Գլխավոր » Զգուշավորության վնասները
Զգուշավորության վնասները
21:52

 

 Մեր հասարակության մի ստվար հատվածի մոտ այն տեսակետն է արմատավորված, թե իբր, երբ աղանդավորների եւ այլ խորթ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներին հալածում, տուգանում կամ դատում են, դրանով նրանք իրենց հավատացյալների շրջանում «սրբանում են», արժանամում հարգանքի ու պատվի: Ուստի, նրանց նկատկմամբ պետք է զգուշավոր լինել, ուշադրություն չդարձնել կամ արհամարհել:

 

 Նման տեսակետը ոչ միայն անընդունելի է, այլեւ՝ իրավական եւ բարոյա-հոգեբանական տեսանկյունից` վտանգավոր: Ինչո՞ւ: Հենց այն պարզ պատճառով, որ աղանդավորները եւ այլ խորթ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչները, խախտելով Արցախում գործող օրենքները, ոտնահարում են բնակչության բացարձակ մեծամասնության իրավունքները եւ մնում անպատիժ: Բայց չէ որ օրենքի առաջ բոլորն էլ հավասար են, ի՞նչ կապ ունի` օրենքը աղանդավորն է խախտում, թե՝ այլ քաղաքացի: Մեծն Ջիվանու խոսքերով ասած` «Խեղճ մարդը սխալմամբ մի հավ գողնալով բանտի մեջ է փտել, խելքի՛ աշեցեք», իսկ մարդիկ, ովքեր գիտակցաբար հարյուրավոր մարդկանց են մոլորեցնում՝ զբաղվում հոգեորսությամբ (դավանաորսությամբ), անօրեն կրոնական քարոզչությամբ, մարդկանց դեմ կիրառում են հոգեբանական ազդեցության արգելված միջոցները, նրանց նկատմամբ պետք է զգուշավո՞ր լինենք:

 Հարցը դիտարկենք նաեւ հոգեւոր տեսանկյունից:

 

Խղճի ազատությունից օգտվելն ու ցանկացած կրոն ազատ դավանելը մարդու եւ քաղաքացու իրավունքն է: Հարց է ծագում. «Որտեղի՞ց է վերցվել խղճի ազատության գաղափարը եւ, ընդհանրապես, ո՞վ է մարդուն տվել ազատ կամք»: Եթե մարդը գտնում է, որ ազատություններն իրեն տրվել են «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի», միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ այլ հռչակագրերի, օրենքների, փաստաթղթերի եւ ԼՂՀ Սահմանադրության միջոցով, ապա պետք է, որ նա ծանոթ լինի նաեւ նույն փաստաթղթերով իրեն «վերապահված» պարտականություններին եւ սահմանափակումներին: Իսկ դրանք նույնքան պարզ ու հստակ են գրված, որքան՝ հիշատակումներն ազատությունների մասին: Պարզապես, պետք է ենթարկվել այն երկրի օրենքներին, որտեղ ապրում ես կամ հյուր ես գնացել: Քրիստոնյաներին հայտնի է (Արցախում գործող բոլոր աղանդավորները, այդ թվում եւ «Եհովայի վկաները», իրենց քրիստոնյա են համարում) Պողոս առաքյալի թուղթը հռոմեացիներին (13: 1-7): Այնտեղ հստակ գրված է. «Ամեն մարդ, որ իշխանության տակ է, թող հպատակվի նրան, որովհետեւ առանց Աստծու թույլտվության իշխանություն չի կարող լինել, եւ գոյություն ունեցող իշխանություններն Աստծուց են կարգված: Ով հակառակվում է իշխանությանը, Աստծու հրամանին է հակառակվում, եւ հակառակվողներն իրենք իրենց դնում են դատապարտության տակ: Իշխողները վախ չեն պատճառում բարիք գործողներին, այլ` չարագործներին: Ուզո՞ւմ ես չվախենալ իշխանությունից՝ բարի՛ք գործիր եւ գովասանք կլսես նրանից, որովհետեւ նա Աստծու պաշտոնյան է՝ քո բարիքի համար կարգված: Իսկ եթե չար գործ անես՝ վախեցի՛ր նրանից, որովհետեւ զուր տեղը չէ՛, որ սուր է կրում. որպես Աստծու պաշտոնյա՝ նա բարկությամբ է դատում եւ պատժում չարագործներին:

