Գլխավոր » ՋՐԱՅԻՆ ԽԵՂԿԱՏԱԿՈՒԹՅՈՒՆ
ՋՐԱՅԻՆ ԽԵՂԿԱՏԱԿՈՒԹՅՈՒՆ
18:52
«Ազատ Արցախ» թերթի հունվարի 26-ի համարի «Հայտարարություններում» կարդում ենք. «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ն դիմել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով՝ խմելու ջրի և ջրահեռացման վաճառքի սակագնի (դրույքի) (խմելու ջրի վաճառքի, ջրահեռացման ծառայության մատուցման, ոռոգման ջրի վաճառքի) սահմանման (վերանայման) հայտով։

Գարծող սակագինը՝ 112 դրամ՝ 100 դրամ ջուր, 12 դրամ կոյուղի։ Առաջարկվող սակագինը՝ 210 դրամ՝ 192 դրամ ջուր, 18 դրամ կոյուղի։
«Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ն դիմել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով՝ ոռոգման ջրի վաճառքը սակագնի (դրույքի) սահմանման (վերանայման) հայտով։ Գործող սակագինը՝ 2,0 դրամ։ Առաջարկվող սակագինը՝ 10,56 դրամ։


Սա ոչ թե հայտարարություն է, այլ ահաբեկչական կոչ՝ ուղղված սեփական ժողովրդի դեմ։ Նման դեպքում ահաբեկիչներին պետք է անհապաղ մեկուսացնել հասարակությունից, այլ ոչ թե քննարկել նրանց առաջարկությունը։ 

Ջուրը, ինչպես հայտնի է, մարդու առաջին անհրաժեշտության նյութերից է, կյանքի համար կարևորագույն բաղադրիչներից մեկը։ Այն՝ տնտեսագիտության տեսանկյունից, նաև ապրանք է։ Այսինքն, եթե ջուրը օգտագործել ես, պետք է վճարես։ Սակայն այլ է Արցախի պարագայում։ Այն բնակչության գոյատևման, առողջապահության և կենսակերպի պահպանման անհրաժեշտ տարր է։ Մի՞թե մեծ խելք է հարկավոր հասկանալու համար, որ Արցախում կենսաապահովման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը տնտեսագիտական նորմերից շեղումներով պետք է կատարել՝ հօգուտ ազգաբնակչության։ Եթե խմելու ջրի վաճառքի սակագինը առաջարկվում է բարձրացնել մոտ 2 անգամ, մի՞թե ֆինանսական և բարոյա-հոգեբանական տեսանկյունից չի ազդելու ազգաբնակչության վրա։ Այլ հարց է, եթե կենսաթոշակները, աշխատավարձերը զգալիորեն կամ գոնե համեմատելիորեն բարձրացվեն, այսինքն՝ ինդեքսավորեն։ 

Բոլորս էլ գիտենք, որ Արցախյան պատերազմի հաղթական ավարտից հետո, դեռ ազգաբնակչության թվակազմը նախապատերազմական մակարդակին չի հասել։ Ի՞նչ է, ջուրը թանկացնելով ենք պայմաններ ստեղծո՞ւմ, որ եղած բնակչության կենսամակարդակը բարձրանա, կյանքի որակը լավանա։ 
Հարցը մի այլ կողմից նայենք, ի՞նչ եք կարծում, տարբեր պատճառներից դրդված Արցախը լքած հազարավոր մեր հայրենակիցները լսելով ջրի սակագնի բարձրացման մասին, արդյո՞ք նրանց մոտ ցանկություն կառաջանա վերադառնալ հայրենիք։ 

