ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի` ապրիլի 19-ին ստորագրած որոշմամբ Վազգեն Միքայելյանը, այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ, ազատվել է ԼՂՀ կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետի պաշտոնից` իր դիմումի համաձայն: Վարչապետի մեկ այլ որոշմամբ ԼՂՀ ԿԱ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետ է նշանակվել Կոմիտաս Կարապետյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր ԼՂՀ ԿԱ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը: Ա. Հարությունյանի մյուս որոշմամբ Վազգեն Միքայելյանը նշանակվել է ԼՂՀ վարչապետի խորհրդական:
Ապրիլի 19-ին՝ ժամը 11.40-ի սահմաններում, Պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել և տեղում մահացել 1994թ. ծնված Րաֆֆի Լևոնի Մարաշլյանը: «Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն»,- հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Արմեն Երիցյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ փրկարար ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը, քննարկվել են երկու հայկական հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների միջեւ կապերի խորացմանը վերաբերող հարցեր: Երկուստեք նշվել է, որ փոխգործակցության ընդլայնման համար կան անհրաժեշտ բոլոր նախապայմանները:
Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 22-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Ֆելիքս Գաբրիելյանն ազատվել է ԼՂՀ նախագահի խորհրդականի պաշտոնից` իր դիմումի համաձայն` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
ԼՂՀ կառավարության` ապրիլի 19-ին ընդունած որոշմամբ Հակոբ Սայամյանը ազատվել է ԼՂՀ Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից` իր դիմումի համաձայն: Կառավարության մեկ այլ որոշմամբ Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավար է նշանակվել Վիտալի Դանիելյանը:
|