 

Ահա թե ինչու պետք է հնազանդվել իշխանություններին. ոչ միայն պատժից զերծ մնալու, այլեւ խղճով հանգիստ լինելու համար: Դրա համար է նաեւ, որ հարկեր են վճարում իշխանություններին, որպեսզի նրանք, իբրեւ Աստծու պաշտոնյաներ, շարունակեն կատարել իրենց այդ գործը: Հետեւաբար, նրանցից յուրաքանչյուրի հանդեպ կատարեցե՛ք ձեր պարտավորությունը՝ հարկը տալով նրան, ում հարկ պետք է տաք, մաքսը տալով նրան, ում մաքս պետք է տաք, հնազանդվելով նրան, ում պարտավոր եք հնազանդվել, եւ հարգելով նրան, ում պարտավոր եք հարգել»:

 

Կարծում եմ՝ ցանկացած քրիստոնյա մարդ, կարդալով Պողոս առաքյալի վերոգրյալ տողերը, կհասկանա, որ իրավունք չունի խախտելու Արցախում գործող օրենքները, իսկ իշխանավորները, ովքեր հարկատուների հաշվին աշխատավարձ են ստանում, պարտավոր են կատարելու իրենց պարտականությունները՝ օրենքով սահմանված կարգով պատժելու օրինազանցներին:

 

Հետաքրքիրն այն է, որ մեր պարագայում բոլոր օրինախախտներն իրենց քրիստոնյաներ են համարում, իսկ իշխանավորների բացարձակ մեծամասնությունը եւս քրիստոնյաներ են: Հետեւաբար, օրինազանց հավատացյալների նկատմամբ պետք է ոչ թե զգուշավորություն կամ այլ մոտեցում ցուցաբերել, դրանով խտրականություն դնել հասարակության մյուս անդամների միջեւ, այլ կիրառել օրենքը` իր տառին ու բառին համապատասխան:

 

Այ, հիմա զգուշավորությամբ մի հարց բարձրացնենք՝ ինչո՞ւ Արցախի Հանրապետությունում գործող կրոնական միավորումների աղանդավորական խմբերից եւ ոչ մեկը պետական գրանցում չի ստացել, մի՞թե դա աշխարհիկ կամ հոգեւոր այս կամ այն պաշտոնյայի քմահաճույքից է բխել:

 

Հարցին մոտենանք տեսականորեն: Կրոնական միավորումների գրանցման հարցում հնարավոր է երեք մոտեցում. առաջին՝ պետականորեն գրանցել միայն Հայ Առաքելական Եկեղեցին, երկրորդ՝ չգրանցել եւ ոչ մի եկեղեցի (Վրացական տարբերակ) եւ երրորդ՝ գրանցել այն կրոնական միավորումներին, որոնք առաջնորդվում են Արցախի Հանրապետությում գործող օրենքներով եւ կատարում են դրանց պահանջները:

 

Արցախի Հանրապետության շահագրգիռ ատյաններում երկարատեւ քննարկումներից հետո ընդունվել է երրորդ տարբերակը: Այն համահունչ է ԼՂՀ Սահմանադրությանը եւ միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին:

 

Արցախում պետական գրանցում են ստացել «Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի Թեմ», «Արցախի Հայ Կաթողիկե Եկեղեցի», «Արցախի Հայ Ավետարանական Եկեղեցի», «Արցախի Ռուս Ուղղափառ Եկեղեցի», «Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի Թեմի Եկեղեցասիրաց Եղբայրակցություն» կրոնական կազմակերպությունները: Մնացած կրոնական միավորումները՝ «Եհովայի վկաները», «Արթնության կրակը», «Յոթերորդ օրվա ադվենտիստները», «Ավետարանական քրիստոնյա բապտիստները», «Ռեման», ինչպես նաեւ որոշ «տնային եկեղեցիներ» չեն ստացել պետական գրանցում:

 

