Գլխավոր » ՀԱՐՍԱՆԻՔ Է, ՀԱՐՍԱՆԻՔ...
ՀԱՐՍԱՆԻՔ Է, ՀԱՐՍԱՆԻՔ...
18:51
Արցախի Հանրապետության Ազգային Ժողովը 2011 թ. հոկտեմբերին ընդունել է «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» օրենքը։ Այդ օրենքի նպատակասլաց կիրարկումը կարևոր դեր կարող է կատարել մեր ազգային արժեքների պահպանման, արմատավորման և իրացման գործում։ Օրենքի գործունեության ոլորտները բազմազան են, անդրադառնանք միայն «Մարդու կյանքի շրջափուլերի (ծնունդ, հասունություն, ամուսնություն, մահ) հետ կապված ժողովրդական սովորույթներ» դրույթին։   
   
Հայտնի է, որ սովորույթների և ավանդույթների համակարգի միջոցով յուրաքանչյուր ժողովուրդ վերարտադրում է իրեն, իր մշակույթը, բնավորությունը, սերունդների հոգեբանությունը։ Որևէ ազգի, նրա մշակույթի մասին խոսելիս պետք է նախ և առաջ հաշվի առնել ազգային սովորությունները և ավանդույթները, որոնք անպայման արտացոլվում են ժողովրդական ստեղծագործություններում։ 

Ավանդույթների միջոցով են հասարակական հարաբերություններում ծնվում ազգային գաղափարախոսությունը և բարքերը։ Դրանք նոր սերնդի մեջ այն հատկությունների վերարտադրության գործընթացներն են, որոնք հղկվել են պատմության ընթացքում, տվյալ ժողովրդի կողմից, ըստ ավանդական մշակույթի պահանջների։ Ավանդույթներն ուսուցողական և դաստիարակչական դեր ունեն, և դրանց վերջնական նպատակը հաջորդ սերունդներին այն հունով տանելն է, որով զարգացել է տվյալ ժողովրդի ավագ սերունդը։

Ի տարբերություն ավանդույթների, սովորույթը որոշակի իրավիճակում միշտ որոշակի պահանջ է ներկայացնում մարդու հոգևոր հատկությունների նկատմամբ։ Սովորույթը մանրամասն ազդարարում է ինչը կարելի է և ինչը չի կարելի անել, թեև չի մանրամասնում, թե ինչպես պետք է անել։ Սովորույթը սերունդների վարքի ուղղորդումն է կոնկրետ իրավիճակում՝ գործողությունների մանրամասն կանոնակարգով։
Սովորույթները և ավանդույթները հիմնականում ունեն երկու գործառույթ, ա) հասարակական հարաբերությունների կայունացման միջոց են, բ) իրականացնում են հարաբերությունների վերարտադրությունը նոր սերնդի կյանքում։

Չնայած իրենց տարբերություններին, սովորույթները և ավանդույթները կատարում են ընդհանուր՝ հասարակական հարաբերությունների կայունացման և վերարտադրության դեր։ Երկուսն էլ ներկայացնում են «սոցիալական ժառանգության» սերունդների հաղորդականության մեխանիզմներ։ Նրանք իրենց այդ գործառույթն իրականացնում են տարբեր ճանապարհներով և միջոցներով։   
Սովորույթները և ավանդույթները ավելի վառ են արտահայտվում ամուսնության՝ նոր ընտանիքի կազմավորման ամբողջ գործընթացի ժամանակ (խնամախոսություն, նշանդրեք, պսակ-հարսանիք)։

Արցախյան պատերազմի հաղթանակից հետո (հաղթանակ, որը ձեռք է բերվել հազարավոր հայորդիների արյան գնով) հույժ կարևոր խնդիր է առաջացել համայն հայության համար՝ վերականգնել հայ էթնոսի արցախյան հատվածի գենոֆոնդը։ Թե ինչքանով է դա հաջողվում, դժվար է մխիթարող բառեր գտնելը, բայց, այնուամենայնիվ, բռնագաղթածները, բռնատեղահանվածներն ու ինքնակամ հեռացածները մասամբ վերադառնում են իրենց բնօրրանները, բազմազավակ ընտանիքների թիվը, թեկուզ շատ դանդաղ, բայց ավելանում է, հարսանիքներն էլ չեն պակասում։ 

