել Լինելիության գրերով անմահ... Սակայն որտեղի՞ց Մաշտոցն իմանար, Որ այդ գրերով՝ մի հուդայածին Պիտի զրպարտեր... Մեսրոպ Մաշտոցին. Ո՞վ է Մաշտոցը՝ ոչ կոմունիստ է, Ոչ քաղաքական գործիչ մեծանուն, Նրա նկարը ո՞նց է տեղ գտել Սոցիալիստական մեր թանգարանում։
Այս Ղարաբաղն է։ Անտառն ի՞նչ անի, երբ իր խորքերում Հավքերի կողքին կռնչում է բուն, Որ ծառերից են ծնվում որդերը, Ծառերին ուտում։ Ախր դու ծովին ո՜նց մեղադրես, Երբ շնաձուկը անկուշտ է ու նենգ, Ասա, այս ժայռը ի՜նչ մեղավոր է, Երբ իր ճեղքի մեջ օձն է բուն դրել...
Այս Ղարաբաղն է։ Եվ ո՞ւմ ես ուզում դու ապացուցել, Որ նախ և առաջ հողն այս Արցախ էր. Ինչ-որ պատմագետ արխիվներ պեղել Եվ գիտե՞ք ինչ է նա հայտնաբերել. Որ Ղարաբաղում հայեր չեն եղել, Նրանք օտար են այստեղ ու տնկեց, Սուրբ Մուհամեդը այս թշվառներին Կորստից փրկեց Իր սուրբ Ղուրանով... Եվ պատմագետն այդ՝ Թուրք պատմիչների կեղտոտ մերանով Լուտանքներ մերեց կճուճում իր գոս, Հռչակվեց դոկտոր-ակադեմիկոս...
Այս Ղարաբաղն է։ Թեկուզ ժայռերը ի ծնե հավկուր, Բայց իրենց գործը նրանք լավ գիտեն, Թե որ փռշտաս դու Խոթավանքում, Ձայնը կհասնի ո՜վ գիտե՝ որտե՜ղ... Գերզգոններ կան անբան ու անքուն, Որ «ազգամոլներ» հայտնաբերելով Փափուկ պաշտոն ու աթոռ են ճանկում... Եվ ի՜նչ տղերք են, ինչպե՜ս են պաշտում, Ինչպե՜ս են շեֆի պատիվը պահում, Շեֆը ամբիոնից թե որ փռշտում՝ Առաջինն իրենք են ծափահարում, Թե շեֆն այդ ընկավ (աշխարհի գործն է), Առաջինն իրենք պիտի քարկոծեն։
Այս Ղարաբաղն է, Որ փոթորկվել է վտանգի պահին, Ծառս եղել խրոխտ իր լեռների հետ, Զորավարներ է տվել աշխարհին, Ինքը մնացել առանց զորապետ... Որ իր ոգին միշտ պահել է անբիծ Ու խավարի դեմ լույսի դուռ բացել, Սակայն չար բախտի բերումով նորից- Զրկվել է հսկա իր կաղնիներից, Գաճաճ թփերի հույսին մնացել։
Այս Ղարաբաղն է, Ուր քաղցրությունը հակինթ խաղողի- Գինու ոգին է, կարասի շունչը, Կարծրությունը ապառաժ քարի- Քարտաշն է զգում և նրա մուրճը։ Լեռը չափվում է ձորի խորությամբ, Իսկ խորությունն այդ՝ Գետի զորությամբ։ Բայց երբ ճահիճն է հաճախ հանդգնում Չափվել ծովի հետ՝ իր նեխած խորքով, Եվ ինչպե՜ս լռես, երբ պղտոր առուն Գետ է պղտորում՝ կեղտոտ լուտանքով։ Եվ ինչպե՜ս չասես ջորուն այս ամուլ, Թե ձի ես իրավ, ո՞ւր է թափը քո... Ծռություններ կան այս մեծ աշխարհում, Որ չես ուղղի ոչ մի օրենքով։
Այս Ղարաբաղն է։ Եվ ծնել է նա շեփորահարներ, Թմբուկ-պոետներ՝ հանգավոր ճառի, Որ ներբողներ են անվերջ հորինել Վասն քծնանքի ու... հոնորարի, Եվ առանց խղճի, առանց ամոթի Շողոքորթել այն ավանտյուրիստին, Որ կոխկրտելով ամեն սրբություն- Ազգայինի մեջ տեսել է միայն Ազգամոլություն... Այն մոլագարին, որ ամբիոնից Վիրավորել է մեր հայ լինելը, Եվ չգիտես ինչ ճանապարհով պիղծ՝ Հռչակել իրեն մեր բախտի տերը...
