Կկորչեն հավետ և փառք, և անուն,
Ինչպես հողմի դեմ ծաղկունքը անզոր,
Եվ կգա մի օր, որ Ղարաբաղում
Մի հայ չես գտնի հայերեն խոսող:
Ես կլինեմ քո պոետը վերջին,
Քո վերջին բողոքն ու նամականին:
Ձեռքս կդնեմ իմ անմեղ խղճին,
Ողբամ՝ օ՜, տուր ինձ ծուխն իմ ծխանի:
Քո ողբասացը կլինեմ վերջին,
Օտար ոտքի տակ տրորված ածուդ,
Կլինեմ վերջին հառաչանքը քո,
Վերջին հանդուգն ու վերջին ծաղրածուն:
Եվ ինձ կանվանեն ցնորված ու խենթ
Թոռն ու ծոռները նենգ Փեղամբարի,
Ինձ կքարկոծի ամբոխը անգետ-
Դասական ոճով քսաներորդ դարի:
Եվ ես կլինեմ մոռացված հավետ՝
Վերջին պոետը իմ լեռնաշխարհի:
* * *
Այն ո՞վ է ասում, թե Նազար չկա,
Եվ նազարական ավազակ չկա,
Իբր հեքիաթ է Նազարը եղել,
Իբր վաղուց ենք Նազարին թաղել:
Նազարին, ճիշտ է, մենք նոր չենք թաղել,
Բայց արի ու տես, որ խոր չենք թաղել.
Հին Նազարն իր մեջ նոր Նազար սնել,
Հին Նազարից՝ նոր Նազար է ծնվել:
Եվ նոր Նազարն այս իր նախորդի պես
Ոչ թե անտեղի ճանճ է փախցնում,
Այլ ճանճերին է հերոս դարձնում:
1981 թ.
* * *
Լինում է այնպես, հիմարն էլ հաճախ
Դառնում է հանճար,
Մեզ՝ խելոքներիս
Դասեր է տալիս,
Սովորեցնում, թե ինչպես անենք՝
Իր ձեռքով փոսը գլորած քարը
Այդ փոսից հանենք:
Եվ մենք, որ այնքան
Խելոք ենք կյանքում,
Հիմարին էլ ենք հաճախ ենթարկվում,
Նրա դհոլ ու զուռնի տակ պարում,
Մեծարում նրան ու ծափահարում:
Է՜հ, ես ի՞նչ ասեմ աշխարհին այս սին,
Հիմարի քարը մեր խելոք գլխին:
* * *
Պոետներին մեծարել են,
Տվել փառք ու պատիվ անծիր,
Պոետներին քարկոծել են
Նենգ ու նախանձ փարիսեցիք:
Պոետներին զրպարտել են
Հուդաները փողի գերի,
Պոետներին բանտարկել են,
Գնդակել են պոետներին:
Դափնիներ են դրել կանաչ
Պոետների սեգ ճակատին,
Ձեռքը խոթել ատրճանակ,
Հրավիրել մենամարտի:
Պոետներին խարանել են,
Վառել նրանց երգերն ընտիր,
Պոետներին դարանել են
Դանտեսները բախտախնդիր:
Պոետներին տվել թևեր
Ու մղել են խոյանքների,
Պոետներին սիրահարվել
Ու լքել են պոետներին:
Պոետներին հայհոյել են,
Հալածել են ու այպանել,
Պոետները զենքը ձեռքին
Հայրենի հողն են պաշտպանել:
Պոետները չեն նահանջել
Ու չեն եղել փառքի գերի,
Փառքը ինքն է վստահորեն
Եկել գտել պոետներին:
* * *
Բանաստեղծները ծառեր են՝ կանգնած
Մայր հողի վրա հպարտ, հաստատուն,
Նրանց ճյուղերին՝ թունոտ ու նախանձ
Անտաղանդներն են միշտ քարեր նետում...
1981 թ.
-------------------------------------------
Փետրվարի 23-ին լրացել էր
Վազգեն Օվյանի մահվան 24 տարին...