Ընդհակառակը, ոչ թե պետք է գործող 112 դրամ սակագինը 2 անգամ բարձրացնել, ինչպես առաջարկում է «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ն, այլ գործող սակագինը 2-3 անգամ իջեցնել։ Ջուրը մեր ազգային հարստությունն է, և ոչ ոք իրավունք չունի «ջրի բիզնեսով» ու ժողովրդի գրպանները մաքրազարդելով՝ լուծելու սեփական բարեկեցության հարցը։ Ավելի լավ է մենք զրկվենք «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ի մի քանի անճարակ պաշտոնյաներից, քան նրանց պատճառով հարյուրավոր, հազարավոր մեր հայրենակիցներ Հայրենիքը լքած հազարավորների պես ստիպված լինեն արտագաղթել օտար ափեր։


Ինչ մնում է ոռոգովի ջրի սակագնի ավելի քան հինգ անգամ բարձրացմանը, երևի նման առաջարկի հեղինակները այդպես են ուզում խթանել գյուղմթերքների և անասնագլխաքանակի հնգակի ավելացումը կամ համապատասխան քանակությամբ պարենային ապրանքների արտադրությունը և պարենային անվտանգության ապահովումը։ Միջակ ունակությունների տեր մարդուն էլ է հայտնի, որ ոռոգովի ջրի նման թանկացման դեպքում ջուրը հասանելի է լինելու միայն մեծահարուստ հողատերերին։ 
Կարճ ասած՝ ամոթ է, ամոթ։

Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝
Բ. ԲԱԲԱՅԱՆ, Մ. ՎԱՐԴԱՆՈՎ, 
Է. ԳԱԼՍՏՅԱՆ, Յ. ՂԱԶԱՐՅԱՆ, 
Գ. ՊՈՂՈՍՅԱՆ, Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, 
Օ. ՂԱԶԱՐՅԱՆ, Լ. ՆԱԶԱՐՅԱՆ, 
Բ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ, Ս. ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ, 
Լ. ԱՅՎԱԶՅԱՆ, Ե. ԵՆԳԻԲԱՐՅԱՆ, 
Գ. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Շ. ՂԱԶԱՐՅԱՆ, 
Է. ԱՌԱՔԵԼՅԱՆ, Ռ. ՍՏԵՓԱՆՅԱՆ, 
Կ. ԱՎԱՆԵՍՅԱՆ, Է. ԱՂԱՋԱՆՅԱՆ, 
Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, Վ. ՊՈՂՈՍՅԱՆ, 
Կ. ԱՂԱՋԱՆՅԱՆ, Գ. ՂԱԶԱՐՅԱՆ, 
Ա. ԱԴԱՄՅԱՆ, Կ. ԱՂԱՋԱՆՅԱՆ, 
Ռ. ԽԱՉԱՏՐՅԱՆ, Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ....

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ։ Հետաքրքիրն այն է, որ «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ի վերոնշյալ «պատմական» հայտարարությունից մեկ ամիս առաջ մեր թերթի նախորդ համարում նյութ էր տպագրվել Արցախի ջրային խնդրի վերաբերյալ («Ջուր ենք լցնում թշնամու ջրաղացին»)։ 

Հոդվածում նույնիսկ ձեռ էր առնված. ջուրը՝ մեր ազգային հարստությունը, ջրաչափերով հաշվում ու աներևակայելի բարձր սակագներով վաճառում ենք սեփական ժողովրդին, «մենք խնայում ենք մեր լեռներում ծնված-գոյացած ջրերը, որպեսզի դրանք առատորեն հոսեն Ադրբեջան, նրանք էլ առատորեն ոռոգեն իրենց հողերը»...

Հարգելի նամակագիրներ, հարգելի հայրենակիցներ, խնդրում ենք ըմբռնումով ընդունել «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ի հայտարարությունը, չէ՞ որ այդ հիմնարկի ղեկավարներն էլ են ուզում սեփական մերսեդեսներ ու ջիփեր գնել... Կատակը՝ կատակ, բայց ցավն այն է, որ նաև հենց այսպիսի «ջրմուղ-կոյուղիների» պատճառով են քայքայվում մեր գյուղերը, մարդիկ լքում հայրենի երկիրը...

Որոնում

Օրացույց

«  Փետրոար 2013  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728

Արխիվ