Գլխավոր » ՆՊԱՏԱԿԸ ՈՉԻՆՉ Է, ԵԹԵ ԴՐԱՆ ՉԵՍ ՀԱՍՆՈՒՄ
ՆՊԱՏԱԿԸ ՈՉԻՆՉ Է, ԵԹԵ ԴՐԱՆ ՉԵՍ ՀԱՍՆՈՒՄ
22:38
Ապրել անհոգ ու դժգոհել կյանքի պայմաններից, աշխատանք չգտնելու պատճառներ փնտրել ու ապրել ծնողների վաստակած գումարով՝ թերևս ամենահեշտ ճանապարհն է, որն այսօր ընտրում են շատ երիտասարդներ։ Միջնակարգն ավարտելուց հետո բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելն արցախցի երիտասարդի համար կարևոր պայման է, և դիպլոմ վաստակելուց ու մասնագիտությամբ չաշխատելու դեպքում զգում են իրենց անարդարացիորեն գործազրկության մատնված մարդիկ՝ փորձելով գտնել արդարացումներ։ Սակայն, տեսնելով երիտասարդների, ովքեր հպարտությամբ կրում են իրենց աշխատանքը՝ հաղթահարելով բոլոր դժվարությունները, իրավուք անգամ չես ունենում արդարացնել «խեղճ գործազուրկ» երիտասարդներին։ Իսկ այն, որ ձգտողը կարող է հասնել իր նպատակին, մեզ ապացուցում են իրենց նպատակին հասած մարդիկ։ 

 Դիզայներ-մոդելավորող Գայանե Հարությունյան (ծնվ.1982 թ.)։
- Գայանե, ես սկզբից կուզեի Ձեզ առաջարկել մտքերով ետ գնալ մոտ տաս տարի ու հիշել, թե ինչպիսի պատկերացում ունեիք Ձեր ապագայի մասին, և արդյո՞ք դիզայներ-մոդելավորողի մասնագիտությունը տեղ ուներ Ձեր կյանքում։ 
- Այո, շատ բաներ կան, որոնց մասին ես անգամ չէի մտածում, իմ կյանքում շատ դեպքեր եղան, որոնց մասին ես անգամ մտածել չէի կարող, մասնագիտությանս մասին նույնպես չեմ մտածել. երբ երիտասարդ ես ու պատասխանատվություն չես զգում ընտանիքի նկատնանբ, թվում է՝ քեզ անգամ վայել չէ ծանր աշխատանք, բայց կյանքի դաստիարակությունը հզոր է։ Հայրս էլ ուներ նույն մասնագիտությունը և միշտ ստիպում էր ինձ սովորել իրենից։ Ասում էր, որ այն մի օր կկերակրի ինձ, իսկ ես սեր չունեի դեպի կարուձևն ու ընտրեցի տնտեսագետի մասնագիտություն։ Սակայն, այդ մասնագիտությամբ ես չաշխատեցի։ 

- Ինչպե՞ս սովորեցիք այդ մասնագիտությունը, և այժմ Ձեզ լավ մասնագետ համարո՞ւմ եք։ 
- Չեմ էլ ուզում հիշել այն օրերը, երբ ամբողջ օրը նստած կարի մեքենայի առաջ, երազում էի ազատության մասին, ուզում էի թողնել բոլորը և ընկերուհիներիս հետ զբոսանքի դուրս գալ։ Բայց հիմա ես հպարտ եմ իմ ունեցածով։ Եվ ինձ թվում է, կարող եմ ինձ լավ մասնագետ համարել։ Ես ունեմ շատ մշտական հաճախորդներ և իմ գնահատականը փնտրում եմ նրանց գոհունակության մեջ։ Եթե մարդիկ ինձ վստահում են, ուրեմն ես իրավունք ունեմ ինձ լավ մասնագետ համարելու։ 

- Երբ նոր էիք սկսում զբաղվել այդ աշխատանքով մտածում էի՞ք, որ կարող եք հասնել այն հաջողություններին, որ հիմա ունեք։ Ա
- Անկեղծորեն՝ ոչ։ Բայց երբ արդեն խորանում ես տվյալ ասպարեզում, երբ պատասխանատվություն ես զգում մարդկանց չհուսահատեցնելու ու ինքդ քեզ փորձելու համար, թե ինչքան ուժեղ կարող ես գտնվել, ու երբ ձեռք ես բերում որոշակի հաջողություններ, շատ ավելի վիրավորական է այն կորցնելը, քան երբևիցե չունենալը։

- Գիտենք, որ Արցախ եք տեղափոխվել Ուզբեկստանից։ Երբևէ մտածե՞լ եք, որ այնտեղ մնալով կարող էիք չունենալ նույն հաջողությունները կամ հակառակը՝ կարող էիք հասնել ավելի մեծ բարձունքների։ 
- Կարևոր են և՛ պայմանները, և՛ ժողովրդի մակարդակը, և այն, թե տվյալ հասարակության մեջ դու քեզ ինչպես ես գնահատում։ Իմ գնահատականը միշտ ինձ հետ է, և առաջին հերթին ես հավատում եմ ինքս ինձ, իմ ուժերին, հետո՝ պետությանն ու ժողովրդին։ 

 Մայրաքաղաքի ArtCompService աուդիո կենտրոնի տնօրեն Արթուր Գրիգորյան (ծնվ. 1986 թ.)։
- Հաճախ թվում է, թե մեր օրերում այդպիսի կենտրոն ունենալու համար, ինչպիսին դուք ունեք, անպայման պետք է ունենալ ինչ-որ նախահիմք և կողմնակի օգնություն. այս աշխատանքը սկսելու համար որևէ նախադրյալներ ունեցե՞լ եք։ 
- Ասեմ, որ աշխատանքս սկսել եմ զրոյից, 2008 թվականին ավարտել եմ ԱրՊՀ-ի կիրառական մաթեմատիկայի բաժինը, իսկ այդպիսի կենտրոն ունենալու գաղափարն ունեցել եմ ավելի վաղ, և 2007 թվականին այն արդեն գործում էր։ Միշտ էլ հաճելի է ունենալ սեփական աշխատանք։ Ուսանելու տարիներին ունեցել եմ բավարար գնահատականներ, սակայն աշխատել եմ մեծ ուշադրություն դարձնել գործնականին, և այժմուրախ եմ, որ չեմ մտածել դիպլոմիս գնահատականների մասին. չէ՞ որ այսօր ես կարող եմ սեփական աշխատանքով ապահովել ինքս ինձ, և ավելին՝ աշխատանքով ապահովել նաև ուրիշներին։ 

- Ապագայի ի՞նչ ծրագրեր ունեք։ 
- Ամենամեծ ցանկությունս երկրից հեռանալն է։ Ես այստեղ ապագա չեմ տեսնում, քանի որ այստեղ չկա երիտասարդներին աջակցելու որևէ ծրագիր։ Հաճախ էլ հակառակն է կատարվում. հարկային ծառայության անհիմն խստությունը երբեմն քեզ կարող է միանգամից հուսահատեցնել։ Այդպիսի պայմաններում աշխատանքդ պահելը դժվար է, սակայն նաև գիտակցում եմ, որ նահանջելու իրավունք չունեմ, քանի որ գիտեմ, որ ամեն ինչին պետք է հասնեմ իմ ուժերով։ 
  
  ՌՈՒԶԱՆՆԱ ԾԱՏՐՅԱՆ 
ԱրՊՀ, լրագր., 4-րդ կուրս

Որոնում

Օրացույց

«  Մարտ 2012  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Արխիվ