Այս Ղարաբաղն է։ Որքան կռունկներ չվեցին անդարձ Ու որքան բներ թափուր են մնում, Եվ ո՞վ է, արդյոք, ստուգել նրանց Չվացուցակը, թե ուր են գնում, Ի՞նչ են կորցրել, ո՞ւմ են որոնում. Իր պաշտոնական աթոռը գրկած Բյուրոկրա՞տը պիտի հարցներ, Երբ նա գտել էր, ոչ թե կորցրել... Եվ եղան նաև խիզախ ասպետներ, Քաջ նետաձիգներ՝ ատոմի դարում, Որ սուր ճոճելով հողմաղացի դեմ, Հռչակվում էին նոր դոնկիխոտներ...
Այս Ղարաբաղն է։ Բլրի կատարին մի հրաշք արձան՝ Իմ պապն ու տատը, Քո պապն ու տատը... Եվ մի մոլագար, ստահակ մի նենգ՝ Ատրճանակի սև փողի նման Ցցեց իր մատը Մեր հրաշքի դեմ, Ոռնաց կատաղի. «Իսկ ի՞նչ եք գտել Դուք այս քարակերտ քարակույտի մեջ»։ Եվ նա հասկացա՞վ, որ մենք անմահ ենք՝ Իմ պապ ու տատով, Քո պապ ու տատով, Մեր պապ ու տատով, Մեր նախնիների պայծառ հավատով... Գոյատևելը թե որ արատ է, Փույթ չէ, թող տանջվենք մենք այդ արատով։
Այս Ղարաբաղն է։ Ծառը հզոր է, երբ արմատները Խորն են մխրճված մայր հողի գրկում, Գետի թիկունքում կանգնած է լեռը, Եվ դրա համար նա չի ցամաքում. Արմատներով են կաղնիները վես, Լեռների մեջ է ուժը գետերի... Երբ նախորդներդ չեն խանգարում քեզ, Մի վիրավորիր քո հետնորդներին։
Այս Ղարաբաղն է- Մեր սուրբ օջախը, ծուխը ծխանի, Որ բարձրացել է եղեգան փողից, Տագնապի գոչը Ձենով Օհանի, Որ Սասնա Դավթին դուրս բերեց հորից. Հեռատես աչքը Մելիք Ավանի, Որ կամուրջ ձգեց մեր այս լեռներից Մինչ հողը Ռուսաց, Հրաշք տաճարը մեր Գանձասարի Եվ փառավորված Մեսրոպյան գրով՝ Ամարաս վանքը, Հարատևելու այն սուրբ տանջանքը, Որ հավասար է խոլ-խիզախության, Հպարտ թևելու այն վեհ խոյանքը, Որ հատուկ է մեր թևերին միայն, Եվ այն զրկանքը, Որ մեզ լիաբուռ պարգևեց տերը, Այն սուրբ կապանքը, Որ մենք ենք ահա ու մեր լեռները... Այս հողի վրա դու զգույշ քայլիր, Մաքրիր ոտքերդ, դիմակդ հանիր, Եվ հիշիր մեկ-մեկ Պսակազերծված առաքյալներին. Լեռները լուռ են, Բայց ոչ խուլ ու կույր՝ Տեսնում են, զգում. Քարը խոսում է, Քարը ասում է. Հին հրաբխի խառնարանում դեռ Հուրը չի պաղել... Այս Ղարաբաղն է։
1979 թ. (տպագրվում է կրճատումներով)
|