Իսկ ինչպե՞ս է կատարվում ժամանակակից հայի հարսանիքը։ Սովետական ժամանակաշրջանում ձևափոխել են ազգային ավանդույթները, սովորույթներն ու ծեսերը։ Այն իր խորը կնիքն է թողել ժամանակակից հայի հարսանիքի վրա։ Մի կողմից վաղ անցյալի ժառանգությունը, մյուս կողմից՝ հոգևորի զարթոնքը ժամանակակից հայի մոտ առաջացրել է երկընտրանք՝ պսա՞կ (հոգևոր իմաստով և ավանդական ձևով), թե՞ հարսանիք (աշխարհիկ իմաստով ու խառն ձևով)։ Վերջերս էլ ինքնաբերաբար՝ առանց որևէ հիմնավորման, ձևավորվել է պսակի և հարսանքի գռեհիկ միախառնման տարբերակը։ 

Դարեր շարունակ հայ քրիստոնյան կատարել ու կատարում է  Պսակի խորհուրդը։ Այր ու կին քահանայի աղոթքով ու օրհնությամբ ընտանիք կազմելու նպատակով միավորվում են և ստանում Սուրբ Հոգու շնորհը« որով այդ միությունը« որպես անխախտ դաշինք, ամրապնդվում է նրանց համատեղ կյանքի բոլոր օրերի համար՝ ունենալու զավակներ և նրանց դաստիարակելու քրիստոնեական ոգով։ Ամուսինները ոչ միայն պետք է արտաքին պարկեշտությունը պահպանեն« այլև ներքին՝ հոգևոր։ Այնպես որ՝ ամուսնության մեջ պետք է գերակշռի ոչ թե մարմնականը« այլ հոգևորը։ Մասնավորապես, պսակադրության ընթացքում մատանիները, որոնք դրվում են փեսայի ու հարսի մատին, նշանակն են նրանց միության անխախտելիության, իսկ վառվող մոմերը՝ հոգևոր ուրախության և աստվածատուր շնորհի։ Թագերը, որ դրվում են նորապսակների գլխին, նշանն են նրանց ողջախոհության, քանզի Պսակը սուրբ է, և պետք է զերծ մնալ պոռնկական ցանկություններից։ Գինի խմելը նշանակում է, որ նրանք իրենց համատեղ կյանքի թե՛ ուրախությունները և թե՛ դառնությունները միասին պետք է ճաշակեն։

Եկեղեցին անհրաժեշտ է համարում, որպեսզի ամուսնացող տղամարդն ու օրիորդը  լինեն մկրտված և դրոշմված։ Եկեղեցին արգելում է որևէ քրիստոնյայի ամուսնությունն այլադավանի հետ, բացառությամբ, եթե վերջինս ընդունի քրիստոնեություն։
Փոխադարձ  սիրո հիմքը միահավատությունն է, որովհետև հավատքով է աճում մարդկանց հոգևոր կյանքը։ Տղամարդը տան գլուխն է, կինը՝ սիրտը, ուստի գլուխն ու սիրտը փոխադարձ համաձայնությամբ, սիրով ու նվիրումով պետք է կապվեն միմյանց հետ։

Պսակի խորհուրդն անհրաժեշտ է, որ կատարվի եկեղեցու մեջ, եկեղեցականի կողմից՝ խաչեղբոր և ժողովրդի ներկայությամբ։ Գաղտնի կատարված պսակն անվավեր է։ Պսակը կրկնելի է, երբ ամուսիններից որևէ մեկը մահանում է։ 
Հայոց եկեղեցին, օրինավոր պսակն անքակտելի համարելով հանդերձ՝ ամուսնալուծությունը թույլատրում է հետևյալ պարագաներում.
1. Պոռնկության դեպքում։
2. Երբ ամուսիններից մեկը վարակված է անբուժելի և վարակիչ հիվանդությամբ։
3. Երբ ամուսիններից մեկը դիվահար է կամ խելագար։
4. Երբ ամուսիններից մեկը 7 տարի բացակայում է տնից։
Պսակն անվավեր է, երբ.
1. Գաղտնի է կատարվում։
2. Բռնությամբ է կատարվում։
3. Պսակվողն արդեն օրինավոր ամուսին ունի։

Ամլության պատճառով ամուսնալուծում չի կատարվում։ Կրոնափոխությունն էլ ամուսնալուծության պատճառ չի ընդունվում, սակայն թույլատրելի է, եթե կրոնական բռնության դրսևորումներ կան։
Պսակի խորհուրդը Եկեղեցին է կատարում, և միայն կաթողիկոսն է, ով իրավունք ունի այն լուծելու։
Եվ այսպես. պսակի խորհուրդը եկեղեցում կատարելուց հետո հայ քրիստոնյաները, ընդունված ծիսակարգի համաձայն, հավաքվելով հարսանեկան ճոխ սեղանի շուրջ, խնջույք են կազմակերպում և շնորհավորում պսակը։ 

