Գլխավոր » ԻՍԿ ՄԵԶ ՄՈ՞Տ
ԻՍԿ ՄԵԶ ՄՈ՞Տ
18:49
Հարգելի խմբագրություն, մշտապես հետևում եմ «Նոր էջ»-ի համարներին, կարդում տպագրված անաչառ նյութերը։ Հուսով եմ իմ այս նամակը ևս կտպագրեք՝ առանց խմբագրական միջամտության...

Հայաստանի հանրային հեռուստատեսության «Լրաբեր» ծրագրով մի ռեպորտաժ էի դիտում։ Նախագահ Սերժ Սարգսյանը կառավարության անդամներին խստորեն քննադատում էր և նշում, որ պետական գնումների ժամանակ թույլ են տրվում թերացումներ։ Նա ասում էր, որ գնումների միջոցով ձեռք բերված ապրանքների և ծառայությունների գները հաճախ շուկայականից բարձր են լինում։ Հասկանալի էր, թե Սերժ Սարգսյանն ինչ նկատի ուներ։

Նույնը տեղի չի՞ ունենում նաև Արցախում։ Հեռու չգնամ, միայն նշեմ «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի» կատարած գործարքները։ Հիմնադրամը ձեռք է բերում գյուղտեխնիկա, պահեստամասեր, պարարտանյութեր և այլն։ Դրա համար գումարներ հատկացնում է կառավարությունը, որպեսզի Հիմնադրամի միջոցով օգնի գյուղացուն, ֆերմերային տնտեսություններին։ 

Բայց արդյունքում գյուղացին չի շահում, քանի որ Հիմնադրամը ինչ գործարք որ կատարում է, ձեռք բերված ապրանքների գները շուկայականից ավելի բարձր են լինում։ Իսկ չէ՞ որ գյուղացին աշխատում է պետությունից վերցրած վարկով։ Մի այլ օրինակ բերեմ. 2012 թ. Հիմնադրամի գործադիր տնօրենը 5 անգամ եղել է արտասահմանյան երկրներում։ Իսկ մենք գիտենք, թե ինչ արժե մեկ արտասահմանյան գործուղումը։ Հարց է ծագում. այդ շրջագայություններից ո՞րն է գյուղի և գյուղացու օգուտը։ 

Որքան ինձ հայտնի է, մինչ Հիմնադրամի տնօրեն նշանակվելը նա գյուղատնտեսությամբ համարյա չէր զբաղվում, բայց այսօր Արցախի ամենախոշոր հողօգտագործողներից մեկն է‘ մշակում է ավելի քան 150 հեկտար հող։

Ես ուշադրությամբ հետևում եմ ԼՂՀ նախագահ պարոն Բակո Սահակյանի ելույթներին։ Ուրախ եմ, որ նա միասնության և սոցիալական արդարության կուրս է իրականացնում։ Անուրանալի է, որ Արցախում վերջին տարիներին կոռուպցիայի դեմ տարած պայքարը տալիս է իր պտուղները։ Դա հատկապես տեսանելի է իրավապահ համակարգում։ Կուզենայի, որ պարոն Սահակյանը նույնքան անհաշտ լիներ նաև իմ նշած և այլ ոլորտների թերացումների և չարաշահումների նկատմամբ։ Այս մի քանի տողը գրեցի այդ հույսով։

ԱՐԱՐԱՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Արցախյան պատերազմի մասնակից, 3-րդ գումարման 
ԼՂՀ ԱԺ պատգամավոր

Որոնում

Օրացույց

«  Փետրոար 2013  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728

Արխիվ