Պատճառը շատ պարզ է՝ որովհետեւ նրանց գործունեությունը վտանգում է պետական եւ հասարակական անվտանգությունը, կարգուկանոնը, քաղաքացիների առողջությունն ու բարոյականությունը, հասարակության մյուս անդամների իրավունքներն ու ազատությունները:

 

«Եհովայի վկաները» պետական գրանցման մերժումը բողոքարկել են մինչեւ ԼՂՀ Գերագույն դատարան, վերջում էլ Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարան (2010թ. սեպտեմբերի 17): Տարբեր ատյանի դատարաններում ապացուցվել են նրանց գործունեության վերաբերյալ վերը նշված «մեղադրանքները»: Նրանց չեն օգնել անգամ աշխարհի տարբեր վայրերից հրավիրված եւ միջազգային ճանաչում ունեցող իրավապաշտպաններն ու փաստաբանները: Սակայն առ այսօր էլ «Եհովայի վկաները» շարունակում են իրենց «ավերածությունները» եւ հիմնականում մնում` անպատիժ:

 

«Արթնության կրակ» կրոնական միավորումը պետական գրանցման մերժումը չի բողոքարկել, երեւի «Եհովայի վկաների» դառը փորձն աչքի առաջ է ունեցել, բայց նախկինի պես շարունակում է հավաքներ կազմակերպել ու մնալ անպատիժ: Կիրակնօրյա եւ այլ հիմնական հավաքներն «Արթնության կրակը» կազմակերպում է Ստեփանակերտի 3-րդ դպրոցի անմիջական հարեւանությամբ` Ազատամարտիկների 14 շենքի երկրորդ հարկում տեղակայված` Լեւոն Սարդարյանին պատկանող ԱՁ տարածքում: Այդ հավաքներն անօրինական են եւ արգելված, քանի որ կրոնական միավորումը չունի պետական գրանցում: Հիմա հարց է առաջանում. եթե տվյալ համայնքի քրիստոնյա հավատացյալները գիտակցաբար խախտում են Արցախի Հանրապետության օրենքները, նրանց առաջնորդները հարյուրավոր մարդկանց մոլորեցնում են, կիրառում են հոգեբանական ազդեցության անթույլատրելի մեթոդներ, «զոմբի» տեխնոլոգիաներ, իշխանության համապատասխան մարմիններն ինչո՞ւ պիտի անտարբեր մնան կամ զգուշավոր լինեն, չէ՞ որ նրանք մեր հասարակության՝ հայ հասարակության մի մասն են:

 

Հարկ է նշել, որ հանրության մեջ տարածված այն տեսակետը, թե աղանդների մեջ վտանգավորը «Եհովայի վկաներն» են, թյուրըմբռնում է: Բոլոր աղանդավորներն էլ վտանգավոր են յուրովի: Բոլորն էլ ղեկավարվում են մեկ կենտրոնից, յուրաքանչյուր աղանդի հատկացված է իր տեղն ու դերը: Պատկերավոր ասած, նրանց միասնական գործունեությունը նման է շեքսպիրյան մի ողբերգության, որտեղ կան բազմաթիվ բացասական կերպարներ: Պարզապես, մեկն իր գործելաոճով ու ցինիզմով մյուսներից տարբերվում է: Ողբերգությունը ճիշտ հասկանալու համար պետք է բոլոր բացասական հերոսների խաղը ամբողջության մեջ դիտարկել:

 

Վերջապես՝ « ...երբ աղանդավորների եւ այլ խորթ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներին հալածում, տուգանում կամ դատում ենք, նրանք իրենց հավատացյալների շրջանում «սրբանում են», արժանանում հարգանքի ու պատվի» միֆն ինչո՞վ է տարբերվում մեր հարեւան ազգի (որը տարբեր ցեղախմբերի միաձուլումից է գոյացել) գործելաոճից, երբ իրենց հանցագործներին, առավել եւս` քնած մարդուն կացնահարողին հերոսացնում են:

 

Անդրադառնալով վերնագրին` նշենք՝ եկե՛ք զգուշավորությամբ վերաբերվենք «զգուշավորությանը»:

 

             ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ


Որոնում

Օրացույց

«  Մարտ 2014  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Արխիվ