Պատմական Հայաստանի տարբեր նահանգներում  հարսանյաց ծեսը տարբեր ձևերով են կատարվել։ Մեր պարագայում, բոլորիս սուրբ պարտականությունն է՝ պահպանել Արցախ աշխարհում դարերով ձևավորված և հաստատված  հարսանյաց ծիսակարգը, այլ ոչ թե տրվելով օտարամոլությանը և նորաձևությանը, այն համապատասխանեցնել, այսպես կոչված, «եվրոպական կամ միջազգային չափանիշներին»։  Ի դեպ, եվրոպական ցանկացած քաղաքակիրթ ազգ ունի հստակ արմատավորված պսակի կամ հարսանիքի ծիսակարգը, և դժվար թե իտալացիների հարսանիքը շփոթեցվի հարևան հունացիների, գերմանացիների կամ ֆրանսիացիների հարսանիքների հետ։     

Արցախում կատարվող հարսանիքների բացարձակ մեծամասնությունը ո՛չ հայկական է, ո՛չ եվրոպական և ո՛չ էլ՝ աֆրիկյան։ Ժամանակակից հայի հարսանքի տարբեր հատվածներում կարելի է ականատես լինել տարբեր ազգերի, ցեղերի ու ցեղախմբերի հարսանիքների տարրերի՝ սկսած ռուսականից, լատինամերիկյանից, պապուասականից, մոզամբիկա-զիմբաբվեականից, վերջացրած վրացա-լեզգիականով։ Պատկերացնո՞ւմ  եք՝ վրացական հարսանիքում գոնե մեկ հայկական երգ կամ պարեղանակ հնչի։  Քավ լիցի, խոսքը նրա մասին չէ, թե մեր հարևան վրացիները մեզ սիրում են, թե չեն սիրում, այլ այն մասին, որ ավանդապահ վրացիները հարգում են իրենց հարսանեկան ծիսակարգը և այն ոչ մի հանգամանքում չեն խախտի։ Իսկ մենք՝ հայե՞րս...

Հետաքրքիր է, այդ ո՞ր խելոքն է սահմանել ժամանակակից հայի հարսանյաց «ծիսակարգը»։ Ախր նորմալ մարդու բանականությունից դուրս է, երբ հարսանքավորները հավաքվում են, նստում հարսանյաց սեղանի շուրջ և սպասում (երբեմն 1 ժամից ավելի), թե երբ են հարսանիքը նկարահանող օպերատորի հրահանգները բարեխղճորեն կատարող հարսը, փեսան և նրանց ուղեկցող հարազատները ժամանելու  հանդիսությունների սրահ։ Եվ ի զարմանս սեղանի շուրջ նստած հարսանքավորների, երբ նրանք գալիս են,  անմիջապես չեն մտնում դահլիճ և ներողություն չեն խնդրում «հանդիսականներից», այլ սպասում են, որ թամադան մեկ-մեկ, կամ երկու-երկու նրանց ներս հրավիրի։ «Ներս ենք հրավիրում հարս ու փեսային»,- ասում է թամադան, և բոլորը պարտադրաբար ծափահարում են։ Հետո մյուս «ուշացողներին» է հերթով ներս հրավիրում, իհաիկե,  ծափողջույնների ներքո։ Եվ այդ զարմանահրաշ թատերականացված արարողությունը կարող է տևել մինչև կես ժամ։ Դրանից հետո սկսվում է շոու-հարսանիքը։ Ի դեպ, հաճախ հարսանքավորներից ոմանք,  20-25 րոպե  սպասելուց հետո, ներքին կարգով մի քանի կենացներ են խմում և երբ սկսվում է բուն հարսանիքը, իրենք արդեն «պատրաստ են լինում»։ 

Հարսանիքը սկսված է։ Թամադան, ով սովորաբար տվյալ հանդիսությունների տան մշտական «հաղորդավարներից» մեկն է, հարսանքավորների «ծափողջույնների ներքո», իր ուզած կարգով կենացներ է ասում։ Միջանկյալ նշենք՝ երբ  մարդուն ուզում են հանդիմանել, ասում են. «Կենացները խառնում է»։ Մեր թամադաները ոչ միայն կենացներն են խառնում՝ կենացների հերթականությունն են խախտում, այլ հանդիսավորությամբ խմում են ոչ շնչավոր առարկանների, ավելի ճիշտ՝ կերակրատեսակների՝ հարսանեկան տորթի և խորովածի կենացները։ Որոշ թամադաներ էլ կոպտորեն խախտելով հարսանյաց ծիսակարգը, երկրորդ կենացը նվիրում են Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին՝ բաժակներն  իրար զարկելով՝  խմում։ Հետաքրքիր է, թամադան «տխուր կենացը առաջ է տալիս», որ ուրախությանը չխանգարի՞։ Ախր դա անմտություն է և անհարգալից վերաբերմունք զոհվածների հիշատակի հանդեպ։ Անմտությունից անցնենք խեղկատակություններին։ Առաջին  խեղկատակությունն այն է, որ թամադան հարս ու փեսայի կենացը խմելուց հետո նրանց հրավիրում է պարելու «առաջին հարսանեկան տանգոն»։ 

Հետաքրքիր է՝ այդ երբվանի՞ց է հարսը, ով խորհրդանշում է հեզությունը և խոնարհությունը,  իր հարսանիքին՝ ուրախությունից  արբած, հարյուրավոր մարդկանց ներկայությամբ գրկախառնվում  փեսային ու տանգո պարում։ Երկրորդ խեղկատակությունը՝  հարսն ու փեսան իրար ձեռքից բռնած, բաժակները ձեռքին բոլոր հարսանքավորների հետ մեմ-մեկ բաժակ են խփում։  Դա ոչ միայն խեղկատակություն է, այլև անպարկեշտություն ու աներեսություն։ Երրորդ խեղկատակությունը՝  հարս ու փեսայի պարելու հաճախականությունն է, ավելի ճիշտ՝ պարահրապարակից չբացակայելու մարմաջը։ Ասես դիսկոտեկում լինեն։ Ախր, բոլորին է հայտնի, որ հարս ու փեսան մեկ կամ երկու անգամ պետք է պարեն իրենց 

հարսանիքում, այն էլ՝  քավորի թույլտվությամբ։ Դե, քավորի մասին չգրենք, որովհետև նման հարսանիքների ժամանակ նա ավելի շատ նկարահանող օպերատորի օգնականն է, քան քավոր։

Բոլորին է հայտնի, որ հարսանքին  «համ ու հոտ բերողը» երաժիշտներն ու երգիչներն են, որոնք թամադայի հսկողությամբ, հերթականությամբ  «անուշացնում են» կենացները։ Բայց արի ու տես, որ մեր հայկական հարսանիքների ժամանակ կատարվող երգերի ու պարեղանակների գերակշիռ մասը  ոչ հայկական է (հայերեն ասվող երգը դեռ հայկական չէ), այլ  ռուսա-հրեական կամ «գողական», որոնք կարող են անգամ ամենաֆանտաստ գրողի երևակայությունը խաթարել։ Հազվադեպ է լինում, որ հարսանիքներին զուլալ հայկական ժողովրդական կամ աշուղական 3-4 երգ են կատարվում։ 

Նորից անդրադառնանք հարսանքի թամադային, ավելի ճիշտ՝ հարսանյաց հանդեսը կամ շոուն վարողին՝ այն մարդկանց, որոնց բացարձակ մեծամասնությունը մինչև հարսանիքը սկսելը անգամ ծանոթ չէ հարս ու փեսայի հարազատներին, «շպարգալկային» նայելով են նրանց անունները «հիշում» ու, նախօրոք մշակված սցենարի համաձայն, աղավաղում հայկական ավանդական հարսանյաց ծիսակարգը։ Փաստորեն, նման թամադաները (և ոչ միայն նրանք) խախտում են մեր երկրի «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» օրենքը և մնում անպատիժ, քանի որ նշված օրենքում իրավախախտների համար պատիժ չի սահմանում, այլ «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» օրենքի պահանջները խախտողները ԼՂՀ օրենքով սահմանված կարգով կրում են պատասխանատվություն։ Թե դա ի՞նչ պատասխանատվություն է, հայտնի չէ։  
Լավ, չերկարացնենք. մարդիկ ուզում են ուրախանան, վերջին հաշվով հարսանիք է, չէ՞։ Այո, եկեք ուրախանանք, բայց ուրախանանք հայոց հարսանեկան ծիսակարգը խստագույնս պահպանելով՝ նորաստեղծ ընտանիքի հիմքը ճիշտ դնելով։ Եկեք ուրախանանք, բայց ոչ հասարակական կարգը խախտելով, մանկահասակների ու մեծահասակների հանգիստը փչացնելով, հիվանդների, տառապյալների ու սգավորների հոգեվիճակն արհամարհող հարսանեկան ավտոշարասյան շչակների արձակած անտանելի աղմուկներով։ 

Հաշվի առնելով թեմայի լրջությունն ու կարևորությունը, առաջարկում եմ ԼՂՀ մշակույթի և երիտասարդության նախարարությանը կազմակերպել «կլոր սեղան» ու հրավիրել Արցախում հայտնի թամադաներին, հարսանյաց հանդեսներ վարողներին և ընդհանուր ուժերով վերականգնել մեր ավանդական հարսանեկան ծիսակարգը։ Հակառակ դեպքում՝ «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» օրենքը մնալու է թղթի վրա։        
                                                                                        
ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ

Որոնում

Օրացույց

«  Փետրոար 2013  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728

Արխիվ